Ռամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (սեպտեմբերի 28, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Դհարմա · Արտհա · Կամա
Մոկշա · Կարմա · Սամսարա ·
Յոգա · Յանտրա · Բհակտի ·
Մայա · Պուջա · Կիրտան · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադգիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա · Հաթհապրադիպիկա
այլ

Համանման նյութեր

Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Ռամ կամ Ռամաչանդրա (սանսկրիտ՝ राम, rāma IAST), Վիշնուի ավատարը, հին հնդկական Այոդհյա քաղաքի լեգենդար թագավորը։ Ռամը հինդուիզմում համարվում է Վիշնուի յոթերորդ ավատարը, աշխարհ է եկել Տրետա յուգայի վերջին քառորդում՝ մոտ 1, 2 միլիոն տարի առաջ[1][2][3]։ Եթե Պարաշուրամը զբաղված էր ստեղծագործական աշխատանքով և խաղաղության պահպանմամբ, ապա Ռամը որպես իր ավատար «կոչված էր պաշտպանելու ամուսնական արժանապատվությունը՝ որպես ամուսնու և կնոջ միջև հավերժ և անբաժանելի կապ»[4]։ Բազմաթիվ հինդուիստներ Ռամին համարում են իրապես գոյություն ունեցած պատմական գործիչ, թագավոր, որը կառավարել է Հնդկաստանի մեծ մասը իր մայրաքաղաք Այոդհյայից։ Կրիշնայից հետո Ռամը հինդուիզմի աստծո ամենահայտնի ավատարներից մեկն է։ Ռամի պաշտամունքը հատկապես բնորոշ է վայշնավիզմին՝ հինդուիզմի գերակշիռ հետևորդներին[5]։

Ռամի մանրամասն կենսագրությունը ներկայացված է «Ռամայանա»-ում՝ «Մահաբհարաթա»-ի հետ հին հնդկական էպոսներից մեկում[6]։ Ռամը եղել է կայսր Այոդհի Դաշարտհիի և նրա կին Կաուշալիի մեծ որդին։ Հինդուիզմի սովորույթի համաձայն՝ Ռամին կոչել են «Մարյադա Պուրուշոտամա»[7], որ սանսկրիտից բառացի թարգմանած նշանակում է «տղամարդկանց ամենաբարձր իդեալականը»[8]։ Ռամը Սիթայի ամուսինն է, որը հինդուիզմում Լաքշմիի ավատարն է և մարմնավորում է կատարյալ կնոջը[7][9]։

Ռամի կյանքը և գործունեությունը կատարյալ օրինակ է դհարմայի հավատարմության խիստ սկզբունքների համաձայն՝ չնայած կյանքի ծանր փորձություններին։ Հանուն իր հոր պատվի՝ Ռամը հրաժարվում է Կոշալայի թագավոր դառնալու հնարավորությունից և համաձայնում է ինքնակամ տարագրվել անտառ 14 տարի ժամկետով[10]։ Ինքնակամ աքսորում Ռամին ուղեկցում էին կինը՝ Սիթան և եղբայրը՝ Լաքշմանան, որոնք որոշում են միանալ նրան՝ չկարողանալով ապրել առանց նրա։ Երբ Սիթային առևանգում է Լանկայի հզոր դիվական կառավարիչ Ռավանան, Ռամը երկար ու դժվար փնտրտուքների է գնում կնոջ համար, որի ընթացքում փորձարկվում է նրա ուժն ու առաքինությունը։ Իմանալով Սիթայի տեղը՝ մեծ բախում է ունենում Ռավանայի մեծաթիվ բանակի դեմ։ Պատերազմում մասնակցում էին զորեղ կախարդական էակներ և գերբնական զենք էին օգտագործվում, որը հսկայական ավերիչ ուժ ուներ։ Եվ վերջիվերջո Ռամը սպանում է Ռավանային և նա ազատում է իր կնոջը նրա գերությունից։ Այդ ժամանակից հետո ավարտվում է աքսորի ժամկետը, և Ռամը վերադառնում է Այոդհյու և դառնում թագավոր, իսկ հետագայում՝ ամբողջ աշխարհի կայսր[10]։ Ռամի թագավորությունը տևում է 11 հազար տարի, որի ընթացքում ողջ աշխարհում տիրում է կատարյալ երջանկության, խաղաղության, բարօրության ու արդարության դարաշրջանը, որը հայտնի է որպես «Ռամա Ռաջյա»։

Սիթայի փնտրտուքների ժամանակ Ռամը ցուցաբերում է քաջություն ու արիություն՝ սարսափելի կռիվ մղելով հանուն նրա ազատագրման։ Սիթան իր հերթին լինում է առաքինի կնոջ մի կատարյալ օրինակ՝ ցույց տալով բացարձակ նվիրվածություն ամուսնուն և կատարյալ մաքրաբարոյություն՝ չնայած Ռավանայի գերության տակ գտնվելուն։ Ռամին նման նրա կրտսեր եղբայրները՝ Լաքշմանը, Շատրուգհնան և Բհարաթան նրա պես ցուցաբերում են խիզախություն, ուժ ու առաքինություն։ Ռամին աջակցում են այնպիսի հզոր հետևորդներ, ինչպիսիք են Հանումանը և Կաշքինդի կապիկները, որոնց օգնությամբ Ռամը ազատում է կնոջ Սիթային Ռավանայի գերությունից[10]։ Ռամի մասին լեգենդը մեծ ազդեցություն է ունեցել Հինդուստան թերակղզու և Հարավարևելյան Ասիայի բնակչության վրա։ Ռամը և նրա մասին պատմությունները շարունակում են վայելել մեծ ժողովրդականություն ժամանակակից հնդկական մշակույթում և հինդուիզմում։ Ռամը հինդուիստների համար անսահման կարեկցանքի, քաջության, նվիրվածության, կրոնական սկզբունքների հանդեպ պարտաճանաչության օրինակ է եղել[11]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռամ» (Rāmá IAST) անունը «Ռիգվեդայում» և «Աթհարվավեդայում» ածական է, որը նշանակում է «մութ, սև»[12][13], իսկ գոյականաբար՝ «խավար» կամ «մթություն», օրինակ «Ռիգվեդայի» 10.3.3 մասում. «Հիասքանչ օրերի հետ ընդարձակվելով՝ Ագնին (Իր) վառ գույներով հաղթահարեց խավարը»։ Ռամի անունը հիշատակվում է «Ռիգվեդայում» 10.93.14. «Ես ուզում եմ հռչակել այդ Դուհշիմի Պրիտհավանին, Վենի մոտ (հայտարարել), Ռամին, առատաձեռն հովանավորներից Ասուրին, որոնք ձեզ համար կլծեն հինգ հարյուր (ձիեր), (որ դա) փառավորվի նրանց ճանապարհին»։

