Վեներան ու երաժիշտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Վեներարն ու երաժիշտը» կամ «Վեներան երգեհոնահարի ու շան հետ», Պրադո թանգարան, մոտավորապես 1550 թվական
«Վեներան լյուտնյահարի ու կուպիդոնի հետ», Քեմբրիջի Ֆիցվիլյամի թանգարան, մոտավորապես 1555–65 թվականներ
Պատկեր:Tizian - Venus with the Organ Player (Gemäldegalerie Berlin), Google Art Project.jpg
Բեռլինի պատկերասրահ, երգեհոնահար, շուն և կուպիդոն, 115 x 210 սմ

«Վեներան ու երաժիշտը» (անգլ.՝ Venus and Musician), վենետիկյան Վերածննդի ժամանակաշրջանի նկարիչ Տիցիանի ու վերջինիս արվեստանոցի կողմից ստեղծված կտավների շարք, որոնք հայտնի են բազմաթիվ այլ անուններով՝ «Վեներան երգեհոնահարի հետ», «Վեներան լյուտնյահարի հետ» և այլն[1]։ Տարբերակների մեծ մասի ձախ կողմում պատկերված է փոքրիկ երգեհոն նվագող տղամարդ, մնացած մասում՝ լյուտնյա է նվագվում։ Բարձի վրա հենված Վեներան փոքրիկ ընկերակիցներ ունի՝ շատ տարբերակներում՝ կուպիդոն, որոշ տարբերակներում՝ շնիկ, իսկ բեռլինյան տարբերակում առկա են երկուսն էլ[2]։ Կտավները թվագրվում են սկսած 1540-ական թվականների վերջով։

Տիցիանի կտավներից շատերը մի քանի տարբերակներ ունեն, հատկապես մերկ դիցաբանական թեմաներով կտավները։ Ավելի ուշ շրջանի տարբերակներն ամբողջությամբ կամ մեծամասամբ պատկանում են նրա արվեստանոցին, որոնցում Տիցիանի անձնական ներդրման աստիճանն անորոշ է ու ենթակա քննարկման։ «Վեներան ու երաժիշտը» կտավի բոլոր տարբերակները յուղաներկ են, ունեն երկու համամասնություն ու չափս, որոնցից երգեհոնահարով տարբերակներն ավելի լայն են[3]։

Ընդհանուր առմամբ միայն Տիցիանին վերագրվող հինգ տարբերակներից Մադրիդում գտնվող երկուսում և Բեռլինում գտնվող մեկում պատկերված է երգեհոնահար, իսկ Քեմբրիջում և Նյու Յորքում գտնվողներում՝ լյուտնյահար[4]։ Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահում գտնվող մեկ այլ տարբերակ պակաս բարձր է գնահատվում, քանի որ այնտեղ երաժիշտը բացակայում է, պատկերված են միայն կուպիդոնը և մահճակալի ոտքի մոտ սև ու սպիտակ մի շուն, որը նայում է եզրապատին կանգնած կաքավին[5]։

Կտավի բոլոր տարբերակներում Վեներայի մահճակալը գտնվում է լոջիայում կամ ցածր եզրապատով մեծ բաց պատուհանի դիմաց։ Վեներան պատկերված է ամբողջ հասակով՝ բարձերին հենված։ Երաժիշտը նստած է մահճակալի ծայրին, մեջքով դեպի Վեներան, բայց շրջված նայում է նրան։ Դրան ի հակադրություն՝ Վեներան նայում է աջ։ Երաժիշտը կրում է 16-րդ դարին բնորոշ հագուստ և գոտու մեջ դաշույն ունի։ Կտավի վերին ձախ անկյունը ծածկված է լայն կարմիր վարագույրով, իսկ ավելի նեղ տարբերակներում այն ծածկում է վերին աջ անկյունը։ Դրսում երևում է երկու ձևով պատկերված լայն բնատեսարան։ Պրադոյում գտնվող երկու տարբերակներում պալատի այգում պատկերված են ծառաշարեր ու ցայտաղբյուր։ Մյուս տարբերակներում դեպի հեռավոր լեռները տանող ավելի բաց բնապատկեր է պատկերված[6]։

