Jump to content

Սումո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոկոձունա Ասասյորուն ընդդեմ կոմուսուբի Կոտոսյոգիկուի

Սումո, (ճապ.՝ 相撲), գոտեմարտի տեսակ, որում հակառակորդները մրցում են կլոր հարթակի վրա։ Այս մարզաձևի հայրենիքը Ճապոնիան է։ Սումոյի ավանդույթները գալիս են հին ժամանակներից, և այդ իսկ պատճառով ցանկացած մարտ ընթանում է բազմաթիվ ծեսերով։ Ճապոնիան միակ երկիրն է, որտեղ կազամակերպվում են պրոֆեսիոնալ մրցումներ, իսկ այլ երկրներում սումոն միայն սիրողական է։ Ժամանակակից պրոֆեսիոնալ սումոն համատեղում է մարզական արվեստի, շոուի, ավանդույթների և բիզնեսի տարրեր։

Առաջին գրավոր հիշատակումը հայտնաբերվել է Կոձիկիում, 712 թվականի մի գրքում, որը համարվում է ճապոներեն գրառումների հնագույններից մեկը։ Ըստ գրքում ներկայացված առասպելի՝ 2500 տարի առաջ աստվածներ Տակեմիկաձուտին և Տակեմինակատան մենամարտեցին Ճապոնիայի կղզիներին տիրելու համար։ Ըստ լեգենդի՝ առաջին գոտեմարտում հաղթեց Տակեմիկաձուտին, և հենց այս հնագույն հերոսից է ծագում Ճապոնիայի կայսրը։

հնադարյան սումոի մրցումներ

Սումոն հիշատակվում է ճապոնական հնագույն տեքստերում որպես սումաի։ Ի հավելումն իր հիմնական նպատակների՝ Սումոն ասոցացվում էր սինտոյական ծեսերի հետ։ Առ այսօր որոշ վանքերում կարելի է տեսնել ծիսական մրցամարտ մարդու և Աստծո միջև։ Սումոն համարվում էր կարևոր ծես կայսերական պալատում։ Բոլոր մարզերի ներկայացուցիչները պետք է մասնակցեին մրցույթին։ Հայտնի է նաև սումոյի դերը մարտական պատրաստության մեջ՝ սումոյի մարզումները թույլ էին տալիս մարզել մարտիկի դիմացկունությունը։

Ենթադրվում է, որ ժամանակակից սումոյի մարտահրապարակը՝ դոհյոն, հայտնվել է 16-րդ դարում, սակայն ձևն ու չափը փոփոխվել է ժամանակի ընթացքում։ Սումոյի կանոնները մշակվել են Հեյան (794-1185) դարաշրջանում։ Արգելված էր քաշել միմյանց մազերից և հարվածել գլխին։

Կայսերական սումոյին զուգահեռ գոյություն ուներ ժողովրդական, փողոցային սումո․ ուժեղագույնները կամ ուղղակի քաղաքացիները մենամարտում էին միմյանց միջև զուտ զվարճանքի համար։ Փողոցային սումոն բազմիցս արգելվել է այն պատճառով, որ փողոցային մարտերը երբեմն վերածվում էին զանգվածային ծեծկռտուքի և անկարգությունների։ Կանանց սումոն նույնպես ենթարկվում էր սահմանափակումների և գործնականում գրեթե անհետացել էր 20-րդ դարի սկզբին՝ գոյություն ունենալով միայն որպես հազվագյուտ ծիսակատարություն և սիրողական մակարդակով։

Հիմնական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոտեմարտի հարթակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
դոհյոյի ծածկը

Սումոյի հարթակը 34-60 սմ բարձրությամբ տարածք է, որը կոչվում դոհյո։ Դոհյոն պատրաստված է հատուկ տեսակի սղմված կավից՝ ծածկված ավազի բարակ շերտով։ Մենամարտը տեղի է ունենում 4.55 մ տրամագծով շրջանում, որի սահմաններն ընդգծված են բրնձի ծղոտով գործված պարանով։ Կենտրոնում դոհյոն ունի երկու սպիտակ սահմանագիծ ըմբիշների մեկնարկային դիրքը ընդգծելու համար։ Ավազը ծղոտե շրջանից դուրս մանրամասն հարթվում է յուրաքանչյուր մենամարտից առաջ, որպեսզի ավազի վրա թողնված հետքերով հնարավոր լինի որոշել, թե արդյոք ըմբիշը հպվել է հարթակին շրջանից դուրս։ Դոհյոյի կողմերում կան աստիճաններ, որոնցով մարզիկները և մրցավարը (գյոդզին) կարող են բարձրանալ հարթակ։

Սումոիստները Դոհյոյի վրա, մրցավար Գյոդզիոյի շուրջ

Ինքը՝ հարթակը և նրա շուրջը գտնվող շատ իրեր լի են սինտոյական խորհրդանիշներով։ Ավազը խորհրդանշում է մաքրությունը, աղը արտաքսում է չար հոգիներին, դոհյոյի ծածկը (յակատա) սինտոյական տաճարների տանիքի է նմանվում, ծածկի չորս անկյուններում կախված ծոփքերը խորհրդանշում են տարվա չորս եղանակները՝ սպիտակը խորհրդանշում է աշունը, սևը՝ ձմեռը, կանաչը՝ գարունը, կարմիրը՝ ամառը։ Մանուշակագույն դրոշները տանիքի շուրջ խորհրդանշում են ամպերի հոսքը և եղանակների փոփոխությունը։ Մրցավարն իր այլ պարտականություններին զուգահեռ, կատարում է սինտոյական քահանայի դերը։ Կանանց մուտքը դոհյո, ըստ հին ավանդույթի, խիստ արգելված է։ Մարզումների համար նախատեսված դոհյոն կառուցված է նույն սկզբունքներով, ուղղակի հարթակը չունի բարձրություն, բայց այնտեղ նույնպես կատարվում է մաքրման արարողությունը։ Սիրողական սումոյում դոհյոն պարզապես մի գծված շրջանակ է, և չկա կանանց մասնակցության որևէ արգելք։

