Jump to content

Ռոմանտիկ ազգայնականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նկարազարդում «Կալեվալե» (նկարիչ՝ Ակսելի Գալլեն-Կալլելա)

Ռոմանտիկ ազգայնականություն (գերմ.՝ Volkstum - «ազգություն»), ռոմանտիզմի ուշ շրջանին բնորոշ ձգտում՝ իդեալականացնելու ազգի անցյալն ու մշակույթը։ Եվրոպայի պատմության մեջ ռոմանտիկ ազգայնականությունը սկսվել է Նապոլեոնյան պատերազմներից և շարունակվել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Ազգային ինքնագիտակցության բարձրացումը անջնջելի հետք է թողել Եվրոպայի պատմության մեջ, իսկ Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում և մի շարք այլ երկրներում հիմք է դարձել ազգային պետությունների ստեղծման համար[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանտիզմի ժամանակաշրջանում ժողովուրդը դժգոհում էր երկրի ներկա դրությունից՝ հայացքն ուղղելով նախկին ժամանակաշրջաններին։ Վալտեր Սքոթի և այլ հեղինակների պատմական վեպերը ավելի էին բորբոքում միջին դարերի նկատմամբ ժողովրդի հետաքրքրությունը։ Ամենից շատ հետաքրքրություն էին առաջացնում այն պատմական շրջանները, երբ այս կամ այն երկիրը իր ծաղկման գագաթնակետին էր։ Օրինակ, Սկանդինավիայում դա Վիկինգների ժամանակաշրջանն էր, Լեհաստանում՝ շլյաչետական ժամանակների «ոսկե ազատությունը»։

Նորվեգիայի անկախանալու տարում նա ներկայանում էր տեղացի նկարիչներին որպես վիկինգների ժամանակների կույս-մարտիկ:

Ռոմանտիզմի պատմական ասպեկտին գումարվում էր նաև լեզվականը։ Բացի պատմական ավանդույթից՝ ազգը միաբանող ուժ էր համարվում նաև լեզուն։ Սկսել էին գրվել «կենդանի» և «ազգային» լեզվի բառարաններ, լեզուն հղկվում էր՝ գրական չափանիշներին համապատասխան։ Նորվեգիայում և Հունաստանում օտարամուտ բառերից լեզվի «մաքրման» շարժումը մեծ հետք է թողել ժամանակակից գրական լեզվի կազմավորման գործում։ Լեզվի ուսումնասիրության հետ մեկտեղ ուսումնասիրվում էին ազգային ավանդությունները, հեքիաթները, բիլինաները, ասացվածքները և այլն։

Այս գործով առաջինը զբաղվել են Գրիմ եղբայրները։ Էպոսներով հարուստ միջնադարյան գրականության ակտիվ հրատարակում էր կատարվում, որտեղ վառ կերպով արտահայտվում էր «ազգային ոգին»։ Գերմանիայում մեծ տարածում էր ստացել «Նիբելունգների երգը», Բրիտանիայում՝ «Բեովուլֆը», Ֆրանսիայում՝ «Երգ Ռոլանդի մասին» էպոսը, Շվեդիայում՝ «Հերվերի մասին առասպելը», Ռուսաստանում՝ «Ասք Իգորի ճակատամարտի մասին» էպոսը[2] : Երկրում միջնադարյան էպոսի բացակայությունը հավասարակշռվում էր միջնադարյան ոճի ընդօրինակմամբ նոր աշխատանքների ստեղծմամբ (օրինակ՝ ֆիննական «Կալեվալան»

1770-1780 թվականներին՝ Իոսիֆ Երկրորդի գահակալության տարիներին, Գերմանիայում ազգային ինքնագիտակցության ձևավորման նշաններից էր ազգային օպերան, հատկապես Վիեննայում Իտալիայի ազգային օպերայի փակումից հետո։ Նույն դերակատարումն ուներ «ռոմանտիկ բալետը» Անգլիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում։

