Jump to content

Վայրի արևմուտք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախկին Վայրի Արևմուտք: Մուգ կարմիրով նշված են այն նահանգները, որոնք Մարդահամարի բյուրոյի տվյալներով վերաբերում են արևմուտքին. ստվերագծված են Միսսիսիպիից արևմուտք գտնվող նահանգները, որոնք նույնպես վերաբերում են Արևմուտք հասկացությանը:

Վայրի Արևմուտք (անգլ.՝ Wild West) կամ Ամերիկյան հին արևմուտք (անգլ.՝ American Old West), շրջանի անվանում, որ ի սկզբանե ներառում էր Ֆրոնտիրը` ժամանակակից Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Մոնտանա, Վայոմինգ, Կոլորադո, Կանզաս, Նեբրասկա, Օկլահոմա և Տեխաս նահանգները։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմից մինչև 1890 թվականն այն աստիճանաբար ընդլայնվել է դեպի արևմուտք` ընդհուպ խաղաղօվկիանոսյան ափ։ Ավելի լայն իմաստով այս շրջանն ընդարձակվել է 19-րդ դարասկզբից մինչև 1920 թվականի Մեքսիկական հեղափոխությունը։ ԱՄՆ-ի արևմտյան նահանգները բնակեցնելու և նրանց ուրբանիզացման մակերեսը կրճատվել է մինչև այն ժամանակ, երբ մոտավորապես 1980 թվականին այն դադարել է որպես մշակութային երևույթ գոյություն ունենալուց։

Վերաբնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբից ամերիկացիները լքում են ԱՄՆ-ի ավելի խիտ բնակեցված արևելքը` ուղղվելով Միսսիսիպիից արևմուտք` երբևէ չբնակեցված տարածքներ, որ կոչվում էր Մեծ Հարթավայրեր։ Ընդ որում, Նոր Անգլիայի բնակիչները ձգտում էին բնակեցնել անտառներով ու մորթով հարուստ Օրեգոնը, իսկ հարավային շրջաններից արտագաղթածները` Տեխասի, Նյու Մեքսիկոյի և Կալիֆոռնիայի ընդարձակ տարածքները։

Այս արտագաղթյալ առաջնեկների տեղափոխության միջոցը ձիերին լծված ֆուրգոններն էին։ Ճանապարհ էին ընկնում քարավաններ` բաղկացած մի քանի տասնյակ ֆուրգոններից։ Միսիսիպիի հովիտից Խաղաղ օվկիանոսի ափ հասնելու համար այդպիսի քարավանին միջին հաշվով անհրաժեշտ էր մոտ կես տարի։

Գոյություն ունեին մշտական մի քանի ուղիներ, որոնցով շարժվում էին արտագաղթյալների քարավանները։ Կալիֆորնյան արահետը կապում էր Միսսուրի նահանգը Կալիֆոռնիայի ոսկու հանքերին։ 1840-1860-ական թվականներին նրանով անցել են ավելի քան քառորդ միլիոն ֆերմերներ և ոսկի որոնողներ։ Օրեգոնյան ուղերթը Կալիֆորնյան արահետի ճյուղավորումներից մեկն էր։ Առաջին քարավանը նրանով անցել է 1836 թվականին, իսկ վերջինը` 1869 թվականին։ Մորմոնների ճանապարհը, որ կապում էր Իլինոյսը և Յուտան, առաջին անգամ օգտագործել են 1847 թվականին Մեծ աղի լճի շրջանից տեղափոխված մորմոնները, իսկ Սանտա Ֆե ուղին օգտագործվել է 1821-1880 թվականներին։

Արտագաղթյալները տառապում էին խմելու ջրի խիստ պակասից, հիվանդություններից, վայրի կենդանիների հարձակումներից և թշնամի հնդկացիներից։ Ցրտերն ընկնելու հետ մեծ խնդիր է դառնում կերակրի հայթայթումը։ Քարավանի համար ծանր խնդիր էր լեռներում ձնաբքի մեջ հայտնվելը, երբ քարավանը դառնում էր ձյան գերին, և մնում էր սպասել միայն գարնան գալուն` տառապելով սովից։