Իգական սեռով ածական «ռամի» ածականը (rāmīˊ IAST) գիշերվա մակդիրն է (ռատրի)[13], ածական «կրիշնիի» նման (kṛṣṇīˊ IAST), որի իգական սեռի «կրիշնա» ածականը (kṛṣṇa IAST) նշանակում է «մութ, սև»[12]։ Մանֆրեդ Մայրհոֆերը կարծում է, որ բառը բխում է նախայմդեվրոպական (H)reh1-mo- արմատից, որը միարմատ է հին վերին գերմանական rāmac՝ «կեղտոտ» բառի հետ[12]։

Վեդաներում հիշատակվում են երկու Ռամ՝ Մարգավեա և Աուպատշվի հայրանուններով. մեկ այլ՝ Ջամադագնյա հայրանունով Ռամը համարվում է ռիգվեդայական հիմների ենթադրյալ հեղինակ։ Համաձայն Մոնե Ուիլյամսի՝ հետվեդայական ժամանակաշրջանում ճանաչում են ստացել երեք Ռամեր.

  1. Ռամաչանդրա («Լուսնային Ռամ»), Դաշարատհայի որդին, Ռագհուի հետնորդը,
  2. Պարաշուրամա («Կացնով Ռամ»), Վիշնայի վեցերորդ ավատարը։ Նրան նաև անվանում են Ջամադագնյա, Բհարգավա Ռամ (Բհրիգուի հետնորդ), կամ Չիրանջիվի (Անմահ),
  3. Բալարամա («Ուժեղ Ռամ»), նույնպես հայտնի է որպես Հալայուդհա, Կրիշնայի ավագ եղբայրը և մտերիմ ուղեկիցը, նկարագրված է «Բհագավաթա պուրանում» և «Բրահմա սամհիթեում»։

«Վիշնու սահասրանամայում» Ռամը Վիշնուի 394-րդ անունն է։ Համաձայն Շանկարի մեկնաբանության՝ Ռամը ունի երկու իմաստ. Վերին Բրահմա, հավիտյան երանելի հոգևոր էություն։

Գրական աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալմիկին ստեղծում է «Ռամայանան»

Ռամի կյանքի և գործունեության մասին հիմնական աղբյուրը հին հնդկական «Ռամայանա» սանսկրիտ էպոսն է, որի մշակումը վերագրվում է վեդայական ռիշի Վալմիկին։ «Վիշնու պուրանում» Ռամի պատմությունը նկարագրած է որպես Վիշնուի յոթերորդ ավատար։ Ռամի կյանքը հակիրճ նկարագրված է «Բհագավաթա պուրանում» (իններորդ երգ, 10-11-րդ գլուխներ), այդ թվում՝ Ռամի սպանությունը և Ռամի վերադարձը Այոդհյա։ Ռամի պատմությունը պարունակում է «Մահաբհարաթա» էպոսը (որում առկա է այսպես կոչված՝ «Փոքր Ռամայանա», տե՛ս Մահաբհարաթա, Գիրք 3 («Անտառային»), էջ 258 - 276)։ «Յոգա Վասիշտխան» պատմում է Ռամի կասկածների ու տխրության պատմությունը դեռևս նախքան իր ամուսնությունը։ Ստեղծագործության մեջ նկարագրվում է, թե ինչպես մեծ իմաստուն Վաշվամիթրան գալիս է Ռամի հոր մոտ օգնություն խնդրելու՝ ռաքշասների (մարդակեր դևեր) դեմ պայքարում։ Վասիշտխան բացատրում է Ռամին աշխարհի ստեղծումը, դհարմայի մասին, չարչարանքների մասին և այլն։

Հնդկաստանի տարբեր շրջաններում «Ռամայանայի» վերաբերյալ կան տարբեր վարկածներ։ Մադհվաչարիի հետևորդները կարծում են, որ եղել է «Ռամայանայի» հնագույն տարբերակ, այսպես կոչված՝ «Մուլա Ռամայանան», որը կորել է։ Նրանք կարծում են, որ այն եղել է ավելի հեղինակավոր, քան Վալմիկի տարբերակը։ Էպոսի սանսկիտով կարևորագույն կրճատ տարբերակներից է «Ադհյաթմա Ռամայանան»։ Սանսկրիտով հարավհնդկական 7-րդ դարի էպոսը Բհաթիի հեղինակմամբ «Բհաթի-կավյան» («Բհաթիի պոեմը») էպոսի վերապատում է, որում զուգահեռ պատկերվում են քերականական օրինակներ է Պանինի «Աշթադհյայիից», ինչպես նաև հիմնական հռետորական ֆիգուրներ և պրակրիտ.[14]: Ավելի ուշ առաջ եկան «Ռամայանայի» տարբերակներ՝ Հինդուստան թերակղզու ազգային լեզուներով, որտեղ նկարագրվում էր աստվածային փիլիսոփա Ռամի կյանքը և գործունեությունը։ Դրանցից են 12-րդ դարի բանաստեղծ Կամբարի թամիլերեն հեղինակային «Կամբարամայանամը», և «Ռամաչարիտամանասան»՝ «Ռամայանայի» 16-րդ դարի գրող Թուլսիդասի հինդի լեզվով տարբերակը։ «Ռամայանայի» իրենց տարբերակներն ունեն ժամանակակից բոլոր հնդկական լեզուները։ «Ռամայանայի» ժամանակակից տարբերակները՝ «Շրի Ռամայանա Դարշանամ», գրել է հեղինակ Կուվեմպը կաննադա լեզվով և Վիշվանաթհի Սատյանարայանի թելուգերեն «Ռամայանա կալպավրիկշամու»։ Հնդկաստանի տարբեր շրջաններում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն լեզուն և մշակութային ավանդույթները, էպոսը ենթարկվել է որոշակի փոփոխությունների[15]։

