Մետաքսասի գիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետաքսասի գիծ
Նկարագրություն
Տեսակամրաշինական գիծ
Երկիր Հունաստան
Կառուցված1936
Անվանված էIoannis Metaxas?
Շինանյութբետոն
ՃակատամարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ
 Metaxas Line Վիքիպահեստում

Մետաքսասի գիծ (հունարեն՝ Γραμμή Μεταξά), պաշտպանական ամրությունների համակարգ Հունաստանում Բուլղարիայի հետ սահմանին՝ Բելես լեռներից մինչև Կոմոտինի քաղաքի տարածքը։ Այն կառուցվել է 1936 - 1940 թվականներին։ Ընդհանուր երկարությունը, հաշվի առնելով չամրացված հատվածները, որտեղ այն ընդհատվել է, կազմում է մոտ 300 կմ։ Անվանվել է վարչապետ և պաշտպանության նախարար գեներալ Իոաննիս Մետաքսասի (1871-1941) անունով։

«Մետաքսասի գծի» կայազորների հաջող պաշտպանությունը 1941 թվականի ապրիլին` Միջերկրածովյան և Մերձավորարևելյան ռազմական գործողություններից 1941 թվականի ապրիլին գերմանական զորքերի Հունաստան ներխուժման «Մարիտա գործողության» ժամանակ, հունական պատմության մեջ ստացել է Ֆորտիֆիկացիաների ճակատամարտ անունը (հունարեն՝ Μάχη των Οχυρών)[1]:

Գծի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հունա-բուլղարական սահմանի Ռուպել ֆորտի պաշտպանական դիրքը կարևոր նշականություն է ունեցել։ Եթե հունա-սերբական հարաբերություններն ավանդաբար եղել են բարեկամական և հունա-սերբական սահմանը մնացել է ոչ ամրացված, ապա հունա-բուլղարական հարաբերությունները լարված են եղել գրեթե 19-րդ դարի վերջին Բուլղարիայի իշխանության ստեղծման պահից սկսած։

Այն փաստը, որ Բուլղարիան երկու համաշխարհային պատերազմների միջև ժամանակաշրջանում չի միացել Հարավսլավիա-Հունաստան-Թուրքիա դաշինքին, ավելացրել է անվստահությունն ու կասկածը, որ Բուլղարիան կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել Հունաստանի դեմ՝ Երկրորդ Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմներում կրած պարտությունների համար ռևանշ վերցնել դրանց արդյունքները վերանայելու համար։ Որոշվել է ամրություններ կառուցել ոչ միայն Ռուպելի տարածքում, այլև հունա-բուլղարական սահմանի ողջ երկարությամբ։ Ծրագիրն ավարտվել է 1935 թվականին, իսկ աշխատանքները սկսվել են Կերկինի լճի տարածքում 1936 թվականին[2]։

Նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաքսասի գծի հակատանկային կառույցներ

Մետաքսասի գիծը հիմնականում ստորգետնյա թունելների ցանց էր, որը ներառել է ցամաքային ամրացված համալիրներ՝ դիտակետերով, հրետանային և գնդացրային հենակետերով, ինչպես նաև հակատանկային խրամատների ցանցով, երկաթբետոնե հակատանկային պաշտպանական ցցապատնեշների երկակի և եռակի զսպման գծերով։

Այս ծրագրի իրականացումը ստանձնել է Մակեդոնիայի մայրաքաղաք Թեսաղոնիկե քաղաքի կայազորի հրամանատարությունը։ Թեսաղոնիկե կայազորի հրամանատարությունը ձևավորել է հատուկ «Ամրացման նախագծման կոմիտե», որին մասնակցել են տեղագիրներ, աշխարհագրագետներ, ինժեներներ, ճարտարապետներ՝ այլ զորամասերի՝ ինժեներական կորպուսի, ինչպես նաև Աթենքի պոլիտեխնիկական համալսարանի մասնակցությամբ։ Բացի բանակից և կապալառուներից, տեղում ներգրավվել են Աթենքի և Պիրեյոսի բազմաթիվ ձեռնարկություններ։