Հագուստ և սանրվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոտեմարտի ընթացքում ըմբիշի միակ հագուստն է հատուկ գոտին, որը կոչվում է մավաշի։ Սա ամուր, լայն կտորից ժապավեն է՝ հիմնականում մուգ երանգների։ Մավաշին փաթաթվում է մի քանի անգամ ոտքերի միջով մերկ մարմնին, գոտու ծայրերը ամրացվում են մեծ հանգույցով[1]։ Գոտու արձակվելը հանգեցնում է ըմբիշի որակազրկման։ Առաջատար ըմբիշների մավաշին մետաքսյա է։ Մավաշիից կախված են զարդեր (սագարի), որոնք զուտ դեկորատիվ բնույթ են կրում։ Լավագույն ըմբիշներն ունեն մեկ այլ հատուկ գոտի կեսյո-մավաշի (ճապ.՝ 化粧 回 し, 化粧 廻 し), որ արտաքինից նմանվում է զարդարված գոգնոցի, բոլորինն էլ յուրովի է, որն օգտագործվում է միայն ծեսերի ժամանակ։ Յոկոդզունաները՝ սումոյի բարձրագույն աստիճանի արժանացած ըբիշները, ծեսերի ժամանակ կրում են հատուկ հյուսված պարան (ցունա կամ սիմենավա)։ Սիրողական սումոյում մավաշին երբեմն փոխարինվում է մաշված կիսավարտիքով։

Ասասյորյու

Մազերը հավաքվում են հատուկ ավանդական մազափնջով գլխի վերևում, երկու բարձրագույն դիվիզիոններում սանրվածքը շատ ավելի բարդ է։ Բացի գեղարվեստական իմաստից՝ այդ սանրվածքն ունի և այլ իմաստ՝ ընկնելու ժամանակ գլխի հնարավոր վնասվածքները մեղմելու համար։

Ըմբիշների հագուստը և սանրվածքը խստորեն կանոնակարգված է նույնիսկ մրցումներից դուրս։ Պահանջները շատ են՝ կախված ըմբիշի կոչումից։ Սովորաբար ըմբիշի առօրյա կյանքը, հագուստը և սանրվածքը շատ զուսպ է։ Սանրվածքի պատրաստումը հատուկ արվեստ է, որը գրեթե մոռացված է սումոյի և ավանդական թատրոնից դուրս։

գյոձի Կիմուրա Սյոնոսուկե

Սումոյում արգելված է խփել, բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ հարվածում են բաց ձեռքով։ Արգելվում է բռնել հակառակորդին մազերից, ականջներից, մատներից և մավաշիի այն մասից, որը ծածկում է սեռական օրգանները։ Խեղդող հնարքները ևս արգելված են։ Մնացածը թույլատրվում է, ուստի ըմբիշները տարբեր հնարքներ են օգտագործում՝ ապտակներ, հրումներ, գցումներ, բռնումներ մարմնի թույլատրված ցանկացած մասից և հատկապես գոտուց։ Գոտեմարտը սկսվում է ըմբիշների դեպի իրար միաժամանակ մղվումով և հաջորդող բախումով (տատիայ)։ Տարատեսակ հնարքները, որոնք բախումից (Տատիայ հենկո) խուսափելու համար են, թույլատրվում են, բայց համարվում՝ վիրավորական։ Հարգի է հարձակվողական ոճը։ Թույլատրված հնարքների բազմազանության պատճառով, ըմբիշներից շատ քչերը կարող են տիրապետել բոլոր այդ հնարքներին, այդ պատճառով կան ըմբիշներ, ովքեր հակված են կռվելու բռնումներով գոտուց կամ մարմնի այլ մասերից, և կան ըմբիշներ, ովքեր գերադասում են պայքարել հարվածներով, հրումներով՝ հեռավորության վրա։

Հաղթողին որոշելիս գործում է երկու հիմնական կանոն՝

  • նա, ով առաջինը հպվել է գետնին մարմնի ցանկացած մասով՝ բացառությամբ ոտնաթաթերի, համարվում է պարտված,
  • նա, ով առաջինը հպվել է գետնին շրջանակից դուրս, համարվում է պարտված։

Դոհյոյի մրցավարը (գյոձին) ցույց է տալիս հաղթողին՝ ուղղելով իր հովհարը այն ուղղությամբ, որտեղից հաղթած ըմբիշը սկսել էր մարտը։ Մրցավարի որոշումը կարող է վիճարկվել, բեկանվել ընդհանուր եզրային դատավորների խորհրդի (սինպան) և գլխավոր մրցավարի (սիմպանտե) կողմից, ովքեր նստած են դոհյոյի շուրջ և միջամտում են գյոձյոյի աշխատանքին, եթե նա իրենց կարծիքով սխալվում է[2]։ Եզրային ընդհանուր մրցավարները կարող են օգտվել տեսակրկնությունից։ Եթե հաղթողը չի կարող որոշվել, նշանակվում է լրացուցիչ գոտեմարտ (տորինաոսի)։ Մինչև 1928 թվականն այս իրավիճակում արձանագրվում էր ոչ-ոքի (աձուկարի

