Յոհան Պախելբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Պախելբել
Johann pachelbel.gif
Հիմնական տվյալներ
Ծնվել է ոչ ուշ քան սեպտեմբերի 1, 1653
Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[1][2]
Մահացել է մարտի 3, 1706({{padleft:1706|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:3|2|0}})[3][4][5][2][6]
Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[1][2]
Ժանրեր բարոկկո դարաշրջանի երաժշտություն
Մասնագիտություն կոմպոզիտոր և երգեհոնահար
Գործիքներ երգեհոն
Ստորագրություն
Ստորագրություն

Յոհան Պախելբել (գերմ.՝ Johann Pachelbel, ոչ ուշ քան սեպտեմբերի 1, 1653, Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[1][2] - մարտի 3, 1706({{padleft:1706|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:3|2|0}})[3][4][5][2][6], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[1][2]), գերմանացի կոմպոզիտոր և երգեհոնահար: Պախելբելի ստեղծագործական ժառանգությունը բարոկկոյի ժամանակաշրջանի հարավ-գերմանական երգեհոնային երաժշտության գագաթներից մեկն է: Հատկապես մեծ է նրա նպաստը բողոքական եկեղեցական երաժշտության զարգացման գործում: Հանրությանը Յոհան Պախելբելն առավելապես հայտնի է իր «Կանոն ռե մաժոր» ստեղծագործությամբ, որով, սակայն, դժվար է կարծիք կազմել նրա ոճի մասին:

Կյանքի վաղ շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Պախելբելը ծնվել է Նյուրնբերգում և մկրտվել է 1653 թվականի սեպտեմբերի 1-ին: Նրա ծննդյան ստույգ ամսաթիվը հայտնի չէ, բայց, ինչպես ենթադրվում է, ծնվել է օգոստոսին: Երաժշտական նախնական կրթությունը ստացել է Սուրբ Սեբալդի եկեղեցու երգիչ Հենրիխ Շվեմերի և նույն եկեղեցու երգեհոնահար Գէորգ Կասպար Վեկերի մոտ: 15 տարեկանում Յոհանն ընդունվեց Ալտդորֆի համալսարան, որտեղ ուսանելու տարիներին միաժամանակ տեղի եկեղեցիներից մեկում աշխատում էր որպես երգեհոնահար: Սակայն չքավորության պատճառով նա ստիպված եղավ կիսատ թողնել ուսումը համալսարանում, որտեղ դեռ մեկ լրիվ տարի էլ չէր հաճախել: Ավելի ուշ Պախելբելն ընդունվեց Բանաստեղծների գիմնազիա (Gymnasium poeticum), որը գտնվում էր Ռեգենսբուրգ քաղաքում: Այս դպրոցի տնօրինությունը, տպավորվելով Պախելբելի ունակություններով, նրան թույլ տվեց երաժշտական կրթություն ստանալ գիմնազիայից դուրս՝ Կասպար Պրենցի մոտ, ով եղել էր Յոհան Կասպար Կերլի աշակերտը: 1673 թվականին Պախելբելը դարձավ Վիեննայի Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի երկրորդ երգեհոնահարը: Վիեննայում անցկացնելով մի քանի տարի, 1677 թվականին նա տեղափոխվեց Այզենախ, որտեղ ստանձնեց Սաքսենյան դքսության պալատական երգեհոնահարի պաշտոնը՝ Յոհան Գէորգի փոխարեն: Այզենախում նա մտերմացավ Բախերի ընտանիքի հետ, դարձավ Յոհան Ամբրոսիոս Բախի լավագույն ընկերը (կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի հոր) և սկսեց դասավանդել նրա երեխաներին: Բախերի և Պախելբելի միջև բարեկամությունը պահպանվեց նաև վերջինիս Էրֆուրտ տեղափոխվելուց հետո: Պախելբելը դարձավ Յոհան Ամբրոզիայի դստեր՝ Յոհաննա Յուդիթի կնքահայրը և սկսեց դասավանդել նրա որդուն՝ Յոհան Քրիստոֆին: Այզենախում Պախելբելն անցկացրեց միայն մեկ տարի. վախճանվել էր իրեն աշխատանքի ընդունողի եղբայրը, և նրանց ընտանիքում հաստատված սգո ժամանակահատվածում պալատական երաժիշտների թիվը կրճատվեց, ինչի արդյունքում Պախելբելը մնաց առանց աշխատանքի: Կապելմայստեր Էբերնիլից ստանալով աշխատանքային բնութագիր իր մասին (որում Պախելբելը կոչված էր «կատարյալ և հազվագյուտ վիրտուոզ»), նա հեռացավ Այզենախից 1678 թվականի մայիսի 18-ին: Մեկ ամիս անց Յոհանն Էրֆուրտում ստացավ Պրեդիգերկիրխեի տաճարի երգեհոնահարի պաշտոնը, որը վարեց տասներկու տարի: Վաստակելով հիանալի երգեհոնահարի և կոմպոզիտորի համբավ, Պախելբելն Էրֆուրտում աշխատած տարիներին դարձավ գերմանացի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը (հավանաբար դրան նպաստեց այն հանգամանքը, որ նա, գործի բերումով, գրում էր երգչախմբային պրելյուդներ և այլ ստեղծագործություններ):

