Մասնակից:Սաթենիկ Թովմասյան/սևագրություն 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցամաքային բիոմները խմբավորվում են գերազանցապես ըստ իրենց բուսականության տիպի։

Ցամաքային բիոմներ՝ դասակարգված ըստ բուսականության տիպի
      Բևեռային անապատներ       Տունդրա       Տայգա       Լայնատերեև անտառներ       Տափաստաններ       Մերձաևրադարձային անձրևային անտառներ       Միջերկրածովյան բիոմներ       Մուսսոնային անտառներ
      Արիդ անապատներ       Քսերոֆիտ թփուտներ       Հարավային տափաստաններ       Կիսաարիդ անապատներ       Սավանաներ       Սավանաներ ծառային բուսականությամբ (անտառատափաստաններ)       Մերձարևադարձային անտառ       Արևադարձային անձրևային անտառ
      Ալպյան տունդրա       Լեռնային անտառներ

Բիոմների աշխարհագրական դասակարգումը հիմնականում կախված է կլիմայից։ Այդ պատճառով տեղումները և ջերմաստիճանային տատանումները հաճախ տվյալ շրջանում գոյություն ունեցող բիոմի տեսակը որոշող առանցքային գործոններն են։ Եթե կլիմայական պայմաններն աշխարհագրական տարբեր տարածաշրջաններում նույնն են, ապա միևնույն տեսակի բիոմը կարող է գոյություն ունենալ երկու կամ ավելի վայրերում էլ։

Յուրաքանչյուր բիոմ բնութագրվում է որոշակի կենսաբանական համակեցության տիպով։ Համաշխարհային տաքացման վերաբերյալ անհանգստությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում բուսականության ձևերի վրա կլիմայի ունեցած ազդեցության վերաբերյալ։ Oգտագործելով արբանյակները գիտնականները փաստագրում են բիոմների սահմանների աշխարհագրական տեղաշարժերը, սառցածածկերի պակասումը և այլն։

Արևադարձային անտառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևադարձային անտառների տարածման շրջանները
Արևադարձային անտառ

Արևադարձային անտառները գոյություն ունեն հասարակածային տարածքներում, որտեղ ջերմաստիճանը բարձր է, իսկ օրվա տևողությունը կլոր տարին 11-ից 12 ժամ է։ Բուսականության տիպը հիմնականում որոշվում է թափվող անձրևներով։

Արևադարձային անտառի բնակիչ

Շատ ծառեր պատված են լույսին ընդառաջ աճող և փաթաթվող ծառանման բույսերով։ Այլ բույսեր, օրինակ՝ խոլորձները, արեգակնային լույսին հասնում են աճելով բարձր ծառերի ճյուղերի կամ բների վրա։ Առանձին ծառեր արեգակնային առավելագույն լուսավորվածության հասնում են ընդհանուր անտառային ծածկից վեր բարձրանալով։ Շատ կենդանիներ նույնպես բնակվում են ծառերի վրա, որտեղ սնունդն առատ է։ Կապիկները, թռչունները, միջատները, օձերը, չղջիկներն ու գորտերը սնունդ և ապաստան են գտնում հողից բազմաթիվ մետրերի բարձրության վրա։

Արևադարձային չոր անտառները գերակշռում են հարթավայրային տարածքներում, որոնցում առկա է կամ երկարաձիգ չորային եղանակ, կամ մշտապես սակավ անձրևային տեղումներ։ Այնտեղ աճող բույսերը մացառուտների, ծառերի ու սուկուլենտների խառնուրդ են։ Խոնավ ու չոր եղանակների հաջորդականությամբ առանձնացող շրջաններում տարածված են արևադարձային տերևաթափող ծառերը։

Սավաննա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավաննաների տարածման շրջաններ
Սավաննան Տանզանիայում
Սավաննան Վենեսուելայում

Սավաննաներում գերակշռող են խոտաբուսականությունն ու առանձին կանգնած ծառերը։ Ջերմաստիճանը տաք է կլոր տարին։ Տարեկան միջին տեղումները կազմում են 30-50 սմ, կտրուկ եղանակային փոփոխություններով։ Կայծակի կամ մարդու գործունեության հետևանքով առաջացած հրդեհները կարևոր աբիոտիկ գործոն են։ Խոտատեսակները հրդեհներից հետո կենդանի են մնում, որովհետև նրանց ընձյուղների աճման կետը գտնվում է հողի տակ։ Այլ բույսեր ունեն սերմեր, որոնք անմիջապես հրդեհից հետո ծլում են։