Սումոյում մարմին համարվում է ամեն ինչ՝ ընդհուպ մինչև մազերի ծայրերը։ Որոշ դեպքերում մրցավարը հայտարարում է հաղթող այն ըմբիշին, ով առաջինն է հպվել գետնին։ Դա տեղի է ունենում միայն այն դեպքերում, երբ նրա հակառակորդը նույնպես հպվել է գետնին, բայց չունենալով հաղթելու հնարավորություն (մեռած մարմնի սկզբունք)։ Ակնհայտ պարտության է բերում արգելված ցանկացած հնարքի կիրառումը, օրինակ՝ բռնում մազերից։

Հիմնականում գոտեմարտերը տևում է մի քանի վայրկյան և շատ հազվադեպ՝ մեկ կամ երկու րոպե։ Շատ երկարաձգված մարտերը կարող են ընդհատվել, այդ ընթացքում ըմբիշները հանգստանում են և ամրացնում են իրենց գոտիները։ Գյոձին հստակ ֆիքսում է այն դիրքը, որում գտնվում էին ըմբիշները մարտն ընդհատելու ժամանակ, հետագայում ճիշտ նույն դիրքում վերսկսելու նպատակով։

Ըմբիշի կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտներին սպորտային դպրոցներ ընդունում են միջին դպրոցը ավարտելուց հետո։ Համալսարանն ավարտած ուսանողներով նույնպես կարող են համալրվել պրոֆեսիոնալ դպրոցները, եթե նրանք կարողացել են իրենց լավ դրսևորել ուսանողական սումոյում։ Լավ արդյունքներ ունեցող սումոյիստները սկսում են իրենց սպորտային կարիերան միանգամից երրորդ դիվիզիոնից (մակուսիտա)։ Վերին տարիքային շեմը կազմում է 23 տարեկան, ուսանողների և սկսնակների համար՝ 25 տարեկան։

Մարզումներ հեյայում

Ընդունվելով սումոյի դպրոց (հեյա)՝ ըմբիշը ստանում է հատուկ մականուն (սիկոնա), որով ապագայում հադես է գալիս բոլոր մրցումներին։ Սումոյի ըմբիշներին անվանում են բաև սումոտորի կամ րիկիսի։ Ըմբիշի մարմնի կառուցումը կատարվում է բացառապես մարզումների ընթացքում՝ մկանային զանգվածը և քաշը ավելացնելու միջոցով։ Այդ նպատակին է ծառայում ըմբիշի օրվա ժամանակացույցը։ Նրանք արթնանում են արևի առաջին ճառագայթների հետ, ապա անոթի սկսում են հինգժամյա պարապմունք, որը պահանջում է ամբողջ ուժերի տրամադրում և ծայրահեղ կենտրոնացում։ Պարապմունքից հետո ըմբիշներն ընդունում են լոգանք և կուշտ ուտում են՝ առանց սահմանափակումների, նույնիսկ ալկոհոլ է թույլատրվում։ Ճաշից հետո երեք ժամանոց քուն, ապա կարճ պարապմունք և թեթև ընթրիք։

Կյանքի բարիքներից օգտվելու հնարավորությունը պայմանավորված է ըմբիշի հաջողություններով։ Ձեռք բերված կոչումից է կախված, թե ինչ հագուստ և կոշիկներ կարող է կրել ըմբիշը։ Արդյո՞ք կարող է նա օգտագործել բջջային հեռախոս, ինտերնետ, քնել առանձին թե ընդհանուր սենյակում։ Նույն կոչումը որոշում է կենցաղային պարտականությունների տեսակը և ծավալը։ Որպես կանոն, բոլորից վաղ արթնանում են, մաքրում և ուտելիք պատրաստում ցածր աստիճան ունեցող ըմբիշները։ Նրանք են սպասարկում ավագներին լոգարանում և սեղանի շուրջ։ Ենթադրվում է, որ նման կենցաղն ուժեղ խթան է հանդիսանում․ եթե ուզում ես բարելավել քո կարգավիճակը և չես ցանկանում կատարել սև գործը՝ ավելի լավ մարզվիր։

Ըմբիշների քաշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սումոյում չկան քաշային կարգեր կամ որևէ այլ սահմանափակումներ կապված ըմբիշի քաշի հետ և այդ պատճառով՝ քաշը շատ կարևոր գործոն է համարվում։ Գրեթե բոլոր րիկիսիները, բացառությամբ սկսնակների, ունեն բավականին մեծ քաշ (մոտ 130-180 կգ), այլապես հաջողության հասնելու հավանականությունը շատ փոքր է։ Այսպիսով, ռեկորդային Կոնիսիկին (275 կգ), ավելի քան վեց տարի պահպանում էր օձեկի կոչումը, իսկ Ակեբոնոն (225 կգ) և Մուսասիմարուն (235 կգ) արժանացել էին յոկոդզունա կոչմանը։ Սակայն, մյուս կողմից, բարձր քաշը հաջողության երաշխիք չէ, քանզի խանգարում է շարժունակությանը, մեծացնում է վնասվածք ստանալու հավանականությունը և նվազեցնում ըմբիշի տեխնիկան։ Ատլետիկ, թեթևքաշային ըմբիշները՝ յոկոդզունաներ Տիենոֆուձին և Հարումաֆուձին, ոձեկի Տականոհանան, մեծ առավելություն ունեն շարժունակության և հմուտ տեխնիկայի շնորհիվ։ Օրինակ՝ 1996 թվականի հունվարին բարձրագույն լիգայում (մակուտի) 98 կգ[3] քաշ ունեցող ըմբիշը հաղթել է իրեն գրեթե երեք անգամ գերազանցող քաշով (273 կգ[4]) ըմբիշին[5]։ Սիրողական սումոյում հանդիպում են քաշային կարգեր։

