Jump to content

Տղամարդկանց կիսաշրջազգեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևմտյան մշակույթներից դուրս տղամարդկանց հագուստը սովորաբար ներառել է կիսաշրջազգեստ և կիսաշրջազգեստի նման հագուստ: Այնուամենայնիվ, Ամերիկայում և Եվրոպայի մեծ մասում կիսաշրջազգեստները սովորաբար դիտվել են որպես կանացի հագուստ[1]: Թեև կան բացառություններ, օրինակ՝ փարաջան ու կիլտը, դրանք իրականում չեն համարվում «շրջազգեստ», այլ ավելի շուտ որպես մշակութային և մասնագիտական ​​հագուստ։ Մարդիկ տարբեր կերպ փորձել են նպաստել արևմտյան մշակույթում տղամարդկանց կողմից կիսաշրջազգեստների նորաձև կրմանը և վերացնել առկա սեռային տարբերությունը:

Արևմտյան մշակույթներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաշրջազգեստները կրել են նախապատմական ժամանակներից։ Դրանք տղամարդկանց և կանանց ստանդարտ հագուստն էին Մերձավոր Արևելքի բոլոր հին մշակույթներում:

Միջագետքում գտնվող Շումերի թագավորությունը հագուստի երկու կատեգորիա է ունեցել: Տղամարդկանց համար ծիսական հագուստը մորթե կիսաշրջազգեստն էր, որը կապված էր Կաունակես կոչվող գոտուն: Կաունակես տերմինը, որն ի սկզբանե վերաբերում էր ոչխարի բուրդին, հետագայում կիրառվել է հենց հագուստի համար։ Սկզբում օգտագործված կենդանիների մորթիները փոխարինվել են կաունակես կտորով, որը նման էր ոչխարի մորթուն[2]։ Կաունակեսը նաև խորհրդանիշ է ծառայել կրոնական պատկերագրության մեջ՝ որպես Սուրբ Հովհաննես Մկրտչի բրդե թիկնոց[3][4]:

Բաբելոնի հուշարձանները, ինչպիսին է Սալմանազարի Սև կոթողը, պատկերում են տղամարդկանց, որոնք կրում են ծոպավոր կտորներ՝ փաթաթված իրենց թևքերով հագուստի շուրջը[5]:

Հին եգիպտական ​​հագուստները հիմնականում պատրաստված են եղել սպիտակ վուշից[6]: Տղամարդիկ և կանայք կրել են նմանատիպ ոճի հագուստներ: Մ.թ.ա. մոտ 2130 թվականից Եգիպտոսի Հին Թագավորության ժամանակ տղամարդիկ կրել են նաև կիսաշրջազգեստներ (կիլտեր), որոնք կոչվում են նաև շենդիտ: Դրանք պատրաստված են եղել ուղղանկյունաձև կտորից, որը փաթաթվում էր մարմնի ստորին մասում և կապվում առջևից: Եգիպտոսի Միջին Թագավորությունում տարածված էին ավելի երկար կիսաշրջազգեստներ, որոնք հասնում էին գոտկատեղից մինչև կոճերը: Եգիպտոսի Նոր Թագավորության ժամանակ տղամարդկանց համար նորաձև են դարձել ծալքավոր եռանկյունի հատվածով կիլտերը[7], որի տակից կրել են եռանկյունաձև գոտի կամ շենտե[8]։

Հին Հունաստանում պարզ, թևքերով T-աձև տունիկաները բաղկացած էին երեք կարված կտորներից: Այս ոճը ծագել է սեմական Մերձավոր Արևելքում և կոչվել է խիտոն[9]: Գոտիով վուշե խիտոնը տղամարդկանց և կանանց հիմնական հագուստն է եղել[10]:

Հռոմեացիները որդեգրել են հունական մշակույթի բազմաթիվ տարրեր, այդ թվում՝ հագնվելու ոճը։ Կելտերը և գերմանական ժողովուրդները կրել են կիսաշրջազգեստ, որը պատմիչ Դիոդորոս Սիկուլուսը (մ.թ.ա. 1-ին դար) անվանել է խիտոն: Ներքևում նրանք կրել են մինչև ծնկները հասնող տաբատներ։ Անգլո-սաքսոնները, նորմանները, ֆրանկները և Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայի այլ ժողովուրդներ շարունակել են այս ձևը միջնադարում, ինչպես երևում է Բայոյի գոբելենից[11]: 13–15-րդ դարերում ջուլհակներով գործելը և պտտվող շեղբերով ու բռնակներով մկրատների օգտագործումը հանգեցրին նոր ձևավորումների։ Զգեստների վերնամասն այժմ կարելի էր ճշգրտորեն հարմարեցնել մարմնին: Տղամարդկանց զգեստները առջևում կոճկվեցին, իսկ կանացի զգեստները ստացան դեկոլտե։ Տղամարդկանց զգեստների ստորին հատվածը երկարությամբ շատ ավելի կարճ էր, քան կանանցը։ Դրանք լայն կտրվածքով էին, որպեսզի չխանգարեին ձիավարությանը: Անգամ ասպետների զրահն ուներ մետաղյա կարճ կիսաշրջազգեստ[12][13]: Նմանատիպ այլ հագուստներից, որոնք կրում են տղամարդիկ ամբողջ աշխարհում, հունական և բալկանյան ֆուստանելլան է (կարճ և լայն բամբակյա կիսաշրջազգեստ):