Հենված մերկ կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիցիանի «Ուրբինյան Վեներան», մոտավորապես 1534 թվական, Ուֆֆիցի, հիմնականում նույն դիրքով՝ հակառակ ուղղությամբ
«Վենարան ու կուպիդոնը շան ու կաքավի հետ», հիմնականում Տիցիանի արվեստանոց, մոտավորապես 1555 թվական, Ուֆֆիցի

Նկարը վենետիկյան ոճով հենված կանացի մերկություն պատկերող Տիցիանի ստեղծագործությունների վերջնական զարգացումն է։ 1510 թվականին Ջորջոնեի մահից հետո Տիցիանն ավարտին է հասցրել վերջինիս «Քնած Վեներան», որից հետո մոտավորապես 1534 թվականին պատկերել «Ուրբինյան Վեներային»։ 1545 թվականին արված ու Չառլզ V-ին ուղարկված ու թերևս կորսված «Վեներա» կտավը հիմք է հանդիսացել «Վեներան ու երաժիշտը» շարքի համար[7]։ Ի տարբերություն սրանց, «Վեներան ու երաժիշտը» կտավի շատ տարբերակներում կուպիդոնը թույլ է տալիս հստակորեն տարբերակել կնոջը որպես Վեներա, չնայած ժամանակակից դեկորին[8]։

Հակառակ դեպքում նկարը դասվում է կուրտիզանուհիներ պատկերող կատեգորիայի մեջ, թեև նրանք ևս հաճախ նկարագրվում են որպես «Վեներա»։ Բոլոր տարբերակներում պատկերված է ամբողջովին մերկ Վեներան, բացառությամբ ազդրերի վրայի փոքրիկ շղարշի, և շատ թանկարժեք մի քանի զարդեր է կրում[9], որոնք բնորոշ են կուրտիզանուհիներ պատկերող նկարներին[10]։ Երաժիշտը կոկիկ հագնված է, կրում է սայրավոր զենք, որոշ տարբերակներում՝ ոսկեզօծ կցամասերով մեծ թուր։ Նրան կարելի է վենետիկյան կուրտիզանուհու հաճախորդ համարել։

Մերկություն պատկերող այլ կտավներից է 1540-ական թվականների կեսին ստեղծված «Պարդոյի Վեներան» (կամ այժմ Լուվրում գտնվող «Յուպիտերն ու Անտիոպը»), ինչպես նաև «Դանայա» կտավների շարքը, որը Քենեթ Քլարկը համարել է Տիցիանի կողմից Վենետիկի սահմաններից դուրս գերիշխող մերկության պատկերման ընդօրինակում․ «Իտալիայի մնացած մասերում բոլորովին այլ մարմնաձևեր էին վաղուց նորաձև»[11]։

Քլարկի համար «Վեներան ու երաժիշտը» կտավների Վեներան, որի գլուխը փոխում է դիրքը, սակայն մարմինը մնում է նույն դիրքում, «ամբողջովին վենետիկյան է, փոքր քույրն այն թանկարժեք տիկնանց, որոնց Յակոպո Պալմա Ավագը, Պարիս Բորդոնեն ու Բոնիֆացիո Վերոնեզեն պատկերել են ներքին սպառման համար»[12]։ Մերկ մարմինները «հարուստ, ծանր ու կոպիտ են, այս շարքի վեներաները գրգռող չեն։ Ավելին, նրանք շատ ավելի պայմանականացված են, քան ակնհայտ է առաջին հայացքից»[13]։