Պախելբելի ամուսնությունները և զավակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրֆուրտում ապրած տարիներին Պախելբելը երկու անգամ ամուսնացավ: Նրա առաջին կինն էր Բարբարա Գաբլերը (ամուսնացել էին 1681 թվականի հոկտեմբերի 25-ին): Բայց Բարբարան, որդու հետ, մահացավ 1683 թվականին բռնկված ժանտախտի համաճարակի ժամանակ: Երկրորդ անգամ Յոհանն ամուսնացավ Յուդիթ Դրոմերի հետ (1684 թվականի օգոստոսի 24-ին): Նրանք ունեցան հինգ որդի և երկու դուստր: Պախելբելի որդիներից երկուսը՝ Վիլհելմ Հիերոնիմն ու Կարլ Թեոդորը, նույնպես դարձան կոմպոզիտորներ՝ հեղինակելով երգեհոնային ստեղծագործություններ: Իսկ մյուս որդիներից Յոհան Միքայելը դարձավ երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ: Դուստրերից Ամալյան էլ ճանաչվեց որպես գեղանկարիչ ու փորագրիչ:

Կյանքի վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած որ Պախելբելը մեծ հաջողություն էր գտել իբրև երգեհոնահար, կոմպոզիտոր և մանկավարժ, նա աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց, հավանաբար ավելի լավ աշխատանք գտնելու հույսով: Նա աշխատանքից ազատվեց 1690 թվականի օգոստոսի 15-ին, որից երեք շաբաթ էլ չանցած նա դարձավ Շտուտգարտի վյուրթեմբերգյան պալատի երաժիշտն ու երգեհոնահարը՝ դքսուհի Մագդալենա Սիբիլլայի հովանու ներքո: Այս աշխատանքը նախորդից լավն էր, սակայն Պախելբելը ստիպված եղավ շուտով փախչել՝ ֆրանսիացիների ներխուժման սպառնալիքի պատճառով: Նա վերադարձավ Նյուրնբերգ, որտեղից էլ անցավ Գոթ և այնտեղ, նոյեմբերի 8-ին, դարձավ քաղաքային երգեհոնահարը: Պախելբելի նախկին ուսուցիչ և Սուրբ Սեբալդի եկեղեցու երգեհոնահար Գէորգ Կասպար Վեկերը մահացավ 1695 թվականի ապրիլի 20-ին: Քաղաքային իշխանություններ այնքան էին ուզում, որ թափուր մնացած պաշտոնը ստանձնի Պախելբելը, որ նույնիսկ մրցույթ չէին հայտարարել, ինչպես ավանդույթն էր, այլ միանգամից նրան ուղարկել էին պաշտոնական հրավեր: Պախելբելը համաձայնեց և Նյուրնբերգ վերադարձավ 1695 թվականի ամռանը: Այստեղ նա ապրեց կյանքի մնացած տարիները և մահից հետո թաղվեց հայրենի քաղաքի Ռոխուսֆրիդհոֆ գերեզմանատանը:

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Պախելբելի շիրմաքարը՝ Նյուրնբերգի Ռոխուսֆրիդհոֆ գերեզմանատանը:

Յոհան Պախելբելին իր կյանքի օրոք առավելապես համբավ բերեցին նրա ավելի քան 200 երգեհոնային մեղեդիները: Բացի դրանցից, Պախելբելը թողել է երաժշտական տարբեր տեսակների հոգևոր և աշխարհիկ ստեղծագործությունների մեծ ժառանգություն՝ սյուիտներ ու վարիացիաներ` կլավեսինի համար, վոկալ արիաներ, մագնիֆիկատներ, մոտետներ, կոնցերտներ: Իսկ կամերային երաժշտությունների զգալի մասը գրված են պարտիտ տեսակին առանձնահատուկ ձևով: Պախելբելի երաժշտության մեջ նկատելի է իտալական և հարավ-գերմանական կոմպոզիտորների ազդեցությունը: Իտալական ազդեցությունը կարելի է նկատել նրա վաղ շրջանի ստեղծագործությունների մեջ, հատկապես 1869 թվականին գրված երկու արիաներում («So ist denn dies der Tag» և «So ist denn nur die Treu»): Ամենայն հավանականությամբ Յոհան Պախելբելն ուսումնասիրել է իր ուսուցչի՝ Յոհան Կասպար Կերլի ստեղծագործությունները, քանզի իր մեղեդիների մեջ ցայտուն կերպով նկատվում են դրանց ազդեցությունը: Պախելբելի ստեղծագործությունների մեջ նկատելի են նաև իրեն ժամանակակից գերմանացի մեկ այլ կոմպոզիտորի՝ Յոհան Յակոբ Ֆրոբերգերի և մի քանի ֆրանսիացի կոմպոզիտորների ազդեցությունը: Որպես կոմպոզիտոր՝ Յոհան Պախելբելին առավելապես հրապուրում էին վարիացիան և նմանատիպ երաժշտական մյուս տեսակները: Նրա առաջին հրապարակված աշխատանքը եղավ երգչախմբային վարիացիաների ժողովածուն: Դրանց կառուցվածքն օգտագործված է նաև Պախելբելի երգեհոնային ստեղծագործությունների մեջ: Հանրաճանաչ «Կանոն ռե մաժոր»-ը նույնպես գրված է վարիացիայի ձևով: Պախելբելի եկեղեցական երգեհոնային ստեղծագործությունների մեծ մասը, հատկապես երգչախմբային պրելյուդները, համեմատաբար պարզ են և գրված են միայն մեկ ստեղնաշարի համար, և երգեհոնի ոտնակներն օգտագործված չեն: Դա մասամբ պայմանավորված է խմբերգերի լյութերական ավանդույթների հետ, որի համաձայն երգերն ուղեկցվում էին ժողովրդական գործիքների նվագակցությամբ (վյորջինելներ և կլավիկորդներ): Պախելբելի երգեհոնային այդ ստեղծագործությունները հաճախ փոխադրվում էին այդ նվագարանների համար, որոնք չունեին ոտնակներ, ուստի կոմպոզիտորը պարզեցնում էր իր մեղեդիները՝ հեշտացնելու համար գործիքավորողների գործը: Բացի դրանից, այդ ստեղծագործությունների պարզությունը պայմանավորված էր նաև նրանով, որ երգեհոնները թանկ արժեին և դրանց թիվը խիստ սահմանափակ էր: Ցավոք, այդ երգեհոններից ոչ մեկը չի պահպանվել մինչև մեր օրերը, բայց հայտնի է, որ էրֆուրտյան գործիքներն ունեին 27 ռեգիստր և 2 ստեղնաշար: Համեմատության համար նշենք, որ 17-18-րդ դարերում ապրած երգեհոն պատրաստող վարպետ Յոհան Գոթֆրիդ Զիլբերմանի նվագարաններն ունեին 50 ռեգիստր և երեք ստեղնաշար:

Յոհան Պախելբելի երգեհոնային ստեղծագործությունների զգալի մասը կազմում են Պատարագի համար գրվածները, որոնք մոտ 70 խմբերգեր են և երգչախմբային պրելյուդներ: Խմբերգերը Պախելբելը հիմնականում գրել է երեք կամ չորս ձայնի համար: Կյանքի վերջին տարիներին Պախելբելը գրել է 95 ոչ մեծ ֆուգաներ՝ մագնիֆիկատների համար: Դրանք Սուրբ Կույսին նվիրված փառաբանական երգեր են, որոնց խոսքերը վերցված են Ղուկասի ավետարանի (Ղուկ. 1, 46-55) լատիներեն թարգմանությունից: Սովորաբար մագնիֆիկատների երգեցողությունը կամ ուղեկցվում էր երգեհոնահարի նվագով, կամ նախորդում էր երգեհոնային փոքրիկ պրելյուդին, ինչը որպես տոնայնության հուշում էր ծառայում երգչախմբի համար: Բացի մագնիֆիկատների համար գրված այս 95 ֆուգաներից, Պախելբելը գրել է ևս 30 ֆուգա, որոնց զգալի մասը եռաձայն կամ քառաձայն երգչախմբերի համար են: Դրանցից մի քանիսն ունի երկու մասից կազմված պարզ կառուցվածք: Պախելբելի ապրած ժամանակաշրջանում ֆուգան դեռ չէր հասել իր զարգացման բարձր աստիճանին, և նա եղավ առաջին կոմպոզիտորներից մեկը, որ մեծ ներդրում ունեցավ դրա կատարելագործման գործում: Պախելբելը նաև առաջիններից էր, որ ֆուգան միացրեց նախորդող կարճ պիեսին: Պախելբելի այս նորարարությունը շուտով տեղ գտավ եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններում (ինչպես օրինակ Բախի «Լավ տեմպերացված կլավիր» ստեղծագործությունը, որ բաղկացած է 48 պրելյուդից ու ֆուգայից):

Պախելբելի ստեղծագործությունների մեծ մասը գրված են երգեհոնի համար, ուստի զարմանալի չէ, որ վարիացիայի ձևն առավելապես հանդիպում է այդ ստեղծագործություններում, հատկապես երգեհոնի համար գրված վեց չակոնաներում: Դրանք առավել բարդ են և ունեն առավել հստակ կառուցվածք, քան այդ ժանրի ավելի վաղ շրջանի ստեղծագործությունները: Պախելբելի բոլոր ստեղծագործությունների մեջ առավել հայտնի են հենց երգեհոնի համար գրված չակոնաները: Լավագույններից մեկը համարվում է «Չակոնա ֆա մինոր» ստեղծագործությունը: 1699 թվականին Պախելբելը հրապարակեց «Ապոլոնի մոգական ակորդները» («Hexachordum Apollinis») վերնագրով ժողովածուն, որը դասվում է նրա գլուխգործոցների շարքին: Նրանում ընդգրկված է վեց վարիացիա՝ վեց տարբեր տոնայնությամբ, որոնք կարելի է նվագել ինչպես կլավեսինով, այնպես էլ երգեհոնով: Ժողովածուն Պախելբելը նվիրել է Ֆերդինանտ Թոբիաս Ռիխտերին և Դիտրիխ Բուկստեխուդին: Թեմաները վերնագրեր չունեն, այլ պարզապես համարակալված են («Արիա 1», ... «Արիա 6»): Իսկ վերջինն ունի նաև ենթավերնագիր՝ «Սեբալդի Արիա» (այն եկեղեցու անունից, որտեղ ինքը ստացել էր առաջին երաժշտական կրթությունը և ապա աշխատում էր որպես երգեհոնահար):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119456613 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Г. Риман Пахельбель // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 999–1000.
  3. 3,0 3,1 3,2 Пахельбель Иоганн // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Johann Pachelbel // Gran Enciclopèdia Catalana Grup Enciclopèdia Catalana, 1968.
  6. 6,0 6,1 6,2 Johann Pachelbel