Կարիճներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարիճներ (լատին․՝ Scorpionida), սարդակերպերի դասի անողնաշարավոր կենդանիների կարգ։

Մարմնի երկարությունը 1—18 սմ է, բաժանված է գլխակրծքի և հատվածավոր փորիկի, որը կազմված է առջևի լայն և ետին երկար, հաճախ «պոչ» կոչվող մասերից։ Փորիկի վերջին հատվածը վերջանում է 2 թունագեղձերով, որոնք բացվում են կեռ խայթիչի մեջ։ Խայթիչը պաշտպանական և հարձակման միջոց է։ Ոտքերը 4 զույգ են, խելիցերները՝ ունելիանման։ Շնչառության օրգանները թոքային պարկերն են, որոնք բացվում են փորիկի 3-6-րդ հատվածներում։ Գիշերային կենդանիներ են, ցերեկը թաքնվում են քարերի տակ, ճեղքերում։ Սնվում են միջատներով, սարդերով, բազմոտանիներով։ Հայտնի է մոտ 500 տեսակ, տարածված արևադարձերում, մերձարևադարձերում, անապատներում, ինչպես նաև արևադարձային խոնավ անտառներում։ Կարիճի խայթոցը շատ ցավոտ է, իսկ սև կարիճինը կարող է մահացու լինել մարդկանց համար։ Հայաստանում հանդիպող կարիճներից թունավոր և մարդու համար վտանգավոր են միայն սև կարիճները։ Ի՞նչ պետք է իմանալ նրանց խայթոցի մասին և ի՞նչ պետք է անել, եթե ձեզ խայթել են։ Սև կարիճի խայթոցից տուժածին պետք է հնարավորինս արագ հիվանդանոց տեղափոխել։ Ի տարբերություն օձի խայթոցի՝ այս պարագայում տուժածին պետք չէ առաջին օգնություն ցույց տալ։ Անիմաստ է դուրս քաշել թույնը կամ անշարժացնել վերջույթները, քանի որ կարիճի թույնը չի գործում այնպես, ինչպես օձինը։ Այն միանգամից ազդում է մարդու նյարդային համակարգի վրա։ Անօգուտ է նաև կտրվածքներ անելն ու վերքն այրելը. դա կարող է միայն վնասել տուժածին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 322