Նորմանների (1000–1100) ազգային զգեստի վիկտորիանական տարբերակը

Նորարարական տեխնիկան հատկապես բարելավել է տաբատների և զուգագուլպաների կարման աշխատանքները: «Իրական» տաբատներն ու զուգագուլպաները սկսեցին փոխարինել գուլպաների լայնատարած օգտագործումը, որոնք ծածկում էին միայն ոտքերը և պետք է ամրացված լինեին ներքնաշորերին կամ զգեստներին[14]: Կիսաշրջազգեստը, որը ծածկում էր ոտքերի վերին հատվածը, այլևս անհրաժեշտ չէր: Տաբատներ կրելու միջանկյալ փուլում, բարձր դասերը նախընտրել փքուն տաբատներ և լայն կիսաշրջազգեստներ[15]։

Պատմության մեծ մասում տղամարդիկ, հատկապես՝ ազդեցիկ տղամարդիկ, եղել են գունավոր զգեստներով և կիսաշրջազգեստներով, ինչպես մետաքսով և ադամանդներով զարդարված հինդու մահարաջաները կամ Ֆրանսիայի Լուի XIV արքան, որը կրում էր կիսաշրջազգեստ, գուլպաներ և երկար կեղծամ[16]: Ֆրանսիական հեղափոխությունը և արդյունաբերական հեղափոխությունը փոխել են հագուստի նորմը տղամարդկանց և կանանց համար ոչ միայն Ֆրանսիայում։ Վիկտորյական դարաշրջանից սկսած՝ տղամարդիկ սկսել են ավելի քիչ կրել պայծառ գույներ և շքեղ կտորներ՝ նախապատվությունը տալով ավելի զուսպ հագուստին[17][18][19]: Այս երևույթը անգլիացի հոգեբան Ջոն Ֆլյուգելը անվանել է «Մեծ տղամարդկային հրաժարում»[20]: Կիսաշրջազգեստները կանացիացվեցին։ «Այսուհետև տաբատները դարձան տղամարդկանց համար համընդհանուր հագուստ, իսկ կանանցից ակնկալվում էր կրել ճոխ զգեստներ»[21]: 20-րդ դարի կեսերին եվրոպացի տղամարդկանց ավանդական հագուստը, հատկապես գործնական և կիսապաշտոնական հագուստը բաղկացած էր կոստյումից, հասարակ վերնաշապիկից և փողկապից։ Տաբատների բացառապես արական կոնոտացիան վերացվել է ֆեմինիստական շարժման ուժով, իսկ կիսաշրջազգեստների որպես կանացի հագուստի կոնոտացիան դեռևս առկա է՝ բացառությամբ շոտլանդական կիլտի և ալբանական ու հունական ֆուստանելայի որպես Եվրոպայի միակ ավանդական կիսաշրջազգեստներ տղամարդկանց համար:

1960-ականներին բացասական արձագանքներ են եղել Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ընդունված «տղամարդկանց և կանանց հագուստների» ընդունված պայմաններին: Յունիսեքս նորաձևության շարժումը նպատակ ուներ վերացնել տղամարդկանց և կանանց հագուստների միջև եղած տարբերությունները։ Գործնականում սա նշանակում էր, որ կանայք կհագնեին տղամարդկանց հագուստ, այսինքն՝ վերնաշապիկներ և տաբատներ։ Սակայն տղամարդիկ հազվադեպ էին գնում այնքան հեռու, որ ընդունեին ավանդական կանացի հագուստի ձևերը։

Բացառություն էին փոփ երաժիշտների կոստյումները։ Rolling Stones խմբի Միք Ջագերը 1969 թվականի Stones in the Park համերգին կրել է սպիտակ զգեստ սպիտակ տաբատով, իսկ Դեյվիդ Բոուին 1971 թվականի իր 'The Man who sold the World' ալբոմի շապիկին հայտնվել է պատկերազարդ մետաքսե զգեստով: Երկուսն էլ, հատկապես Բոուին, 1970-ականներին փորձարկում էին անդրոգեն նորաձևության ոճերը[22][23][24]:

Այնուամենայնիվ, 1960-ականներին տղամարդիկ մեծամասամբ կրում էին վելվետային տաբատներ, ծաղկավոր կամ ծալքավոր վերնաշապիկներ, փողկապներ և երկար մազեր[25]։

