Տոնավաճառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուդապեշտի ձեռագործ իրերի տոնավաճառ
Գյուղատնտեսական տոնավաճառ Հայաստանում

Տոնավաճառ, կանոնավոր կազմակերպվող լայն նշանակության վաճառավայր, սահմանված վայրում պարբերաբար կազմակերպվող շուկա, մի կամ բազմաթիվ տեսակի ապրանքների սեզոնային իսպառ վաճառք։ Տոնավաճառներն առաջացել են Եվրոպայում, վաղ միջնադարում։ Դրանք մանրածախ առևտրի շուկաներ էին, որոնք ուղեկցվում էին կրոնական ու ժողովրդական տոների կապակցությամբ կազմակերպվող զվարճալի միջոցառումներով։ Հետագայում տոնավաճառների բնույթը փոխվել է, դրանցում լայն տարածում է ստացել մեծածախ առևտուրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լայն տարածում ստացան միջազգային տոնավաճառները, որոնք իրենցից ներկայացնում են առևտրական բնույթի ցուցադրական միջոցառումներ։ Տարբերում են ունիվերսալ (Պլովդիվի, Իզմիրի), բազմաճյուղ (Պոզնանի, Փարիզի), մասնագիտացված (Մյունխենի՝ սպորտային ապրանքների, Բազելի՝ տրանսպորտային սարքավորումների) տոնավաճառներ։ Առավել խոշոր միջազգային տոնավաճառներից են նաև Լայպցիգի, Զագրեբի, Բռնոյի, Բուդապեշտի, Բուխարեստի, Հանովերի, Լիոնի, Միլանի, Տորոնտոյի, Բաղդադի ևն։ Միջազգային տոնավաճառների գործունեությունը կարգավորում է Միջազգային տոնավաճառների միությունը, որը ստեղծվել է 1925-ին Փարիզում։ ԽՍՀՄ-ում տոնավաճառները տարածում են ստացել 1960-ից հետո, երբ ապրանքների մեծածախ վաճառքի համար կազմակերպվեցին ներպետական, միջհանրապետական, հանրապետական, տեղական, արտադրության միջոցների և ժողովրդական սպառման ապրանքների, գալիք տարվա, ապրանքների ավելցուկների, մասնագիտացված, ունիվերսալ ևն տոնավաճառներ։ Դրանք մեծ դեր են կատարում արդյունաբերության և առևտրի տնտեսական կապերի ամրապնդման գործում, նպաստում բնակչության աճող պահանջմունքների բավարարմանը։ ՀԽՍՀ–ում առաջին անգամ մասնակցել է 1921-ին Նիժնի Նովգորոդի (այժմ՝ Գորկի) միջազգային տոնավաճառին, ուր վաճառքի համար ցուցադրվել են բուրդ, մորթի, կաշի, մուշտակներ, մրգեր, կոնյակ, տնայնագործական արտադրանք։ Հետագայում ցուցանմուշների մեջ մեծացել է արդիական արտադրանքի (1950-ական թթ․՝ մեքենայական տեխնիկայի) ծավալը։ 1961-ից ՀԽՍՀ արդյունաբերական արտադրանքը ցուցադրվել է արտասահմանյան միջազգային 26 տոնավաճառներում։ Հանրապետության 23 ձեռնարկություններ այդ ստուգատեսներին ուղարկել են ինչպես ավանդաբար ցուցադրվող ապրանքներ (կոնյակ, գինի, հանքային ջրեր, տնայնագործական-գեղարվեստական իրեր, ձեռագործ գորգեր ևն), այնպես էլ մետաղամշակման հաստոցներ, էլեկտրատեխնիկական սարքեր, կոմպրեսորներ ևն։ 1965-ից արտասահմանում միջազգային տոնավաճառների խորհրդային տաղավարների շրջանակներում ՀԽՍՀ-ն հանդես է գալիս ինքնուրույն բաժնով։ ՀԽՍՀ էկոնոմիկայի զարգացման հետ ցուցանմուշների մեջ աճում է մեքենատեխմիկական, հատկապես էլեկտրոնային արդյունաբերության արտադրանքի (միկրոէլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա, կապի միջոցներ ևն) ծավալը։ Միջազգային տոնավաճառներում ՀԽՍՀ բաժինները (Նյու Դելիում, Պլովդիվում, Ալժիրում, Բաղդադում) և ցուցանմուշները (Լայպցիգ-գարուն 1975 և 1980, Պլովդիվ-գարուն 1983) արժանացել են ոսկե ու արծաթե մեդալների և պատվոգրերի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png