Ֆինլանդիայի կրթական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆինլանդիայի կրթական համակարգ (ֆին.՝ Koulutus Suomessa), Ֆինլանդիայի տարածքում կրթական հաստատությունների ցանց։

Վիճակագրական տվյալներով 2011 թվականին Ֆինլանդիայում գործել են 3934 ուսումնական հաստատություններ, որտեղ հաշվում էր 1,94 միլիոն մասնակիցներ։ Քսանինը բուհական հաստատություններից տասը, այսպես ասած, «բազմաֆակուլտետ» են և տասը մասնագիտացված բարձրագույն ուսումնական հաստատություններ են, նաև՝ երեք պոլիտեխնիկական, երեք բարձրագույն տնտեսագիտական ուսումնական հաստատություններ (օրինակ՝ Հելսինկիի տնտեսագիտական դպրոցը) և չորս բարձրագույն գեղարվեստական հաստատություններ։ 2000 թվականին Ֆինլանդիայի քսանինը մասնագիտական ԲՈւՀ֊երում սովորում էին մոտ հարյուր տասնչորս հազար ուսանողներ։ 2011 թվականին Ֆինլանդիայի համալսարաններ դիմած դիմորդների թիվը հասել է վաթսունվեց հազար չորս հարյուրի (տասնյոթ հազար տեղի համար)։ 1996֊2011 թվականներին երկրում կրճատվեցին հանրակրթական դպրոցների թիվը երեք հազար չորս հարյուրից մինչև երկու հազար ութ հարյուր երեսունութի (միջին դպրոցների թիվը երկու հազար յոթ հարյուր տասնինն էր, դրանց մեջ կան հինգ հարյուր քսաներկու հազար չորս հարյուր աշակերտներ, մասնագիտացված միջին դպրոցներում հաշվվում է՝ հարյուր տասնութ)։ Իննսունհինգ միջին և մասնագիտացված հանրակրթական դպրոցներ փակվել են կամ միավորվել են այլ ուսումնական հաստատությունների հետ։ Հանրակրթական դպրոցներում առավել շատ փոփոխություններ եղել են Պոխյանմա նահանգի հյուսիսային մասում։ ՄԱԿ֊ի[1] և Սովորողների կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային կազմակերպության հետազոտական տվյալներով՝ Ֆինլանդիայի կրթական ցուցանիշը (անգլ.՝ Education index) աշխարհում առաջիններից մեկն է։ 2012 թվականի տվյալներով Ֆինլանդիան շարունակում է կրթական համակարգում պահպանել առաջատարի դիրքերը։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիան բարձր զարգացման հասած արդյունաբերական երկիր է: Համախառն ներքին արդյունքի ամենամյա աճը կազմում է 5, 1 %: ԱՄՆ-ում այն կազմում է 4, 3 %, եվրոպական երկրներում` 2, 6 %: Կրթական հատկացումները կազմում են համախառն ներքին արդյունքի 6-7 %-ը, իսկ պետբյուջեյի` 10 %-ը: Նույն ցուցանիշն ունի նաև հարևան երկիր Շվեդիան և այս երկրները նշված պարամետրերով գրավում են աշխարհում առաջին տեղերը: Ֆինլանդիան իր կրթության վրա ծախսում է տարեկան 5, 5 միլիարդ եվրո: Մեկ դպրոցականի համար հատկացված տարեկան ծախսերը կազմում են 5, 5 հազար եվրո, ուսումնարանների և համալսարանների ուսանողների համար համապատասխանաբար 5, 8 և 8, 1 հազար եվրո:

Ֆինլանդիան բնակչության գրագիտության մակարդակով գրավում է աշխարհում առաջին տեղը: Դեռ 20-րդ դարի կեսերին անգրագետ էր մեծահասակ բնակչության ընդամենը 3, 8 %-ը: Ֆինլանդիայի կրթական հաջողությունները Եվրոպայում դիտվում են որպես նմանակման, փոխառման արժանի նվաճումներ:

Միջազգային ստուգումներն ու համեմատական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ֆինլանդիան Եվրոպայում առաջատար դիրքեր է գրավում տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, դիզայնի և կապի ապահովման ոլորտներում: Աշխարհի ամենաքոմփյութերիզացված երկրներից մեկն է: Հանրակրթական դպրոցների, գիմնազիաների և ուսումնարանների սովորողների 80 %-ը ապահովված է համակարգիչներով, յուրաքանչյուրն ունի իր կայքը համացանցում: Լայն տարածում է ստացել վիրտուալ ուսուցումը[2][3]:

PISA-2000[4] և PISA-2003[5] միջազգային կազմակերպությունների հետազոտության տվյալներով Ֆինլանդիան ցույց է տվել հանրակրթական խիստ բարձր միջին մակարդակ, հատկապես սովորողների ընթերցողական կարողությունների (կարդալու և կարդացածը հասկանալու) առումով: Ֆին դպրոցականները աչքի են ընկնում հատկապես գործառական գրագիտության բարձր մակարդակով. ասենք, ինչպես լրացնել անդորրագիր, ինչպես պատվիրել համացանցով այս կամ այն ապրանքը, դիմում գրել և այլն: Երեխաները չեն սովորում սոսկ իմանալու համար: Առաջին հերթին նրանց սովորեցնում են այն, ինչ պետք է գալիս առօրյա կյանքում: Այս մոտեցումն, իհարկե, ֆինների հայտնագործությունը չէ: Այն առավել ընդհանուր մանկավարժական մոտեցման մի տարր է, որն հանգում է գիտելիքները կյանքի հետ կապելու, ավելի ճիշտ` կյանքի պահանջներով պայմանավորելու դիրքորոշմանը [6]:

Նախնական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիայում ամեն երեխա իրավունք ունի նախնական նախապատրաստական կրթության, որն ընդհանուր առմամբ սկսվում է պարտադիր կրթությունից մեկ տարի շուտ, այսինքն՝ այն ուսումնական տարում, երբ երեխան կդառնա 6 տարեկան։ Նախնական պատրաստական կրթությունը կարող է ստանալ դպրոցում կամ մանկապարտեզում, կամ՝ այլ հարմար տեղում։ Դա որոշում է քաղաքապետարանը։ Պարտադիր կրթությունը երեխան սկսում է այն տարում, երբ լրանում է նրա յոթ տարեկանը և շարունակվում է մինչև 16֊17 տարեկան։ Պետությունը երաշխավորում է անվճար հիմնական կրթություն։ ներառում է՝ կրթություն, դասագրքեր, տետրեր, հիմնական գրասենյակային պարագաներ, դպրոցում սնունդը նույնպես անվճար է։ Ուսումնական տարին սկսում է օգոստոսից։ 3֊րդ դասարանից սկսվում է անգլերենի ուսուցումը, 4֊րդ դասարանում երեխան ընտրում է ֆակուլտատիվ օտար լեզու (ֆրանսերեն,գերմաներեն կամ ռուսերեն)։ 7֊րդ դասարանում սկսվում է պարտադիր շվեդերենի ուսուցումը։ 2012 թվականին որոշում է ընդունվել երկարացնել ուսումնական օրը և երկարացնել դասավանդվող կարգապահությունը։ Կապված նրա հետ, որ Ֆինլանդիայի հանրակրթական դպրոցները տարբերակված են, կրթության նախարար Յուկկա Գուստաֆսոնը դպրոցական կրթության համընդհանուր խուճապի մասին արտահայտեց իր վերաբերմունքը։ Չնայած դրան, 2013 թվականին Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Տոնի Վագները բարձր գնահատեց ֆիննական դպրոցական կրթության համակարգը, որտեղ աշակերտները ավարտում են դպրոցը՝ պատրաստ նորարարությունների։

Երկրորդ մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ դպրոց Ֆինլանդիայում