Վնասվածքներ և առողջության կորուստ սումոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիրակապով ըմբիշ

Քանի որ սումոն ծանրորդների կոնտակտային գուտեմարտ է՝ ընթացող բախումներով և գցումներով, հիմնականում վնասվում են մատները, հոդերը, ողնաշարը և մկանները։ Հանդիպակաց բախումներից հնարավոր է ստանալ ուղեղի ցնցում, կոորդինացիայի կորուստ, ինչպես նոկդաունի կամ նոկաուտի ժամանակ բռնցքամարտում։ Վնասվածք ստանալու վտանգը շատ մեծ է, քանզի գոտեմարտն ընթանում է մոտ կես մետր բարձրություն վրա, դժվար է վերահսկվում անկումը, իսկ դոհյոյից դուրս ընկնելը շատ տարածված երևույթ է։ Ըմբիշները հաճախ վնասվածքներ են ստանում նաև մարզումների ընթացքում։ Ծանր քաշի պատճառով վտանգավոր են նաև կենցաղային վնասվածքները։ Մեկ տարվա ընթացքում վեց մրցաշար, գումարած ցուցադրական մարտերը՝ հաճախ թույլ չեն տալիս ըմբիշներին լիովին վերականգնվել։ Բաց թողնված գոտեմարտը դիտվում է որպես պարտություն, բաց թողնված մրցաշարը համարվում է պարտություն բոլոր մարտերում (մեկ մրցաշարը պարունակում է 15 մարտ), այդ պատճառով ըմբիշները խուսափում են երկարաժամկետ բուժումներից։ Տարածված տեսարան է, երբ ըմբիշը դուրս է գալիս մարտի՝ արմնկային, ծնկի, սրունք-թաթային հոդերը էլաստիկ վիրակապով փաթաթած։ Չափից դուրս մեծ քաշի պատճառով առաջանում են առողջական խնդիրներ՝ ողնաշարի, ծնկների, սրունք-թաթային հոդերի խրոնիկական հիվանդություններ, գերճնշում, նյութափոխանակության խանգարումներ (շաքարախտ, հոդատապ)։ 1973 թվականին կատարված հետազոտության ընթացքում պարզվել է, որ ըմբիշների 5․2%-ը հիվանդ են շաքարախտով, 6.3%-ը՝ հոդատապով և 8.3%-ը հիպերտոնիկ են[6]։

Գոտեմարտի ընթացքում կարող են վնասվածք ստանալ ոչ միայն ըմբիշները, այլ նաև մրցավարները և առաջին շարքերում նստած հանդիսատեսը, քանզի հաճախ ըմբիշները ընկնում են դոհյոյից դուրս։ Կան դեպքեր, երբ դոհյոյից դուրս ընկած ըմբիշը վնասել է մեկ այլ ըմբիշի, ով նստած էր դոհյոյի մոտ և սպասում էր իր գոտեմարտին։

Գոյություն ունեն նաև առողջությանը վտանգելու ոչ սպորտային հանգամանքներ՝ ինչպիսին են օգտագործված ալկոհոլի մեծ քանակը հովանավորների հետ հանդիպումների ժամանակ։ Այդ հանդիպումները բազմաթիվ են և կազմակերպվում են ակումբին աջակցելու նպատակով։

Կազմակերպում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարեր և գոտեմարտեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սումոյի պաշտոնական մրցաշարերը (բասյո), տեղի են ունենում տարեկան 6 անգամ Տոկիոյում (հունվար, մայիս և սեպտեմբեր), Օսակայում (մարտ), Նագոյայում (հուլիս) և Ֆուկուոկեում (նոյեմբեր)։ Բասյոն սկսվում է սովորաբար ամսվա երկրորդ կիրակի օրը և տևում է 15 օր։ Մինչև մրցաշարը ըմբիշները մասնակցում են տարբեր տեսակի բարեգործական և ցուցադրական գոտեմարտերի։ Ավագ դիվիզիոնների (մակուտի, ձյուրո) ըմբիշներն անցկացնում են 15 գոտեմարտ յուրաքանչյուրը՝ մեկ բասյոյի ընթացքում, այլ դիվիզիոններում գոտեմարտերը յոթն են։ Հակառակորդները որոշվում են մրցաշարից մեկ կամ երկու օր առաջ՝ ըստ ուժերի․ հիմնականում ըմբիշը գոտեմարտում է իրեն հավասար կամ ուժով իրեն գրեթե հավասար ըմբիշի հետ։ Գոտեմարտում չեն կարող մասնակցել նույն դպրոցի ըմբիշները, արգելված է նաև հարազատ եղբայրների մինչև գոտեմարտը՝ նույնիսկ եթե նրանք ներկայացնում են տարբեր ակումբներ։ Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ գրանցվել է հավասար արդյունքներ բասյոյի վերջին օրը (կետտեյ սեն)։ Այդ իսկ պատճառով, ուժեղ ակումբի (Հեյա) ըմբիշներն ունեն որոշ առավելություն՝ նրանց համար նվազում է ուժեղ մրցակիցների հետ հանդիպելու հավանականությունը։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովանավորները դոհյոյի վրա հայտարարում են կենսյոն