1970-ականներին Դեյվիդ Հոլը, Ստենֆորդի հետազոտական ինստիտուտի (SRI) նախկին հետազոտական ինժեները, ակտիվորեն խթանել է տղամարդկանց համար կիսաշրջազգեստների օգտագործումը՝ հանդես գալով The Tonight Show Starring Johnny Carson և Phil Donahue Show հեռուստաշոուներում[26]։ Իր «Տղամարդկանց համար կիսաշրջազգեստներ. տարբեր տեսակի հագուստի առավելությունները և թերությունները» էսսեում նա կարծիք է հայտնել, որ տղամարդիկ պետք է կրեն կիսաշրջազգեստներ թե՛ խորհրդանշական և թե՛ գործնական պատճառներով։ Խորհրդանշական առումով կիսաշրջազգեստներ կրելը թույլ կտա տղամարդկանց ստանալ ցանկալի կանացի հատկանիշներ։ Գործնական առումով կիսաշրջազգեստները չեն շփվում աճուկի շուրջը և ավելի հարմար են տաք կլիմայական պայմանների համար: 1980-ականների սկզբին «Culture Club»-ի հաջողակ փոփ խմբի արտիստ Բոյ Ջորջը կրել է երկար կիսաշրջազգեստներ, զգեստներ, դիմահարդարում և երկար մազեր[27][28]։

1985 թվականին ֆրանսիացի դիզայներ Ժան-Պոլ Գոտյեն ստեղծել է իր առաջին տղամարդկանց կիսաշրջազգեստը։ Խախտելով ընդունված սոցիալական նորմերը՝ Գոտյեն հաճախ ներկայացնում է կիսաշրջազգեստը տղամարդկանց հագուստների հավաքածուներում. ամենահայտնին սարոնգն է, որը կրել է Դևիդ Բեքհեմը[29]։ Այլ հայտնի դիզայներներ, ինչպիսիք են Վիվիեն Վեստվուդը, Ջորջո Արմանին, Ջոն Գալիանոն, Կենզոն, Ռեյ Կավակուբոն և Յոհջի Յամամոտոն նույնպես ստեղծել են տղամարդկանց կիսաշրջազգեստներ[30]։ ԱՄՆ-ում Մարկ Ջեյքոբսը դարձել է տղամարդկանց կիսաշրջազգեստների ամենանշանավոր աջակիցը։ Միլանի և Նյու Յորքի տղամարդկանց նորաձևության ցուցադրությունները հաճախ ներկայացնում են տղամարդկանց կիսաշրջազգեստներ։ Korn խմբի գլխավոր երգիչ Ջոնաթան Դևիսը իր 18 տարվա գործունեության ընթացքում կենդանի համերգների և երաժշտական տեսահոլովակների ժամանակ կրել է կիլտեր։ Rolling Stones խմբի Միք Ջագերը և Red Hot Chili Peppers խմբի Էնթոնի Քիդիսը լուսանկարվել են զգեստներով[31]։ FCKH8 հակախտրականության արշավի համար Իգգի Փոփը հանդես է եկել սև զգեստով և պայուսակով։ Guns N' Roses խմբի երգիչ Ակսլ Ռոուզը կիսաշրջազգեստներ է կրել Use Your Illusion համերգային շրջագայությունների ընթացքում։ Ռոբբի Վիլյամսը և Depeche Mode խմբի Մարտին Գորը նույնպես բեմում կիսաշրջազգեստներով ելույթներ են ունեցել։ Բեռլինի իր շրջագայության ժամանակ (1984–1985) Մարտին Գորը հաճախ հանրային վայրերում կրել է կիսաշրջազգեստներ։ 1985 թվականի հուլիսի 7-ին Pop Special Magazin-ի հետ հարցազրույցում նա ասել է. «Սեռական խոչընդոտներն ու գենդերային դերեր այլևս հին են։ Ես և իմ ընկերուհին հաճախ փոխանակվում ենք մեր հագուստներով և դիմահարդարման պարագաներով»։ Brand Nubian խմբի Lord Jamar-ը քննադատել է Քանյե Ուեսթին կիսաշրջազգեստներ կրելու համար՝ ասելով, որ նրա ոճը տեղ չունի հիփ-հոփում[32][33]։

2008 թվականին Ֆրանսիայում ստեղծվել է տղամարդկանց համար կիսաշրջազգեստներ կրելուն աջակցող ասոցիացիա[34]։ 2013 թվականի հունիսին շվեդ գնացքավարներն իրավունք են ստացել ամռանը կրել կիսաշրջազգեստներ, երբ իրենց խցերում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 35 °C (95 °F)[35]:

Մետրոպոլիտեն թանգարանի ցուցահանդես

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Մետրոպոլիտեն թանգարանը ցուցահանդես է կազմակերպել թանգարանի Կոստյումների ինստիտուտի Էնդրյու Բոլթոնի և Հերոլդ Կոդայի նախաձեռնությամբ և Գոտյեի հովանավորությամբ: Ցուցահանդեսի անվանումն էր «Խիզախներ. Տղամարդիկ կիսաշրջազգեստներով»( անգլ.՝ Bravehearts: Men in Skirts)[36]։ Ցուցահանդեսի նպատակն էր բացահայտել, թե ինչպես են տարբեր խմբեր և անհատներ (հիպիներից մինչև փոփ աստղեր և նորաձևության դիզայներներ) խթանել տղամարդկանց համար կիսաշրջազգեստների կրումը։ Խանութների ցուցափեղկերերի նման մանեկենների վրա տղամարդկանց կիսաշրջազգեստներ են ցուցադրված եղել[37]։