Հիմնական կրթություն ստանալուց հետո սովորողները կանգնում են ընտրության առաջ․

  • ինչպես ստանալ մասնագիտական կրթություն, որից հետո սկսել աշխատել մասնագիտությամբ։ Կրթությունը անցկացվում է պրոֆեսիոնալ֊տեխնիկական դպրոցներում (ֆին.՝ . ammatillinen oppilaitos)՝ մասնավորապես մասնագիտացված ուսումնարաններում (ֆին.՝ ammattiopisto), կարելի է նաև կրթությունը շարունակել լիցեում։
  • Շարունակել կրթությունը լիցեյում, որտեղ տարվում է լուրջ պատրաստում՝ ավագ դպրոցի համար։ Սովորողները, ովքեր գնում են լիցեյ, պետք է ցույց տան պատրաստվածության բարձր մակարդակ (ստացված գնահատականների միջինը՝ հիմնական դպրոցում, կլինի որոշիչը)։ Ֆինլանդիայում լիցեյի շրջանավարտները հանդիսանում են դիմորդներ, հանձնում են փաստաթղթերը ավագ դպրոց՝ դեռևս լինելով լիցեիստ։

Ֆիննական կրթական համակարգի միջին աստիճանի 7 սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավասարության սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

ա. Դպրոցների հավասարությունը

Ֆինլանդիայում չկան ո՛չ էլիտար, ո՛չ էլ թույլ դպրոցներ։ Երկրի ամենախոշոր դպրոցում սովորում է 960 աշակերտ, ամենափոքրում՝ 11։ Բոլորն ունեն բացարձակապես նույն կահավորանքը, հնարավորությունները և հավասարաչափ ֆինանսավորումը։ Գրեթե բոլոր դպրոցները պետական են. կան քիչ թվով մասնավոր-պետական դպրոցներ։ Բացի այն, որ ծնողները մասնավոր վճարում են կատարում, այստեղ աշակերտներից ավելի շատ են պահանջում։ Որպես կանոն՝ սրանք ինքնատիպ մանկավարժական լաբորատորիաներ են, որոնք հետևում են մանկավարժական որևէ ընտրված մեթոդի՝ Ֆրենեի[7], Մոնթեսորիի և Վալդորֆյան դպրոցի։ Մասնավորներին են պատկանում այն կրթական հաստատությունները, որոնցում ուսուցումը տարվում է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներով։ Հետևելով հավասարության սկզբունքին՝ Ֆինլանդիայում գոյություն ունի նաև շվեդերենով տարվող ուսուցում՝ սկսած մանկապարտեզից՝ մինչև համալսարան։ Անտեսված չեն նաև սաամ ժողովրդի շահերը. երկրի հյուսիսում ուսուցումը տարվում է նրանց մայրենի լեզվով։ Մինչև վերջին ժամանակները ֆիններին արգելված էր դպրոց ընտրել. նրանք պետք է հաճախեին մոտակա դպրոցը։ Արգելքը հանել են, բայց շատ ծնողներ, սովորության համաձայն, երեխաներին սովորելու ուղարկում են մոտակա դպրոց։

բ. Բոլոր ուսումնական առարկաների հավասարությունը

Այս կրթական համակարգում չի խրախուսվում մի առարկայի խորացված ուսուցումը մյուսի հաշվին: Այստեղ չեն մտածում, որ մաթեմատիկան ավելի կարևոր առարկա է, քան, ասենք, նկարչությունը: Ընդհակառակն, հատուկ օժտված երեխաներով առանձին դասարան բացելու միակ բացառությունը նկարչության, սպորտի և երաժշտության նկատմամբ ունեցած հետաքրքրությունն է:

գ. Ծնողների հավասարության սկզբունքը

Թե ովքե՞ր են երեխայի ծնողները, կամ ի՞նչ սոցիալական խավի են պատկանում նրանք, ուսուցիչներն իմանում են ամենավերջում՝ ըստ անհրաժեշտության: Ուսուցիչների հարցերը կամ տեղեկանքները ծնողների աշխատավայրի մասին խստիվ արգելված են:

դ. Աշակերտների հավասարության սկզբունքը

Ֆիններն աշակերտներին չեն տեսակավորում՝ ըստ ընդունակությունների կամ մասնագիտական նախապատվությունների: Չկան նաև, այսպես կոչված, «լավ» և «վատ» աշակերտներ: Խստիվ արգելված է աշակերտներին համեմատել միմյանց հետ: Միասին սովորում են ընդունակ և ոչ այնքան, ֆիզիկապես առողջ և հաշմանդամի սայլակին գամված երեխաներ: Սովորական դպրոցում հնարավոր է՝ ստեղծվի լսողական կամ տեսողական օրգանների հետ կապված խնդիրներ ունեցող աշակերտներով դասարան: Ֆիններն աշխատում են մաքսիմալ ինտեգրել այն աշակերտներին, ովքեր հատուկ ուշադրության կարիք ունեն:

ե. Ուսուցիչների հավասարությունը

Այստեղ չկան սիրված կամ չսիրված ուսուցիչներ: Ուսուցիչները նույնպես հոգեկան կապվածություն չունեն իրենց դասարանի հետ, չեն առանձնացնում սիրելի և ոչ այնքան ընդունելի աշակերտներին: Համընդհանուր մոտեցումներից ցանկացած շեղում անխուսափելիորեն հասցնում է տվյալ ուսուցչի հետ պայմանագրի խզման:

զ. Հասուն մարդու (ուսուցիչ, ծնող) և երեխայի հավասարության սկզբունքը

Ֆինները սա անվանում են «աշակերտի նկատմամբ հարգալից վերաբերմունքի» սկզբունք: Երեխաներին, սկսած 1-ին դասարանից, բացատրում են իրենց իրավունքները, այդ թվում՝ սոցիալական աշխատողին մեծերի դեմ բողոքելու՝ իրենց իրավունքը: Սա ֆինն ծնողների համար խթան է հանդիսանում՝ հասկանալու, որ իրենց երեխան անհատականություն է, որին չի կարելի նեղացնել ո՛չ խոսքով, ո՛չ էլ, առավել ևս, գոտիով: Իսկ ֆիննական աշխատանքային օրենսգրքով ընդունված օրենքները ֆինն ուսուցիչներին թույլ չեն տալիս ստորացնել աշակերտներին:

Գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ուսուցիչներն աշխատանքային պայմանագիր ստորագրում են 1 տարով՝ այն հետագայում երկարաձգելու հնարավորությամբ, ինչպես նաև ստանում են շատ բարձր աշխատավարձ. սկսած 2500 եվրոյից՝ օգնականները, 5000 եվրոյից՝ առարկան դասավանդող ուսուցիչները:

Անվճարության սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի բուն ուսուցումից՝ անվճար են նաև ճաշերը, էքսկուրսիաները, թանգարանային և այլ արտադասարանական միջոցառումների հաճախումները, երեխաներին դպրոց բերող-տանող ավտոբուսը, դասագրքերը, գրենական պիտույքները, հաշվիչները և նույնիսկ նոթբուքերն ու պլանշետները: Որևէ պատճառով գումար հավաքել ծնողներից չի կարելի:

Անհատական մոտեցման սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է ուսուցման և զարգացման անհատական պլան: Դա վերաբերում է օգտագործվող դասագրքերի, վարժությունների բովանդակությանը, դասարանական և տնային աշխատանքների քանակին և դրանց հատկացված ժամանակին, ինչպես նաև մատուցվող նյութին: Դասի ժամանակ միևնույն դասարանի աշակերտները կարող են կատարել տարբեր առաջադրանքներ: Եվ գնահատվում են նրանք նույնպես՝ ըստ իրենց ունակությունների:

Այն, ինչ մեզ մոտ կոչվում է «կրկնուսույցի վճարովի աշխատանք», ֆիննական դպրոցներում անվանվում է «թույլ աշակերտների աջակցման դասընթաց», և դա արվում է բացարձակապես անվճար՝ դասի ընթացքում կամ դրանից հետո:

Պրակտիկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիններն ասում են. «Կամ մենք պատրաստում ենք կյանքի համար, կամ քննություն հանձնելու. մենք ընտրում ենք 1-ինը»: Դրա համար էլ ֆիննական դպրոցներում քննություններ չկան, իսկ ստուգողական աշխատանքներն ու ընթացիկ թեստերը թողնված են ուսուցչի հայեցողությանը: Գոյություն ունի միայն 1 պարտադիր ստանդարտ թեստ, որն աշակերտները հանձնում են միջին հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո: Ընդ որում, դրա արդյունքներին ուսուցիչները կարևորություն չեն տալիս, արդյունքների համար ոչ մեկի առաջ հաշվետու չեն և աշակերտներին այդ քննությանը հատուկ չեն պատրաստում: Դպրոցում ուսուցանում են միայն այն, ինչը կարող է պետք գալ կյանքում: Այստեղ երեխաները դեռ փոքր ժամանակվանից գիտեն՝ ինչ է պորտֆոլիոն, պայմանագիրը, բանկային քարտը և այլն: Կարողանում են հաշվել ստացած ժառանգության հարկերի տոկոսները կամ ապագայում վաստակելիք շահույթի չափը, համացանցում ստեղծել կայք-այցեքարտ, և այլն:

Վստահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա վստահություն 1-ին հերթին՝ ուսուցիչների և դպրոցում աշխատող այլ անձանց հանդեպ: Չկան ստուգումներ, մեթոդիստներ, սովորեցնողներին սովորեցնել սովորեցնող հանձնախմբեր կրթության վարչություններ և այլն: Երկրում գործում է միասնական կրթական ծրագիր, սակայն այն իրենից ներկայացնում է միայն ընդհանուր մոտեցումների փաթեթ, և յուրաքանչյուր մանկավարժ ուսուցման համար կիրառում է այն մեթոդը, որը հարմար է գտնում: Վստահություն կա նաև երեխաների նկատմամբ: Նրանք դասերի ժամանակ կարող են զբաղվել նաև իրենց դուր եկած ինչ-որ բանով: Օրինակ՝ եթե գրականության դասին ուսումնական ֆիլմ է միացված, բայց աշակերտին այն հետաքրքիր չէ, նա կարող է գիրք կարդալ: Համարվում է, որ աշակերտն ինքը պետք է որոշի՝ ինչն է իր համար ավելի օգտակար:

Կամավորության սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորում է նա, ով ուզում է սովորել: Ուսուցիչներն աշխատում են աշակերտի մեջ սովորելու նկատմամբ հետաքրքրություն սերմանել, սակայն, եթե չի հաջողվում, ապա անբավարար գնահատականներով չեն պատժում: Նրան ուղղորդում են պրակտիկ մասնագիտություն ստանալու: Այստեղ ֆինները ևս միջնակարգ դպրոցի խնդիրն են տեսնում. այն պետք է վաղ շրջանում ի հայտ բերի, թե իմաստ ունի՞ արդյոք երեխայի հետագա պրոֆեսիոնալ կրթությունը, թե՞ նրան բավարար են մինիմալ գիտելիքներ: Թեստերի և զրույցների միջոցով յուրաքանչյուր երեխայի նախասիրություններն ու ընդունակությունները պարզելու գործով զբաղվում է դպրոցական հաստիքային մասնագետը: Բոլոր բաց թողած դասաժամերը ենթակա են վերականգնման: Օրինակ՝ 6-րդ դասարանի աշակերտի համար ուսուցիչը կարող է «պատուհան» գտնել դասացուցակում և նրան դասի նստեցնել, ասենք, 2-րդ դասարանում: Թող նստի և ձանձրանա ու մտածի կյանքի մասին: Երեխաներին խանգարելու դեպքում դասաժամն անցած չի հաշվվի: Երեխայի չսովորելու դեպքում ոչ ոք ծնող չի կանչի, առավել ևս՝ երեխային չի վիրավորի ու պիտակավորի: Եթե ծնողներն իրենք հետաքրքրված չեն իրենց երեխայի ուսմամբ, ապա նա հանգիստ չի փոխադրվի հաջորդ դասարան: Երկտարեցիությունը Ֆինլանդիայում ամոթալի չէ, հատկապես՝ 9-րդ դասարանից հետո: Հասուն կյանքին պետք է պատրաստվել հանգամանորեն: Այդ պատճառով էլ Ֆինլանդիայում գոյություն ունի ոչ պարտադիր 10-րդ դասարանը:

Ինքնուրույնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինները կարծում են, որ դպրոցը երեխային պետք է սովորեցնի գլխավորը՝ ապագա ինքնուրույն, հաջողակ կյանքի ճանապարհը: Այդ պատճառով էլ այստեղ սովորեցնում են մտածել և ինքնուրույնաբար գիտելիքներ ստանալ: Նոր դասն ուսուցիչը չի բացատրում. ամեն ինչ հանգամանորեն արդեն բացատրված է դասագրքի մեջ: Ուսուցիչը սովորեցնում է՝ ինչպես օգտվել տեղեկատուից, տեքստից, համացանցից, հաշվիչից և կրթական այլ միջոցներից: Ուսուցիչները չեն խառնվում աշակերտների միջանձնային կոնֆլիկտներին՝ նրանց թույլ տալով հմտանալ խնդիրներն ինքնուրույնաբար հարթելու գործում:

Բարձրագույն կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր Ֆինլանդիայում գոյություն ունի կրթության բարձրակարգ և մասնագիտացված համակարգ։ Ֆիլանդիայում այսօր գոյություն ունեցող բարձրագույն և մասնագիտացված կրթությունը սկսել է ձևավորվել միայն նախորդ դարի 60֊ական թվականներին։ Առաջին ֆիննական կրթական հաստատությունը՝ Թագավորական ակադեմիան, կազմավորվել է 1940 թվականին, երբ Ֆինլանդիան դեռևս շվեդական թագավորության մասն էր։ 1828 թվականին մեծ հրդեհից հետո համալսարանը տեղափոխվեց Հելսինկի և անվանակոչվեց ռուս Ալեքսանդր Առաջին Ցարի պատվին։ Միայն 20֊րդ դարի սկզբին բացվեցին ևս երկու բուհեր․ Տեխնոլոգիական համալսարանը և Տնտեսագիտության և կառավարման դպրոցը։ 1918 թվականին Տուրկուում բացվեցին Շեդական և Ֆիննական համալսարաններ։ «Nokia֊յի ճգնաժամ»-ի հետ կապված՝ 2010֊ականներին կատարվեց հիմնավոր բարեփոխում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր Ֆինլանդիայում գոյություն ունի բարձրագույն կրթության երկու զուգահեռ համակարգ․ համալսարաններ և պոլիտեխնիկական ինստիտուտներ։ Վերջիններս տալիս են պրակտիկ գիտելիք և հմտություններ՝ տարբեր ոլորտներում աշխատելու համար։ Պոլիտեխնիկական ինստիտուտների ամենատարածված մասնագիտություններն են տեխնոլոգիաներն և տրանսպորտը, բիզնեսը և կառավարումը, առողջապահությունը և սոցիալական ոլորտը, մշակույթը, զբոսաշրջությունը, սպասարկման ոլորտը, կրթությունը, բնական ռեսուրսները։ Ուսուցումը տևում է 3.5֊4 տարի և ներառում է պարտադիր պրակտիկա։ Ըստ Յուվյասկյուլի համալսարանի հետազոտությունների, բուհի գտնվելու վայրը մեծապես ազդում է երիտասարդ ֆինների՝ մասնագիտացում ընտրելու որոշման վրա։