Այլաբանությու՞ն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմայի էրոտիկ գրավչությունն ակնհայտ է, սակայն որոշ քննադատներ պնդել են աչքերի ու ականջների միջոցով գեղեցկության ընկալման ավելի շատ այլաբանական իմաստի վրա, և ընդգծել առաջինի գերազանցությունը[14]։ Պրադո թանգարանի երկու տարբերակներում երգեհոնահարները նվագում են, իսկ բեռլինյան տարբերակում նա դադարեցրել է նվագելը Վեներային նայելու համար․ փաստ, որին մեծ կարևորություն է տվել Էրվին Պանոֆսկին որպես «տեսողության զգայարանի հաղթանակ լսողության զգայարանի նկատմամբ»[15]։ Երգեհոնների պատկերումը քննադատության է արժանացել երգեհոնագետների կողմից․ «Խողովակները չափազանց կարճ են և եթե դրանցից ընդհանրապես որևէ հնչյուն դուրս եկել է, ապա դրանք պետք է եղած լինեն ձանձրալի ու աղոտ ելևէջներ[16]։

Լյուտնյահարները կարող են իրենց գործիքները տեղաշարժել ըստ իրենց մարմնի դիրքի ու երկուսն էլ շարունակում են նվագել։ Պանոֆսկիի կարծիքով սա նշանակում է, որ «երաժիշտը նվագելը դադարեցրել է Վեներայի գեղեցկությամբ հիանալու համար։ Դժվար է միաժամանակ և՛ երգեհոն նվագել, և՛ հիանալ գեղեցիկ կնոջով, սակայն հեշտ է նրա համար սերենադ նվագել լյուտնյայով ու ամբողջական ուշադրություն դարձնել նրա հմայքներին»[15]։ Էդգար Վինդը նշել է պատկերման մի սովորույթի մասին, որն առկա է նաև «Հովվերգական համերգ» նկարում և այլ աշխատանքներում, այն է՝ աստվածային կերպարները մերկ են, իսկ մահկանացուները՝ հագնված։

Չնայած անխուսափելի հակասություն չկա այլաբանական մեկնաբանության և ավելի պարզ դեկորատիվ և էրոտիկ մեկնաբանությունների միջև, ավելի ուշ շրջանի գիտնականները հաճախ մերժել են այլաբանական մեկնաբանությունը։ 1947 թվականին Ուլրիխ Միդլդորֆը գրել է․ «Տիցիանի «Երկնային և երկրային սեր» (Հռոմի Բորգեզե պատկերասրահ) կտավի կերպարներում զգացվում է արժանապատվություն և մաքրություն, որոնք ընդունելի են դարձնում նկարի ցանկացած բարձր մակարդակի մեկնաբանություն։ Դա բավականին յուրօրինակ կտավ է, որն ինչպես մենք կարող ենք պատկերացնել, նկարված է ծայրաստիճան նուրբ մարդու բարձր ճաշակներին համապատասխանելու համար։ Սակայն Տիցիանի հետագա շրջանի վեներաներն ու դանայաները նրանց դրել են անսահման ցածր մակարդակի վրա։ Նրանք գեղեցիկ են, բայց գռեհիկ՝ ի համեմատություն «Երկնային ու երկրային սեր» կտավի։ Նաև այն փաստը, որ դրանք արտասովոր քանակով կրկնօրինակվել են, չի ենթադրում դրանց մեջ մտքի մաքրություն փնտրելու փորձ։ Կարճ ասած՝ դժվար է խուսափել կասկածից, որ այդ նկարներն ավելի շուտ «դեկորատիվ կահույք» էին, քան խորը փիլիսոփայական տրակտատներ։ Իսկ սենյակները, որոնք զարդարելու համար դրանք նախատեսված են եղել, ննջասենյակներ էին»[17]։

Պրադոյի երկու տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրադո թանգարանի երկրորդ տարբերակը կուպիդոնի հետ, մոտավորապես 1555 թվական