«Ռամայանայի» պատմությունները տարածվել են ամբողջ Հարավարևելյան Ասիայում, որի արդյունքում ի հայտ եկան էպոսի յուրահատուկ տարբերակներ, որոնք ներառում էին տեսարաններ տեղի պատմություններից, բանահյուսությունից, կրոնական ավանդույթներից, ինչպես նաև տեղական լեզուների և գրականության առանձնահատկություններից։ Յուրահատուկ բնույթով և նշանակալի տարբերություններով ստեղծագործություններից են Ինդոնեզիայի Ճավա կղզու «Կակավին Ռամայանա» էպոսը, Բալի կղզու «Ռամակավաչան», Մալայզիայի «Հիկայատ Սերի Ռամա», Ֆիլիպինների «Մարադիյա Լավանա», Թայլանդի «Ռամակիանը» (որտեղ Ռամին անվանում են «Պհրա Ռամ»)։ Ռամի կյանքի պատմության դրվագների պատկերներ կարելի է տեսնել Բանգկոկի Վաթ Պհրա Կեո տաճարի պատերին։ «Ռամայանայի» բիրմայական տարբերակում, որը երկրի ազգային էպոսն է, Ռամին անվանում են «Յամա»։ «Ռամայանայի» կխմերենեն տարբերակում՝ «Ռեամքերե»-ում, Ռամը կոչվում է «Պրեահ Ռեամ»։ Լաոսյան «Պհա Լակ Պհա Լամ»-ում Բուդդային նկարագրում են որպես Ռամի մարմնացում։

Ռամի կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդ և մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամը փոքր հասակում

Մտադիր լինելով արժանի որդի ունենալ՝ Դաշարաթա թագավորը իրագործում է վեդայական պուտրակամեշտի զոհաբերություն։ Արարողողության արդյունքում ստացած սուրբ ուտելիքը Դաշարաթին բաշխեց իր երեք կանանց միջև։ Համաձայն ավագանու սկզբունքների՝ խմիչքն առաջինը փորձեց Կաուշալյան, իսկ հետո՝ Սումիտրան և Կայկեյին։ Արդյունքում Կաուշալիից ծնվեց Ռամը, Կայկեյից՝ Բհարաթան, իսկ Սումիտրայից՝ Լաքշմանան և Շատրուգհնան։ Ռամը ծնվել է Այոդհյա քաղաքում (որը ժամանակակից հնդկական Ուտար Պրադեշի նահանգում է)՝ Կաշալի հնագույն թագավորության մայրաքաղաքը, նորալուսնի իններորդ գիշերը, Պունարվասու համաստեղության և Խեցգետնի նշանի տակ։ Նա ի հայտ է եկել Սուրիա վամշա դինաստիայում («Արևի դինաստիա») և եղել է այնպիսի մեծ անձերի հետնորդը, ինչպիսիք են Իկշվակուն (արևի աստված Վիվասվանի որդին), Ռագհուն և Բհագիրաթան։ Ռամի մարմինը մուգ կապույտ գույն էր, որում խոսում էր նրա աստվածային ծագման մասին[16]։

«Ռամայանայում» գրված է, որ չորս եղբայրներին դեռ մանկությունից կապում էր ընկերությունը և եղբայրական սերը։ Հատկապես ուժեղ ջերմություն կար Ռամի ու Լաքշմանայի, և Բհարաթայի ու Շատրուգհնանի միջև։ Թագավորը և նրա երեք կանայք շատ էին սիրում չորս եղբայրներին, բայց Դաշարաթան և պալատականները հատուկ նախապատվություն էին տալիս հենց Ռամին։ Ռամը և երեք եղբայրները կրթություն ստանում են Վասիշտխի իմաստունի կացարանում, որը սովորեցնում էր Վեդաների փիլիսոփայություն, դհարմայի օրենքներ և այլ գիտություններ։ Քանի որ տղաները ծնվել էին թագավորական կշատրիյա ընտանիքում, նրանք ուզում էին դառնալ մեծ ռազմիկներ։ Նրանց ռազմական ուսումը վստահվում է Վիշվամիթրե իմաստունին։ Տղաներին հանձնում են անտառային աշրամ (կացարան), որտեղ նրանք սովորում են պատերազմի արվեստը և տարբերվում՝ սպանելով անտառի բնակիչներին սարսափեցնող և բրահմանների վեդայական զոհաբերությունները պղծող մի քանի ռաքշասների։ Նկարագրվում է, որ Ռամը և նրա եղբայրները հսկայական հասակ ունեին, զգալիորեն ավելի բարձր էին, քան իրենց ժամանակի ամենաբարձրահասակ մարդիկ։ Նրանք տիրապետում էին արտասովոր խորաթափանցության, դյուրըմբռնության և ռազմական գործերի անգերազանցելի հմտություններին[17]։

Ռամի աստվածային առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամը ջարդում է Շիվայի աղեղը

Երբ հայտնի դարձավ փեսացու ընտրելու՝ Սիթայի ծիսակատարությունը, իմաստուն Վիշվամիթրեն երիտասարդ Ռամին և Լաքշմանային տարավ արարողության վայրը։ Որպեսզի հաղթեն մրցույթում և ստանան Սիթայի ձեռքը, հավակնորդը պետք է քաշեր Շիվայի հսկայական աղեղը և նրանից նետ բաց թողներ։ Կարծում էին, որ խնդիրը մարդու ուժերից վեր էր, քանի որ այդ աղեղը հզոր Շիվայի անձնական աղեղն էր, որի հետ ուժով ոչ ոք չէր կարող համեմատվել ողջ տիեզերքում։ Մինչև Ռամը իրենց հաջողությունը փորձած հավակնորդները չէին էլ կարողացել տեղից բարձրացնել աղեղը, բայց երբ եկավ Ռամի հերթը, նա, քաշելով աղեղը, կիսեց երկու մասի։ Ռամի համբավը տարածվեց ամբողջ աշխարհով և երաշխավորեց Սիթայի հետ ամուսնությունը[18]։

