Վարդերես Սամուրղաշև
Վարդերես Սամուրղաշև | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | ԽՍՀՄ, Հայաստան և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 13, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)՝ | Ռաֆայել Սամուրղաշև, Սուրեն Ղազարով և Sergej Sabejvorota? |
Հասակ՝ | 171 սանտիմետր |
Քաշ՝ | 78 կիլոգրամ |
Վարդերես Վարդերեսի Սամուրղաշև (ռուս.՝ Вартерес Вартересович Самургашев, սեպտեմբերի 13, 1979, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ծագումով հայ ռուսաստանցի հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռուսաստանի վեցակի չեմպիոն (1998-2000, 2002, 2004, 2006), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2000, 2006), աշխարհի կրկնակի չեմպիոն (2002, 2005), օլիմպիական չեմպիոն (2000)։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2000)։ Պատվո շքանշանի ասպետ (2001), պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի մեդալով (2006)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդերես Սամուրղաշևը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 13-ին Դոնի Ռոստովում՝ հայկական մարզական ընտանիքում։ Հայրը՝ Վարդերես Սիմոնի Սամուրղաշևը (1937-2009), հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի վաստակավոր մարզիչ էր[1]։ Մայրը՝ Նելլի Արիստակեսի Սամուրղաշևան, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի վաստակավոր մարզիչ է, Ռուսաստանի միակ կինը, որն այս մարզաձևում ստացել է մարզչական բարձրագույն կոչում[2]։
Վարդերես Սամուրղաշևը հունահռոմեական ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել յոթ տարեկանում՝ Սուրեն Ղազարովի ղեկավարությամբ։ 1995 թվականից նրա հետ աշխատել է Սերգեյ Զաբեյվորոտան[3]։ 1990-ական թվականների վերջին նա պատանիների Ռուսաստանի հավաքականի անդամ էր, դարձել է պատանիների Եվրոպայի (1998) և աշխարհի չեմպիոն (1999)։ 1998 թվականին առաջին անգամ դարձել է Ռուսաստանի մեծահասակների առաջնության հաղթող և սկսել է ներգրավվել Ռուսաստանի հավաքականում[4]։
Առաջին մեծ հաջողությանը մեծահասակների միջազգային մակարդակում հասել է 2000 թվականին։ Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո նա ընդգրկվել է Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելով Սիդնեյի օլիմպիական խաղերին։ Օլիմպիական մրցաշարի ընթացքում նա 63 կգ քաշային կարգում հաղթել է օլիմպիական գործող չեմպիոն Վլոձիմեժ Զավադսկուն (Լեհաստան), աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Շերեֆ Էրօղլուին (Թուրքիա), աշխարհի գավաթակիր Քևին Բրեքենին (ԱՄՆ), Եվրոպայի կրկնակի մեդալակիր Ակակի Չաչուային (Վրաստան)։ Եզրափակչում նա հաղթել է օլիմպիական գործող փոխչեմպիոն Խուան Լուիս Մարենին (Կուբա) և նվաճել օլիմպիական չեմպիոնի կոչումը[5]։
Այս հաջողությունից հետո Վարդերես Սամուրղաշևը որոշել է թեթևից անցնել միջին քաշային կարգ (մինչև 74 կգ)։ 2002 թվականին իր համար նոր քաշային կարգում նա դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն[4]։
Աթենքի Օլիմպիական խաղերում նա երեք մենամարտ է շահել Շվեդիայի, Ուկրաինայի և Գերմանիայի ներկայացուցիչներից, բայց կիսաեզրափակչում անսպասելիորեն զիջել է Ուզբեկստանը ներկայացնող համեմատաբար քիչ հայտնի և տիտղոսավոր Ալեքսանդր Դոկտուրիշվիլուն։ Երրորդ տեղի համար պայքարում Ռետո Բուշերի (Շվեյցարիա) նկատմամբ տարած հաղթանակը նրան թույլ է տվել դառնալ բրոնզե մեդալակիր[5], բայց հետագայում Սամուրղաշևն այս արդյունքն անվանել է իր մարզական կարիերայի ամենացավալի ձախողումը և դա բացատրել է մրցակցի որոշ թերագնահատմամբ և եզրափակիչ մենամարտին մտովի վաղաժամ կենտրոնացումով[6]։
Օլիմպիական հաջորդ շրջափուլում Վարդերես Սամուրղաշևը մնացել է միջին քաշային կարգի առաջատար ըմբիշներից մեկը։ 2005 թվականին նա հաղթել է Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում, 2006 թվականին՝ Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում։ 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերում նա առաջին երկու մենամարտերում հաղթել է Դանիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին, սակայն քառորդ եզրափակչում պարտվել է հունգարացի ըմբիշ Պետեր Բաչիին[5]։ Հետագայում քառորդ եզրափակչի այս մենամարտը մանրակրկիտ քննությունների առարկա է դարձել, քանի որ նրա ընթացքում վիճահարույց դրվագներից մեկում մրցավարները որոշել են երեք միավոր շնորհել Սամուրղաշևին, սակայն Ըմբշամարտի միասնական ոճերի միջազգային ֆեդերացիայի (FILA) փոխնախագահ Մարիո Սալետնիգի միջամտությունից հետո չեղյալ են հայտարարել իրենց որոշումը։ Ռուսական կողմը փորձել է բողոքարկել Սալետնիգի գործողությունները, քանի որ դրանք հակասում են կանոնակարգին։ 2009 թվականին Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանը դրանք ճանաչել է ոչ իրավաչափ, սակայն մենամարտի արդյունքը չի վերանայվել[7]։