Անձրևային եղանակին խոտաբուսականության ու փոքր լայնատերև բույսերի աճը հարուստ սննդի աղբյուր է ստեղծում բուսակեր կենդանիների համար։ Աֆրիկյան սավաննաներում ապրում են զեբրերի ու այծեղջերուների շատ տեսակներ, ինչպես նաև առյուծներ ու վագրակատուներ։ Կենգուրուի մի քանի տեսակներ Ավստրալիայի սավաննայի գերակշռող խոտակերներն են։ Սավաննաները բնակեցնող այլ կենդանիներ են կրծողները, օրինակ՝ մկները, խլուրդները, գետնասկյուռներն ու շերտավոր սկյուռները։

Անապատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անապատների տարածման շրջանները
Կարակում անապատը

Անապատները բիոմների մեջ ամենաչորն են։ Դրանք բնութագրվում են սակավ և անկանխատեսելի մթնոլորտային տեղումներով՝ տարեկան 30 սմ-ից պակաս։ Որոշ անապատներում շատ շոգ է, ցերեկային ժամերին հողի մակերեսին ջերմաստիճանը հասնում է 60 աստիճան Ցելսուսի (մոտ 140 Ֆարենհայտ

Այլ անապատներ, օրինակ՝ Ժայռոտ լեռներից (Rocky Mountains) արևմուտք գտնվողները և հյուսիսային Չինաստանում ու հարավային Մոնղոլիայում տարածվող Գոբի անապատը, համեմատաբար ցուրտ են։ Ցուրտ անապատներում օդի ջերմաստիճանը կարող է իջնել -30 աստիճան Ցելսուսից (մոտ -22 Ֆարենհայտ) ցածր։

Անապատային բուսականությունը, որպես կանոն, ներառում է ջուր պահեստող բույսեր, ինչպիսին կակտուսներն ու խոր արմատակալած թփերն են։ Տարբեր տեսակի օձերը, մողեսներն ու սերմակեր կրծողները անապատների սովորական բնակիչներն են։ Հոդվածոտանիները, օրինակ՝ կարիճներն ու մի շարք միջատներ, նույնպես ապրում են անապատներում։

Տայգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տայգայի տարածման շրջանները
Տայգան Կրասնոյարսկում

Տայգան Երկիր մոլորակի ամենամեծ ցամաքային բիոմն է։ Այն լայն գոտով ձգվում է Հյուսիսային Ամերիկայի ու Ասիայի վրայով՝ Հյուսիսային բևեռային շրջագծից հարավ։ Տայգան բնութագրվում է երկար, ձնառատ ձմեռներով ու կարճ, խոնավ ամառներով, որոնք երբեմն տաք են լինում։ Շատ ասեղնատերևավորների կոնանման ձևը թույլ չի տալիս, որ նրանց վրա ձյուն կուտակվի և ճյուղերը կոտրատվեն։ Տայգայի կենդանիների թվին են պատկանում որմզդեղնը, ազնվացեղ եղջերուն, ճագարը, արջերը, գայլերը, կաքավն ու չվող թռչունները։ Ասիական տայգայում դեռևս բնակվում են ոչնչացման եզրին կանգնած սիբիրյան վագրերը։

Տունդրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունդրայի տարածման շրջանները
Ալպյան տունդրա

Տունդրան ծածկում է Արկտիկայի ընդարձակ տարածությունները տայգայի ու բևեռային սառույցների միջև։ Մշտապես սառցակալած ենթահողը, խիստ ցածր ջերմաստիճանները և ուժեղ քամիներն են պատճառը արկտիկական տունդրայում ծառերի ու այլ բարձր բուսականության բացակայության։ Արկտիկական տունդրան ստանում է տարեկան տեղումների քիչ քանակություն։

Տունդրայի բուսականությունը ներառում է փոքր թփեր, խոտաբուսականություն, մամուռներ ու քարաքոսեր։ Հյուսիսային եղջերուն, խոյացուլերը, գայլերն ու լեմինգները (մանր կրծողների տեսակ) արկտիկական տունդրայում բնակվող կաթնասուններից են։

Ուժեղ քամիներն ու ցածր ջերմաստիճանները բոլոր լայնությունների բարձր լեռնագագաթներին, ներառյալ արևադարձները, ստեղծում են բուսական համակեցություններ, որոնք կոչվում են ալպիական տունդրա։ Ալպիական տունդրայի տակ գոյություն չունի մշտապես սառցակալած ենթահող։

Մացառուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մացառուտ

Մացառուտները գլխավորապես առաջանում են օվկիանոսի մերձափնյա սառը հոսանքների շրջապտույտից, որ ձևավորում են բարեխառն կլիմա, անձրևային ձմեռներ ու տաք, չոր ամառներ։ Արդյունքում այս բիոմը սահմանափակված է փոքր ծովափնյա տարածքներում, որոնց մի մասը գտնվում է ԱՄՆԿալիֆորնիա նահանգում։

Մացառուտների ամենալայնարձակ շրջանը միջերկրածովայինն է։ Մացառուտներում գերիշխում են խիտ, փշոտ, մշտադալար թփերը։ Մացառուտներին բնորոշ կենդանիներն են եղջերուն, պտղակեր թռչունները, սերմակեր կրծողները, մողեսներն ու օձերը։