Ռամի և Սիթայի շքեղ ու ճոխ հարսանիքից հետո ամբողջ թագավորական ընտանիքը և Այոդհյայի զորքը սկսեց ճանապարհորդությունը դեպի տուն։ Նրանց ճանապարհին հանդիպեց Հիմալայանների իր աշրամից բաց թողնված Պարաշուրաման։ Պարաշուրաման արտասովոր կարողությունների տեր իմաստուն էր։ Նա Վիշնուի վեցերորդ ավատարն էր, ավելի վաղ զայրույթից ոչնչացրել էր մոլորակի բոլոր կշատրիյաներին 21 անգամ։ Պարաշուրաման չէր կարողանում հավատալ, որ ինչ-որ մեկը կարողացել է ջարդել Շիվայի աղեղը։ Իրեն դեռ համարելով ամենահզորը երկրի վրա՝ նա իր հետ բերում էր Վիշնուի աղեղը՝ մտադիր լինելով պահանջել Ռամից՝ քաշել այն և ցույց տալ իր ուժը կամ պայքարել նրա հետ ճակատամարտում[19] : Չնայած այն հանգամանքին, որ Ռամի ամբողջ բանակը չէր կարող միանալ ճակատամարտին, այն Պարաշուրամայի առեղծվածային էներգիայի կաթվածահար ազդեցությամբ, Ռամը հարգալից խոնարհվեց Պարաշուրամային, վայրկյաններ անց Վիշնուի աղեղն իր ձեռքին էր և նետով հարվածեց ուղիղ Պարաշուրամայի սրտին։ Ռամը խոստանում է կյանք շնորհել Պարաշուրամային, եթե նա ցույց տա որևէ այլ թիրախ նետահարության համար։ Այդ պահին Պարաշուրաման զգում է, որ զրկվել է բոլոր այն արտասովոր առեղծվածային ուժերից, որին տիրապետում էր այդքան երկար տարիներ։ Նա հասկացավ, որ Ռամը բարձրագույն Վիշուի մարմնավորումն է, որից ոչ ոք չի կարող գերազանցել։ Պարաշուրաման ընդունում է Ռամի գերագույն դիրքը, նվիրաբերելով նրան իր ողջ տապասյայի արդյունքները, հարգալից խոնարհվում է նրան և խոստանում վերադառնալ իր կացարան՝ թողնելով մարդկային հասարակությունը[20]։

Դրանից հետո Ռամը Վիշնուի աղեղից նետը արձակում է երկինք՝ կատարելով ավելի գերմարդկային արարք, ինչը նրա համար իր հավերժական անձնական զենքի սովորական կիրառում էր։ Տեղի ունեցած իրադարձությունները մեծապես տպավորում են բոլոր ներկաներին։ Սակայն նույնիսկ այն բանից հետո, երբ Ռամն այդպես հեշտությամբ և վարպետությամբ օգտագործում է Վիշնուի աղեղը, ոչ ոք, բացառությամբ Վասիշտխի և Պարաշուրամայի, չի գիտակցում նրա աստվածային էությունը։ Ասում են, որ Ռամի արձակած նետը շարունակում է թռչել տիեզերքի տարածության մեջ մինչև այսօր՝ անցնելով իր ճանապարհին ողջ տիեզերքը։ Վերադառնալով հետ՝ նա իր հետ կբերի աշխարհի կործանումը[20]։

Ռամի արտաքսում և Դաշարատհայի մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշարատհա արքայի մահը

Զգալով ծերության մոտենալը՝ Դաշարատհան որոշում է Ռամին փոխանցել գահը։ Արարողության համար բարենպաստ օրը ընտրվում է, ինչն էլ պաշտոնապես հայտարարվում է։ Լուրն ուրախացնում է թագավորության ամբողջ բնակչությանը և առավել Ռամի մորը՝ Կաուշալիին։ Սակայն Դաշարատհայի երկրորդ կինը՝ Կայկեյը, Մանտհարա անունով ծառա ուներ, որը նկարագրվում է որպես «ծուռ մարմնով և հոգով»։ Նա գալիս է Կայկեյի մոտ և սկսել համոզել նրան, որ Դաշարտհան նենգ է, անազնիվ սրտով և չարիք է ցանկանում իր կնոջը։ Նա ցանկանում է, որ լավ լինի միայն Կաուշալիի համար, այն ժամանակ, երբ Բհարաթան անարգված էր, Ռամը շուտով կլինի գահին։ Մանտհարան դրդում է Կայկեյին անմիջապես գործել, փրկել Բհարաթային և ինքն իրեն։ Խանդից տանջվելով՝ Կայկեյը շտապում է հանդիպել իր ամուսնուն և հարցնել նրան շատ վաղուց խոստացված ընծայի մասին։ Թագավորը երդվում է կատարել այն ամենը, ինչ նա ցանկանում է, որից հետո Կայկեյը խնդրում է Բհարաթային հանձնել գահը, իսկ Ռամը 14 տարի աքսորել Դանդակի անտառ։ Դաշարատհան չի կարողանում մերժել կնոջ խնդրանքը, քանի որ տարիներ առաջ Կայկեյը փրկել էր նրան մահից և որպես պարգև նա ստացել էր օրհնություն, որը նա հիմա օգտագործում էր[21]։ Վշտաբեկ Դաշարատհան մեկուսանում է և Կայկեյին ինքն է անձամբ տեղեկացնում Ռամին իրադարձությունների մասին։ Ռամն առանց վարանելու համաձայնում է գնալ աքսորի։ Այոդհյայի արքունիքը և բնակչությունը, տեղեկանալով եղածի մասին, մեծ վշտի մեջ են ընկնում։ Դաշարատհին, ատելով իր կրտսեր կնոջը, չի կարողանում հաշտվել Ռամից երկար բաժանվելու մտքի հետ։ Ռամը սակայն գիտակցում էր, որ թագավոր կշատրիյան իրավունք չուներ ցանկացած պարագայում խախտել իր խոստումը, ինչպես նաև որդին չէր կարող խախտել հոր հրամանը։

Երբ Ռամն ամեն ինչ պատմում է Սիթին, փորձում է ամենամռայլ գույներով նկարագրել անտառի սարսափելի կյանքի մասին, որին անվարժ էր նուրբ կինը, ինչպես նա։ Ռամը խնդրեց նրան վերադառնալ Այոդհյա և սփոփել իր ընտանիքի անդամներին։ Սիթան նրան պատասխանում է, որ պատրաստ է դիմանալ ցանկացած դժվարության, քանի որ իր պարտքն է ծառայել իր ամուսնուն և հետևել նրան ամենուրեք։ Լաքշմանան նույնպես հետևում է եղբորը, և երեքն էլ մեկնում են ճանապարհորդելու Դանդակու անտառում[22] : Այոդհյայի բնակիչները խորապես վշտանում են Ռամի աքսորման համար և դատապարտում են Կայկեյ թագուհուն։ Դաշարատհայի սիրտը փշրվում էր վշտից, և Ռամի հեռանալուց մի շաբաթ չանցած՝ նա մահանում է։