Կոմիտեն, ժամանակի ճնշման տակ, ամրությունների կառուցման և բոլոր անհրաժեշտ աշխատանքների դիրքերը որոշելուց հետո, առաջարկություններով զեկույց է ներկայացրել պաշտպանության նախարարությանը։ Նախարարությունում հանդիպումներից հետո որոշվել է կառուցել մի գիծ, որը կծգվեր Արևելյան Մակեդոնիայից ( Բելես լեռ) մինչև Թրակիայի Կոմոտինի քաղաքի շրջանը։ Գիծը, հաշվի առնելով այն հատվածները, որտեղ այն ընդհատվել է, ձգվել է մոտ 300 կիլոմետր։ Այստեղ պետք է ավելացնել նաև հակատանկային գոտիների և այլ լրացուցիչ ամրությունների շարունակությունը, որոնք հասել են մինչև Էվրոս գետ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախագծի գաղտնիությանը և բոլոր աշխատանքների բացարձակ գաղտնիությանը[3]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրացված պաշտպանական գծի կառուցման հիմնական նպատակը ոչ թե պասիվ պաշտպանությունը, այլ հակառակորդի հանկարծակի հարձակումը հետ մղելն է եղել, ինչպես նաև ծածկույթ ապահովել բանակային ստորաբաժանումների համար, որոնք պետք է հակագրոհեին և անցնեին հարձակման այս դիրքից։ «Ամրացման նախագծային կոմիտեն» նախատեսել է կառույցների կառուցում միայն առաջավոր ստորաբաժանումների կարիքների համար, որոնք են.

1. անմիջապես հետ մղել թշնամու ցանկացած հանկարծակի ներխուժում
2. սահմանամերձ բնակչության սահուն մոբիլիզացիայի ապահովում
3. սահմանային գոտուց տեղաշարժվելու համար բանակի արագ կենտրոնացման ապահովում
4. առաջապահ ստորաբաժանումներին գծի ապահովում, որից բանակի հիմնական մասերը կարող են հարձակողական գործողություն ծավալել։
Հնարավոր է, որ որոշ սեկտորներում (պաշտպանական գծի) արշավի հիմնական ուժերը ստիպված լինեն պաշտպանվել այնպիսի կառույցների վրա, որոնք լրացուցիչ կդիտարկվեն, և որոնք, հավանաբար, թեև բավարար են ծածկող ստորաբաժանումների կարիքների համար, բայց կարող են անբավարար լինել ողջ բանակի դիմադրության դիրքերի տեղակայման համար։ Հանձնաժողովը գտնում է, որ այս դեպքը դիտարկելու հնարավորություն ևս չունի։ Հրամանատարությունը պետք է որոշի նման դիրքերի անհրաժեշտությունը և դրանց գտնվելու վայրը և, անհրաժեշտության դեպքում, այնտեղ կառուցի ավելի շատ ամրություններ և ավելի հզոր կառույցներ[4]։
- Ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցից

Այս հատվածից հետևում է, որ ամբողջ նախագիծը կրել է միայն ժամանակավոր պաշտպանական բնույթ։

Գծի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մետաքսասի գծի» մակետ Պատերազմների թանգարանում, Աթենք (Հունաստան)

Մետաքսասի գիծը բաղկացած է եղե 21 ֆորտերից։ Այս ֆորտերը կառուցվել են Հունաստանի սահմանը բուլղարական հարձակումից պաշտպանելու համար, քանի որ այդ ժամանակ՝ 1936-1940 թվականներին, Բուլղարիան Բալկանյան բարեկամության պայմանագրի անդամ չէր (Գերմանիայի և Իտալիայի ազդեցության ոլորտում էր), և նրա նպատակը դեռևս հունական տարածքներն էին, որոնք նա կորցրել էր Բալկանյան պատերազմներում ( 1912-1913 ) և Առաջին համաշխարհային պատերազմում։

Յուրաքանչյուր ֆորտ իրենից ներկայացրել է ցանկացած ուղղությամբ պաշտպանվելու ընդունակ կառույցների համալիր։ Այն ներառել է բլինդաժներ և կազամատներ, հրետանային գնդացիրների և ականանետների երկարաժամկետ կրակակետեր, դիտակետեր և բազմաթիվ մուտքեր ու ելքեր։ Յուրաքանչյուր ֆորտի ստորգետնյա կառույցներն ունեցել են հրամանատարական կետ, սպաների սենյակներ, շարքայինների սենյակներ, հեռախոսային կենտրոն, խոհանոց, ջրի բաքեր, սանիտարական հարմարություններ, սննդի պահեստներ (15 օրվա համար), բժշկական կենտրոն՝ վիրահատարանով, դեղատուն, օդափոխության համակարգ, լուսավորության համակարգ (գեներատորներ, կերոսինի լամպեր, լապտերներ և այլն), կոյուղիներ, արտաքին մարտական դիրքեր, հակատանկային արգելապատնեշներ, զենիթային դիրքեր և այլն։