Աալտոյի պոլիտեխնիկական համալսարանի գլխավոր շենքը

Ֆինլանդիայում կար 10 իսկական համալսարան, ևս տասը մասնագիտացված ինստիտուտներ։ Համալսարանների թվին է դասվում նաև զինվորական ակադեմիան։ 2010֊ական թվականներին մնաց 15 բուհ (5.5 միլիոն բնակչության համար)։ Բոլոր բուհերը պետական են։ Ամենահայտնի և տարածված ուղղություններն են տեխնոլոգիան, հումանիտար և բնական գիտությունները։ Բացի բակալավրիատին, մագիստրատուրային և գիտությունների դոկտորին համարժեք աստիճանները, Ֆիննական համալսարանները տրամադրում են նաև մագիստրոսի և դոկտորի միջանկյալ աստիճան, որը կարելի է ստանալ մագիստրոսի կոչումից երկու տարի հետո։

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիննական բուհերում ուսուցումը հիմնականում անցկացվում է ֆիններենով և շվեդերենով։ Սակայն անգլերենով միջազգային ծրագրերը ամեն տարի ավելանում են, և այսօր Ֆինլանդիայում անգլերենով կարելի է սովորել հետևյալ մասնագիտությունները․ տնտեսագիտություն, կառավարում, մանկավարժություն, սոցիալական գիտություններ, առևտուր, բիզնես, մարքեթինգ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, էկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանում, առողջապահություն և սոցիալական սպասարկում, զբոսաշրջություն, ճարատարապետություն, արվեստ, դիզայն, երաժշտություն և այլն։ Անգլերենով դասավանդվող խմբերում ուսուցմանը մասնակցում են ուսանողներ և ուսուցիչներ աշխարհի տարբեր երկրներից, ինչն ապահովում է ծրագրի միջազգային ճանաչումը։ Այս խմբերում սովորելու համար դիմորդը պետք է հանձնի TOEFL կամ IELTS քննությունները։ Կրթությունը անվճար է, սակայն ուսանողը վճարում է կրթական նյութերի համար և անդամավճար տալիս ուսանողական միություններին (միջինը 45֊90 եվրո)։ Ուսանողի ամենամսյա նվազագույն բյուջեն, որի մեջ մտնում են կեցության ու սննդի ծախսերը, կազմում են 500֊900 եվրո[8]։