Մացառուտների բուսականությունը հարմարված է կայծակների հետևանքով առաջացող հրդեհներին։ Շատ բույսեր պարունակում են դյուրավառ քիմիական նյութեր ու լավ այրվում են։ Հրդեհից հետո ընձյուղների արագ վերածնունդն ապահովելու համար թփերն օգտագործում են պահպանված արմատներում պահեստավորված սննդանյութերը։

Բարեխառն մարգագետիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգագետին Իտալիայում
Մարգագետին

Բարեխառն մարգագետիններն ունեն սավաննաների որոշ հատկանիշներ, սակայն հիմնականում ծառազուրկ են, բացառությամբ գետերի կամ առուների եզերքի։ Հանդիպում են այն շրջաններում, որտեղ ձմեռային ջերմաստիճանները համեմատաբար ցածր են։ Մթնոլորտային տեղումները, որոնց միջինը տատանվում է տարեկան 25-75 սմ-ի միջև, կրկնվող խիստ երաշտների հետ միասին, չափազանց աննպաստ են անտառների աճի համար։

Ինչպես սավաննայում, այստեղ նույնպես հիմնական բուսակերներն անողնաշարավորներն են, հատկապես ծղրիդներն ու հողաբնակ օղակավոր որդերը։ Ծառերի բացակայության պայմաններում թռչունները բնադրում են հողի վրա։ Շատ փոքր կաթնասուններ, օրինակ՝ նապաստակները, դաշտամկները, գետնասկյուռները, տափաստանային շներն ու գրպանային գետնասկյուռները, հողի տակ բներ են փորում գիշատիչներից խուսափելու նպատակով։

Քանի որ մարգագետինների հողը խորն է ու սննդանյութերով հարուստ, այս բնակմիջավայրերը գյուղատնտեսությանը պտղաբեր հող են տրամադրում։ Միացյալ Նահանգների մարգագետինների մեծ մասը վերափոխվել է վարելահողերի կամ արոտավայրերի, և միայն շատ փոքր մասը գոյություն ունի որպես բնական մարգագետին։

Բարեխառն լայնատերև անտառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնատերև անտառ Դանիայում

Բարեխառն լայնատերև անտառները հանդիպում են ամենուրեք միջին լայնություններում, որտեղ առկա է բավարար քանակությամբ խոնավություն մեծ ծառերի աճը խթանելու համար։ Տարեկան տեղումները համեմատաբար բարձր են, տատանվում են 75-150 սմ-ի սահմաններում և սովորաբար հավասարաչափ բաշխված են տարվա ընթացքում։

Տերևաթափող ծառերը տերևաթափվում են նախքան ձմեռը, երբ ջերմաստիճանները չափազանց ցածր են արդյունավետ ֆոտոսինթեզ կատարելու համար, և բույսը հնարավորություն չի ունենում գոլորշիացման արդյունքում կորած ջուրը լրացնելու սառցակալած հողից։

Հողում Բնակվում են բազմաթիվ անողնաշարավորներ։ Որոշ ողնաշարավորներ, օրինակ՝ մկներն ու շերտավոր սկյուռները փորում են հողը բնադրելու կամ սնունդ հայթայթելու նպատակով, մինչդեռ շատ թռչնատեսակներ, բնակվում են ծառերի վրա։ Գիշատիչներից են լուսանները, աղվեսները, սև արջերն ու լեռնային առյուծները։

Հյուսիսային Ամերիկայի բոլոր բնական բարեխառն լայնատերև անտառները քայքայվել են անտառահատումների հետևանքով կամ մաքրվել գյուղատնտեսության կամ շինարարության նպատակով։ Սակայն այս անտառները ձգտում են վերականգնվել խանգարումներից հետո, և ներկայումս ականատես ենք լինում, թե ինչպես են նախկինում եղած անտառների անմշակ տարածքների մեծ մասում տերևաթափող ծառեր աճում։

Բևեռային սառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտարկտիդայի առափնյա շրջան

Բևեռային սառույցը ծածկում է երկրի մակերեսը բարձր լայնություններում՝ Հյուսիսային կիսագնդում արկտիկական տունդրայից հյուսիս ընկած տարածությունը և Հարավային կիսագնդում Անտարկտիդան։ Ծովին մոտ սառույցը սնման համար անհրաժեշտ տարածք է տրամադրում խոշոր կենդանիներին, օրինակ՝ բևեռային արջերին (Հյուսիսային կիսագնդում), պինգվիններին (Հարավային կիսագնդում) և փոկերին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիոմ

Ջրային բիոմներ

Կատեգորիա:Կենսաբանություն Կատեգորիա:Կենսաաշխարհագրություն Կատեգորիա:Աշխարհագրություն Կատեգորիա:Բիոմներ Կատեգորիա:Բնություն