Այոդհյայում կատարված այս բոլոր իրադարձությունների ժամանակ Բհարաթան գտնվում էր դեպի Գիրիվրիջ ճանապարհորդության մեջ, որը իր մորեղբոր թագավորության մայրաքաղաքն էր։ Երբ պատգամաբերները բերում են նրան Ռամի աքսորման լուրը, նա շտապ վերադառնում է Այոդհյա։ Զայրացած իր մոր արածից՝ Բհարաթան նրան է մեղադրում է Դաշարատհիի մահվան մեջ։ Նա ասում է, որ պատրաստ է հրաժարվել նրանից, բայց չի անի դա միայն այն պատճառով, քանի որ Ռամը նրան համարում է իր մայրը։ Ցանկանալով ուղղել սխալը՝ Բհարաթան գնում է Ռամին փնտրելու։ Գտնելով իր ճգնավորի հագուսով եղբորը անտառներում թափառելիս՝ Բհարատան պատմում է նրան Դաշարատհայի մահվան մասին, աղաչում նրան վերադառնալ Այոդհյա և վերցնել իր օրինական իշխանությունը։ Ռամը հրաժարվում է և ասում, որ մտադիր է տասնչորս տարի աքսորված լինել, քանի որ դա պահանջում է իր պատվի պարտքը. նրա համար անհնարին էր թվում խախտել Դաշարատհային տված խոստումը։ Գիտակցելով, որ հետագա հորդորներն անիմաստ են, Բհարաթան վերադառնում է Այոդհյա՝ իր հետ բերելով Ռամի ոտնամանների մի զույգ, որը նա տեղադրում է գահին՝ ի նշան այն բանի, որ կառավարում է միայն նրա փոխարեն։

Անսասան հավատալով ճակատագրի իշխանությանը՝ Ռամը չի փորձում վրդովմունք կամ թշնամանք տածել Կայկեյի հանդեպ[23] : Ըստ ընդունված բացատրությանը՝ այս աքսորը, ըստ էության, Ռամին հնարավորություն է տալիս կատարել իր առաքելությունը՝ պայքարել Ռավանայի դեմ և կործանել նրա չար կայսրությունը։

Ռավանան առևանգում է Սիթային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանկայի տասգլախնի արքա Ռավանան

Ռամը և Սիթան բոլոր ժամանակների ամենահայտնի սիրային պատմությունների պրոտագոնիստներից են։ Նկարագրվում է, որ նրանք շատ ուժեղ էին սիրահարված մեկմեկու։ Հինդուիստական դիցաբանության մեջ նրանք դրսևորում են որպես Վիշնու աստծո և նրա հավերժական կնոջ՝ Լաքշմիի հավերժական մարմնավորումը։ Սիթան առանց վարանելու հետևում է իր ամուսնուն՝ մտադիր լինելով տանել կյանքի բոլոր դժվարությունները աքսորի ժամանակ ամուսնու հետ։ Ռամն իր հերթին անընդհատ պաշտպանում է նրան և հոգ տանում նրա մասին։

Մի անգամ Ռավանայի քույր ռաքշաս Շուրպանակհան գնում է Դանդակի անտառ զբոսնելու, այնտեղ տեսնում է Ռամին և սիրահարվում նրա վրա։ Նա իր զգացմունքների մասին հայտնում է Ռամին, որը հրաժարվում է՝ ասելով, որ կին ունի։ Կատակով Ռամը հրավիրում է նրան փորձել իր բախտը Լաքշմանի հետ, որն ամուրի էր և կարիք ուներ ընկերոջ։ Շուրպանակհան առաջարկություն է անում Լաքշմանին, որն ամուրի էր, բայց նա մերժում է նրա սերը։ Շուրպանակհան զայրույթը Սիթայի վրա է թափում և փորձում սպանել ու ուտել նրան։ Լաքշմանան փրկում է եղբոր կնոջը և կտրում Շուրպանակհայի ականջներն ու քիթը։ Այդ վիճակով Շուրպանակհան գնում և բողոքում է կրտսեր եղբորը՝ Կհարային։ Որպեսզի վրեժխնդիր իր քրոջ համար, Կհարան տասնչորս ռաքշաս է ուղարկում, որ սպանեն Սիթային, Ռամին և Լաքշմանին ու նրանց արյունը բերեն Շուրպանակհային։ Ռամը հեշտությամբ սպանում է բոլոր ռաքշասներին։ Այնուհետև ինքը Կհարան տասնչորսհազարանոց բանակով հարձակվում է Ռամի վրա, որպեսզի պատժի նրան։

Ռավանան Սիթային փախցնում է Ջաթայուի արծվառյուծներից

Ռամը հաղթում բանակին, և միայնակ սպանում է Կհարին։ Այնուհետեև Շուրպանակհան գնում է Ռավանայի մոտ և պատմում, թե ինչ է տեղի ունեցել։ Նա ասում է նաև, որ Սիթան ունի արտասովոր գեղեցկություն և ավելի վայել կլինի, որ Ռավանայի կինը լինի, քան Ռամի։ Շուրպանակհայի ասածը դուր է գալիս Ռավանային, ու համաձայնում է վրեժխնդիր լինել նրա համար։

Ռավանան լավ գիտեր Ռամի և Լաքշմանի հզորության մասին և դիմում է խորամանակության։ Նա խնդրում է իր հորեղբորը՝ կախարդ Մարիչիին՝ ստանալ ոսկե եղջերվի կերպարանք։ Եղջերվի կերպարանքով Մարիչին սկսում է թռչկոտել խրճիթի մոտակայքում, որտեղ ապրում էին Ռամն ու Սիթան։ Սիթան տեսնում է գեղեցիկ եղջերվին, Ռամին ասում է, որ բռնի նրան և բերի իր համար։ Ռամը հետապնդում է եղջերվին, սակայն չկարողանալով բռնել նրան՝ կրակում է աղեղով։ Վիրավորված կենդանին բարձր գոռում է Ռամի ձայնով, Լաքշմանը վազում է օգնության, Սիթային թվում է՝ Ռամն օգնության կարիք ունի և նրանց է կանչում։ Սիթան խնդրում է Լաքշմանին՝ անմիջապես գնալ փնտրելու իր ամուսնուն։ Նախքան Սիթային մենակ թողնելը՝ նա խրճիթի շուրջը ստեղծում է կախարդական շրջան։ Մնալով այս շրջանակում՝ Սիթան լիովին պաշտպանված էր ցանկացած վտանգից։ Երբ Լաքշմանը գնում է, Ռավանան, թաքնվելով մոտակայքում, դուրս է գալիս թփերից ծերունու կերպարանքով և Սիթայից ուտելիք ու խմելիք խնդրում։ Ոչինչ չկասկածող Սիթան դուրս է գալիս պաշտպանիչ շրջանագծից և Ռավանան, առնելով իր հին տեսքը, փախցնում է Սիթային, նստեցնում իր թռչող կառքը և թռչում դեպի Լանկա։ Ճանապարհին Ռավանային փորձում են իր մագիլներով ու կտուցով կանգնեցնել Ջաթայուի (Գարուդի ավատար, Վիշնուի վահանա) արծվառյուծները, բայց պարտություն է կրում Ռավանայից և մահացու վիրավորվում։ Սիթան օրհնում է Ջաթայուին, որ նա այնքան ապրի, որ Ռամին պատմի կատարվածը։ Սիթան նաև խնդրում է անտառային ծառերին, անտառի եղջերուներին, խոտերին և Գոդովարի գետին, եթե նրանք տեսնեն Ռամին, պատմեն նրան, թե ինչ է տեղի ունեցել։

