Մարիցա[1] (բուլղար․՝Марица), Մերիչ[2] (թուրքերեն՝ Meriç), Էվրոս[3] (հուն․՝ Έβρος, լատիներեն՝Hebrus), գետ Բալկանյան թերակղզում։ Հոսանքի մեծ մասը անցնում է Բուլղարիայով, ստորին հոսանքում սահմանային գետ է Հունաստանի և Թուրքիայի միջև։ Երկարությունը 525 կմ է, ավազանը՝ 53 846 կմ²[4]։ Սկիզբ է առնում Ռիլա լեռներից, հոսում Թրակիայի դաշտավայրով, թափվում Եգեյան ծով՝ գետաբերանի մոտ առաջացնելով ճահճապատ դելտա[4][5]։ Սնումը անձրևային է։ Ամռանը ծանծաղում է։ Օգտագործվում է ոռոգման համար։ Մարիցայի վրա կան ՀԷԿ-եր։ Նավարկելի է գետաբերանից մինչև Էդիրնե քաղաքը։ Մարիցայի ափերին են Պազարջիկ, Պլովդիվ, Դիմիտրովգրադ (Բուլղարիա), Էդիրնե (Թուրքիա) քաղաքները։
Գետին բնորոշ են հեղեղումները, որոնք նշանակալի չափերի են հասել հատկապես 2007—2008 թվականներին[6]։ Նրա անվանումներից հնագույնը Էվրոսն է (εύρος — Ալկման, մեր թվականությունից առաջ 7-6-րդ դարեր)։ Հին հունարեն εύρύs-ը, ինչպես նաև հնդեվրոպական նախալեզվի *ewru-ն նշանակում են լայն[7]։
Գետի պատվին է Մարիցա կոչվել անտարկտիկական Հարավային Շետլանդական կղզեխմբի Լիվինգստոն կղզու լեռնագագաթներից մեկը[8]։
Ծնունդով Բուլղարիայից ֆրանսահայ երգչուհի Սիլվի Վարդանի ինքնակենսագրական La Maritza երգում գետը մանկության հուշերի խորհրդանիշ է[9]։
12Марица//Ломбард— Мезитол.— М.: Советская энциклопедия, 1974.— С.374.— (Большая советская энциклопедия: [в 30 т.]/ гл. ред. А. М. Прохоров; 1969—1978, т.15).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 322)։