Ուինդհեմ քույրերը. լեդի Էլկո, տիկին Ադեյն և տիկին Թեննանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ուինդհեմ քույրերը. լեդի Էլկո, տիկին Ադեյն և տիկին Թեննանթ
The Wyndham Sisters - Lady Elcho, Mrs. Adeane, and Mrs. Tenant.jpg
տեսակգեղանկար
նկարիչՋոն Սինգեր Սարջենթ[1]
տարի1899[1]
բարձրություն292,1 սանտիմետր[2]
լայնություն213,7 սանտիմետր[2]
ստեղծման երկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ժանրընտանեկան դիմանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1]
հիմնական թեմաՄերի Կոնստանս Ուինդհեմ, Madeline Pamela Constance Blanche Wyndham? և Pamela Wyndham?
The Wyndham Sisters: Lady Elcho, Mrs. Adeane, and Mrs. Tennant Վիքիպահեստում

«Ուինդհեմ քույրերը. լեդի Էլկո, տիկին Ադեյն և տիկին Թեննանթ» (անգլ.՝ The Wyndham Sisters: Lady Elcho, Mrs. Adeane, and Mrs. Tennant), ամերիկացի նկարիչ Ջոն Սինգեր Սարջենթի խմբային դիմանկար։ 1899 թվականին ստեղծված աշխատանքը 1927 թվականից գտնվում է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[3]։ Կտավը բարձր է գնահատվել քննադատների կողմից. Ուելսի արքայազնը այն բնութագրել է որպես «Երեք նրբագեղություն»[4]։

Տեղեկություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու մետրանոց կտավի վրա պատկերված են լոնդոնյան ազդեցիկ քաղաքական գործիչ և կոլլեկցիոներ Պերսի Ուինդհեմի երեք դուստրերը (ձախից աջ)` Մեդլին Ադեյնը (1869-1941), Պամելա Թեննանթը (1871-1928) և Մերի Կոնստանս Էլկոն (1862-1937)[4]։ Պերսի Ուինդհեմը և իր կինը` Մեդլինը, շատ նկարիչների հետ էին բարեկամություն անում, իրենց դուստրերի դիմանկարը պատվիրեցին տոհմական տանը[5]։ Հարյուրամյակի սահմանագծին արիստոկրատները վախենում էին, որ իրենց դասակարգային տիրապետությունը աստիճանաբար անկում է ապրում, գյուղատնտեսական ճգնաժամի, դեմոկրատական շարժման աճի և մերիտոկրատիայի պատճառով, քույրերի շքեղ դիմանկարը պետք է հանդիսանար արիստոկրատիայի հզորության հաստատումը և դինաստիայի շարունակականությունը[5]։ Քույրերը պատկերված են իրենց գեղեցկության, հարստության և ազդեցիկության գագաթնակետին[5]։

Բազմոցի խորքում` աջից, մեծ քույրն է` Մերի Կոնստանս Էլկոն (այդ պահին նա շուրջ 30 տարեկան է), որը լոնդոնյան աշխարհիկ հասարակության հայտնի ներկայացուցիչներից էր, սկանդալային լորդ Հյուգո Էլկոյի կինը։ Լորդի խաղամոլության պատճառով Մերին և նրա երեխաները հաճախ գումարի կարիք էին ունենում և ընտանիքը գտնվում էր անմխիթար վիճակում[5]։ Այնուամենայնիվ, Մերի Կոնստանսը շարունակում էր կազմակերպել աղմուկ հանած աշխարհիկ ընդունելություններ, որոնց ձգտում էին մասնակցել արիստոկրատները և Նախարարների կաբինետի անդամները[5]։ Հայտնի փաստ էր Մերի Կոնստանսի և պետական գործիչ, Մեծ Բրիտանիայի 50-րդ ապագա վարչապետ Արթուր Բալֆուրի սիրավեպը[5]։

