Ինֆրակարմիր ճառագայթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինֆրակարմիր ճառագայթներէլեկտրամագնիսական ճառագայթներ, որոնք զբաղեցնում են տեսանելի լույսի կարմիր մասի (ալիքի երկարությունը՝ λ=0.74 մկմ) և կարճալիք ռադիոճառագայթման (λ~1-2մմ) միջև ընկած սպեկտրային տիրույթը։ Սպեկտրի ինֆրակարմիր տիրույթը պայմանականորեն բաժանում են մոտիկ (0.74-ից մինչև 0.5 մկմ),միջին (2.5-50 մկմ) և հեռու (50-2000 մկմ) տիրույթների։ Ինֆրակարմիր ճառագայթները հայտնաբերել է Վ. Հերչելը՝ Արեգակի սպեկտրն ուսումնասիրելիս (1800 թ.)։Հերչելի հայտնագործած այդ անտեսանելի ճառագայթները ջերմային էֆեկտ էին առաջացնում։ Հետագայում (1835 թ.) Ա. Ամպերն առաջ քաշեց այն ենթադրությունը, որ «ջերմային» (ինֆրակարմիր) և լուսային ճառագայթները միևնույն բնույթն ունեն, դրանք էլեկտրամագնիսական ալիքներ են։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆրակարմիր ճառագայթների աղբյուրները բազմազան են։ Այդպիսի ճառագայթում տալիս են բոլոր ատոմները։ Եթե ատոմների հիմնական ռեզոնանսային անցումներից կարելի է ստանալ ուլտրամանուշակագույն և տեսանելի տիրույթի ճառագայթում, ապա երկրորդ և հաջորդ ռեզոնանսային անցումներից որպես կանոն ստացվում է մոտիկ և հեռու ինֆրակարմիր տիրույթների ճառագայթում։ Ինֆրակարմիր ճառագայթներ ստացվում են նաև մոլեկուլներից։ Մոլեկուլային սպեկտրները կազմված են էլեկտրոնային, տատանողական և պտտական սպեկտրներից։ Էլեկտրոնային սպեկտրն ընկած է տեսանելի տեսանելի և մոտիկ ինֆրակարմիր տիրույթներում, տատանողական սպեկտրը՝ հիմնականում ինֆրակարմիր (2.5-50 մկմ), իսկ պտտական սպեկտրը՝ հեռու ինֆրակարմիր և ռադիոալիքային տիրույթներում։1911-ին գերմանացի գիտնականներ Գ. Ռուբենսը և Օ. Բայերը ինֆրակարմիր ճառագայթներ հայտնաբերեցին սնդիկի գոլորշիներում (340 մկմ)։Ինֆրակարմիր ճառագայթների հարուստ աղբյուր է Արեգակը,որի ճառագայթած էներգիայի մոտ կեսն ընկած է սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում։ Ինֆրակարմիր ճառագայթների աղբյուր են նաև շիկացման լամպերը և ընդհանրապես բացարձակ զրոից տարբեր ջերմաստիճան ունեցող բոլոր մարմինները։ Մարմնի ջերմաստիճանի փոքրացմանը զուգընթաց ճառագայթման մաքսիմումը տեղաշարժվում է դեպի հեռու ինֆրակարմիր տիրույթը։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյութերի հետ ունեցած փոխազդեցության առանձնահատկությունների շնորհիվ ինֆրակարմիր ճառագայթներն ունեն կիրառության որոշակի ոլորտ։ Ինֆրակարմիր ճառագայթները կլանվում են ընտրողաբար։ Որոշ նյութեր (էբոնիտ,ֆիբր,կաշի) թափանցիկ են ինֆրակարմիր տիրույթում։ Այս հատկությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել և չափել նյութերի բնութագրիչ որոշ պարամետրեր։ Ինֆրակարմիր ճառագայթները համեմատաբար քիչ են ցրվում մթնոլորտում և առանց նկատելի կորուստների կարող են տարածվել մի քանի տասնյակ կմ։ Ինֆրակարմիր ճառագայթների այդ հատկությունն օգտագործվում է աստղաֆիզիկական հետազոտություններում, լուսանկարչության բնագավառում(ինֆրակարմիր լուսանկարչություն)։Ինֆրակարմիր ճառագայթների կիրառության ոլորտը սկզբունքորեն ընդլայնվեց և խորացավ արհեստական հզոր աղբյուրների՝ լազերների ստեղծումից հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png