Կարիա պեկան
Կարիա պեկան | |
![]() Կարիա պեկան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
Ընտանիք | Ընկուզազգիներ (Juglandaceae) |
Ենթաընտանիք | Juglandoideae |
Ցեղ | Կարիա (Carya) |
Տեսակ | Կարիա պեկան (C. illinoinensis) |
Միջազգային անվանում | |
Carya illinoinensis | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Կարիա Պեկան (լատին․՝ Caria pecan), ընկուզազգիների ընտանիքի, կարիա ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ հսկա ծառ է 50-65 մ բարձրությամբ և 2-2,5 մ տրամագիծ ունեցող բնով։ Ազատության մեջ առաջացնում է հսկայական վրանաձև սաղարթ։ Կեղևը հաստ է, պատված խոր ճաքերով, անջատվում է շերտերով։ Ճյուղերը մոխրավուն են կամ մոխրադարչնավուն։ Ընձյուղները խիտ աղվամազածածկ են։ Գագաթնային բողբոջները սրված-ձվաձև են, կողմնայինները ձվաձև, 6-7 մմ երկարությամբ, մազմզուկապատ և գեղձապատ, հակադիր դասավորված թևտուկներով։ Տերևները խոշոր են, 30-50 սմ երկարությամբ, կազմված 11-17 տերևիկներից։ Վերջիններս երկարավուն-նշտարաձև են, կլորավուն կամ լայն-սեպաձև, անհավասարակողմ հիմքով և սուր գագաթով, 10-12 սմ երկարությամբ և 2,5-7 սմ լայնությամբ, սղոցաեզր կամ կրկնակի սղոցաեզր, ծածկված գեղձիկներով և թավշային մազմզուկներով (հետագայում մերկանում են)։ Առէջային կատվիկները 3-ական են, դեղին փոշեպարկեր ունեցող 4-6 առէջներով։ Վարսանդային ծաղիկները 3-11-ական հավաքված են փնջերում։
Կեղծ կորիզապտուղները գտնվում են 3-10-ական ողկույզներում, երկարավուն են, 3-անկյունանի, 3,5-8 սմ երկարությամբ, մուգ դարչնագույն, դարչնագույն մազափնջերով, ամուր, հեշտ փշրվող կեղևով, որը հասունանալիս ճեղքվում է մինչև հիմքը և շատ հաճախ ձմռան ընթացքում մնում է ծառի վրա, մինչև ընկույզների թափվելը։ Ընկույզը երկարավուն-ձվաձև է կամ էլիպսաձև, հաճախ գրեթե գլանաձև, 2,5-5 սմ երկարությամբ, փայլուն, մուգ դարչնագույն, անկանոն բծերով ծածկված։ Երբեմն գագաթնային սրվածք ունի՝ փշրվող կեղևով և թղթանման միջնապատով։ Սերմերն ունեն կարմրադարչնագույն թաղանթ։
Առաջին անգամ Հայաստանում մշակվել է Այգեհովիտ տնկարանում։ 1940 թվականին բերված մի քանի ծառեր այստեղ պահպանվել էին մինչև 1964 թվականը։ 25-26 տարեկան ծառերը հասնում էին 12 -13 մ բարձրության և 25-30 սմ բնի տրամագիծ ունեին։ Թեթևակի ցրտահարվում էին միայն արտակարգ ուժեղ սառնամանիքների դեպքում։ Ամեն տարի ծաղկում և պտղաբերում էին։ Դժբախտաբար, Իջևան-Աղստաֆա երկաթուղու շինարարության կապակցությամբ այդ խիստ արժեքավոր ծառերը հատվեցին։ Ներկայումս կարիայի երիտասարդ ծառեր կան Իջևանի դենդրարիում, որոնք դեռևս պտղաբերման շրջան չեն մտել։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնական պայմաններում տարածված է Հյուսիսային Ամերիկայում, Միսսիսիպիի ավազանի միջին մասում, հիմնականում գետահովիտներում, այն մարզերում, որտեղ մթնոլորտային տեղումները կազմում են տարեկան 500-1000 մմ։ 200 մ-ից ավելի վեր դեպի լեռները չի բարձրանում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային Ամերիկայում ստացվել է այս բույսի ավելի քան 100 սորտ։ Զգայուն է հատկապես ուշ գարնանային ցրտահարությունների նկատմամբ։ Պտուղները խիստ արժեքավոր են, համեղ են և սննդարար, պարունակում են 2,9 % ջուր, 10,8 % պրոտեին, 70,8 % ճարպեր, 14,3 % ածխաջրեր և 1,7 % մոխիր։ 400 գ միջուկը պարունակում է 3445 կալորիա, այսինքն՝ գրեթե կրկնակի անգամ ավելի մարդու օրական պահանջից։ Այս չափազանց օգտակար ու արժեքավոր բույսը արժանի է մեծ ուշադրության։ Ցրտադիմացկուն սորտերը կարելի է Փորձարկել Արարատյան դաշտի պայմաններում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 219)։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիա պեկան» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիա պեկան» հոդվածին։ |
|