Տարբերակներից ամենավաղ ստեղծվածը երգեհոնահարով տարբերակն է, որը նկարվել է Կառլոս V կայսեր համար, երբ Տիցիանը 1548 թվականին գտնվել է Աուգսբուրգում, և որը կայսրը նվիրել է իր մինիստր կարդինալ Գրանվելին։ Սակայն հաստատ հայտնի չէ, թե դա տարբերակներից որ մեկն է եղել, թեև Պրադո թանգարանում գտնվող երկու տարբերակներն էլ ենթադրաբար կարող էին լինել, հատկապես «Վեներան երգեհոնահարի ու շան հետ» կտավը, որը երկու կտավներից ամենալայնն է (148 x 217 սմ, Պրադո 420)։ Այն թվագրվում է մոտավորապես 1550 թվականով[18], դրանով բացառելով, որ կարող էր լինել կարդինալ Գրանվելի բնօրինակ նկարը, ինչպես նախկինում համարվել է, նախքան Պրադոյի կողմից ստեղծման տարեթվի վերանայումը[19]։ Պրադոյի կողմից ստեղծման տարեթվի վերանայումից հետո Կառլոս V-ի կողմից Գրանվելին նվիրված տարբերակը բացակայում է և կորած համարվում[5]։

Ռենտգենագրությունը ցույց է տվել, որ նկարի ստեղծման ընթացքում Տիցիանը փոփոխություններ է կատարել։ Ի սկզբանե աշխատանքն ավելի համարձակ է եղել․ Վեներան անկաշկանդ պառկած է եղել՝ հայացքը երաժշտին հառած։ Հավանաբար ենթադրելով, որ այդ դիրքը չափազանց գրգռող է, նկարիչը թեքել է Վեներայի գլուխը և փոքրիկ շնիկ ավելացրել, որ վերջինս նայի նրան ու շոյի։ Այդպիսով Վեներային ավելի պասիվ դեր է վերագրվում[20]։

Նկարը պատկանել է Ֆրանչեսկո Ասոնիկա անունով մի իրավաբանի, որը Տիցիանի ընկերն է եղել ու նրա այլ կտավներ ևս ունեցել է[21]։ Հավանաբար նկարվել է հատուկ նրա համար։ Կտավը Վենետիկում մնացել է մինչև 1620-ական թվականները, կրկնօրինակվել Անտոնիս վան Դեյքի կողմից ու հավանաբար նրա միջոցով ձեռք բերվել Չարլզ I Ստյուարտի համար։ Վերջինիս մահապատժից հետո, 1649 թվականին գնդապետ Ջոն Հաչինսոնն այն ձեռք է բերել £165 գումարով թագավորի կտավների աճուրդի ժամանակ։ Նույն օրը Հաչինսոնը £600 գումար է վճարել Տիցիանի «Պրադոյի Վեներան» կամ «Յուպիտերն ու Անտիոպը» կտավի համար։ 1651/52 թվականին Դավիդ Կրտսեր Տենիրսն այն գնել է £600 գումարով և ուղարկել Մադրիդ Իսպանական արքայական հավաքածուի համար, որտեղ էլ այն մնացել է մինչև Պրադո տեղափոխվելը[22]։ Կտավի՝ Անգլիայում գտնվելու ընթացքում արվել են մի շարք կրկնօրինակներ, և Չարլզ II Ստյուարտի ժամանակ Թագավորական հավաքածուի մեջ եղել է մեկը, որը հավանաբար նրանց ունեցած լավ կրկնօրինակն է[23]։

Պրադոյի մյուս տարբերակը՝ «Վեներան երգեհոնահարի ու կուպիդոնի հետ» (148 x 217 սմ, Պրադո 421, ստորագրված՝ TITIANUS F.), ոմանց կարծիքով թվագրվում է 1547-1548 թվականներով, իսկ վերջերս՝ մոտավորապես 1555 թվականով։ Միգել Ֆալոմիրի կարծիքով վերջին ռենտգենյան և ինֆրակարմիր ռեֆլեկտոգրաֆիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տարբերակը բխել է Պրադոյի մյուս տարբերակից (չնայած դրանք կրկին չեն միավորվել Իսպանական արքայական հավաքածուում ավելի քան մեկ դար)։ Տիցիանն ու իր արվեստանոցը հաճախ են պատճենել գլխավոր տարրերը կրկնօրինակներն ստեղծելիս[24]։