Ռամը և Լաքշմանան սպանում են ոսկե եղջերվին ու վերադառնում են իրենց խրճիթ։ Չգտնելով այնտեղ Սիթին՝ նրանք շատ են մտահոգվում և անմիջապես գնում են փնտրելու նրան։ Վերջապես նրանք հանդիպում են ճակատամարտում լուրջ վիրավորված Ռավանա Ջաթայուին, որը հայտնում է նրանց ամեն ինչի մասին և խոսակցությունը ավարտելով՝ մահանում է։ Ռամը խորապես վշտանում է, տեսնելով թռչունի մահը, դիակիզում է նրա մարմինը։

Մինչդեռ Ռավանան Սիթին տանում է Լանկա և փորձում է ձեռք բերել նրա վստահությունը։ Նրա բոլոր փորձերին Սիթը վճռականորեն ընդդիմանում է՝ անվանելով նրան անիծված դև և առաքինի կանանց գող։ Ռավանան չի կարողանում բռնանալ, քանի որ տարիներ առաջ ուժով գրկել էր ամուսնացած կնոջ, որը նրան անիծել էր՝ ասելով, որ նա կմահանա, երբ փորձի անել դա կրկին։ Այսպիսով, Ռավանան ստիպված է սահմանափակվում է ահաբեկմամբ ու սպառնալիքներով, բայց երբ նրանք չեն օգնում, պարզապես սպասում է մինչև այն ժամանակը, երբ կինն ավելի կվստահեր նրան։

Ռամ, Սուգրիվա և Հանուման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամը հանդիպում է Սուգրիվային

Բանակ հավաքելու և Սիթային Ռավանայի գերությունից ազատելու նպատակով Ռամը և Լաքշմանը դաշինք են կնքում կապիկների թագավոր Սուգրիվայի հետ, որը խոստացել էր օգնել Ռամին Ռավանայի դեմ կռվում, դրա դիմաց Ռամը պետք է օգներ վերադարձնել իր թագավորությունը, որը գրավել է իր եղբայր Վալին (անվանում են նաև Բալի)։ Ռամը սպանում է Վալիին և թագավորական իշխանությունը հանձնում Սուգրիվային։ Այնուհետև Սուգրիվան հավաքում կապիկների մի հսկայական բանակ, և Ռամը ու Լաքշմանը նրանց օգնությամբ սկսում են արշավը դեպի Լանկա։

Երբ զորքը մտնում է ծովը, Ռամը, տեսնելով, որ ոչ մի այլ ճանապարհ չկա անցնել մայրցամաքից Լանկա հարյուր յոջանա լայնությամբ նեղ նեղուցով, որոշում է կամուրջ կառուցել։ Այդ ժամանակ Ռամի հավատարիմ Հանումանը, որն արտակարգ ուժ ուներ, թռչում է նեղուցի վրայով և գնում Սիթին որոնելու։ Գտնելով նրան Ռավանայի պալատի պարտեզում, նա պատմում է նրան այն մասին, որ Ռամը պատրաստվում է ազատել նրան։ Նա նաև մատանի է տալիս նրան Ռամի կողմից։ Այնուհետև Հանումանը սկսում է թռչկոտել պալատական այգում՝ ոչնչացնելով բույսերն ու ծաղիկները։ Պահակ ռաքշասները բռնում են նրան և տանում Ռավանայի մոտ։ Ռավանայի ներկայությամբ Հանումանը քաշում է իր երկար գալարաձև պոչը և նստեց նրա նման, ինչը պարզվում է զգալիորեն ավելի բարձր է, քան Ռավանայի գահը։ Երբ Հանումանը նստում է այս կեպ, զայրացած Ռավանան ցանկանում է սպանել համարձակ կապիկին, բայց Հանումանը ներկայանում է որպես դեսպան, որի կյանքը, ըստ դեսպանների օրենքների, անձեռնմխելի էր։ Այդ ժամանակ Ռավանան պահակախմբին հրամայում է խանձել Հանումանի պոչը։ Նրանք պոչին փաթաթում են կտորի գործվածքի վրա քսած յուղ և հրկիզում պոչը, Հանումանին ազատ արձակվում։ Հանումանն այրվող պոչով սկսում է ցատկել շենքից շենք՝ տարածելով հրդեհը Ռավանայի ողջ մայրաքաղաքում։ Դրանից հետո Հանումանը ետ է ցատկում մայրցամաք և պատմում Ռամին տեղի ունեցածը։