Հատկապես ամուր էին կառույցները, որոնցից մի քանիսը մինչ օրս օգտագործվում են հունական բանակի կողմից։ Ներքին լուսավորվումը հիմնականում կերոսինի լամպերով է եղել, որոշները՝ գեներատորներով։ Օդափոխումն իրականացվել է ինչպես արհեստական, այնպես էլ բնական օդափոխությամբ։ Ջրամատակարարումն իրականացվել է խողովակաշարային համակարգով։

Բոլոր ամրությունները պահպանվել են են լավ վիճակում և գործում են մինչ օրս։ Դրանցից մի քանիսը հասանելի են այցելուներին։ Ֆորտերից յուրաքանչյուրը պահպանում է իր պաշտպանների խիզախ դիմադրության պատմությունը։ Գերմանական բանակը չի գրավել ֆորտերը, այլ նրանց պաշտպանները հանձնվել են 1941 թվականի ապրիլի 10-ին` հրամանատարությունից հրաման ստանալուց հետո։

Մետաքսասի գծի ֆորտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գծի» ամրությունները բաղկացած են 21 ինքնուրույն համալիրներից։ Ֆորտ Ռուպելն ամենամեծերից էր։ Այն զբաղեցրել է գծի 155 կիլոմետրից 6.1-ը (եթե չներառենք այն հատվածները, որտեղ գիծն ընդհատվել է) և կառուցվել է 322 մետր բարձրության վրա։ Ամրությունները կառուցվել են երեք մակարդակի վրա, որոշ տեղերում երկաթբետոնի հաստությունը հասնում էր մինչև 2,5 մետրի։ 21 ֆորտերի անվանումները՝ սկսած արևմուտքից Բելես լեռից և վերջացրած Քսանթի քաղաքից հյուսիս-արևելք գտնվող բերդով[5].

«Ֆորտ Ռուպել» Կլիդիոն գյուղում (Սերեսի մոտ, Կենտրոնական Մակեդոնիա)
Մուտքը դեպի «Ֆորտ Իստիբեյ» (Բելասիցա)
  • Ֆորտ Պոպոտլիվիցա
  • Ֆորտ Իստիբեյ
  • Ֆորտ Կելկայա
  • Ֆորտ Արփալուկի
  • Ֆորտ Պալիուրիոնես
  • Ֆորտ Ռուպել
  • Ֆորտ Կարատաշ
  • Ֆորտ Կալի
  • Ֆորտ Պերշեկ
  • Ֆորտ Բաբազոր
  • Ֆորտ Մալիագա
  • Ֆորտ Պերիտորի
  • Ֆորտ Պարտալուշկա
  • Ֆորտ Դասավլի
  • Ֆորտ Լիսսե
  • Ֆորտ Պիրամիդոիդես
  • Ֆորտ Կաստիլյո
  • Ֆորտ Սուրբ Նիկոլաոս
  • Ֆորտ Բարտիսևա
  • Ֆորտ Էխինոս
  • Ֆորտ Նիմֆեա

Գծի պաշտպանության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարիտա գործողության» քարտեզ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, 1941 թվական

1940 թվականի հոկտեմբերին հունական բանակը հետ է մղել Ալբանիայից իտալական ուժերի հարձակումը և ռազմական գործողությունները տեղափոխել ալբանական տարածք։ Սա հակաֆաշիստական կոալիցիայի երկրների առաջին հաղթանակն էր առանցքի ուժերի դեմ։ Սպասվում էր գերմանական բանակի միջամտությունը։ Գերմանական գլխավոր շտաբը 1940 թվականի դեկտեմբերին պատրաստել է «Մարիտա գործողության» պլանը՝ ստորագրելով նաև համաձայնագիր պատերազմին բուլղարական բանակի մասնակցության և Բուլղարիային Մակեդոնիայի և Թրակիայի հունական տարածքների տրամադրման մասին[6]։

Գերմանիան սկսել է իր ստորաբաժանումները մտցնել իր դաշնակից Բուլղարիա 1941 թվականի փետրվարի 6-ին և տեղակայել դրանք հունա-բուլղարական սահմանին։ Միաժամանակ Բուլղարիան մոբիլիզացրել է իր 14 դիվիզիաները[7]։ 1941 թվականի մարտի 9-15-ը Հույն-իտալական պատերազմի ժամանակ Ալբանիայի տարածով Իտալիայի հարձակումը ցույց է տվել, որ իտալական բանակը չի կարող փոխել իրադարձությունների ընթացքը, ինչն անխուսափելի է դարձրել Գերմանիայի միջամտությունը՝ փրկելու իր դաշնակցին[8]։

