Վասսերկիրխե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասսերկիրխե
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և պատկերասրահ
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ՏեղագրությունՑյուրիխ
ՀասցեLimmatquai 31
Հիմնական ամսաթվերը11-րդ դար
Ժառանգության կարգավիճակՇվեյցարիայի ազգային նշանակության մշակութային արժեք
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված11-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Wasserkirche Վիքիպահեստում
wasserkirche.ch

Վասսերկիրխե[1] (բառացի՝ եկեղեցի ջրի վրա, գերմ.՝ Wasserkirche, լատին․՝ Aquatica Turicensi), բողոքական եկեղեցի, որը գտնվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի Ալտշտադտ շրջանում՝ Լիմմատ գետի աջ ափին։ Սկզբում այն գտնվել է գետի մի փոքրիկ կղզու վրա. մոտ 1000 թվականին այդ վայրում կառուցվել է ռոմանական եկեղեցի. հավանաբար Գրոսմյունսթերի մկրտարանը, որը վերակառուցվել է գոթական ոճով 13-րդ դարում, 1524 թվականի Ռեֆորմացիայի ժամանակ շենքից հանվել են նկարներ, զոհասեղաններ և երգեհոն։ Համարվում է դաշնային նշանակության ճարտարապետության հուշարձան, 1943 թվականից ընդգրկում է «Helmhaus» արվեստի պատկերասրահը, որտեղ կազմակերպվում են տեղացի նկարիչների ստեղծված ժամանակակից արվեստի ստեղծագործությունների ժամանակավոր ցուցադրություններ։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Ռեֆորմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասսերկիրխե գաղտնարանից հայտնաբերված հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ հին ժամանակներում Լիմմատի փոքրիկ կղզում եղել է ինչ որ պաշտամունքային շինություն։ Ըստ լեգենդի՝ մոտ 300 թվականին Ցյուրիխի ապագա սրբազան հովանավորներ Ֆելիքսը և Ռեգուլան, մահապատժի են ենթարկվել (գլխատվել) կղզում քրիստոնեություն ընդունելու համար[2]։ Հետազոտողները կարծում էին, որ մոտավորապես 1000 թվականին կղզում կառուցվել է մի փոքրիկ հռոմեական եկեղեցի, որը Գրոսմյունստերի և Ֆրաումյունստերի հետ միասին ձևավորել է այն ճանապարհը, որով քայլում էր սրբազան Ֆելիքսի և Ռեգուլայի երկրպագության թափորը. ուխտագնացության հիմնական վայրը կառափնարան քարն էր Վասսերկիրխում, որը պահպանվում է գաղտնարանում։ Առաջին հայտնաբերված փաստաթուղթը, որտեղ հիշատակվում է «Aquatica Turicensi» եկեղեցին, թվագրվում է 1250 թվականով։ «Wazzirkilcha» գերմանական անվանումը հայտնվել է 1256 թվականին մեկ այլ փաստաթղթում։

Տաճարի սկզբնական նշանակությունը պարզ չէ, այն ենթադրությունը, որ դա Ցյուրիխի ամենահին ծխական եկեղեցին է, չի հաստատվում եկեղեցու աղքատիկ հարդարման և եկամտի աղբյուրների բացակայության պատճառով, դրանք նույնիսկ բավարար չէին մշտական քահանա վարձելու համար։ Այն վարկածը, որ Վասսերկիրխեն ի սկզբանե եղել է Գրոսմյունստեր տաճարի մկրտարանը, ավելի իրատեսական է թվում. նմանատիպ իրավիճակ է նկատվել այդ տարիներին Բազելում։

Կրիպտե, այպես կոչված՝ նահատակության քար (Ֆելիքս և Ռեգուլա)