Սեկիտորիների (մակուտիի և ձյուրոյի ըմբիշները) համար նախատեսված են հետևյալ ամսավճարները․

  • Յոկոձունա 2 820 000 իեն
  • Օձեկի 2 350 000 իեն
  • Սեկիվակե 1 640 000 իեն
  • Կոմուսուբի 1 290 000 իեն
  • Մաեգասիրա 1 160 000 իեն
  • Ձյուրո 1 100 000 իեն

Ձյուրոյից ցածր դիվիզիոնի ըմբիշները չեն ստանում ամսավճարներ, բայց վաստակում են միանվագ գումար մեկ մրցաշարին (բասյո) մասնակցության համար․

  • Մակուսիտա 200 000 իեն
  • Սանդամէ 150 000 իեն
  • Ձյոնիդան 100 000 իեն
  • Ձյոնոկուտի 80 000 իեն

Կան նաև այլ վճարներ և նպաստներ՝ մասնավորապես․

  • 150 000 իեն ցանկացած յոկոձունային Տոկիոյի բասյոյից առաջ՝ ի փոխհատուցում նոր ցունայի պատրաստմանը, որը կրում են յոկոձունաները դոհյո-իրիի ժամանակ
  • 25 000 իեն ցանկացած սեկիտորիին՝ Տիկիոյում անցկացված յուրաքանչյուր բասյոյի համար

Ցանկացած մրցաշարից հետո յուրաքանչյուր սանյակուն վաստակում է․

  • Յոկոձունա 200 000 իեն
  • Օձեկի 150 000 իեն
  • Սեկիվակե 50 000 իեն
  • Կոմուսուբի 50 000 իեն

Մրցաշարի հաղթողը ստանում է․

  • Մակուտի 10 000 000 իեն
  • Ձյուրո 2 000 000 իեն
  • Մակուսիտա 500 000 իեն
  • Ձյոնիդան 300 000 իեն
  • Ձյոնոկուտի 100 000 իեն

Կա նաև երեք հատուկ մրցանակ՝ յուրաքանչյուրը 2 000 000 իեն, որոնք տրվում են բասիոյի արդյունքների հիման վրա։ Բացի վերը նշված մրցանակներից, պրոֆեսիոնալ սումոյում գոյություն ունի հատուկ կուտակային բոնուսային համակարգ։ Գրեթե յուրաքանչյուր մեծ կամ փոքր ձեռքբերման համար՝ սկսված դեբյուտից, ըմբիշները ստանում են բոնուսային միավորներ։ Սեկիտորիների համար կուտակված բոնուսները վերածվում են պարբերական վճարումների։ Ցածր դիվիզիոնների ըմբիշները կուտակում են միավորներ, բայց դրանց դիմաց գումար չեն ստանում։

Ձեռքբերումների ցանկը, որոնց համար միավոր է կուտակվում, շատ մեծ է, մասնավորապես․

  • դեբյուտ
  • յուրաքանչյուր հաղթանակ, եթե գրանցվել է կատիկոսի
  • փոխադրում ավելի բարձր դիվիզիոն
  • հաղթանակ տվյալ դիվիզիոնում
  • աճ սանյակույում դեպի օձեկի, յոկոձունա
  • հատուկ մրցանակներ
  • կիմբոսի՝ մաեգասիրայի հաղթանակը յոկոձունայի նկատմամբ

Այսպիսով, մեկ մրցաշարի ընթացքում օձեկին հեշտությամբ կարող է վաստակել 50 000 դոլար։

Րիկիսիի ամսական եկամուտը թափանցիկ չէ՝ բարդ բոնուսային կուտակային համակարգի պատճառով։ Ընդհանուր առմամբ, յոկոձունաների տարեկան եկամուտը, այդ թվում՝ այլ եկամուտները (գովազդ և այլն) մոտավորապես համապատասխանում են համաշխարհային կարգի ֆուտբոլիստների եկամուտներին։

Դիվիզիոնները և կոչումները սումոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանձուկե (1788)

Բարձրագույն դիվիզիոնի մակուտիի կոչումները՝ բարձրից ցածր․

  • ավագ սանյակու՝յոկոձունա, օձեկի
  • կրտսեր սանյակու, սեկիվակե, կոմուսուբի
  • հիրամակու․ արևելքի առաջին մաեգասիրա, արևմուտքի առաջին մաեգասիրա, արևելքի երկրորդ մաեգասիրա և այլն։ Պրոֆեսիոնալ սումոյում կա վեց դիվիզիոն՝ ցածրից բարձր․
  • Ձենոկուտի
  • Ձենիդան
  • Սանդամմե
  • Ձյուրո
  • Մակուտի

Պրոֆեսիոնալ համարվում են միայն վերջին երկու դիվիզիոնները, մնացածը՝ ուսումնական են։ Գոյություն ունի նաև նախնական մաեձումո դիվիզիոն, ուր սկսնակները ուսումնասիրում են գոտեմարտի հիմունքները և պատմությունը։