Վարդերես Սամուրղաշևը նախատեսել էր ամբողջությամբ անցկացնել նաև հաջորդ օլիմպիական շրջափուլը, սակայն 2009 թվականի հունիսին Կրասնոդարում կայացած Ռուսաստանի առաջնությունում գլորում կատարելիս ստացել էր ծնոտի կրկնակի կոտրվածք և տեղափոխվել հիվանդանոց[8]։ Հետագայում նա ապաքինվել էր այդ վնասվածքից, սակայն արդյունքների նախկին մակարդակին վերադառնալ չէր կարողացել։ 2012 թվականին Վարդերես Սամուրղաշևը պաշտոնապես հայտարարել է մարզական կարիերայի ավարտի մասին[9]։
2012 թվականի սեպտեմբերին Վարդերես Սամուրղաշևը դարձել է Ռոստովի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար[10]։ 2013 թվականի սեպտեմբերին նա ընտրվել է Ռոստովի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր[11]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդերես Սամուրղաշևի ավագ եղբայրները նույնպես լրջորեն զբաղվում էին հունահռոմեական ոճի ըմբշամարտով։ Նրանցից մեկը՝ Ռաֆայել Սամուրղաշևը (ծնված 1963 թվականին), դարձել է ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր (1989), Հայաստանի հավաքականի կազմում եղել է Սիդնեյի Օլիմպիական խաղերի մասնակից[12]։
2009 թվականին Վարդերեսն ամուսնացել է։ Նա ունի հինգ երեխա (Ալբերտ՝ ծն. 2010 թվականին, երկվորյակներ՝ Սուրեն և Սիմոն՝ ծն. 2012 թվականին, Ռաֆայել՝ ծն. 2014 թվականին, Սաբինա՝ ծն. 2019 թվականին)[13]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ռոստովի պետական տնտեսական համալսարանը (2001) և Կուբանի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան (2005)[11] :
Վաստակի գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի սեպտեմբերին Վարդերես Սամուրղաշևը պարգևատրվել է Հայաստանի սպորտի նախարարության ոսկե մեդալով[14]։ Նույն թվականին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն[15]։ 2014 թվականին նրան շնորհվել է «Դոնի Ռոստով քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչումը[16]։
2004 թվականի հուլիսին Դոնի Ռոստովում կանգնեցվել է ըմբիշի կերպարով բրոնզե հուշարձան։ Պատվանդանի վրա, որն արվել է օլիմպիական կրակի գավաթի տեսքով, գրված է. «Վարդերես Սամուրղաշև. հունահռոմեական ըմբշամարտի Դոնի օլիմպիական առաջին չեմպիոն»[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «В Ростове состоялся Всероссийский турнир по греко-римской борьбе памяти Вартереса Семеновича Самургашева». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. 2017 թ․ հունվարի 5. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «ФСБР поздравляет Нелли Самургашеву с юбилеем — Федерация спортивной борьбы России». wrestrus.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Вартерес Самургашев – главный герой социальной рекламной кампании филиала ЦСКА, г. Ростова-на-Дону». cska.ru. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
- ↑ 4,0 4,1 «Самургашев Вартерес Вартересович | Федерация спортивной борьбы России». wrestrus.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Varteres Samurgashev Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Вартерес Самургашев: «Чувствовал себя как новичок»
- ↑ «Вартерес Самургашев одержал победу в спортивном арбитражном суде Лозанны». Советский спорт. 2009 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Вартерес Самургашев попал в реанимацию
- ↑ «Борец Самургашев объявил об уходе из спорта». Р-Спорт. 2012 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Вартерес Самургашев: «Самое главное — это олимпийский цикл»
- ↑ 11,0 11,1 Профиль на сайте Законодательного собрания Ростовской области
- ↑ [«Профиль Рафаэля Самургашева на сайте Sports-reference.com(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին. Профиль Рафаэля Самургашева на сайте Sports-reference.com(անգլ.)]
- ↑ Вартерес Самургашев стал отцом в четвёртый раз
- ↑ Вардерес Самургашев награждён «Золотой медалью» Министерства спорта и по делам молодёжи Армении
- ↑ «Վարդերես Սամուրղաշեւը ստացել է ՀՀ քաղաքացիություն». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Вартерес Самургашев стал почётным гражданином Ростова-на-Дону». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Памятник борцу
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Սեպտեմբերի 13 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Հայ օլիմպիական չեմպիոններ
- Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներ
- Ռուսահայ ըմբշամարտիկներ
- Ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոններ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)