Այն բանից հետո, երբ 1848 թվականին Կալիֆոռնիայում և 1860 թվականին Դակոտայում հայտնաբերվում է ոսկի, սկսվում է այսպես կոչված ոսկու տենդը, որը մեծացնում է վերաբնակիչների հոսքը։ Կրոնական մի շարք խմբերի համար ավելի քիչ բնակեցված տարածքներում հաստատվելը հնարավորություն էր ընձեռում խուսափելու արտաքին ազդեցությունից և բնիկների հետ կոնֆլիկտներից։ Դրա օրինակներից մեկը մորմոններն են, որոնք հաստատվեցին Յուտա նահանգում։

1862 թվականին ընդունվում է Հողերի սեփականացման ակտը, որը թույլ էր տալիս հողատարածք ստանալ չբնակեցված տարածքներում։

1869 թվականի մայիսին ավարտվում է միջմայրցամաքային երկաթուղու շինարարությունը։ Դրանից հետո ԱՄՆ-ի արևմտյան տարածքների յուրացումը անխզելիորեն կապվում է երկաթգծերի ընդլայնման հետ։

Բախումներ հնդկացիների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ի բանակի հեծելազորը հետապնդում է հնդկացիներին

Ամերիկյան արևմուտքը բնակեցված էր հնդկացիների կողմից, որոնք քշում էին նորեկներին իրենց հողերից։ Սպիտակ որսորդներն անխնա ապանում էին բիզոններին, որոնք շատ ցեղերի համար սննդի հիմնական աղբյուր էին հանդիսանում։ Սպիտակամորթների հետ արևմուտք ներթափանցեցին մի շարք վարակիչ հիվանդություններ։ Այդ պատճառով էլ հնդկացիներն ընդդիմանում էին սպիտակամորթների` արևմուտքում հաստատվելուն, և զինված բախումները հնդկացիների ու ներգաղթյալների միջև չեն ընդհատվել մինչև ողջ 19-րդ դարի ընթացքը։ Պարբերաբար դրանք վերածվում էին խոշոր կոնֆլիկտների` ԱՄՆ-ի կանոնավոր զորքերի մասնակցությամբ[1]։

Անասնաարդյունաբերողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վայրի Արևմուտքի ներգաղթյալներ

Արևմուտքի անեզր հարթավայրերում աճում էր խոտ, որը հեշտությամբ տանում էր և' երաշտը, և' ցուրտը։ Դա թույլ էր տալիս հոտի համար մշտական կեր ունենալ։ Տեխասի հարթավայրերում թափառում էին իսպանացի նվաճողների կողմից բերված կովերի սերունդները։ Նրանց պահելով զբաղված էին կովբոյները։ Այս կովերին վերաբնակիչները խաչասերում են իրենց ունեցած անասունների հետ. այդպես են առաջանում տեխասյան նշանավոր լոնգհորնները։ Արևմուտքում ամենից նշանավոր ու հաջողակ անասնաարդյունաբերողներից էր Ջոն Այլիֆը, ով, հաստատվելով Կոլորադոյում, գնում էր վերաբնակիչների` երկար ճանապարհից հյուծված անասունները, որոնք արագ քաշ էին հավաքում բաց արոտավայրերում, և վաճառում էր դրանք երկաթուղայիններին և բանակայիններին։ Այն բանից հետո, երբ կառուցվեց միջմայրցամաքային երկաթգիծը, Այլիֆը կազմակերպեց տեխասյան լոնգհորնների տեղափոխումը հարավային Վայոմինգ։ Կովերի համար ԱՄՆ-ի արևելքում վճարում էին տասն անգամ ավելի, քան Տեխասում։