Հունական կառավարության խնդրանքով, որը սպասում էր գերմանական ներխուժում, 1941 թվականի մարտի վերջին Մեծ Բրիտանիան 40 հազար զինվոր է ուղարկել Հունաստան, որոնց թիվը հետագայում հասել է 60 հազարի։ Միևնույն ժամանակ, բրիտանացիները գրավել են պաշտպանության երկրորդ գիծը Ալիակմոն գետի երկայնքով մինչև Օլիմպոս լեռը` հեռու Ալբանիայի ճակատային գծից և հույն-բուլղարական սահմանի գործողությունների պոտենցիալ թատերաբեմից[9]։

Գերմանիայի ներխուժումը Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի ներխուժումը Հունաստան սկսվել է 1941 թվականի ապրիլի 6-ին։ Նույն օրը գերմանացիները և նրանց դաշնակիցները ներխուժել են Հարավսլավիա, քանի որ մարտյան հեղաշրջումը խաթարել էր առանցքին միանալու երկրի ծրագրերը։ Գերմանական հրամանատարությունը Հունաստանի դեմ տեղակայել է[10].

  • 7 հետևակային դիվիզիա
  • 3 տանկային դիվիզիա
  • 1 մոտոհրաձգային դիվիզիա
  • 1400 ինքնաթիռ։

Հունական բանակի 22 դիվիզիաներից 16-ը գտնվում էին Ալբանիայում՝ հեռու նոր ռազմաճակատից։

1941 թվականի ապրիլի 6-ին Բուլղարիայից Հունաստան ներխուժած գերմանական բանակին չի հաջողվել գրոհով վերցնել Մետաքսասի գիծը։ Գերմանական 18-րդ և 30-րդ բանակային կորպուսները[11] գրոհել են Մետաքսասի գծի վրա ապրիլի 6-ից և երեք օր տևած մարտերից հետո միայն սահմանափակ հաջողություն ունեցել։ 4 օր տևած մարտերի արդյունքում, չնայած զանգվածային հրետանային գնդակոծություններին և հարձակողական ինքնաթիռների կիրառմանը և որոշ ֆորտերի թունելներում ձեռնամարտի, գերմանացիները չեն կարողացել գրավել հունական պաշտպանական գծի գլխավոր դիրքերը։

Վերմախտի 2-րդ տանկային դիվիզիան ( 18-րդ բանակային կորպուս ), շրջանցող մանևր կատարելով, ապրիլի 8-ին հատել է բուլղար-հարավսլավական սահմանը և այստեղ էական դիմադրության չհանդիպելով՝ գործնականում չպաշտպանված հունա-հարավսլավական սահմանով և Աքսիոս գետի հովիտով հասել Սալոնիկ ապրիլի 9 -ին՝ այդպիսով կտրելով Արևելյան Մակեդոնիայի մի խումբ դիվիզիաներ (4 դիվիզիա և 1 բրիգադ) Ալբանիայում գտնվող հունական բանակից, որոնք շարունակում էին կռվել իտալացիների դեմ։

Նույն օրը Հունաստանի գլխավոր շտաբը, համարելով, որ Արևելյան Մակեդոնիայում պաշտպանությունն այլևս իմաստ չունի, թիվ 1381 հրամանով Արևելյան Մակեդոնիայի դիվիզիաների խմբի հրամանատար, գեներալ Կ. Բակոպուլոսին առաջարկել է շարունակել մարտը կամ հանձնվել` ըստ հայեցողության[12]։ Հայտնի գերմանաֆիլ Բակոպուլոսը չի օգտվել հրամանից և բերդերը հանձնելու հրաման է արձակել։ Սակայն բերդերի մեծ մասի հրամանատարները չեն ենթարկվել և շարունակել են մարտը[13]։