Դիմորդների ընդունելության միասնական կանոններ գոյություն չունեն․ ամեն ինչ թողնված է հաստատության կամքին։ Օտարերկրացիներից պահանջվում է միջնակարգ կրթություն, ֆիններենի, անգլերենի կամ շվեդերենի լավ իմացություն, ֆինանսական միջոցների առկայություն և ընդունելության քննությունների հաջող հանձնում։ Վերջինս Ֆիննական համալսարանների կարևոր տարբերությունն է․ քննություններն անց են կացվում գրեթե բոլոր ֆակուլտետներում։ Քննություններին թույլատրվում է մասնակցել միայն նրանց, ովքեր անցել են փաստաթղթերի մրցույթը։ 2012 թվականին ուսումնական հաստատությունների մի մասը հրաժարվեց ընդունելության քննություններ անցկացնել մի շարք զարգացող երկրներից եկած դիմորդների համար (Նեպալ, Պակիստան, Բանգլադեշ, Նիգերիա և Քենիա)՝ համարելով, որ այս երկրների ուսանողները չեն կարող բավարար միջոցներ ունենալ Ֆինլանդիայում ապրելու համար։ Ամեն տարի Ֆինլանդիայի համալսարաններում պաշտպանվում են մոտավորապես 1800 դոկտորական դիսերտացիաներ, չնայած ըստ Կրթության և մշակույթի նախարարության հայտարարության՝ դրանք պետք է լինեն միայն 1600֊ը։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի տարածքը ցանկապատված չէ, մուտքի մոտ պահակախումբ չկա: Դպրոցների մեծ մասը մուտքի դռան վրա ունի ավտոմատ փական, և դպրոց մուտք գործել կարելի է միայն՝ ըստ դասացուցակի: Երեխաները պարտադիր չեն նստում նստարանների շուրջ. կարող են նստել նաև հատակի գորգերին: Որոշ դպրոցներում նաև բազմոցներ կան: Դպրոցական համազգեստ չկա, չկան նաև հագուստի սահմանափակումներ. կարող ես դպրոց գնալ անգամ գիշերազգեստով: Փոխնորդ կոշիկը պարտադիր է, սակայն տարրական և միջին դպրոցների աշակերտները գերադասում են վազվզել գուլպաներով: Տաք եղանակին դասերը հաճախ անցկացվում են շենքից դուրս՝ հենց խոտերի վրա, կամ ամֆիթատրոնի ձևով տեղադրված հատուկ նստարանների վրա: Դասամիջոցների ժամանակ ցածր դասարանների աշակերտներին պարտադիր դուրս են բերում մաքուր օդ շնչելու, թեկուզ 10 րոպեով: Տնային աշխատանք հազվադեպ են հանձնարարում: Երեխաները պետք է հանգստանան: Եվ ծնողները չպետք է երեխաների հետ դասերը պատրաստեն: Դրա փոխարեն՝ մանկավարժները խորհուրդ են տալիս ընտանիքներով թանգարան, անտառ կամ լողավազան հաճախել: Մեզանում ընդունված «Ե՛կ գրատախտակի մոտ» արտահայտությունը ֆիննական դպրոցներում ակտուալ չէ: Ուսուցիչը կարճ հաղորդում է տվյալ դասի ընդհանուր մոտեցումների վերաբերյալ հանձնարարականներ, ապա շրջում է՝ օգնելով աշակերտներին և վերահսկելով հանձնարարված աշխատանքի ընթացքը: Դրանով է զբաղվում նաև ուսուցչի օգնականը[9] (ֆիննական դպրոցներում այդպիսի պաշտոն կա, նախատեսվում է նաև ներդնել Հայաստանում): Տետրերում կարելի է գրել մատիտով և ջնջել, ինչքան ուզում ես: Ֆինները չեն համարում, որ իրենց կրթական համակարգը կատարյալ է: Նրանք անընդհատ հետազոտություններ են անցկացնում՝ պարզելու համար, թե ինչ ծրագրեր կամ մեթոդներ կարող են լինել՝ ավելի էֆեկտիվ ուսումնական գործընթացը կազմակերպելիս: Սակայն մի շատ կարևոր հանգրվանի ֆինները հասել են: Նրանց երեխաները հաճույքով են դպրոց գնում, դաս սովորելը նրանց համար նյարդայնանալու պատճառ չէ, չեն երազում շուտ մեծանալ, որպեսզի դպրոց չգնան:

Միջազգային համագործակցություն կրթության ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Ֆինլանդիայի Կրթության և մշակույթի նախարարության կողմից ստեղծվել է «Մոբիլության միջազգային կենտրոն» կազմակերպությունը, որն զբաղվում է կրթության, մշակույթի և գործարար կյանքի ոլորտներում միջազգային համագործակցությամբ։ Միջնակարգ կրթության Ֆինլանդիայի փորձը վերցնում է Թուրքմենիան[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Human Development Reports
  2. Ю. С. Дерябин, Финландия один из мировых лидеров в образовании, Педагогика, 2004, 4.
  3. В. Загвоздкин, Чем замечательна финская система образования, Директор школы, 2007, 10.
  4. http://www.oecd.org/pisa/pisaproducts/database-pisa2000.htm
  5. http://www.oecd.org/pisa/pisaproducts/database-pisa2003.htm
  6. 9. D. J. Whiiaker, Ten Years On: progress and problems in Finland's school reform. Comparative Education, Volume 19, N1, 1983.
  7. http://online.fliphtml5.com/rpoh/tunx/
  8. Այցելության և աշխատանքի իրավունք Ֆինլանդիայում
  9. http://www.armtimes.com/hy/article/105814
  10. Առաջատար փորձը յուրացնելու համար
  11. 12֊ամյա կրթական համակարգին անցնելու համար

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]