13-րդ դարում ռոմանական եկեղեցին վերակառուցվել է գոթական ոճով, այսօր ռոմանական նախորդից միայն մի քանի առանձին պատառիկներ են պահպանվել։ 1477 թվականին Ցյուրիխի քաղաքային խորհուրդը որոշել է ամբողջությամբ քանդել Վասսերկիրխեի շենքը և տեղում կառուցել շատ ավելի մեծ շինություն։ Նախագիծն իրականացվել է ճարտարապետ Հանս Ֆելդերի կողմից, իսկ ուշ գոթական նոր շենքը օծվել է 1486 թվականին[3]։ Տաճարի ինտերիերը զարդարված է եղել որմնանկարներով և զարդանախշերով, որոնցից այսօր պահպանվել են միայն առանձին պատառիկներ։ Շինարարության ընթացքում հայտնաբերվել է ծծմբային միացություն պարունակող աղբյուր, որը հայտնի է դարձել որպես բուժիչ հանքային ջուր և սկսել է ծառայել որպես ուխտատեղի։ Վերակառուցումից հետո եկեղեցին ծառայել է նաև որպես Շվաբական պատերազմի և Ցյուրիխի կանտոնի «Միլանյան պատերազմների» ժամանակ գրավված դրոշների պահոց (տես՝ Իտալական պատերազմներ

Գրոսմյունստեր, Հելմհաուս և Վասերկիրխեն Ցյուրիխում (1770)
Գրոսմյունսթերը և Վասսերկիրխեն Հելմհաուսի հետ միասին (ձախից)
Հելմհաուսի տեսքը Մյունստեր կամուրջից

Ռեֆորմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեֆորմացիայի ժամանակ՝ 1524 թվականին, Վասերկիրխեի շենքից հանվել են նկարները, զոհասեղանները և երգեհոնը, գրավված դրոշները տեղափոխվել են Ցյուրիխի զինանոց, իսկ բուժիչ հանքային ջրի աղբյուրը փակվել է։ Շենքը սկսել է օգտագործվել որպես պահեստ։ Այն վերակառուցվել է և նրա առաջին հարկում երբեմն տոնավաճառներ են անցկացվել։ 1634 թվականին շենքը կրկին փոխել է իր գործառույթները․ այստեղ տեղակայվել է «Gemeinen Bürger-Bücherei» քաղաքային գրադարանը՝ քաղաքի առաջին հանրային գրադարանը։ 1717 թվականին քաղաքային խորհուրդը թույլատրել է շենքը վերակառուցել՝ ինտերիերին ավելացնելով փայտե բարոկկո պատկերասրահ։ 1791 թվականին հանքային ջրի աղբյուրը վերաբացվել է, իսկ 1839 թվականին՝ Limmatquai նոր ամբարտակի կառուցման ժամանակ, գետի կղզու և քաղաքի միջև ընկած հատվածը վերջապես լցվել է։ Քաղաքային գրադարանը նախկին եկեղեցում է մնացել մինչև 1917 թվականը, երբ նոր շենք է բացվել Zähringerplatz (Ցերինգերպլաց) հրապարակում։

1928-1940 թվականներին, երկար քննարկումներից հետո, շենքը կապիտալ վերանորոգվել է, վերականգնողները փորձել են վերականգնել այն իր սկզբնական տեսքով։ Մասնավորապես, ապամոնտաժվել են միջանկյալ հարկերը, քանդվել են նախկինում հյուսիսային կողմում տեղակայված այսպես կոչված «ջրային տունը»։ Ապամոնտաժվել են նաև գրադարանի բարոկկո ոճի փայտե պատկերասրահները. երգչախմբի երեք պատուհանների վիտրաժները նախագծվել են Աուգուստո Ջակոմետիի կողմից։ Այդ ժամանակվանից շենքը կրկին օգտագործվել է որպես բողոքական բարեփոխված եկեղեցի։