Հանձնվելու հրամանը ստանալուց հետո մարտը ստացել է հանուն «զենքի պատվի» մարտերի բնույթ և, ստանալով գերմանական հրամանատարությունից հանձնվելու պատվարժան պայմաններ, ֆորտերը դադարեցրել են մարտը մեկը մյուսի հետևից՝ սկսած ապրիլի 10-ից։ Գերմանացի ֆելդմարշալ Վիլհելմ Լիստը, ով ղեկավարում էր հարձակումը Մետաքսասի գծի դեմ, հիացմունք է հայտնել այս զինվորների խիզախության և քաջության համար։ Լիստը գերիներ չի վերցրել՝ հայտարարելով, որ հունական բանակը կարող է լքել բերդերը՝ պահպանելով իրենց ռազմական դրոշները, սակայն զենքի և զինամթերքի հանձնման պայմանով։ Նա նաև հրամայել է իր զինվորներին և սպաներին պատվո ողջույն տալ հույն զինվորներին[14]։

Գերմանական հրամանատարության պահվածքը պատերազմի այս փուլում տարբերվում է հաջորդ փուլից՝ Կրետեի գործողությունից։ Մեկուկես ամիս անց, և սկսած 1941 թվականի մայիսի 31-ից (գնդակահարություն Կոնդոմարիում), գերմանական զորքերը սկսել են բնակչության զանգվածային մահապատիժներն ամբողջ Կրետեումռազմագործողությանը մասնակցելու համար, քանի որ դա խախտում էր պատերազմի կանոնների պրուսական պատկերացումները[15]։

Էվրոսի բրիգադ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվրոս գետի երկայնքով հունա-թուրքական սահմանը ծածկող բրիգադը կազմված է եղել 2300 մարդուց՝ գեներալ Զիսիսի հրամանատարությամբ։ Բրիգադը հաջողությամբ պաշտպանել է Նիմֆեա ֆորտը և հունա-բուլղարական սահմանի նրա հատվածը։ Արևելյան Մակեդոնիայի դիվիզիաների խմբի հանձնվելուց հետո առաջացել է բրիգադի գրավման վտանգ։

Գեներալ Զիսիսը որոշել է բրիգադը տեղափոխել գետի թուրքական ափ՝ ենթադրելով, որ Հունաստանի, Հարավսլավիայի և Թուրքիայի միջև նախապատերազմյան Բալկանյան պայմանագրի դրույթները մնում են ուժի մեջ։ Գեներալը, սակայն, չգիտեր, որ թուրքերը պայմանագիր են կնքել գերմանացիների հետ, որը չեղյալ է համարում Պակտը՝ գերմանացիներից երաշխիք ստանալով, որ նրանք կմնան թուրքական սահմանից 20 կմ հեռավորության վրա։ Երբ բրիգադը վայր է դրել զենքերը, բայց մերժում է ստացել անհապաղ տեղափոխվել Կրետե՝ շարունակվող մարտերին մասնակցել համար, գեներալ Զիսիսը ինքնասպան է եղել[16]։

Հիտլերի ելույթը Ռայխստագում 1941 թվականի մայիսի 4-ին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտլերն իր ելույթը սկսել է հետևյալ ներածությամբ. «Անկեղծորեն ցավում եմ, որպես գերմանացի, ով միշտ խորը հարգանքով է վերաբերվել այս երկրի մշակույթին, որտեղից գալիս է գեղեցկության և արժանապատվության առաջին լույսը, և ինձ համար հատկապես ցավալի էր հետևել իրադարձությունների զարգացմանը՝ չկարողանալով ազդել դրանց վրա... Այս արշավում գերմանական զինված ուժերը գերազանցեցին իրենց։ Խիստ ամրացված դիրքերի վրա հարձակումը, հատկապես Թրակիայի ճակատում, ամենադժվար խնդիրներից մեկն էր, որին երբևէ բախվել է որևէ բանակ»։

Շարունակելով իր խոսքը՝ Հիտլերն արել է հետևյալ հայտարարությունը.

Պատմական արդարադատությունն ինձ պարտավորեցնում է հայտարարել, որ բոլոր հակառակորդներից, ովքեր ընդդիմանում էին մեզ, հույն զինվորը կռվեց մեծագույն քաջությամբ։ Նա հանձնվեց միայն այն ժամանակ, երբ հետագա դիմադրությունը դարձավ անհնարին ու ապարդյուն[17][18][19]։

3 տարի անց, պատերազմի ավարտին, 1944 թվականի մարտի 30-ին Հիտլերը Լենի Ռիֆենշտալին հայտնել է, ինչպես երևում է նրա հուշերից.