Այս տարբերակը նույնպես համարվել է 1548 թվականին ստեղծված Կառլոս V-ի ու Գրանվելի տարբերակ, որը ժամանակակից վերանայումը նույնպես բացառում է։ 1626 թվականից գտնվել է Իսպանական արքայական հավաքածուում, համարվել է, որ մեկն է եղել Սրբազան Հռոմի կայսր Ռուդոլֆ II-ի կողմից Գրանվելի ժառանգներից 1600 թվականին գնված կտավներից, որը հետագայում նվիրվել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ III-ին[25]։

Լյուտնյահարով տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վեներան լյուտնյահարի հետ», մոտավորապես 1565–70 թվականներ, Մետրոպոլիտեն թանգարան

«Վեներան կուպիդոնի ու լյուտնյահարի հետ» կտավի երկու տարբերակները նման են ամեն ինչով, բացի դետալներից։ Քեմբրիջ քաղաքի Ֆիցվիլյամի թանգարանում գտնվող տարբերակն ավելի վաղ ժամանակաշրջանի է և թանգարանի կողմից թվագրվել է 1555-1565 թվականներով․ ունի 150.5 x 196.8 սմ չափսեր և վերագրվում է Տիցիանին։ Հավանաբար պատկանել է Սրբազան Հռոմի կայսր Ռուդոլֆ II-ին և վստահաբար եղել է Պրահայի Կայսերական հավաքածուում մինչև 1621 թվականը։ Հետագայում արժանացել է վերոհիշյալ հավաքածուի լավագույն ցուցանմուշների ճակատագրին․ 1648 թվականին գողացվել է շվեդների կողմից, Շվեդիայի թագուհի Քրիստինայի կողմից տարվել Հռոմ՝ գահից վերջինիս հրաժարվելուց հետո, նրա մահից հետո վաճառվել Օռլեանի հավաքածուին, և ֆրանսիական հեղափոխությունից հետո աճուրդի հանվել Լոնդոնում։ 1798 կամ 1799 թվականին այն գնել է Ռիչարդ Ֆիցվիլյամը, որի կտակի համաձայն՝ 1816 թվականին իր մահից հետո հավաքածուի հիման վրա ստեղծվել է թանգարանը[26]։

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանն իր «Վեներան լյուտնյահարի հետ» տարբերակը թվագրել է մոտավորապես 1565-1570 թվականներով (165.1 x 209.6 սմ) և վերագրել Տիցիանին ու վերջինիս արվեստանոցին։ Կապվել է Քեմբրիջի տարբերակի հետ[27]։ Ենթադրաբար երկար տարիներ պահպանվել է արվեստանոցում և պարբերաբար աշխատել են նրա վրա, հատկապես բնապատկերի[28]։ Հավանաբար Տիցիանի մահվան պահին՝ 1576 թվականին դեռևս անավարտ է եղել, որից հետո «որոշ մասեր, հատկապես Վեներայի դեմքն ու ձեռքերը, բերվել են ավելի ավարտուն տեսքի»[29]։

Նյու Յորքի տարբերակը պատկանել է Սավոյայի արքայական ընտանիքի անդամներին 1624 - 1742 թվականների ընթացքում, որից հետո հայտնվել է Անգլիայում ու պատկանել Լեյսեստերի 1-ին կոմս Թոմաս Կոկին (մահացել է 1759 թվականին) ու վերջինիս ժառանգներին, որից հետո 1930 թվականին վաճառվել է Ջոզեֆ Դյուվինին, որն էլ 1933 թվականին այն վաճառել է թանգարանին[30]։