Ազգային ինքնագիտակցության ձևավորման տեսական հիմքը գերմանացի փիլիսոփաներՀեգելի, Յոհան Հերդերի, Յոհան Ֆիխտեի աշխատանքներն էին[3] : «Ազգություն» տերմինը փոխառնվել է գերմանական բառարաններից։ Դպրոցներում և համալսարաններում արմատավորվել էր պատմական «մեծ դեպքերի ու դեմքերի» պաշտամունքը։ Եթե ավելի վաղ շրջանում փողոցներում և հրապարակներում միապետների հուշարձաններն էին կանգնեցվում, ապա ռոմանտիկ ազգայնականությունը փողոցները լցրել էր ազգային հերոսների հուշակոթողներով։ Կառավարությունը խրախուսում էր հնագիտական պեղումները։ Մեծ արձագանք էին ստանում հնագիտական գտածոները։

«Գրյունվալդի ճակատամարտը», հեղինակ՝ Յան Մատեյկո

Նախկին դարերի նյութական մշակույթի ուսումնասիրումը թույլ էր տալիս թատերական բեմահարթակներում և պատմական կտավներում վերականգնել այն ժամանակների պատկերը։ Այս շրջանում ծաղկում է ապրել ազգային թեմաներով պատմական գեղանկարչությունը (Մատեյկո, Արբո, Վիկտոր Վասնեցով)։ Կարևոր հանրային կառուցները (օրինակ՝ կայարանները) դիտվում էին որպես ազգային ճարտարապետական ոճի ցուցահարթակներ։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Եվրոպայում առաջացել է Նեոգոթիկան, Հյուսիսային Եվրոպայում՝ Հյուսիսային մոդեռնը, Իսպանիայում՝  նեոմավրիտանյան, Ռուսաստանում՝ պսեվդոռուսական ոճը։ Ժողովրդական երաժշտության հանդեպ հետաքրքրությունը ազգային երանգ էր տալիս այնպիսի կոմպոզիտորների աշխատանքներին, ինչպիսիք են Միխայիլ Գլինկան, Բեդրժիխ Սմետանան, Էդվարդ Գրիգը, «Հզոր խմբակի» անդամները։

Պսեվդոռուսական ոճի ճարտարապետական կառույց

Ռոմանտիկ ազգայնականությունը ամենից վառ դրսևորվել է Արևելյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներում։ Լուսավորության դարաշրջանում այդ երկրների ազգային էլիտան հիմնվում էր ֆրանսիական և գերմանական նմուշների վրա՝ ընդօրինակելով միջնադարյան բարբարոսության մնացորդների ազգային ավանդույթները։ Ազգային ինքնագիտակցությունը վերելք է ապրել Հունաստանի և Բելգիայի անկախության պատերազմների, 1848-1849 թվականներին Եվրոպայում տարածված հեղափոխական ալիքների ժամանակ։ Ազգային ինքնորոշման ուսմունքի ձևավորումը շատերի համար իդեալ էր դարձրել միազգյա պետությունը։

Ազգայնամոլական գաղափարախոսությունները՝ ինչպես սլավոնապաշտությունը, լի էին վերադասավորումներով։ Քաղաքական սպեկտրի աջ կողմում նրանք հաճախ վերածվում էին ազգային գերազանցության քարոզի կամ կայսերական նացիոնալիզմի։ Տեղական բարբառը հաճախ սպառնալիք էր դիտվում ազգային միասնության համար և ոտնահարվում։ Ռուսական կայսրությունում գործը հասնում էր ազգային փոքրամասնությունների լեզուներով գրքերի տպագրության արգելքին։ Արդիականություն էին ձեռք բերել ազգային սահմանների ընդլայնման նախագծերը, ինչպիսիք էին «Մեծ Ռումինիան» և «Մեծ Բուլղարիան»։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այդ երևույթները հիմք են հանդիսացել Եվրոպայի քաղաքական կյանքում ռևանշիստական-ազգայնական հոսանքների առաջացման համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Joep Leerssen, "Notes towards a Definition of Romantic Nationalism", Romantik: Journal for the Study of Romanticisms, 2.1 (2013): 9-25 (28).
  2. Oscar Julius Falnes, National romanticism in Norway, 1968.
  3. King, Brian (2016). «Herder & Human Identity». Philosophy Now (112). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.