Ցուցահանդեսը մատնանշել է հագուստի և կրողի արականության կամ կանացիության միջև «բնական կապի» բացակայությունը՝ նշելով կիլտը որպես «ամենահզոր, բազմակողմանի և կայուն հագուստի ձևերից մեկը, որը հաճախ դիտվում է նորաձևության դիզայներների կողմից որպես բնական, անհատական արականության խորհրդանիշ»։ Այն ցույց է տվել, որ նորաձևության դիզայներները և տղամարդկանց կիսաշրջազգեստների կրողները օգտագործում են կիսաշրջազգեստները երեք նպատակների համար. խախտել ավանդական բարոյական և սոցիալական նորմերը, վերասահմանել արականության իդեալը և նորություն բերել տղամարդկանց նորաձևությանը։ Տղամարդկանց կիսաշրջազգեստների կրումը կապվում էր երիտասարդական և հակամշակութային շարժումների հետ, որոնցից են փանկը, գրանջը և գլեմ ռոքը, ինչպես նաև փոփ երաժշտության ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Բոյ Ջորջը, Միյավին և Ադրիան Յանգը[37]։ Շատ տղամարդ երաժիշտներ կրել են կիսաշրջազգեստներ և կիլտներ ինչպես բեմի վրա, այնպես էլ առօրյայում։

Մեդիա ուսումնասիրությունների պրոֆեսոր Էլիզաբեթ Էլսվորթը[38], գաղտնալսել է ցուցահանդեսի մի քանի այցելուների խոսակցություններ՝ նշելով, որ արձագանքները լայնորեն տարբերվել են, որոշ կանայք կատակով հարցրել են իրենց տղամարդ ուղեկիցներին՝ արդյոք նրանք երբևէ կիսաշրջազգեստներ կկրեն, որին տղամարդկանցից մի քանիսը դրական պատասխան են տվել: Երկու տարեց կին այդ գաղափարը «բացարձակ անհեթեթ» են անվանել: Մի տղամարդ, ընթերցելով հյուսիսամերիկյան և եվրոպական մշակույթներից բացի այլ մշակույթներում տղամարդկանց կիսաշրջազգեստների կրելու մասին, բացականչել է. «Աստված իմ։ Աշխարհի բնակչության երեք քառորդը կրում է կիսաշրջազգեստ»[37]:

Ցուցահանդեսն ինքնին փորձել է այցելուներին ստիպել մտածել, թե պատմականորեն ինչպես են այս կետին հասել տղամարդու հագուստի նորմերը և արդյոք գոյություն ունի ապագայում տղամարդկանց կողմից կիսաշրջազգեստներ կրելու միտում[37]:

Այլ ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց կիսաշրջազգեստներ ցուցադրվել են 2022 թվականին Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտի թանգարանում «Նորաձևության առնականություն. տղամարդու հագուստի արվեստը» խորագրով ցուցահանդեսում[39][40], որը պատկերել է արևմտյան Եվրոպայում տղամարդկանց նորաձևության պատմությունը և առնականության ընկալման հետ դրա կապը՝ օգտագործելով պատմական և ժամանակակից նյութեր:

Ժամանակակից ոճեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան մշակույթներում շատ քիչ թվով տղամարդիկ են կիսաշրջազգեստներ, կիլտեր կամ նմանատիպ հագուստ կրում:

Ժամանակակից հագուստի ոճերի արտադրողներից մեկը պնդում է, որ տարեկան վաճառում է ավելի քան 12,000 նման հագուստ, ինչը հանգեցնում է տարեկան ավելի քան 2 միլիոն դոլարի վաճառքի[41][42]: Ըստ CNN-ի թղթակցի. «Սիեթլի Ֆրեմոնտ շուկայում տղամարդկանց հաճախ են տեսնում սպորտային ուտիլկիլտերով»[43]: 2003 թվականին US News-ը հաղորդել է, որ «Սիեթլում ստեղծված ուտիլիկիլտը ընդամենը երեք տարում վաճառվել է ավելի քան 10,000 օրինակով»[44]: «Դրանք արդեն սովորական երևույթ են դարձել Սիեթլում, հատկապես ավելի աշխույժ թաղամասերում և մշակութային միջոցառումների ժամանակ: Ուտիլկիլտերը հաճախ հագնում են սև ճտքավոր կոշիկներով», - գրում է AP-ի լրագրող Էնն Քիմը[45]: «Ես իրականում կիլտեր հագնող ավելի շատ մարդկանց եմ տեսնում Սիեթլում, քան երբ ապրում էի Շոտլանդիայում»,- նկատել է գնորդներից մեկը 2003 թվականին[46]:

Բացի այդ 1990-ականների կեսերից ստեղծվել են հագուստի մի շարք ընկերություններ, որոնք վաճառում են հատուկ տղամարդկանց համար նախատեսված կիսաշրջազգեստներ: Դրանցից են Macabi Skirt-ը 1990-ականներին, Menintime-ը 1999-ին, Midas Clothing-ը 2002-ին[47] և Skirtcraft-ը 2015-ին[48]:

2010 թվականին H&M նորաձեւության ցանցն իր լուքբուքում ներկայացրել է տղամարդկանց համար նախատեսված կիսաշրջազգեստներ[49]:

2018 թվականին Zara-ն իր Reshape հավաքածուում ավելացրել է տղամարդկանց համար նախատեսված կիսաշրջազգեստ[50]։

2023 թվականին Horsmens Fashion նորաձևության ցանցն իր լուքբուքում ներկայացրել է տղամարդկանց համար նախատեսված կիսաշրջազգեստներ[51]:

Վիկկա և նեոհեթանոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկկայում և նեոհեթանոսությունում հատկապես Միացյալ Նահանգներում տղամարդկանց (ինչպես նաև կանանց) ​​խրախուսվում է կասկածի տակ դնել իրենց ավանդական գենդերային դերերը: Ի թիվս այլ բաների, սա ներառում է փառատոների և շաբաթօրյա տոնակատարությունների ժամանակ զգեստներ կրելը որպես ծիսական հագուստ (որը Էյլերսը հավասարեցնում է «եկեղեցական հագուստին», որը կրում են քրիստոնյաները կիրակի օրերին)[52][53]: Վիկկայի որոշ դավանանքներ (կոչվում են «ավանդույթներ») նույնիսկ խրախուսում են իրենց անդամներին իրենց ամենօրյա զգեստապահարաններում ներառել խալաթներ, թիկնոցներ և նման այլ հագուստներ:

Ոչ արևմտյան մշակույթներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի խումբ ազնվական ալբանացիներ

Արևմտյան մշակույթներից դուրս, տղամարդկանց հագուստը ներառում է կիսաշրջազգեստներ և փեշանման հագուստներ[54]։ Հաճախ հանդիպող ձևերից մեկը մեկ կտորից պատրաստված հագուստն է, որը ծալվում և փաթաթվում է մեջքի շուրջ, այդպիսիք են հնդկական դհոտին, վեշթին կամ լունգին, և Հարավարևելյան Ասիայում սառոնգը: Մյանմայում թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ կրում են լոնգի, որը գլանաձև փաթաթվող կիսաշրջազգեստ է և կանանց դեպքում հասնում է մինչև ոտնաթաթը, իսկ տղամարդկանց դեպքում՝ մինչև սրունքների կեսը[55]։ Սառոնգի տարբեր տեսակներ և անվանումներ կան՝ կախված նրանից, թե ծայրերը կարում են, թե պարզապես կապում։ Տարբերություն կա նաև դհոտիի և լունգիի կրման ձևի մեջ։ Լունգին ավելի շատ փաթաթուն տեսք ունի, մինչդեռ դհոտին կրելու դեպքում ծալելով ձևավորում են ծալքեր։ Դհոտին անցնում է ոտքերի արանքով, ինչը դարձնում է այն ավելի նման ծալվող ազատ տաբատի, քան կիսաշրջազգեստի։

Ենթասահարական Աֆրիկայում տղամարդկանց կրած սառոնգանման հագուստները հայտնի են որպես կանգա (կամ խանգա), կիտենգե (կամ չիտենջե), կիկոյ և լապպա[56]։ Մադագասկարում դրանց անվանում են լամբա։ Արևմտյան Աֆրիկայում Գանայի առաջնորդները օգտագործում են կենտե կտորներ իրենց խիտոնանման փաթաթվող հագուստների համար։ Շատ գեղեցիկ են Նիգերիայի Վոդաբեների կաշվե կիսաշրջազգեստները և նուրբ զարդարված տունիկաները, որոնք տղամարդիկ կրում են իրենց գեղեցկությունը ցուցադրելու և Գերեվոլ պարային փառատոններում չամուսնացած կանանց տպավորելու համար[57]։ Կենտրոնական Աֆրիկայում Կուբայի պաշտոնյաների զգեստը ներառում է կարմիր-սև-սպիտակ ռաֆիայի կտորից ծոպավոր կիսաշրջազգեստ[58]։ Սամոայի լավալավան փաթաթվող կիսաշրջազգեստ է: Դրանք կրում են տղամարդիկ, կանայք և երեխաներ: Կանանց լավալավաների նախշերը սովորաբար ունենում են կամ ավանդական սիմվոլներ կամ ծաղկային (ֆրանգիպանի) նախշեր: Տղամարդկանց լավալավաները ունեն միայն ավանդական սիմվոլներ: Կապույտ լավալավան Սամոայի ոստիկանության համազգեստի պաշտոնական համազգեստն է։

Սիխիզմում, հավատք, որն առաջացել է Փանջաբում, կա ավանդական հագուստ, որը կրում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։ Այն կոչվում է բաանա կամ չոլա: Այս հագուստի ներքևի մասը փեշ ունի և կրում են երկար սպիտակ ներքնաշորերի վրա: Այն ավանդաբար կրել են սիխ ռազմիկները մարտերում, քանի որ այն թույլ էր տալիս ազատ շարժվել և ներկայացվել էր որպես ավանդական սիխ հագուստի և ինքնության մաս:

Հաջի համար (ամենամյա ուխտագնացությունը Մեքքա), մահմեդական տղամարդիկ կրում են իհրամ՝ պարզ, անկար հագուստ, որը պատրաստված է սպիտակ բամբակից[59]: Մի կտորը շրջազգեստի պես փաթաթված է մարմնի ներքևի հատվածին, մյուսը՝ նետվում է ուսին: Քաթանի գառնարածները Հարավային Ասիրի գավառում կրում են կոճերը հասնող կիլտեր: Եմենում ստանդարտ հագուստը ֆութանն է՝ սրունքներին հասնող փաթաթված կիսաշրջազգեստ: Միջերկրածովյան արևելքում պաղեստինցիները ավանդաբար կրում են քումբազ, յունիսեքս հագուստ, որը իջնում է դեպի ներքև, աջ մասը բերվում է ձախի վրա՝ թևի տակ և ամրացվում[60]:

Ֆիջիական սուլուն երկար կեղևային կտորից պատրաստված կիսաշրջազգեստ է, որը կրում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Այն մինչ օրս կրում են որպես ֆիջիական ազգային հագուստ, չնայած այսօր այն երբեմն կարող է պատրաստված լինել բամբակից կամ այլ նյութից:

Չինաստանում կիսաշրջազգեստները, որոնք կոչվում են քուն (裙) կամ չանգ (裳) ինչպես նաև խալաթներ, որոնք հայտնի են որպես պաոֆու և շենի, հնագույն ժամանակներից մինչև Ցին դինաստիայի ավարտը 1911 թվականին կրել են տղամարդիկ: Չինաստանի առաջին կայսերական դինաստիայի Ցին ռազմիկները կրել են կիսաշրջազգեստ հիշեցնող տունիկա և բրոնզե թիթեղներից պաշտպանիչ զրահ, ինչպես երևում է հայտնի Տեռակոտայի բանակի հնավայրերից հայտնաբերված պատկերներում:

Ճապոնիայում տղամարդկանց համար հաքամայի երկու տեսակ կա՝ բաժանված ումանորի (馬乗り) և անբաժան անդոն հաքամա (行灯袴): Ումանորի տեսակը բաժանված ոտքեր ունի, նման է լայն կիսաշրջազգեստների: Այն սրբավայրերում ծառայություններ մատուցող Հաքաման շինտո կաննուշի քահանաների ամենօրյա հագուստն է: Մինչև 1940-ականները հաքաման համարվել է տղամարդկանց առօրյա հագուստի պարտադիր մաս: Այսօր ճապոնացի տղամարդիկ սովորաբար հաքաման կրում են միայն պաշտոնական առիթներով, ինչպես օրինակ թեյի արարողություններ, հարսանիքներ կամ թաղումներ: Հաքաման նաև կրում են տարբեր մարտարվեստների ժամանակ, օրինակ՝ քենդոն[61]:

Պակո Բովոնը X-ը կրում է բատիկայից սառոնգ, որը մինչ օրս կրում են ճավացիները

Ժամանակակից մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց կիսաշրջազգեստ կրելու ուշագրավ օրինակներից են գիտաֆանտաստիկ հեռուստատեսային «Աստղային ճանապարհ. հաջորդ սերունդ» ծրագրի վաղ էպիզոդները: Առաջին և երկրորդ սեզոններում համազգեստը ներառել է կարճ թևքով վերնաշապիկից բաղկացած տարբերակ, որին կցված էր կիսաշրջազգեստ։ Այս տարբերակը կրել են անձնակազմի և՛ տղամարդ, և՛ կին անդամները: «Աստղային ճանապարհի արվեստը» գրքում բացատրվում է, որ «տղամարդկանց «սկանտի» կիսաշրջազգեստի ձևավորումը տրամաբանական զարգացում էր՝ հաշվի առնելով 24-րդ դարում ենթադրվող սեռերի ընդհանուր հավասարությունը»[62]: Սակայն, հավանաբար, հանդիսատեսի արձագանքներով պայմանավորված, շոուի երրորդ սեզոնում «սկանտը» հանվեց։

