Մասնակից:Նարինե Գալստյան/Ավազարկղ 2
ԽՍՀՄ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ-ում խորհրդային ուսանողությունը նպաստեց բարձրագույն կրթության «պրոլետարացմանը»։ Կոմունիստ ուսանողները մասնակցում էին բանվորական ֆակուլտետների ստեղծմանը։ 1930-ական թվականներին փոխվեց ուսանողների սոցիալական կազմը, և նրանց մեջ ավելացավ կոմերիտականների թիվը։
Նախապատերազմյան հնգամյա պլանների տարիներին (1929-1940 թվականներ) խորհրդային ուսանողներն օգնեցին երկրի ինդուստրալացման իրականացմանը, գյուղատնտեսության կոլեկտիվացմանը, մշակութային հեղափոխությանը (համընդհանուր յոթնամյա կրթության ներդրում, անգրագիտության վերացում և այլն), ինչպես նաև աջակցություն ցուցաբերեցին ձեռնարկություններին և շինարարությանը, կոլտնտեսություններին և սովխոզներին։ Համալսարանների կոմերիտական կազմակերպությունները կենտրոնացել էին կրթական գործընթացի բարելավման և քաղաքական դաստիարակության վրա, տեսական ուսուցումը արտադրական պրակտիկայի հետ համատեղելու և գիտահետազոտական աշխատանքների զարգացման վրա: 1930-ական թվականներին խորհրդային ուսանողները ստեղծեցին ինքնազբաղ ուսանողական «իրական ծրագրավորման բրիգադաներ», իսկ ամբիոններում՝ գիտական խմբակներ։ 1940-ական թվականներին էլ գիտական խմբակները, բրիգադները և այլ ստորաբաժանումները միավորվեցին ուսանողական գիտական ընկերությունների և ուսանողական կոնստրուկտորական բյուրոների մեջ։
1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կարմիր բանակի շարքերը համալրել է շուրջ 240 հազար ուսանող։ Երկրի 460 բուհերում ուսանողները սովորում էին «Ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար» կարգախոսով։ Նրանցից 150 հազարն ուսումը համատեղում էր արտադրական ոլորտում աշխատանքի հետ։ 1941 թվականին Մոսկվայում ստեղծվեց Խորհրդային երիտասարդության հակաֆաշիստական կոմիտեի ուսանողական բաժինը։ Պատերազմի ավարտից հետո խորհրդային համալսարաններ ընդունվեցին պատերազմին մասնակցած շուրջ 30 հազար զինծառայող։
1950-ական թվականների վերջին վերստեղծվեցին ուսանողական շինարարական ջոկատները, որոնց անդամներն ամառային արձակուրդների ընթացքում աշխատում էին երկրի արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտներում, անցկացնում էին էլեկտրահաղորդման գծեր, երկաթուղիներ և մայրուղիներ, կառուցում բնակելի շենքեր, դպրոցներ, հիվանդանոցներ և ակումբներ, ամռանն աշխատում առեւտրի, սպասարկման ոլորտում, տրանսպորտում։ 1974 թվականին այդ ջոկատների կազմում կար ավելի քան 600 հազար ուսանող։
Կոմերիտական կազմակերպությունները խորհրդային ուսանողների կյանքում մեծ դեր էին խաղում։ 1974 թվականին դրանք ընդգրկում էին համալսարանականների ավելի քան 95%-ը (1928 թվականին՝ 19,2%, 1935 թվականին՝ 32,5%)։
Խորհրդային ուսանողները մասնակցել են Առաջադեմ ուսանողության միջազգային շարժմանը։ 1919-1943 թվականներին նրանք անդամակցել են Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալին, իսկ 1939-1945 թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Երիտասարդական հակաֆաշիստական ճակատի ստեղծմանը։ ԽՍՀՄ ուսանողական խորհուրդը համագործակցել է ավելի քան 100 երկրների ուսանողական կազմակերպությունների հետ։ Խորհրդային ուսանողության ներկայացուցիչները մասնակցել են Ուսանողների միջազգային միության աշխատանքներին և Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի հետ համատեղ անցկացվող միջոցառումներին։