Բոլոր ըմբիշները, ովքեր գտնվում են մակուտի և ձյուրո դիվիզիոններում, կոչվում են սեկիտորի, ավելի ցածր դիվիզիոնների ըմբիշները կոչվում են դեսի։

  • Ձյուրյո նշանակում է տասը մետաղադրամ՝ Ձյու՝ տաս, Րյո՝ հին մետաղադրամ։ Նախկինում ըմբիշի շահույթը տասը րյո էր կազմում։
  • Մակուսիտա նշանակում է՝ սիտա-ներքև, այսինքն՝ մակուից ներքև։
  • Սանդամե նշանակում է՝ երրորդ կարգ։
  • Ձենիդան նշանակում է՝ սկզբից երկրորդ։
  • Ձենոկուտի նշանակում է՝ սկզբի ներածություն (կուտի՝ բերան)

Պրոֆեսիոնալ սումոյի արդիական կազմակերպումը Ճապոնիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սումոյի հիմնական տարրն ակումբն է, որը կոչվում է Հեյա («բառացի` սենյակ»)։ 2012 թվականի նոյեմբերի տվյալներով գրանցված էր 47 հեյա[7]։ Այն ղեկավարվում է սեփականատիրոջ՝ ավագ ոյակատայի կողմից, այլ կերպ՝ սիսյո, որի ենթակայության տակ են գտնվում մարզիչները՝ կրտսեր ոյակատաները, ըմբիշները և տեխնիկական անձնակազմը։ Ակումբներին նաև ամրագրված են վարսավիրներ՝ տոկոյամա, սպասավորներ՝ յոբիդասի և դատավորներ՝ գյոձի։ Մարզչական հեյա ունենալու համար սեփականատերը կարող է այն ձեռք բերել միայն այլ հեյայի սեփականատիրոջից (ժառանգել, ստանալ նվեր կամ այլ կերպ), քանզի արտոնագրերի թիվը սահմանափակ է։ Պատմականորեն դրանք չեն կարող լինել 105-ից ավել, դրանց թվում կան շատ ու քիչ հեղինակավորներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անունը և հարուստ պատմությունը[7]։ Բառացի, արտոնագիրը չի կարող լինել գործարքի՝ առք ու վաճառքի, գրավադրման առարկա, սակայն կան վկայություններ, որ այն դեռևս գին ունի։ Արտոնագրի սեփականատերեր ոյակատաներն են կազմում ամբողջ բիզնեսի շրջանակը։ Որոշ դեպքերում փաստացի արտոնագրի սեփականատերը կարող է փոխանցել այն մեկ այլ անձի՝ ժամանակավոր օգտագործման որոշակի պայմաններում, եթե նա չի օգտագործում արտոնագիրը, սեփականատերն ակտիվ ըմբիշ է, ժառանգորդ է, թոշակառու է կամ պարզապես ունի ավելի քան մեկ արտոնագիր։

Հեյաները միավորված են մի քանի խմբերի մեջ և կոչվում են իտիմոն։ Կան մեկ կամ երկու հեյաներ, որոնք համախմբված չեն իտիմոնների մեջ, բայց լիարժեք գոյությունը պահպանելու համար այդ հեյաները համագործակցում են նրանցից մեկի հետ։ Իտիմոնները միավորված են սումոյի ասոցիացիայի մեջ։ Ասոցիացիան ունի իր կառավարման մարմինները, որոնք զբաղվում են մրցումների նախապատրաստմամբ, ուսուցմամբ, մրցավարությամբ, կոչումների շնորհմամբ, ֆինանսական այլ գործունեությամբ։ Այս բոլոր մարմիններում զբաղված են ոյակատաները։ Ասոցիացիան գլխավորում է ընտրված նախագահը։ 2012 թվականի հունվարի դրությամբ, նախագահ էր ընտրված օյակատա Հանարեգոման[7]։

Ասոցիացիան տնօրինում է ներդրված միջոցների զգալի մասը՝ բաժանելով այդ միջոցները հեյաների միջև՝ ըստ տվյալ հեյայի ըմբիշների հաջողության։ Հեյաները կարող են նաև ֆինանսավորում ստանալ արտաքին աղբյուրներից՝ ինչպիսիք են հովանավորները կամ ասոցիացիայի կողմից հաստատված գովազդատուները։

Ասոցիացիայի կյանքը կանոնակարգվում է բազմաթիվ չգրված կանոններով։

Պայմանագրային գոտեմարտերը սումոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև վերջերս, գումարի դիմաց կամ անհատույց պայմանագրային գոտեմարտերի գոյությունն ապացուցված չէր։ Այս թեման սիրված է «դեղին մամուլում», կասկածներն առավել հաճախ հիմնված են այն փաստերի վրա, որ ըմբիշները շատ ավելի լավ են ելույթ ունենում, եթե գոտեմարտընրանց համար մեծ նշանակություն ունի (օրինակ, երբ հաշիվը 7-7 է)։ Մյուս կողմից, այս երևույթը կարելի է բացատրել ըմբիշի բարձր մոտիվացված լինելուց։ 2011 թվականի հունվարին սկանդալ առաջացավ, երբ ոստիկանությունը, ուսումնասիրելով որոշ ըմբիշների (բոլորովին այլ առիթով) sms հաղորդագրությունները, հայտնաբերեց հաղորդագրություններ, որոնք հստակ վկայում էին գումարի դիմաց պայմանավորված գոտեմարտերի մասին[8]։