Լյուտնյահարով այլ տարբերակներ գտնվել են Բորդոյում (մեկ օրինակ) և Դրեզդենում (ոչնչացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ)[31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Loh, 41. Venus with an Organist and a Dog and so forth.
  2. Loh, 42
  3. Falomir, 61–68, and Loh throughout are both analyses of Titian's "replicas and variants"; Christiansen
  4. Prado; Christiansen
  5. 5,0 5,1 Christiansen
  6. Loh, 40–42; McIver, 14–17
  7. Falomir, 61–62
  8. Bull, 210-211; Falomir, 67. Bull points out that the Dresden Venus originally had a Cupid.
  9. McIver, 14
  10. Hollander, 314-21, for two views on "courtesan" pictures; Bull, 210-211
  11. Clark, 122–123, 122 quoted
  12. Clark, 122
  13. Clark, 122–123
  14. Falomir, 189–190, note 30, summarizes the "passionate debate", as does Christiansen; Prado
  15. 15,0 15,1 McIver, 13–20; Panofsky quoted in Yearsley
  16. Yearsley
  17. Quoted by Christiansen. Wind's comments quoted above come from a chapter mainly concerned with his "high-flung interpretation" of the Sacred and Profane Love
  18. Falomir, 64–65
  19. See eg Brotton, 236 or Loh, 40, who predate this revision. But in 1996 the Prado catalogue cited re Prado 421, the other version, thought that was Granvelle's painting.
  20. Prado; McIver, 16
  21. Penny, 93
  22. Prado
  23. Venus with an Organist, "after Titian, c.1550-1660", Royal Collection page
  24. Falomir, 64–66
  25. Museo del Prado, Catálogo de las pinturas, 1996, p. 401, Ministerio de Educación y Cultura, Madrid, 8487317537
  26. Venus and Cupid with a lute-player Արխիվացված 2018-10-02 Wayback Machine Fitzwilliam page
  27. Christiansen; see Penny, 280–284 for a similar discussion relating to Venus and Adonis.
  28. Hartt, 603
  29. Venus and the Lute Player Metropolitan page, quoted; Christiansen
  30. MMA Provenance section, same webpage as Christiansen
  31. McIver, 20 note 7

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brotton, Jerry, The Sale of the Late King's Goods: Charles I and His Art Collection, 2007, Pan Macmillan, 9780330427098
  • Bull, Malcolm, The Mirror of the Gods, How Renaissance Artists Rediscovered the Pagan Gods, Oxford UP, 2005, 0195219236
  • Christiansen, Keith, Catalogue Entry, Metropolitan Museum website, extracted from ?, 2010
  • Kenneth Clark, The Nude, A Study in Ideal Form, orig. 1949, various edns, page refs from Pelican edn of 1960
  • Falomir, Miguel, "Titian's Replicas and Variants", in Jaffé, David (ed), Titian, The National Gallery Company/Yale, London 2003, 1 857099036
  • Sydney Joseph Freedberg. Painting in Italy, 1500–1600, 3rd edn. 1993, Yale, 0300055870
  • Frederick Hartt, History of Italian Renaissance Art, (2nd edn.)1987, Thames & Hudson (US Harry N Abrams), 0500235104
  • Anne Hollander, "Titian and Women", in Feeding the Eye: Essays, 2000, University of California Press, 0520226593, 9780520226593, google books
  • Loh, Maria H., Titian Remade: Repetition and the Transformation of Early Modern Italian Art, 2007, Getty Publications, 089236873X, 9780892368730, google books (full view)
  • McIver, Katherine A., in Carroll, Linda L. (ed), "Sexualities, Textualities, Art and Music in Early Modern Italy", 2017, Routledge, 1351548980, 9781351548984, google books
  • Nicholas Penny, National Gallery Catalogues (new series): The Sixteenth Century Italian Paintings, Volume II, Venice 1540–1600, 2008, National Gallery Publications Ltd, 1857099133
  • "Prado": Prado commentary webpage, on their "main" or first version
  • Hugh Trevor-Roper; Princes and Artists, Patronage and Ideology at Four Habsburg Courts 1517–1633, Thames & Hudson, London, 1976, 0500232326
  • Yearsley, David, "The Love Goddess, the Organists, Their Organs, Titian and Van Eyck", Counterpunch, 7 October 2011, online
  • Edgar Wind, Pagan Mysteries in the Renaissance, 1967 edn., Peregrine Books

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Erwin Panofsky, Problems in Titian, mostly Iconographic, 1969
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներան ու երաժիշտը» հոդվածին։