Նատրիումուրետիկ պեպտիդ
Նատրիումամուղ հորմոն, (նատրիումուրետիկ հորմոն, ատրիոպեպտիդ) սրտամկանի, առավելապես աջ նախասրտի բջիջների կողմից սինթեզվող հորմոն, որը մասնակցում է օրգանիզմի ջրաաղային փոխանակության կարգավորմանը։ Հորմոնի ազդեցությամբ արյան մեջ նվազում է նատրիումի քանակը, արյան ծավալը, արյան ճնշումը, անոթները լայնանում են[1][2]։
Հորմոնը կազմված է 28 ամինաթթվային մնացորդներից, որի կենտրոնական մասում 17 ամինաթթուները 7-րդ և 23-րդ դիրքերում երկսուլֆիդային կապերով առաջացնում են օղակ։ Հայտնաբերվել է 1981 թվականին Կանադայում[3]։
Այս հորմոնը քիչ քանակով սինթեզվում է նաև երիկամներում, մակերիկամների միջուկային շերտում և հիպոթալամուսում։ Հորմոնի ընկալիչները տեղակայված են արյունատար անոթներում, սրտում, գլխուղեղի կեղևում, մակերիկամների կծիկային շերտում և երիկամներում։ Հորմոնն արյան մեջ է անցնում նախասրտերի գերձգման, զարկերակային արյան ճնշման բարձրացման, արյան մեջ նատրիումի և հակամիզամուղային հորմոնի (վազոպրեսին) քանակի շատացման, սրտի սիմպաթիկ նյարդերի ակտիվացման ժամանակ[3]։
Ֆունկցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատրիումամուղ հորմոնն ունի անոթային և երիկամային ազդեցություններ։ Հորմոնի երիկամային ազդեցություններն են.
- նեֆրոնում կծիկային քամման մեծացում,
- երիկամային խողովակիկներում նատրիումի, քլորի իոնների և ջրի հետներծծման ընկճում,
- մեզով նատրիումի և քլորի իոնների արտահանում,
- հզոր միզամուղային ազդեցություն,
- ալդոստերոնի և ռենինի հյութազատության ընկճում,
- ջրի նկատմամբ հյուսվածքաարյունային պատնեշի թափանցելիության մեծացում և դեպի միջհյուսվածքային հեղուկ ջրի փոխադրման մեծացում։
Հորմոնի անոթային ազդեցություններն արտահայտվում են անոթների հարթ մկանների թուլացմամբ և անոթալայնացմամբ։ Հորմոնը թուլացնում է աղիների հարթ մկանները, իջեցնում է ներակնային ճնշումը։ Նատրիումամուղ հորմոնն իր ազդեցությամբ հանդիսանում է ռենին-անգիոթենզին-ալդոստերոնային համակարգի հակազդիչը[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Widmaier, Eric P. Vander's Human Physiology, 11th Ed.. — McGraw-Hill, 2008. — P. 291, 509–10. — ISBN 978-0-07-304962-5
- ↑ Potter LR, Yoder AR, Flora DR, Antos LK, Dickey DM (2009). «Natriuretic peptides: their structures, receptors, physiologic functions and therapeutic applications». Handb Exp Pharmacol 191 (191): 341–66. DOI:10.1007/978-3-540-68964-5_15 . PMID 19089336
- ↑ 3,0 3,1 de Bold A (1985). «Atrial natriuretic factor: a hormone produced by the heart». Science 230 (4727): 767–70. DOI:10.1126/science.2932797 . PMID 2932797
- ↑ Kong X, Wang X, Hellermann G, Lockey RF, Mohapatra S (2007). «Mice Deficient in Atrial Natriuretic Peptide Receptor A (NPRA) Exhibit Decreased Lung Inflammation: Implication of NPRA Signaling in Asthma Pathogenesis». The Journal of Allergic and Clinical Immunology 119 (1): S127. DOI:10.1016/j.jaci.2006.11.482
- ↑ Kiberd BA, Larson TS, Robertson CR, Jamison RL (June 1987). «Effect of atrial natriuretic peptide on vasa recta blood flow in the rat ». Am. J. Physiol. 252 (6 Pt 2): F1112–7. PMID 2954471