Մասնակից:O'micron/Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցին հայոց միջնադարյան մայրաքաղաք Անիում։ 989-1001 թվականներին կառուցվել էՏրդատ ճարտարապետի կողմից՝ Սմբատ Բ Տիեզերակալի նախաձեռնությամբ։

Արևմտյան Հայաստան (արմտ. հայ.՝ Արեւմտեան Հայաստան), հայտնի է նաև որպես Տաճկահայաստան կամ Թուրքահայաստան, պատմական Հայաստանի արևմտյան հատվածի պայմանական անվանումը, որն առաջին անգամ կիրառության մեջ է դրվել 387 թվականին։ Այդպես է կոչվել Մեծ Հայքի առաջին բաժանման արդյունքում առանձնացած ու Բյուզանդիային միացված տարածքը՝ Բարձր Հայքը, Ծոփքը և Աղձնիքի մի մասը միասին վերցված։ Բյուզանդիայի վերահսկողության տակ գտնվող տիրույթներում հայ ֆեոդալները զարգացած միջնադարում պահպանել են ժառանգական հողատիրույթները, ռազմական ուժերը, ավանդական իրավունքներն ու արտոնությունները։ 591 թվականին տեղի է ունենում Հայաստանի երկրորդ բաժանումը, որի արդյունքում Բյուզանդիային են անցնում նաև Տուրուբերանը, Տայքը և Այրարատի մեծ մասը։ Շուտով Արևմտյան Հայաստանի համար մղվող անզիջում պայքարում նախաձեռնությանը տիրում են օսմանյան թուրքերը, որոնք Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածները ասպատակելուց և նվաճելուց հետո հաշտություն են կնքում Սեֆյան Պարսկաստանի հետ։ Ըստ Ամասիայի պայմանագրի՝ Թուրքիային էր անցնում ամբողջ Արևմտյան Հայաստանը՝ Էրզրում կենտրոնով։ Սահմանագիծը սկսվում էր Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածից՝ հասնելով մինչև Եփրատ գետ։ Հայաստանի չորրորդ բաժանումը տեղի է ունենում Ղասրե Շիրինում․ Տաճկահայաստանին միացվում Կարսի շրջակայքն ու Վանը, իսկ Սեֆյան Պարսկաստանին՝ Արևելյան Հայաստանը։

Թուրքիայի կազմում Արևմտյան Հայաստանը բաժանված էր Վանի, Էրզրումի, Սեբաստիայի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Տրապիզոնի վիլայեթների, որոնք չնչին փոփոխություններով հարատևում են մինչև Առաջին աշխարհամարտը։ Իրադրությունը կտրուկ փոփոխություն է կրում 19-րդ դարում, երբ ազգային ինքնագիտակցության զարթոնքը վատթարացնում է արևմտահայության սոցիալ-քաղաքական կացությունը։ 1860 թվականին ընդունվում է արևմտահայերի ազգային սահմանադրությունը։ 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմը, Սան Ստեֆանոյի նախնական պայմանագիրը և Բեռլինի վեհաժողովը նոր իրավիճակ են ստեղծում Արևմտյան Հայաստանում։ 1894-1896 թվականին՝ Համիդյան վարչակարգի օրոք, տեղի են ունենում հայերի զանգվածային ջարդեր և արյունահեղություններ, որոնց զոհ են գնում շուրջ 300 հազար արևմտահայեր։ Այս պայմաններում սկզբնավորվել է ֆիդայական շարժումը՝ որպես ազգային-ազատագրական պայքարի յուրատեսակ ձև։ 1914-1915 թվականներին երիտթուրքերն իրականացնում են հայերի ցեղասպանությունը, որի արդյունքում Արևմտյան Հայաստանը հիմնահատակ հայաթափվում է։ Պատերազմի ավարտից հետո կնքվում է Սևրի պայմանագիրը, որով Թուրքիան Արևմտյան Հայաստանի մի մասը ճանաչում է միացյալ Հայաստանի կազմում։ ՀՀ սահմանը գծում է նախագահ Վուդրո Վիլսոնը։

Սակայն պայմանագիրը մնում է թղթի վրա, իսկ Արևմտյան Հայաստանը մինչ օրս շարունակում է մնալ Թուրքիայի Հանրապետության կազմում։ Ներկայումս Արևմտյան Հայաստանում շարունակում է պահպանվել բոլոր ժամանակների հայկական մշակույթի ազդեցությունը, որը ցայսօր բարբարոսական վերաբերմունքի է արժանանում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանի անվանումն առաջացել է 387 թվականին՝ Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության առաջին բաժանումից հետո։ «Արևմտյան» է կոչվել Հայաստանի՝ Հռոմին անցած տարածքը (որտեղ էլ որպես թագավոր է կարգվում Արշակ Գ-ն՝ Պապի որդին), որն իր մեջ ներառում էր Բարձր Հայք, Ծոփք (Չորրորդ Հայք) և Աղձնիք նահանգները։ Ժամանակի ընթացքում Արևմտյան Հայաստան անվանումը սկսում է վերաբերվել Արաքս գետի ձախափնյակում ընկած հայկական տարածքներին՝ գլխավորապես նախկին Օսմանյան կայսրության կազմում գտնվող վեց վիլայեթներին և Կիլիկիային։

Մինչև 1920 թվականը՝ Արևմտյան Հայաստանը հաճախ անվանվել է նաև Տաճկահայաստան կամ Թուրքահայաստան։ Այս տարածքը աշխարհագրական տեսանկյունից համընկնում է Արևելյան Անատոլիայի սահմանների հետ, որն էլ ինքնին հանդիսանում է ներկայիս Թուրքիայի Հանրապետության շրջաններից մեկը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի առաջին բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]