Պետական պարտք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պետական պարտք, երկրին (ներքին պարտք) և արտասահմանյան (արտաքին պարտք) քաղաքացիներին, ֆիրմաներին ու հաստատություններին պետության պարտքը: Պետական պարտքը պետության ֆինանսական գործունեության արդյունք է, որն իրականացվում է բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար: Բյուջեի դեֆիցիտն այն գումարն է, որով տվյալ տարում պետության կատարած ծախսերը գերազանցում են նրա եկամուտները: Մեկ այլ սահմանման համաձայն էլ, պետական պարտքը երկրի պետական բյուջեի բոլոր տարիների գումարային դեֆիցիտների և գումարային ավելցուկների տարբերությունն է[1]:

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի մեջ ամրագրված է, որ ՀՀ պետական պարտքը ՀՀ անունից և ՀՀ կենտրոնական բանկի անունից, բացառությամբ ռեզիդենտների հանդեպ Կենտրոնական բանկի առկա պարտքային պարտավորությունների, ստանձված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների համագումարն է[2]:

Պետական պարտքը դարձել է համընդհանուր մտահոգության առարկա թե՛ հարկատուների, թե՛ ներդրողների և թե՛ միջազգային կառույցների համար: Եթե 20-րդ դարում պետական պարտքի հետ կապված խնդիրներին բախվում էին զարգացող երկրները, ապա 21-րդ դարում պարտքային խնդիրներ ի հայտ եկան նաև ՏՀԶԿ անդամ երկրներում, և վարկանիշային ընկերություններն սկսեցին իջեցնել նաև ՏՀԶԿ և, անգամ, Մեծ յոթնյակի անդամ երկրների վարկանիշները[3]:

Պետական պարտքը կարող է նպաստել երկրի տնտեսության աճին, եթե ներգրավված միջոցներն արդյունավետ են օգտագործվում: Բացի այդ, պետական պարտքը կարող է խոչընդոտել տնտեսական աճին, եթե պարտքի սպասարկումն ու մարումը մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում, որոնք կարող էին օգտագործվել պետության առջև ծառացած այլ խնդիրները լուծելու համար[4]:

Պետական պարտքի չափն արտահայտվում է տվյալ պետության դրամական միավորով կամ համարժեք այլ տարադրամով: Տնտեսագիտական տեսանկյունից առավել նպատակահարմար է պետական պարտքն արտահայտել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությամբ:

Պետական պարտքի էություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի համագումարն է: Պետական պարտքի մարման և սպասարկման ենթակա գումարները վճարվում են ամբողջությամբ և ժամանակին: Եթե տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա պետական պարտքի մարման և սպասարկման ենթակա վճարումները կարող են իրականացվել առանց սահմանափակման՝ արտահայտելով այդ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ: Պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի համապատասխան երկրի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի որոշակի տոկոսը: Հայաստանի Հանրապետության պարագայում խոսքը ՀՆԱ-ի 60 %-ի մասին[5]: Եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50 %-ը, ապա հաջորդ տարվա բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների ցուցանիշի 3 %-ը[6]:

Պետական պարտքի առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ըստ երկրների 2018 թվականի դրությամբ:

Գոյություն ունեն մի շարք պատճառներ, որոնց արդյունքում երկարատև ժամանակ պետական բյուջեն կարող է դեֆիցիտով աշխատել: Հետևաբար, գոյանում և աճում է պետական պարտքը: Պետական պարտքի առաջացման տարբեր պատճառներ գոյություն ունեն.

  • Պատերազմներ:Պատերազմական գործողությունների ժամանակ աճում են ռազմական ծախսերը: Այդ ծախսերը ֆինանսավորելու համար գոյություն ունեն երեք հիմնական տարբերակներ՝
  1. Մեծացնել հարկերը, որը կխաթարի աշխատելու մոտիվացիային,
  2. Փողի լրացուցիչ քանակի թողարկումը, որի արդյունքում տեղի կունենա գնաճ՝ ինֆլյացիա,
  3. Օգտագործել դեֆիցիտային ֆինանսավորում, որն իրականացվում է բնակչության պարտատոմսեր վաճառելով: Այս քայլին դիմել են գերմանացիները՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
  • Տնտեսական անկումներ: Տնտեսական անկման ժամանակ, երբ ազգային եկամուտը կրճատվում է, հարկերը ևս ավտոմատ կերպով կրճատվում են և առաջանում է դեֆիցիտ: Օրինակ, ԱՄՆ պետական պարտքը մեծացավ Մեծ ճգնաժամի ընթացքում:
  • Հարկերի կրճատում: Տնտեսության վերականգնման նպատակով հարկային օրենսդրության մեջ կարող են իրականացվել փոփոխություններ, որոնցով կրճատվեն ինչպես անձնական եկամուտները, այնպես էլ կորպորացիաների շահութահարկերը, որի հետևանքով առաջանում է բյուջեի դեֆիցիտ: Այսպիսի խնդրի առջև կանգնեց Միացյալ Նահանգները՝ 1981 թվականին «Հարկերի մասին» բիլի ընդունումից հետո:
  • Քաղաքական կամքի բացակայություն: Բյուջեի դեֆիցիտը և պետական պարտքը նաև քաղաքական կամքի բացակայության արդյունք են, քանի որ պետական ծախսերի աճը և հարկերի կրճատումը նպաստում են ընտրողների քվեների ստացմանը[7]:

Պետական պարտքի մտացածին և իրական հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական տնտեսագիտական գրականության մեջ առաջ են քաշում պետական պարտքի և տնտեսության վրա նրա ազդեցության մտացածին և իրական հետևանքները: Շատ հաճախ տնտեսագետներին հետաքրքրում է այն հարցը, թե կարող է արդյոք պետական խոշոր պարտքը հանգեցնել պետության սնանկացմանը: Ամերիկացի տնտեսագետները փաստում են, որ պետական խոշոր պարտքը չի կարող լինել միակ պատճառը, որի արդյունքում պետությունը կարող է սնանկ ճանաչվել[8]:

Պետական պարտքի մտացածին հետևանքներն են՝

  1. Վերաֆինանսավորում: Որևէ պատճառ գոյություն չունի պետական պարտքը կրճատելու կամ վերացնելու համար: Գործնականում, երբ պարտքի ինչ-որ մասի վճարման ժամկետը մոտենում է, պետությունը չի կրճատում իր ծախսերը և չի բարձրացնում հարկերը, որպեսզի մարի պարտատոմսերը: Պետությունը վերաֆինանսավորում է իր պարտքը, այսինքն նոր պարտատոմսեր է վաճառում և ստացված հասույթն օգտագործում է պարտատոմսերի դիմաց վճարելու համար:
  2. Հարկում: Պետությունը օրենսդրական կարգով իրավունք ունի բնակչությունից հարկ գանձելու: Ուստի պետության եկամտի աղբյուրներից մեկը համարվում է հարկումը և, ի տարբերություն, տնային տնտեսությունների և ֆիրմաների չի սնանկանում:
  3. Փողի ստեղծում: Պետությունը չի կարող սնանկանալ նաև այն պատճառով, որ իրավունք ունի փող թողարկել, որը կարելի է վճարել պարտքի դիմաց: Սակայն փողի ստեղծումը պարտք մարելու կամ պարտատոմսերի դիմաց տոկոսը վճարելու համար կարող է ունենալ ինֆլյացիոն էֆեկտ[9]:

Տնտեսագետ Ադոլֆ Վագները փորձել է հասկանալ, թե արդյոք պետական պարտքը կարող է գալիք սերնդի համար բեռ հանդիսանալ: Նա նշում է, որ նախ և առաջ պետք է պարզել ներքի՞ն, թե՞ արտաքին պարտքի հետ գործ ունենք: Պարտքի մեծ մասը ներքին պարտքն է: Պետական պարտատոմսերի մեծ մասը բաշխված է երկրի ներսում: Փաստորեն, պետական պարտքը միաժամանակ հասարակության ակտիվն է: Տվյալ երկրի քաղաքացիների հայեցողության տակ գտնվող պետական պարտատոմսերի մարումը գնողունակության ոչ մի արտահոսք չի առաջացնի երկրի տնտեսությունից[10]:

Սակայն չի էլ կարելի ժխտել, որ պետական պարտքը կարող է նաև լուրջ խնդիրներ առաջացնել տնտեսության համար: Պետական պարտքի իրական հետևանքներն են՝