Իտալիայի մուտքը պատերազմի մեջ աղետ դարձավ մեզ համար։ Եթե իտալացիները չհարձակվեին Հունաստանի վրա, և նրանք մեր օգնության կարիքը չունենային, պատերազմն այլ ընթացք կունենար, մենք կհասցնեինք գրավել Լենինգրադն ու Մոսկվան մինչև ռուսական սառնամանիքների սկսվելը»[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith, A. C. (1986) [1953]. «The German Campaign in Greece (Operation Marita)». The German campaigns in the Balkans (Spring 1941). Part III. Washington, DC: Army Center of Military History. էջեր 70–118. OCLC 464601908. DA Pam 20–260. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 16-ին.
  2. «Οχυρωματική Γραμμή ΜΕΤΑΞΑ». metaxasline.org (հունարեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 10-ին.
  3. News, Aristeia (2023 թ․ հունիսի 6). «Η εμβληματική Γραμμή Μεταξά». ΑΡΙΣΤΕΙΑ (հունարեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 10-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  4. ellas (2017 թ․ հոկտեմբերի 3). «Τι έκανε ο Ιωάννης Μεταξάς για την Πατρίδα του: Γραμμή οχυρών Μεταξά» [Ինչ է արել Իոաննիս Մետաքսասը իր երկրի համար. Մետաքսասի ֆորտերի գիծ]. ΕΛΛΑΣ (հունարեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 10-ին.
  5. ellas (2017 թ․ հոկտեմբերի 3). «Τι έκανε ο Ιωάννης Μεταξάς για την Πατρίδα του: Γραμμή οχυρών Μεταξά». ΕΛΛΑΣ (հունարեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 10-ին.
  6. Τριαντάφυλος Α. Γεροζήσης, Το Σώμα των Αξιωματικών και η θέση του στην σύγχρονη Ελληνική Κοινωνία (1821—1975), ISBN 960-248-794-1,σελ.545
  7. Τριαντάφυλος Α. Γεροζήσης, Το Σώμα των Αξιωματικών και η θέση του στην σύγχρονη Ελληνική Κοινωνία (1821—1975), ISBN 960-248-794-1, էջ 542
  8. Ian Dear, Foot Michael Richard Daniell The Oxford companion to World War II. — Oxford University Press, 2001. — 600 с. — ISBN 9780198604464
  9. ΤριαντάφυλοςΑ. Γεροζήσης, Το Σώμα των Αξιωματικών και η θέση του στην σύγχρονη Ελληνική Κοινωνία (1821—1975), ISBN 960-248-794-1,σελ.543
  10. ΤριαντάφυλοςΑ. Γεροζήσης, Το Σώμα των Αξιωματικών και η θέση του στην σύγχρονη Ελληνική Κοινωνία (1821—1975), ISBN 960-248-794-1, էջ 546
  11. «ГЕРМАНСКАЯ АРМИЯ. Дивизии». country-osi.narod.ru. Վերցված է 2024 թ․ փետրվարի 10-ին.
  12. Τριαντάφυλος Α. Γεροζήσης, Το Σώμα των Αξιωματικών και η θέση του στην σύγχρονη Ελληνική Κοινωνία (1821—1975), ISBN 960-248-794-1,σελ.546
  13. Τριαντάφυλος Α. Γεροζήσης, ΤοΣώμα τωνΑξιωματικών και η θέση του ,στην σύγχρονη Ελληνική Κοινωνία (1821—1975), ISBN 960-248-794-1,σελ.547
  14. A.Beevor, Crete: The Battle and the Resistance, 2005, ISBN 0-7195-6831-5, p.20)
  15. Beevor, Antony. Crete: The Battle and the Resistance, John Murray Ltd, 1991. Penguin Books, 1992.
  16. Τριαντάφυλος Α. Γεροζήσης, ΤοΣώμα τωνξιωματικών και η θέση του στην σύγχρονη Ελληνική Κοινωνία (1821—1975), ISBN 960-248-794-1,σελ.549
  17. Hitler’s speech to the Reichstag, Berlin Արխիվացված 2013-01-17 Wayback Machine
  18. «Adolf Hitler — Wikiquote». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  19. «Address By Chancellor Adolph Hitler To Reichstag». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  20. «Η μάχη της Ελλάδος 1940—1941». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kaufmann, J.E. Fortress Europe: European Fortifications of World War II. — Combined Publishing, 1999. — ISBN 1-58097-000-1
  • Носов К. С. Фортификационная лихорадка в Европе между двумя мировыми войнами. // Военно-исторический журнал. — 2017. — № 3. — էջ 42-50.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետաքսասի գիծ» հոդվածին։