1867 թվականին Ջոզեֆ Մաքքոյը Կանզասի երկաթուղու Աբիլին գծի մոտ կառուցեց անասնապահական հսկայական գոմ երեք հազար գլխի համար։ Շուտով Աբիլինը դառնում է անասունների առևտրի խոշոր կենտրոն և այսպես կոչված կովբոյական առաջին քաղաքներից մեկը։ Կովբոյական առաջին ամենահայտնի քաղաքը դառնում է լեգենդար Ջոջ Սիթին, որը նաև անասունների առևտրի կենտրոն էր։ Մինչև 1877 թվականը Նյու Մեքսիկոյի բոլոր խոշոր անասնաարդյունաբերողները բաժանվել էին երկու մեծ խմբերի, որոնք մրցակցում էին միմյանց հետ պետական հաստատություններին ու հնդկացիական պահեստարաններին միս տրամադրելու քանակով։ Ընդ որում, երկու կողմերն էլ օգտագործում էին պայքարի հնարավոր բոլոր միջոցները, իսկ մրցակիցների անասունների հոտեր փախցնելը սովորական երևույթ էր։ Խմբավորումներից մեկի առաջնորդը` Լոուրենս Մյորֆին, կարողանում է իր կողմը գրավել Լինքոլն շրջանի շերիֆին, ով 1878 թվականի փետրվարին բռնագրավում է Մյորֆիի թշնամիներից մեկի` Տանստոլի անասուններին։ Տանստոլը փորձում է դիմադրություն ցույց տալ և սպանվում է Մյորֆիի մարդկանց կողմից, որոնց մեջ շատ էին գլխագնի դիմաց մարդ սպանողները։ Այդպես է սկսվում «Լինքոլնի շրջանի պատերազմը», որի ժամանակ մահանում է 60 մարդ։

1892 թվականին թեժանում է Ջոնսոն շրջանի պատերազմը Վայոմինգում, որի պատճառ է դառնում «Վայոմինգի անասնատերերի միության» խոշոր անասնատերերի և մանր անասնատերերի ու ֆերմերների միջև բռնկված վիճաբանությունը արոտավայրերի համար։

Արդեն 19-րդ դարում առաջին ներգաղթյալներն ու Վայրի Արևմուտքը դիտարկվում էին ռոմանտիկ և հերոսական տեսանկյունից։ Վայրի Արևմուտքի մասին բնորոշ պատմվածքների թեմաներից էին հնդկացիների հետ բախումները, ոսկի որոնողների արկածները, շերիֆների ու ավազակների բախումները։ Վայրի Արևմուտքի դասական պատկերացումներն են ներկայացրել դերասաններ Բուֆալո Բիլը։ Կինոարվեստում Վայրի Արևմուտքի թեման արտացոլվել է վեսթերն ժանրում։

Ազդեցությունը լեզվի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի Արևմուտքի յուրացումը հանգեցրել է անգլերենի բառապաշարի հարստացմանը[1]։ Մասնավորապես, անգլերեն են ներթափանցել հնդկացիների լեզվից ու իսպաներենից բազմաթիվ փոխառություններ, օրինակ` hickory (կարիա ծառ), hominy (մանրացված եգիպտացորեն), maize (եգիպտացորեն), moccasin (մոկասին` կոշիկի տեսակ), moose (վապիտի), opossum (պարկամուկ), pecan (կարիա պեկան), squaw (սկվո, հնդկուհի), toboggan (տոբոգան` սահնակ), powwow (պաու-վաու` հնդկացիների հավաքույթ), totem (տոտեմ), pemmican (պեմիկան` մսից ուտելիք) և այլն։ Նոր տարածքների անունները նույնպես մասամբ փոխառվել են տեղի լեզուներից` Դակոտա, Վայոմինգ, Յուտա, Միսսիսիպի և Կենտուկի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Брэгг, 2017, էջ 218

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսերեն
  • Ирвинг Стоун Достойные моих гор: Открытие Дальнего Запада, 1840—1900 = Irving Stone. Men to match my mountains. The Opening of the Far West, 1840—1900 / Ирвинг Стоун / Пер. с англ. М. А. Брухнова; Предисл. и ред. чл.-корр. АН СССР И. Р. Григулевича.. — М., 1985. — 624 с. — 30 000 экз.
  • Мелвин Брэгг Приключения английского языка = Melvyn Bragg. The Adventure of English: The Biography of a Language. — М.: Альпина нон-фикшн, 2017. — 418 с. — ISBN 978-5-91671-685-6
Անգլերեն

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայրի արևմուտք» հոդվածին։