Արևմտյան որոշ պարային մշակույթներում տղամարդիկ սովորաբար կրում են կիսաշրջազգեստներ կամ կիլտեր: Կան նման հագուստի բազմաթիվ տարատեսակներ, որոնցով բարելավվում է պարարվեստի գեղագիտական արտահատության ձևը[63]: Կոնտրապար կոչվող պարային ոճում կիսաշրջազգեստներ են կրում մասամբ թեթևության, մասամբ էլ շարժումների ազատության համար: Կիլտեր հաճախ կրում են գեյերի պարային ակումբներում,[64] ինչպես նաև Շոտլանդական գիշերային ակումբներում՝ որպես մշակութային արտահայտության միջոց:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Critchell, Samantha (14 November 2003). «Exhibit makes case for manly men in skirts». Cape Cod Times. Վերցված է 10 April 2023-ին.
  2. Boucher, Francois (1987): 20,000 Years of Fashion: The History of Costume and Personal Adornment. New York: Harry N. Abrams
  3. The Bible: Genesis 12:4–5
  4. Roberts, J.M. (1998): The Illustrated History of the World. Time-Life Books. Volume 1. p. 84
  5. Rief Anawalt, Patricia (2007): The Worldwide History of Dress. London: Thames & Hudson. p. 22
  6. Barber, Elisabeth J.W. (1991): Prehistoric Textiles: The Development of Cloth in the Neolithic and Bronze Ages with Special Reference to the Aegean. Princeton: Princeton University Press. p. 12.
  7. Rief Anawalt, Patricia (2007): The Worldwide History of Dress. London: Thames & Hudson. p. 25
  8. Rief Anawalt, Patricia (2007): The Worldwide History of Dress. London: Thames & Hudson. p. 24
  9. Rief Anawalt, Patricia (2007): The Worldwide History of Dress. London: Thames & Hudson. p. 88
  10. Rief Anawalt, Patricia (2007): The Worldwide History of Dress. London: Thames & Hudson. p. 89
  11. Koch-Mertens, Wiebke (2000): Der Mensch und seine Kleider: Die Kulturgeschichte der Mode bis 1900. Düsseldorf Zürich. Artemis & Winkler, p. 114.
  12. Tortora, Phyllis et al. (2014): Dictionary of Fashion. New York: Fairchild Books. p. 11.
  13. Koch-Mertens, Wiebke (2000): Der Mensch und seine Kleider: Die Kulturgeschichte der Mode bis 1900. Düsseldorf Zürich. Artemis & Winkler, pp. 156–162.
  14. Koch-Mertens, Wiebke (2000): Der Mensch und seine Kleider: Die Kulturgeschichte der Mode bis 1900. Düsseldorf Zürich. Artemis & Winkler, p 130
  15. Koch-Mertens, Wiebke (2000): Der Mensch und seine Kleider: Die Kulturgeschichte der Mode bis 1900. Düsseldorf Zürich. Artemis & Winkler, pp. 216–217
  16. Noah Harari, Yuval (2014): Sapiens: A Brief History of Humankind. Vintage-books. pp. 168, 169
  17. Ribeiro, Aileen (2003): Dress and Morality. Berg Publishers. p. 169.
  18. Fiona Margaret Wilson (2003). Organizational Behaviour and Gender. Ashgate Publishing, Ltd. էջ 199. ISBN 0-7546-0900-6.
  19. Jennifer Craik (1994). The Face of Fashion: culture studies in fashion. Routledge. էջեր 200. ISBN 0-415-05262-9.
  20. Ross, Robert (2008): Clothing: A Global History. Cambridge: Polity. pp. 35, 36
  21. Ross, Robert (2008): Clothing: A Global History. Cambridge: Polity. p. 59
  22. Perrott, Lisa (11 January 2016). «How David Bowie blurred gender lines». CNN (անգլերեն). Վերցված է 2023-02-04-ին.
  23. «David Bowie Proved That Style Has No Gender — Over 40 Years Ago». Mic (անգլերեն). 11 January 2016. Վերցված է 2023-02-04-ին.
  24. Trzcinski, Matthew (2020-08-12). «Mick Jagger on Why Androgyny Is Part of Rock 'n' Roll». Showbiz Cheat Sheet (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-02-04-ին.
  25. Ribeiro, Aileen (2003). Dress and Morality. Berg Publishers. էջ 169. ISBN 1-85973-782-X.
  26. «Lakeland Ledger - Google News Archive Search». news.google.com.
  27. Everyday, Vintage (2020-06-14). «30 Flamboyant Photos of Boy George at the Height of His Fame During the 1980s». Vintage News Daily (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-02-04-ին.
  28. Casiano, Christina (2022-06-14). «Boy George Then & Now Photos: The Culture Club Rocker Through The Years». Hollywood Life (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-02-04-ին.
  29. Fogg, Marnie (2011) The Fashion Design Directory. London: Thames & Hudson. p. 165.
  30. Fogg, Marnie (2011) The Fashion Design Directory. London: Thames & Hudson. p. 316.
  31. Corbijn, Anton (2000): Werk. Schirmer/ Mosel (Germany). p. 70
  32. djvlad (1 February 2013). «Lord Jamar: Kanye's Skirt Has No Place in Hip-Hop». Արխիվացված օրիգինալից 2021-12-21-ին – via YouTube.