  1. Եկամտի բաշխում: Պետական պարտատոմսերը անհավասարաչափ են բաշխվա սեփականատերերի միջև: Դրանց զգալի մասը կենտրոնացված է բնակչության առավել ունևոր խմբերի մոտ, իսկ մի մասն ընդհանրապես չունի: Քանի որ հարկային համակարգը բավարար չափով պրոգրեսիվ չէ, պետական պարտատոմսերի դիմաց տոկոսների վճարումն ավելի է մեծացնում եկամուտների անհավասարությունը: Եթե պետության նպատակը սոցիալական հավասարության հասնելն է, ապա նման վերաբաշխման էֆեկտը անցանկալի :
  2. Խթաններ: Պարտքի տոկոսների տարեկան վճարները պետք է կատարվեն հարկերից: Նման լրացուցիչ հարկերը կարող են մարել ձեռնարկատիրական ռիսկի դիմելու պատրաստակամությունը, տեխնոլոգիական, նորարական և այլ ներդրումներ կատարելու ցանկությունները: Արդյունքում, արգելքներ կառաջանան տնտեսական աճի համար:
  3. Արտաքին պարտք: Արտաքին պարտքը, այսինքն երկրի պարտքը արտասահմանյան քաղաքացիներին և ինստիտուտներին, երկրի համար խոշոր տնտեսական բեռ է: Պետական պարտքի այդ մասը տոկոսների և հիմնական մասի վճարը պահանջում է երկրի իրական արդյունքի փոխանցում այլ պետության:
  4. Ֆիսկալ քաղաքականության սահմանափակում: Խոշոր և աճող պետական պարտքը դժվարացնում է ֆիսկալ միջոցառումների իրականացումը, թուլացնում է նրա արդյունավետությունը:
  5. Դուրսմղման էֆեկտ և կապիտալի կուտակում: Պետությունը կարող է իր պարտքի իրական տնտեսական բեռը գցել ապագա սերնդի ուսերին, որովհետև պարտքի պատճառով ապագա սերունդն ավելի քիչ ներդրումային ապրանքներ կժառանգի: Այն կապված է դուրսմղման էֆեկտի հետ, քանի որ դեֆիցիտի ֆինանսավորումը մեծացնում է տոկոսադրույքը, հետևաբար կրճատվում են ներդրումները: Ապագա սերունդը փոքր արտադրական պոտենցիալով տնտեսություն է ժառանգում: Հետևաբար, այլ հավասար պայմանների դեպքում կենսամակարդակն ավելի ցածր կլինի,քան այլ դեպքերում: Օրինակ, տնտեսությոնը գործում է լրիվ զբաղվածության պայմաններում և պետական բյուջեն հավասարակշռված է: Պետությունն ինչ-որ պատճառով մեծացնում է իր ծախսերը: Լրիվ զբաղվածության պայմաններում արտադրական հնարավորությունների կորի մի առանցքի վրա վերցնենք պետական սեկտորի ապրանքները, մյուսի վրա՝ մասնավոր սեկտորի: Այդ պայմաններում պետական ծասերի մեծացումը տնտեսությունը կորի վրայով կտեղաշարժվի պետական սեկտորի ապրանքների առանցքի ուղղությամբ, որը նշանակում է մասնավոր սեկտորի ապրանքների արտադրության կրճատում, որտեղ արտադրվում են և սպառման, և ներդրումային ապրանքներ: Եթե պետական սեկտորում արտադրությունը մեծանում է սպառողական ապրանքների հաշվին, ապա ցածր կենսամակարդակի բեռը կընկնի ներկա սերնդի վրա: Եթե պետական սեկտորում արտադրությունը բերի ներդրումային ապրանքների արտադրության կրճատման, ապա ցածր կենսամակարդակի բեռը կընկնի ապագա սերնդի վրա[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственный долг РФ. Сущность и формы государственного долга.
  2. «Legislation: National Assemly of RA»։ www.parliament.am։ Վերցված է 2018-04-11 
  3. Время Настоящее։ «Коротко: что такое госдолг и почему о нем говорят»։ Настоящее Время (ռուսերեն)։ Վերցված է 2018-04-11 
  4. Պետական պարտքի կառավարման վերաբերյալ վերջին տարիներին ընդունած քաղաքական որոշումները և դրանց հետևանքները (հետազոտություն):։ Երևան: Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան։ 2014։ էջ 3 
  5. Media Ampop։ «Պետական պարտք | Ampop.am»։ Ampop.am (hy-HY)։ Վերցված է 2018-04-11 
  6. «Legislation: National Assemly of RA»։ www.parliament.am։ Վերցված է 2018-04-11 
  7. (Счетная палата Австрийской Республики) Генеральный секретариат ИНТОСАИ – RECHNUNGSHOF (2015)։ Индикаторы долга։ Вена։ էջ 8 
  8. «Государственный долг»։ www.ereport.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-04-11 
  9. «Government Debt and Deficits: The Concise Encyclopedia of Economics | Library of Economics and Liberty»։ www.econlib.org։ Վերցված է 2018-04-11 
  10. «1. 1. Основные направления развития теории государственного долга»։ pravo.studio (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 
  11. «What Is the Public Debt?»։ The Balance (անգլերեն)։ Վերցված է 2018-04-11 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]