Մենդելեևյան միջազգային օլիմպիադա (ՄՄՕ, ռուս.՝ Международная Менделеевская олимпиада, ММО, անգլ.՝ International Mendeleev Olympiad, IMO), ամենամյա մրցաշար քիմիա առարկայից ավագ դպրոցի աշակերտների համար, որը սովորաբար անց է կացվում մայիս ամսվա ընթացքում։ Այն ի սկզբանե նախատեսված էր ԱՊՀ, Մերձբալթյան և հարավարևելյան Եվրոպայի երկրների աշակերտների համար, բայց վերջին տարիների օլիմպիադաները ներգրավեցին նորանոր երկրներ։ ՄՄՕ-ն հանդիսանում է Սովետական քիմիայի օլիմպիադայի հետնորդը և շարունակում է նրա ավանդույթներն ու համարակալումը։ Օլիմպիադան անվանվել է ի պատիվ ռուս մեծ քիմիկոս Դմիտրի Մենդելեևի։
Առարկայական օլիմպիադաների շարքում ՄՄՕ-ն յուրահատուկ դեր է գրավում։ Բանն այն է, որ քիմիկոսները բնագետների մեջ այն եզակիներն էին, ովքեր կարողացել են պահպանել դեռ սովետական օլիմպիադայի ավանդույթները և արդեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շարունակել այն երկու տարբեր ուղղություններով՝ համառուսաստանյան օլիմպիադա և ՄՄՕ։
2004 թվականից ՄՄՕ-ում սկսեցին մասնակցել նաև Բուլղարիան, Մակեդոնիան և Ռումինիան, և տարեցտարի մասնակից երկրների թիվն աճում է։ Ներկայումս օլիմպիադային մասնակցում է ավելի քան 22 երկիր (այդ թվում նաև Հայաստանը)։
ՄՄՕ-ն անցկացվել է Երևանում 1997, 2006 և 2015 թվականներին։
Օլիմպիադային իրավունք ունեն մասնակցելու ավագ դպրոցի այն աշակերտները, որոնք կցուցադրեն ամենափայլուն գիտելիքները հանրապետական օլիմպիադաների ժամանակ։ Յուրաքանչյուր երկիր ունի հստակ սահմանված մասնակիցների քանակ, սակայն ընդունող երկիրը կարող է ուղարկել մաքսիմալ քանակությամբ աշակերտներ։
Օլիմպիադայի պաշտոնական լեզուն ռուսերենն է, սակայն ցանկության դեպքում ղեկավարները կարող են թարգմանել խնդիրներն իրենց մայրենի լեզվով։
Առաջին տեսական փուլ` բաղկացած է ութ պարտադիր տեսական խնդիրներից, որն համապատասխանում է քիմիայի թեքությամբ դասարանների ծրագրին։ Յուրաքանչյուր խնդիր գնահատվում է 10 միավոր (առավելագույնը 80 միավոր)։
Երկրորդ տեսական փուլ (ընտրողական փուլ)` բաղկացած է հինգ բաժիններից՝ անօրգանական քիմիա, օրգանական քիմիա, անալիտիկ քիմիա, ֆիզիկական քիմիա, քիմիան և կյանքը (կենսաքիմիա և պոլիմերների քիմիա)։ Յուրաքանչյուր բաժին բաղկացած է երեք խնդիրներից, որոնցից գնահատվում է մաքսիմալ միավոր հավաքած խնդիրը։ Երկրորդ փուլի խնդիրները ունեն ավելի բարձր կարգ և բարդության ավելի մեծ աստիճան, քան առաջին փուլի խնդիրները։ Յուրաքանչյուր խնդիր գնահատվում է 15 միավոր (առավելագույնը 75 միավոր)։
Փորձնական փուլ` սա պահանջում է քիմիական լաբորատորիայից օգտվելու հմտություններ։ Այս փուլը բաղկացած է երկու առաջադրանքներից` անալիտիկ և սինթեզ, որոնք սովորաբար ուղեկցվում են թեմայի հետ կապված տեսական հարցերով. առավելագույնը 75 միավոր։
Օլիմպիադայի առավելագույն միավորն է 230 բալը։
Հայաստանի աշակերտների մեդալները Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում
Лунин В.В., Ненайденко В.Г., Рыжова О.Н., Кузьменко Н.Е. Химия XXI века в задачах Международных Менделеевских олимпиад / под ред. В.В. Лунина. – М.։ Изд-во Моск. ун-та, Наука, 2006. – 384 с.
Lunin V.V., Nenajdenko V.G., Ryzhova O.N., Kuz’menko N.E. Chemistry of 21st Century. International Mendeleev Chemistry Olympiad / Editor V.V. Lunin. – M.։ Moscow University Press, 2007. – 443 p.
Решетова М.Д., Чуранов С.С. Из истории Менделеевских олимпиад. В сб.։ Современные тенденции развития химического образования։ работа с одаренными школьниками / под общей ред. академика В.В. Лунина. – М.։ Изд-во Моск. ун-та, 2007. – с. 137–145.
Гладилин А.К. Химия – наука олимпийская. Наука и жизнь, 2010, №5, с. 55 – 58.