Թեժ սկանդալը հանգեցրեց բացառիկ հետևանքների՝ չեղյալ հայտարարվեց 2011 թվականի մարտի Օսակայի (Հարու Բասյո) գարնանային մրցաշարը և բոլոր ցուցադրական գոտեմարտերը։ Սա վկայում էր հսկայական խնդիրների մասին․ մրցաշարերը չեղյալ են համարվում չափազանց հազվադեպ։ Վերջին անգամ հերթական առաջնությունը հետաձգվել էր 1946 թվականին հետպատերազմական դժվարությունների պատճառով։ Մրցաշարերը չէին հետաձգվել նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և ատոմային ռմբակոծությունից հետո։

Սիրողական և պրոֆեսիոնալ սումո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին Ճապոնիայի սումոյի ֆեդերացիան անցկացրեց առաջին սիրողական առաջնությունը, ուր հրավիրվել էին ըմբիշներ արտերկրներից՝ մրցակցությունը բարձրացնելու նպատակով։ Որպես հետևանք՝ կայացավ առաջին միջազգային սիրողական սումոյի մրցաշարը։ Այդ մրցաշարից սկսած արտասահմանյան թիմերի մասնակցությունը տարեց-տարի ավելանում է, իսկ 1983 թվականի հուլիսին Ճապոնիան և Բրազիլիան ստեղծեցին մի կազմակերպություն, որը նախորդեց ժամանակակից միջազգային սումոյի ֆեդերացիային (IFS)։ 1989 թվականին Սան Պաուլոյում տեղի ունեցավ 10-րդ հոբելյանական առաջնությունը։ 1992 թվականի դեկտեմբերի 10-ին ի հիշատակ IFS ստեղծմանը, մրցաշարի անունը կրկին փոխվեց։

Համաշխարհային սումոյի առաջին առաջնությանը IFS-ի հովանու ներքո, հավաքվել էր 73 մասնակից՝ 25 տարբեր երկրներից։ Մրցաշարը դարձավ ամենամյա միջոցառում, իսկ մասնակից երկրների ցանկը շարունակում էր աճել։ Աշխարհի առաջնությունն անցկացվում է անհատական և թիմային աղյուսակով։ Ըմբիշները բաժանվում են չորս քաշային կարգերի՝ թեթև, միջին, ծանր քաշի և բացարձակ քաշային կարգի։ 1995 թվականին ստեղծվել է հինգ մայրցամաքային սիրողական սումոյի ֆեդերացիաներ, որոնք անցկացնում են ընտրական մրցումներ աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքի համար։ Ներկայումս IFS ունի 84 անդամ երկրներ։ 1997 թվականին տեղի ունեցավ կանանց սումոյի առաջին աշխարհի առաջնությունը։ Ֆեդերացիաներն ակտիվորեն խթանում են կանանց սումոն։

Արտասահմանցիները սումոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած սումոյում արդեն իսկ հանդես էին գալիս կորեացիներ՝ միջազգայնացման մեկնարկային կետ պետք է դիտարկել 1964 թվականը, երբ դոհյոյում հանդես եկավ ամերիկացի ըմբիշ՝ Դոհա Տակամիյաման։ Հավայան կղզիներում ծնված ըմբիշը դարձավ առաջին օտարերկրացին, ով նվաճեց կայսեր գավաթը։ Նա հասավ սեկիվակե կոչմանը՝ ինչը հաջող կարիերայի նշան է։ Նա նաև դարձավ առաջին օտարերկրացին, ով գլխավորեց Հեյա։ Իրենից հետո ի հայտ եկան հանրահայտ այլ ըմբիշներ՝ Կոնիսիկին, Ակեբոնոն և Մուսասիմարուն։ 20-րդ դարի վերջից 21-րդ դարի սկիզբն առավել նկատելի էր ըմբիշների ներհոսքը Մոնղոլիայից և Կովկասից։ Եվրոպական ծագում ունեցող առաջին օձեկին և առաջին եվրոպացին, ով նվաճել է կայսերական գավաթը՝ դա Կոտոոսյուն էր՝ պրոֆեսիոնալ ըմբիշը Բուլղարիայից։

Արտասահմանցիների մասնակցության սահմանափակումները մշտապես խստացվում են։ Սկզբնական ընդհանուր քվոտան՝ 40 հոգուց ոչ ավելին ապագայում փոխարինվեց մեկ արտասահմանցի մեկ հեյայում պահանջին։ Իսկ 2010 թվականի փետրվար ամսին, ասոցիացիայի տնօրենների խորհուրդը, էլ ավելի խստացրեց պայմանները օտարերկրացիների ընդունելության համար՝ ըմբիշը համարվում է օտարերկրացի ոչ թե քաղաքացիությամբ այլ ծնունդով։ Սա վերջնականորեն փակում է ոյակատաների հնարքները, որոնք ըմբիշներին քաղաքացիություն տալով, լրացնում էին իրենց հեյաները արտասահմանցի ըմբիշներով (օրիակ Օսիմա ակումբը)։ Նոր սահմանափակումը ուժի մեջ է մտել 2010 թվականի վերջում։ Կան հեյաներ, որոնք սկզբունքորեն չեն ընդունում արտասահմանցիներին։ Սակայն սահմանափակումները չեն ազատում բարձրագույն լիգաները արտասահմանցիների գերիշխանությունից։ Այսպիսով, 2010 թվականի նոյեմբեր ամսվա բասյոյին մակուտիում գրանցված 45 ըմբիշից 20-ը արտասահմանցիներ էին։ Ընդ որում, սանյակույում գրանցված 9 ըմբիշից 7-ն արտասահմանցի էին[9][10], երեք-չորս օձեկի և մեկ յոկոձունա։ 2013 թվականի հունվարի դրությամբ միայն 2006 թվականին էր, որ կայսեր գավաթը ճապոնացի ըմբիշ է նվաճել, իսկ յոկոձունա կոչումը՝ 2003 թվականից ոչ մի ճապոնացու չի հաջողվել վաստակել։ 2015 թվականի փետրվար ամսվա դրությամբ կա երեք յոկոձունա, ովքեր բոլորն էլ մոնղոլացի են՝ Հակուհոն, Հարումաֆուձին և Կակուրյուն։