Հելմհաուսը և Վասերկիրխեն Գրոսմյունսթերի պաշտգամբից

Helmhaus[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելմհաուսը (Helmhaus) շինություն էր, որը կցված էր Վասսերկիրխեի հյուսիսային կողմին։ Առաջին անգամ այն հիշատակվում է որպես դատարանի տեղակայման վայր 1253 թվականի փաստաթղթերում։ Կղզու գտնվելը, աղբյուրին մոտ լինելը և նախաքրիստոնեական պաշտամունքի վայրը վկայում են այն մասին, որ այդ դատարանը երկար պատմություն ունի։ Սկզբում շենքը միայն կամրջի ծածկված շարունակությունն է եղել, որը տանում էր դեպի Վասսերկիրխե։ 1563-1564 թվականներին ճարտարապետ Կոնրադ Բոդմերը կառուցել է շատ ավելի ընդարձակ փայտե շինություն՝ առևտրային տարածքները տեղավորելու համար։ Առաջին հարկի շուկայի սրահում են գտնվել ցյուրիխյան «կանգունը» և շինարարի արձանը, որն այսօր կարելի է տեսնել Շվեյցարական ազգային թանգարանում։

Ժամանակակից քարե շենքը կառուցվել է Հանս Կոնրադ Բլանչլիի կողմից 1791-1794 թվականներին։ Շենքի օգտագործման հետ կապված իրավիճակը փոխվել է 1838 թվականին՝ շնորհիվ նոր Մյունստերբրյուկե կամրջի կառուցման, որը փոխել է երթևեկության երթուղին Լիմմատ գետով. այն այլևս չի անցել Հելմաուսի առաջին հարկով։ Այսօր «Helmhaus» պատկերասրահը ժամանակակից շվեյցարական արվեստի կարևորագույն թանգարաններից է. քաղաքային թանգարանում ցուցադրվում են համադաշնությունում ապրող կամ աշխատող ժամանակակից արվեստագետների աշխատանքները։ Անհատական, խմբակային և թեմատիկ ցուցահանդեսները նվիրված են 20-րդ դարի վերջի, 21-րդ դարի սկզբի շվեյցարական արվեստի թատերաբեմին, լրացուցիչ ծրագիրը ներառում է քննարկումներ հեղինակների հետ և սեմինարներ ժամանակակից կերպարվեստի արդիական խնդիրների վերաբերյալ։

Ազգային նշանակության մշակութային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Helmhaus und Wasserkirche» շենքը ներառված է Ազգային և տարածաշրջանային նշանակության մշակութային արժեքների շվեյցարական ցանկում որպես «Ա դասի» ազգային նշանակության օբյեկտ[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Konrad Escher, Die Kunstdenkmäler des Kantons Zürich, vol. IV, "Die Stadt Zürich", Basel 1939, pp. 300–310.
  • Dieter Nievergelt, Jürg E. Schneider: Wasserkirche und Helmhaus zu Zürich. (Schweizerischer Kunstführer, Serie 44, Nr. 435/436). Ed. by the Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte GSK. Bern 2003, 978-3-85782-435-7
  • E. Vogt und H. Herter: Wasserkirche und Helmhaus in Zürich. Baugeschichte im Auftrag der Stadt Zürich verfasst von E. Vogt und H. Herter. Zürich 1943.
  • Ulrich Helfenstein: Geschichte der Wasserkirche und der Stadtbibliothek in Zürich. Mit Wiedergabe des Originaltitels von Salomon Vögelin aus dem Jahre 1848. Zürich 1961.
  • Manuel Maissen: Vaults on the Water: A systematic analysis of the vault construction in the Wasserkirche Zurich. In: Mascarenhas-Mateus, J., et. al. (Eds.): History of Construction Cultures: Proceedings of the 7th International Congress on Construction History, 2021, Lisbon, Portugal. London: CRC Press, 2021, Vol. II, pp. 349–355.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Филип Шафф История христианской церкви. Том VIII. Современное христианство. Реформация в Швейцарии. — 2007—2012. — С. 132. — 557 с. — ISBN 9785457372511
  2. «Wasserkirche – Where Zurich's Patron Saints Became Martyrs». zuerich.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  3. Maissen, Manuel (2021). «Vaults on the Water: A systematic analysis of the vault construction in the Wasserkirche Zurich». History of Construction Cultures (անգլերեն). CRC Press. 2: 349–355. doi:10.1201/9781003173434-157. ISBN 978-1-003-17343-4.
  4. «A-Objekte KGS-Inventar» (PDF). Schweizerische Eidgenossenschaft, Amt für Bevölkerungsschutz. 2015 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասսերկիրխե» հոդվածին։