«Ասք Իգորի ճակատամարտի մասին» (ռուս.՝ Слово о походе Игоревом, Игоря, сына Святославова, внука Олегова, Слово о плъку Игорєвѣ · И́горѧ сꙑ́на Свѧ́тъславлѧ · внука Ольгова, հայերեն ընդունված այլ անվանում՝ «Ասք Իգորի արշավանքի մասին»[1]), ռուսական միջնադարյան գրական հուշարձան, անհայտ հեղինակի գործ՝ նվիրված պոլովցիների դեմ Նովգորոդ-Սևերսկի իշխան Իգոր Սվյատոսլավիչը 1185 թվականի արշավանքների պատկերմանը։ Գրի է առնվել 1185—1187 թթ.։ «Ասք Իգորի ճակատամրտի մասին»–ի ձեռագրի մի ընդօրինակություն, հավանաբար՝ XVI դարի գրչություն, Յարոսլավլում հայտնաբերել է կոմս Ա. Ի. Մուսին-Պուշկինը (1744-1817 թթ.) XVIII դարի վերջերին և հրատարակել Մոսկվայում, 1800 թվականին։ Ձեռագիրը և տպագրված օրինակների մեծ մասը ոչնչացվել են 1812 թ.՝ Նապոլեոնի արշավանքի ժամանակ։ Ասքի հիմնական պաթոսը հայրենասիրությունն է, ռուս իշխաններին միաբանելու կոչը՝ հանուն հայրենիքի ազատագրման ու անկախության։ «Ասք Իգորի ճակատամարտի մասին» ստեղծագործությունը լայն պատկերացում է տալիս հին Ռուսիայի տնտեսական կյանքի, ժողովրդի հավատալիքների, կենցաղի, ռազմավարության մասին։ Ա. Պ. Բորոդինը այդ թեմայով գրել է «Իշխան Իգոր» օպերան։ Ասքը թարգմանված է աշխարհի շատ լեզուներով, այդ թվում և հայերեն[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 598)։