Ռամի հաղթանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ կամրջի շինարարությունն ավարտվում է, և Ռամը գնում է Լանկա, Ռավանայի եղբայր Վիբհիշանան, որն անցնում է Ռամի կողմը, տալիս է նրան շատ արժեքավոր Ռավանայի ռազմական ուժի և կղզու ամրությունների վերաբերյալ տեղեկություններ։ Պարբերաբար ռաքշասները քաղաք են դուրս գալիս, որը հանգեցնում է բախումների, որոնք վերջանում են փոփոխական հաջողություններով։ Ռամը և Լաքշմանը վիրավորվում են Ռավանայի որդու՝ Ինդրաջիթի հետ կռվելիս, որը ժամանակին հաղթել էր նաև Ինդրա աստծուն։ Ռավանայի մյուս եղբայրը՝ հսկա Կումբհակարնան, բռնում ու լափում է հարյուրավոր կապիկների։ Ռամը և Լաքշմանը բուժվում են կախարդական խոտով, որը շատ կարճ ժամանակահատվածում բերում է Հիմալայաներից Հանումանը, նրա հետ միասին այն լեռը, որի վրա այն աճել էր։ Չնայած հսկայական կորուստներին՝ կապիկների զորքն սկսում է հաղթել ռաքշասներին, որոնք մեծ թվով զոհ էին տալիս։ Կռվի դաշտում զոհվում են Ինդրաջիթը, Կումբհակարնան և Ռավանայի մյուս զորահրամանատարները։ Վերջապես Ռամը դեմ դիմաց միայնակ հանդիպում է Ռավանային։ Մարտին հետևելու համար հայտնվում են բազմաթիվ աստվածներ։ Պատմում են, որ նրանք պայքարում էին միմյանց դեմ, ինչպես կատաղի առյուծներ։ Իր նետով Ռամը կտրում է Ռավանայի տասը գլուխները, բայց ամեն անգամ խփած տեղը նոր գլուխ է առաջանում։ Նետերը, որ նախքան սա մահացու վիրավորել էին Մարիչին, Կհարին և Բալին, չէին կարողանում խլել Լանկայի հզոր արքայի կյանքը։ Այդ ժամանակ Ռամը որոշում է օգտագործել Բրահմայի զենքը, որը նրան տվել էր իմաստուն Ագաստյան, որը քամին վերահսկելու կարողություն ուներ։ Այդ նետի ծայրին գտնվում էր կրակի հսկայական ուժ, իսկ քաշով հավասար էր Մերու լեռան ծանրությանը։ Ռամը բաց է թողնում վեդայական մանտրաներով ու արձակում այն Ռավանայի վրա։ Նետը, հարվածելով Ռավանայի կրծքին և ողողվելով նրա արյամբ, վերադառնում է Ռամի նետամանը։ Ռավանայի մահից հետո երկնային մոլորակներում սկսվում է մեծ ուրախություն, և երախտապարտ աստվածները առատորեն ողողում են Ռամին երկնային ծաղիկների անձրևով։

Փորձություն և աքսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիթան վերադառնում է մոր՝ Երկրի մոտ

Ռավանայի մահից հետո Վիբհիշանան Սիթային գեղեցիկ զարդարված կառքով բերում է Ռամի մոտ։ Բայց, ի զարմանս բոլորի, Ռամը չի ընդունում նրան՝ համարելով, որ նա պղծվել է ռաքշասների պալատում եղած ժամանակ։ Սիթան խորապես վիրավորվում է Ռամի այս վերաբերմունքից, և ապացուցելու համար իր անմեղությունը՝ որոշում է անցնել կրակի փորձությունը։ Լաքշմանը կրակ է պատրաստում և Սիթն անցնում է դրա միջով։ Կրակի աստված Ագնին ինքն իր ձեռքով կրակից հանում է անմեղին, տանում նրան Ռամի մոտ և խնդրում նրան հետ ընդունել։ Ռամը ասում է, որ առանց որևէ փորձության էլ ինքը վստահ էր իր կնոջ մաքրության վրա, բայց ուզում էր ապացուցել նրա անմեղությունը ուրիշներին։

Երբ արտաքսման ժամկետն ավարտվում է, Ռամը, Սիթան և Լաքշմանը միասին ուղեկից կապիկների և նրանց կանանց հետ մեծ հանդիսավորությամբ մտնում են քաղաք, որտեղ Ռամը օծվում է թագավոր։ Դրան հաջորդում է Ռամի գահակալության դարաշրջանը, որը տևում է 10.000 տարի՝ բարգավաճման դարեր, որին հավասարը չէր եղել պատմության մեջ։ Ասում են, որ այդ ժամանակ երկրում տիրում էր խաղաղությունը, երեխաները չէին լալիս, չկար երաշտ և երկիրը տալիս էր առատ պտուղներ, չկային հիվանդություններ, աղքատության և հանցագործություններ։

Մի անգամ Ռամը հագնվում է հասարակ մարդու նման և գնում քաղաք՝ նպատակ ունենալով պարզել, թե ինչ կարծիք ունեին իր մասին հպատակները։ Ռամը ականատես է լինում մի դեպքի, որտեղ մի լվացարար ծեծում է կնոջը՝ կասկածելով դավաճանության մեջ, և ասում, որ ինքը չի լինի Ռամի նման հիմար, որ հավատա այն կնոջ մաքրությանը, որ տարիներ էր անցկացրել գերության մեջ ուրիշ մարդու հետ։ Որպեսզի Սիթային և իրեն ազատի զրպարտությունից, ուղարկում է նրան ապրելու անտառի խրճիթում։ Այդ ժամանակ Սիթան հղի էր, աքսորի մեջ գտնվելով, ունենում է զույգ որդիներ՝ Լավին և Քուշին։ Երբ երեխաները մեծանում են, նրանց ուղարկում է Ռամի մոտ։ Տեսնելով որդիներին՝ Ռամին պատում են անցյալի երջանիկ հիշողությունները, և նա Սիթային ետ է բերում պալատ։ Սակայն պալատականների ընդհանուր ժողովում կրկին խնդրում է նրան ապացուցել իր անմեղությունը։ Սիթան հուսահատության մեջ է ընկնում և գնում է մայր երկիր Բհումիի մոտ, որը կյանք էր տվել նրան, այնպես էլ հետ վերցնի։ Ի պատասխան Սիթայի աղոթքների՝ բացվում է Երկիրը և նրան վերցնում է իր գիրկը։

Դրանից հետո Ռամի ավատարների առաջադրանքներն ավարտվում են։ Ռամը գնում է սրբազան գետի ափը, և մարմինն այնտեղ թողնելով՝ վերադառնում է իր հոգու հավերժական կացարան։

Վիշնուի ավատար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշնու և Լաքշմի

«Ռամայանայում» ասվում է, որ Երկիրը մարմնավորող աստվածուհի Բհումին գալիս է տիեզերքն ստեղծող Բրահմայի մոտ, աղոթում փրկել իրեն անարդար թագավորներից, որոնք անխնա շահագործվում էին իր պաշարները և արյունալի պատերազմներով մեղավոր էին բազմաթիվ մարդկանց մահման մեջ։ Բրահմայի մոտ հովանավորություն խնդրելու էին եկել նաև շատ աստվածներ, որոնք բավականին վախեցած էին Լանկայի տասգլխանի դիվական հզոր ղեկավար Ռավանայից։ Ստացած շնորհով Ռավանան ուներ անգերազանցելի ուժ և անխոցելի էր աստվածներից ու տիեզերքի բոլոր տեսակի կենդանի էակներից, բացառությամբ կենդանիների և մարդկանց[24]։ Ռավանան հաղթել էր աստվածներին և վերահսկողություն էր դրել տիեզերքի բոլոր երեք աշխարհների հետ։ Նկարագրում են, որ Ռավանան հպարտ ու ռազմատենչ էր և հովանավորում էր բոլոր տեսակի դևերին և ստոր անձանց։