Ձախ կողմում պատկերված է միջնեկ քույրը` Մեդլինը, որը շատ համեստ և հանգիստ աղջիկ էր և 19 տարեկանում ամուսնացավ քեմբրիջշիրցի հողատեր Չարլի Ադեյնի հետ, որի ընտանիքի անդամները Վիկտորիա թագուհու պալատականներից էին[5]։ Քույրերի մայրը համարում էր, որ հարստությամբ աչքի չընկնող Ադեյնը հարմար թեկնածու չէր իր աղջկա համար, սակայն Մեդլինի ամունությունն ավելի հաջողված էր, քան իր քույրերինը։ Նրանց ամուսնությունը մթագնեց նորածին որդու մահը։ Մեդլինը և իր ամուսինը միայն դուստրեր ունեին, իսկ երկար սպասված ժառանգորդը ծնվեց 24 շաբաթական և ապրեց ընդամենը 12 ժամ[5]։ Սաստիկ կորստից տառապող կնոջ տխրությունն իր արտացոլումն է գտել Սարջենթի ստեղծագործությունում (հինգ տարի անց ամուսինները այնուամենայնիվ տղա ունեցան)[5]։

Քմահաճ կրտսեր քույրը` Պամելա Թեննանթը, նստած է կենտրոնում և տիրաբար նայում է դիտորդներին[5]։ Ի տարբերություն ավագ քրոջ, Պամելան արհամարհում էր աշխարհիկ հասարակությանը և նախընտրում էր իր երեխաների ընկերակցությունը, գյուղական կյանքը Անգլիայի հարավ-արևմուտքում` Ուիլտշիրում և բանաստեղծական գործունեությունը[5]։ Սակայն Պամելան իր խիստ և դյուրագրգիռ բնավորության շնորհիվ հաճախ հարձակվում էր իր բազմաչարչար ամուսնու` Էդդի Թեննանթի վրա[5]։ Հայտնի է, որ Պամելան սիրավեպ ուներ ամուսնու ընկերոջ` քաղաքական գործիչ, այդ ժամանակվա արտաքին գործերի փոխնախարար Էդվարդ Գրեյի հետ[5]։

Ջոն Սարջենթը քույրերին պատկերել է Լոնդոնի Բելգրև պուրակում գտնվող Ուինդհեմների ընտանեկան նստավայրի հյուրասենյակում։ Աղջիկները նստած են բազմոցին` սպիտակ մետաքսե դիպակից և շղարշից կարված զգեստով[5]։ Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի կողմից պատի մգացված ֆոնի վրա՝ արևածաղիկների մեջ, պատկերված է քույրերի մոր դիմանկարը, որն արտացոլում է ինչպես հերոսուհիների ծագումնաբանությունը, այնպես էլ Սարջենթի կապն անցյալի նկարիչների հետ[4]։

1900 թվականին ստեղծագործությունը ցուցադրվում է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որտեղ այն ստանում է քննադատների հիացական արձագանքը[4]։ Ակադեմիայի ցուցահանդեսի այցելուների մեծ մասը ճանաչում էին քույրերին և գիտեին նրան հետ կապված սկանդալների մասին[5]։ Ուինդհեմ ընտանիքի հարստությունը չէր կարող նրանց փրկել Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքներից։ Արիստոկրատիայի աղքատացման պայմաններում քույրերի բարեկամ Դիկ Ուինդհեմը, որպեսզի պահպանի իր սովորական հարուստ կենսակերպը, 1924 թվականին սկսեց վաճառել նկարները։ Ուինդհեմ քույրերի դիմանկարը 1927 թվականին վաճառվում է Մետրոպոլիտեն թանգարանին, որտեղ էլ այն պահվում է մինչ օրս։ Ինչպես Դիկն է ասել իր մորաքույրերին, սա եղել է «այլընտրանք այն բանին, որ նկարը պահվի այն տանը, որտեղ չեմ կարող ապրել ո'չ ես, ո'չ էլ ժառանգորդներից որևէ մեկը»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]