  33. JungleBookJokes (19 January 2013). «Kanye West Was Serious About His Skirt Kilt». Արխիվացված օրիգինալից 2021-12-21-ին – via YouTube.
  34. Lizzy Davies (2008-08-04). «The Frenchmen fighting for the right to wear skirts». The Guardian. London: Guardian News and Media Limited.
  35. «Sweden's Arriva lifts shorts ban for skirt-wearing drivers». BBC News. 10 June 2013. Վերցված է 16 July 2013-ին.
  36. Bolton, Andrew (2003). Bravehearts: Men in Skirts. Harry N. Abrams. ISBN 0-8109-6558-5.
  37. 37,0 37,1 37,2 37,3 Elizabeth Ann Ellsworth (2005). Places of Learning Media, Architecture, Pedagogy. Routledge. էջեր 143–146. ISBN 0-415-93158-4.
  38. «Elizabeth Ellsworth - Professor of Media Studies - Public Engagement». www.newschool.edu.(չաշխատող հղում)
  39. «Fashioning Masculinities: the art of menswear». www.vam.ac.uk.
  40. McKever, Rosalind; Wilcox, Claire; Franceschini, Marta (2022). Fashioning Masculinities: the art of menswear. V&A Publishing. ISBN 978-183851011-4.
  41. Staff (September 19, 2005). «It's a cargo skirt – for guys». Toledo, Ohio: WTVG-TV News.
  42. Craig Harris (2007-01-26). «Manly skirt is not just for Scots anymore». Seattle Post-Intelligencer (online edition). Վերցված է 2007-05-18-ին.
  43. «Tailor Revives Art of Kilt-Making». Sunday Morning News. CNN. January 7, 2001. Արխիվացված է օրիգինալից 2021-03-07-ին. Վերցված է 2007-05-18-ին. «At Seattle's Fremont Market, men are often seen sporting the Utilikilt»
  44. «Escaping the tyranny of trousers». U.S. News & World Report. May 5, 2003. Արխիվացված է օրիգինալից March 17, 2007-ին. Վերցված է 2007-05-18-ին.
  45. Anne Kim (October 1, 2005). «Utilikilt makes 'short' work of job for men». The Ara\izona Republic (Online edition). Վերցված է 2007-05-18-ին. «They've become a common sight around Seattle, especially in funkier neighborhoods and at the city's many alternative cultural events.»
  46. Chelan David (March 12, 2003). «Kilts coming back in fashion» (PDF). Ballard New-Tribune. Վերցված է 2007-05-18-ին. «Mackay is amazed at the amount of kilts he sees in Seattle. "I actually see more people wearing kilts in Seattle than I did when I lived in Scotland," he marvels.»(չաշխատող հղում)
  47. «Men's skirts sew success». BBC News. 2003-06-27. Վերցված է 2010-05-12-ին.
  48. Raquel Laneri (2016-10-01). «Macho men are wearing skirts now». NY Post.
  49. «H&M Offers Skirts for Men This Spring». nbcnewyork.com. 25 November 2009.
  50. «Wrap skirt — Reshape — Shop by collection — Man». ZARA United Kingdom. Արխիվացված է օրիգինալից 2018-12-08-ին. Վերցված է 2018-12-08-ին.(չաշխատող հղում)
  51. «horsmens fashion Offers Skirts for Men This Spring». horsemens.net. Արխիվացված է օրիգինալից 2023-10-22-ին. Վերցված է 1 January 2023-ին.(չաշխատող հղում)
  52. Dana D. Eilers (2002). The Practical Pagan: Common Sense Guidelines for Modern Practitioners. Career Press. էջ 153. ISBN 1-56414-601-4.
  53. Helen A. Berger (1999). A Community of Witches: Contemporary Neo-paganism and Witchcraft in the United States. University of South Carolina Press. էջեր 43. ISBN 1-57003-246-7.
  54. Lisa Lenoir (2003-12-11). «Men in Skirts». Chicago Sun-Times. The Chicago Sun-Times Inc.
  55. Rief Anawalt, Patricia (2007): The Worldwide History of Dress. London: Thames & Hudson. p. 265
  56. «rahsgeo - Nigeria». rahsgeo.wikispaces.com. Արխիվացված է օրիգինալից 2013-01-27-ին. Վերցված է 2012-03-31-ին.
  57. Rief Anawalt, Patricia (2007): The Worldwide History of Dress. London: Thames & Hudson. pp. 552, 560
  58. Rief Anawalt, Patricia (2007): The Worldwide History of Dress. London: Thames & Hudson. p. 540
  59. Rief Anawalt, Patricia (2007): The Worldwide History of Dress. London: Thames & Hudson. p. 53
  60. Rief Anawalt, Patricia (2007): The Worldwide History of Dress. London: Thames & Hudson. p. 61
  61. Rief Anawalt, Patricia (2007): The Worldwide History of Dress. London: Thames & Hudson. pp. 199–203
  62. Reeves-Stevens, Judith & Garfield. The Art of Star Trek. New York:Pocket Books, 1995. 0671898043
  63. Dance magazine, October 2000 – "Dress for Success – skirts for men common in dance productions" http://findarticles.com/p/articles/mi_m1083/is_10_74/ai_65862860
  64. Timeout magazine: London's gay Scottish linedancers «London's gay Scottish linedancers - Features - Gay - Time Out London». Արխիվացված է օրիգինալից 2007-07-04-ին. Վերցված է 2007-07-30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]