Բրահման Բհումիի և այլ աստվածների հետ սկսեց խոնարհվել տիեզերքի պահապան Վիշնուի առաջ՝ խնդրելով ցած իջնել և ազատել նրանց Ռավանայի բռնապետությունից։ Ի պատասխան Վիշնուն խոստանում են սպանել Ռավանային, հայտնվելով երկրի վրա որպես Ռամ թագավոր՝ Կոշալայի թագավոր Դաշարաթայի ավագ որդի։ Լաքշմին՝ Վիշնուի հավիտենական կինը և կանացի երրորդություներից մեկը, ծնվում է երկրի վրա որպես Սիթա։ Նրա խորթ հայրը դարձավ Միթհիլայի Ջանակա արքան։ Սիթային կին չէր ծնել, այլ հենց Մայր երկիր Բհումին, Ջանական հայտնաբերում է նրան դաշտի ակոսում։ Վիշուի հավերժական ուղեկիցը և նրա մեկը դրսևորումների՝ Անանտա Շեշան մարմնավորվում է որպես Լաքշման և Ռամի հետ է մնում նրա բոլոր փորձությունների ժամանակ։ Ռամի՝ հողի վրա գտնվելու ժամանակ իր աստվածային ծագման մասին չգիտեր ոչ ոք, բացի իրենից և իմաստունների խմբից (որոնց մեջ էին Վասիշտխին, Շարաբհանգան, Ագաստյան և Վիշվամիթրեն)։ Չնայած նրան, որ Ռամը մեծ հարգանք ու երկրպագություն էր վայելում շատ իմաստուններից, որոնց նա հանդիպել էր իր կյանքում, միայն նրանցից առավել վսեմներն ու գիտունները գիտակցեցին նրա իրական կարգավիճակը՝ որպես Բարձրագույնի ավատար։ Ռավանայի դեմ Ռամի հաղթական կռվից անմիջապես հետո, երբ Սիթան բարոյականության քննությունը առջև կանգնեց՝ անցնելով կրակի միջով, Բրահման, Ինդրան և մյուս աստվածները երկնային իմաստունների ու Շիվայի հետ իջան երկնքից։ Նրանք հաստատեցին Սիթայի անաղարտությունը և շնորհակալություն հայտնելով Ռամին չարիքի ուժերից տիեզերքն ազատագրելու համար, բացահայտեցին Ռամի աստվածային դիրքը և հայտարաեցին, որ ավարտվել է նրա առաքելության փուլը[25]։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամը սովորաբար պատկերվում է մեծ աղեղով, նետամանով և վիշնուական թագով ռազմիկի տեսքով։ Նրա մշտական ուղեկիցը եղբայրն է՝ Լաքշմանը։ Ինչպես նաև Ռամի կողքին կարող է լինել իր կնոջ՝ Սիթայի արձանը։ Ռամի մեկ այլ ուղեկից կարող է լինել կապիկների առաջնորդ Հանումանը։ Ընդ որում Ռամի, Սիթայի, Հանումանի և Լաքշմանի բրոնզե արձանները միշտ կանգնած դիրքով են։ Սիթը գտնվում է Ռամի աջ կողմում, իսկ Լաքշմանը՝ ձախ կողմում[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zimmer & Campbell 1972, էջ. 18
  2. Gupta, S.M. (1993). Vishnu and His Incarnations. South Asia Books.
  3. Ganguly, S. (2003). «The Crisis of Indian Secularism». Journal of Democracy. 14 (4): 11–25. Վերցված է 2008 թ․ ապրիլի 12-ին.
  4. 4,0 4,1 Жуковский, Копцева, 2005, էջ 291
  5. Dimock Jr, E.C. (1963). «Doctrine and Practice among the Vaisnavas of Bengal». History of Religions. 3 (1): 106–127.
  6. Rosen, S. (1994). Vaisnavism: Contemporary Scholars Discuss the Gaudiya Tradition. Motilal Banarsidass Publ.
  7. 7,0 7,1 Hess, L. (2001). «Rejecting Sita: Indian Responses to the Ideal Man's Cruel Treatment of His Ideal Wife*». Journal of the American Academy of Religion. 67 (1): 1–32. Վերցված է 2008 թ․ ապրիլի 12-ին.
  8. Van Der Veer, P. (1989). «The Power of Detachment: Disciplines of Body and Mind in the Ramanandi Order». American Ethnologist. 16 (3): 458–470.
  9. Kanungo, H. «The Distinct Speciality of Lord Jagannath» (PDF). ORISSA REVIEW. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 12-ին.
  10. 10,0 10,1 10,2 Griffith, R.T.H. (1963). The Ramayan of Valmiki. Chowkhamba Sanskrit Series Office.
  11. Goswami, S.D. (2001). Vaisnava Compassion. La Crosse, Florida: GN Press.
  12. 12,0 12,1 12,2 Mayrhofer M. Etymologisches Wörterbuch des Altindoarischen — Bd. II — Heidelberg, 1996. — S. 449.
  13. 13,0 13,1 Mayrhofer M. Kurzgefasstes etymologisches Wörterbuch des Altindischen — Bd. III — Heidelberg, 1964. — S. 54.
  14. Fallon, Oliver. 2009. Bhatti’s Poem: The Death of Rávana (Bhaṭṭikāvya). New York: Clay Sanskrit Library [1] Արխիվացված 2019-07-07 Wayback Machine. ISBN 978-0-8147-2778-2 | ISBN 0-8147-2778-6 |
  15. «Regional Ramayanas». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  16. R. Menon, The Ramayana, pp. 12-13
  17. R. Menon, The Ramayana, pp. 14
  18. R. Menon, The Ramayana, pp. 50
  19. R. Menon, The Ramayana, pp. 57
  20. 20,0 20,1 R. Menon, The Ramayana, pp. 59
  21. R. Menon, The Ramayana, pp. 77
  22. R. Menon, The Ramayana, pp. 91
  23. R. Menon, The Ramayana, pp. 87-88
  24. R. Menon, The Ramayana, pp. 10-11
  25. R. Menon, The Ramayana, pp. 496—500

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]