Սահմանափակումները համարվում են հիմնավոր, քանզի ենթադրվում է, որ սումոն միայն սպորտ չէ և արտասահմանցիների ներհոսքը կարող է կոտրել սումոյին բնորոշ զուտ ճապոնական ոգին, որպես հետևանք կնվազի սումոյի նկատմամբ հետաքրքրությունը Ճապոնիայում և ի վերջո (թեև դա ընդունված չէ բարձրաձայնել) կնվազի ասոցիացիայի եկամուտները։ Բայց մյուս կողմից էլ հաճախ արտասահմանցիներն են հետաքրքրությունը բարձրացնում սումոյի նկատմամբ։ Արտասահմանցի յոկոձունաների և օձեկիների իրավունքները տարբերվում են իրենց ճապոնացի գործընկերներից՝ նրանք չունեն ձայնի իրավունք ասոցիացիայում։ Առանց ճապոնական քաղաքացիության՝ օտարերկրացին չի կարող դառնալ մարզիչ։

Վերջերս արտասահմանցի ըմբիշները ներգրավված էին մի շարք աղմկոտ սկանդալների մեջ, որոնք հանգեցրել էին ըմբիշների որակազրկմանը։ Երեք ռուս ըմբիշ որակզրկվել էր մարիխուանա օգտագործելու և պահպանելու համար։ Գործը մեծ արձագանք էր ստացել և հանգեցրել էր Ասոցիացիայի նախագահ օյակատա Կիտանոումիի հրաժարականին։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ճապոնիային մոտ գտնվող որոշ երկրներում, օրինակ՝ Մոնղոլիայում, Կորեայում տարածված են ըմբշամարտի ձևեր, որոնք շատ նման են սումոյի։ Սակայն մոնղոլական բուխ ըմբշամարտն ունի մեկ մեծ տարբերություն՝ այն է, որ ըմբիշները գոտեմարտում են բաց դաշտում՝ առանց հստակ սահմանների։
  • Ըստ մի վարկածի՝ 16-րդ դարում դոհյոն գտնվում էր բլրի վրա, որից դուրս սուր ցցեր կային։ Պատմական տվյալները հաստատում են այս տեսակի գոտեմարտի առկայության մասին, սակայն պարզ չէ, թե արդյոք դա որևէ կապ ունի սումոյի հետ, թե ոչ։
  • Ըստ 2013 թվականին 70 լավագույն ըմբիշների շրջանում իրականցված ուսումնասիրության՝ նրանց մարմնի քաշի 23%-39%-ը ճարպ է։ Համեմատության համար՝ միջին ճապոնացու այդ ցուցանիշը կազմում է 15-19%։ Առավել գեր է ճանաչվել բուլղարացի Աոիյաման, իսկ ամենափոքր ճարպի շերտ ունեցողն է մոնղոլացի յոկոձունա Հարումաֆուձին[11]։
  • Ըմբիշներին արգելվում է ինքնուրույն վարել ավտոմեքենա։ Այդ կանոնը խախտողը խիստ պատժվում է։ 2007 թվականին Կյոկուտենհոյին այդ կանոնը խախտելու համար պատժվել էր՝ մեկ մրցաշարի մասնակցության արգելքով, ինչը զգալի կորուստ էր ըմբիշի համար։ Սովորաբար ըմբիշներն օգտվում են տաքսիներից կամ հատուկ միկրոավտոբուսներից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «How to put on mawashi» (English). www.e-sanpuku.co.jp. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 2–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Правила сумо на vipv.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  3. «Mainoumi Shuhei Rikishi Information». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  4. «Konishiki Yasokichi Rikishi Information». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  5. «Mainoumi vs. Konishiki : Hatsu 1996 (舞の海 対 小錦) - YouTube». Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  6. Some factors related to obesity in the Japanese sumo wrestler. - PubMed - NCBI
  7. 7,0 7,1 7,2 Школы сумо и лицензии ояката на japan-sumo.ru
  8. «Получены доказательства. sanspo.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 5-ին.
  9. [1] Статистика по иностранцам в саньяку
  10. [2] Статистика по иностранцам в макуути
  11. Уровень жира в телах сэкитори - 23-39% (с уточнениями) | Сумо. Традиции и современность японской борьбы

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Иванов О. «Сумо. Живые традиции древней Японии». - М.: Стиль-МГ, 2004 г. ISBN 5-8131-0062-8
  • «Sumo: From Rite To Sport» by Patricia L. Cuyler.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]