1989 թվականի գարնանից Խորհրդային միության բուհերում սկսեցին տեղի ունենալ, այսպես կոչված, «ռազմական ամբիոնների բոյկոտներ». սրանք բարձրագույն ուսումնական հաստատություններում ռազմական կրթության ձևերի և մեթոդների դեմ ուսանողական բողոքի ցույցեր էին, որոնք կապված էին զորակոչից տարկետումների վերացման հետ, բուհերում պարտադիր զինվորական պատրաստության հետ։ Բացի այդ, ուսանողները բողոքում էին, որ համալսարաններում առաջնահերթություն էր տրվում ռազմական ամբիոն հաճախելուն, ոչ թե ուսանողների հիմնական մասնագիտացմանն ու դասապրոցեսին: 1989 թվականի նոյեմբերին Ուսանողական համամիութենական ֆորումի պատվիրակները երկրի կառավարության առջև բարձրացրին համալսարանների ռազմական ամբիոնների գործունեության հետ կապված հարցեր։ Ընդունվեց «Երկրի բարձրագույն և միջին մասնագիտական քաղաքացիական ուսումնական հաստատությունների ուսանողների ռազմական պատրաստության վերակառուցման մասին» հռչակագիրը։ Դրանով առաջարկվում էր կազմակերպել ուսանողների՝ կամավոր զինվորական պատրաստություն անցնելը, վերապատրաստել պահեստազորի սպաներին՝ հաշվի առնելով նրանց քաղաքացիական մասնագիտությունները, արմատապես բարելավել ռազմական ամբիոնները, կրթական գործընթացն ապահովել ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով, ուսանողների համար սահմանել նյութական խթաններ, վերացնել քաղաքական պարապմունքները, ուսուցիչների կազմը ձևավորել մրցութային հիմունքներով և այլն[1][2]։
Ուսանողների գրեթե բոլոր պահանջները բավարարվեցին։
Ռուսաստանի Դաշնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականի ապրիլի 12-ին Մոսկվայում մոտ 3 հազար ուսանող մասնակցեց «դեպի Կրեմլ երթ»-ին, որը կազմակերպել էին ձախ արմատական տարբեր ակտիվիստներ։ Ուսանողները պահանջում էին կրթաթոշակների ավելացում և դրանց ժամանակին վճարում։ Նոր Արբատում կարողանալով ճեղքել ոստիկանական մի քանի շարքերը՝ ուսանողները հասան Մանեժնայա հրապարակ, որտեղ երթը կանգնեցվեց ՕՄՕՆ-ի կողմից։ Ծեծված ու զայրացած ուսանողները հակակառավարական կարգախոսներ էին վանկարկել։ Մոտ 600 ուսանող Ալեքսանդրովյան այգով հասավ մինչև ԳՈՒՄ, սակայն Կարմիր հրապարակում ՕՄՕՆ-ը ցրեց նրանց բողոքի ակցիան։ Ծեծի հետևանքով մոտ 80 ուսանող ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 9 մարդ էլ քրեական պատասխանատվության էր ենթարկվել։ Բողոքի ակցիաների մասնակիցները ստեղծեցին ձախ արմատական «Ուսանողական պաշտպանություն» արհմիությունը։ Ուշացված կրթաթոշակներն էլ վճարվեցին մեկ ամսվա ընթացքում[3]։
1994 թվականի ապրիլի 19-20-ը Տվերի պետական համալսարանի ուսանողական ավանում տեղի ունեցավ չարտոնված հանրահավաք, որը նվիրված էր պիոներական կազմակերպության ծննդյան տարելիցին։ Հանրահավաքը ցրվեց ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից այն բանից հետո, երբ ուսանողները սկսեցին երգել «Ինտերնացիոնալը»: Մոտ 200 ուսանող ծեծի ենթարկվեց, 1 մարդ էլ՝ հոսպիտալացվեց։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց «Ուսանողների պաշտպանություն» արհմիության տեղական մասնաճյուղը[3]:
1995 թվականի ապրիլի 12-ին Մոսկվայում, «Սպիտակ տան» առջև կայացած հանրահավաքի ժամանակ, «Ուսանողների պաշտպանություն» արհմիությունը պահանջեց չեղյալ համարել Վիկտոր Չեռնոմիրդինի այն հրամանագիրը, որը բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին զրկում էր կրթաթոշակի իրավունքից։ Ցուցարարները պահանջում էին հրաժարվել բուհերի ուսանողներին և շրջանավարտներին 2 տարի ժամկետով որպես շարքային զինվորական ծառայության զորակոչելու մասին օրենքի ընդունումից, պահանջում էին բուհերում ընդլայնել ուսանողական ինքնակառավարումը, ապահովել ուսանողների մասնակցությունը բուհերի ֆինանսական գործունեության վերահսկողությանը, դադարեցնել ուսումնական անվճար տեղերի կրճատման և հանրակացարանները կոմերցիոն կառույցներին վարձակալության տալու պրակտիկան։ Հանրահավաքի ժամանակ իշխանությունները բերման ենթարկեցին «Ուսանողական պաշտպանության» առաջնորդներին, ինչի հետևանքով ակցիային մասնակից 3 հազար ուսանող «դեպի Կրեմլ նոր երթ» նախաձեռնեց։ Սադավոյե կոլցոյի խաչմերուկում բախումներ սկսվեցին ցուցարարների և ոստիկանության հատուկ ստորաբաժանումների միջև, մոտ 1,5 հազար ուսանող մտավ Հին Արբատ և այնտեղով շարժվեց դեպի Արբատ հրապարակ։ Ցուցարարներն այնտեղ ինքնաշեն միջոցներ նետեցին Ռուսաստանի պաշտպանության նախարարության շենքի վրա և հակապատերազմական կարգախոսներ գրեցին նախարարության շենքի դիմացի ասֆալտի վրա։ Դրանից հետո ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, ոստիկանները և ներքին զորքերի զինծառայողները ցրեցին այն ուսանողներին, որոնք կրկին եկել էին Նոր Արբատ և հասել Մանեժնայա հրապարակ։ Ավելի քան 400 մարդ բերման ենթարկվեց, նրանցից 30-ը քրեական պատասխանատվության ենթարկվեց, 200-ից ավել ուսանողներ էլ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Չեռնոմիրդինը բողոքի այս ցույցերին արձագանքեց հետևյալ կերպ. «Հեղափոխությունները սկսվում են ոչ թե հանքափորների գործադուլներով, այլ` ուսանողական խռովություններով»։ Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին կրթաթոշակից զրկելու որոշումը և ուսանողներին բանակ զորակոչելու մասին օրինագիծը չեղարկվեց[3]։
1995 թվականի ապրիլի 12-ին Իրկուտսկում տեղի ունեցան ուսանողական տարերային անկարգություններ։ Ուսանողների արհմիութենական կազմակերպությունների պաշտոնական ասոցիացիայի (Ուսանողների արհմիութենական կազմակերպությունների ասոցիացիա` Ռուսաստանի անկախ արհմիությունների դաշնության ստորաբաժանումներից մեկը) հանրահավաքը վերածվեց երկու հազար ուսանողների՝ դեպի նահանգապետարանի շենք չարտոնված բողոքի երթի։ Իրկուտսկի նահանգապետ Յու. Նոժիկովը դիմավորեց ցուցարարներին։ Նրանք Նոժիկովին փոխանցեցին համալսարանների ղեկավարության գործողությունների վերաբերյալ իրենց բողոքները։ Ուսանողները ստեղծեցին նահանգապետի հետ բանակցությունների համար նախաձեռնող խումբ և ցրվեցին, սակայն վարչակազմի և նախաձեռնող խմբի միջև բանակցությունները մնացին անարդյունք[3]։
1997 թվականի մարտի 5-ին Կրասնոդարում քաղաքային իշխանությունների՝ ուսանողների համար արտոնյալ ճամփորդական քարտերը չեղարկելու որոշումից հետո քաղաքապետարանի շենքի դիմաց ուսանողական պիկետը վերածվեց չարտոնված հանրահավաքի, որի մասնակիցները փորձում էին ներխուժել քաղաքապետարանի շենք, արգելափակել փողոցները և կանգնեցնել տրամվայների աշխատանքը։ Ոստիկանությունն ուսանողներին համոզեց ցրվել Ռուսաստանի Կոմունիստական երիտասարդական միության տեղական կոմսոմոլների օգնությամբ, որոնք համարվում էին պիկետի պաշտոնական կազմակերպիչները։ Արտոնյալ ճամփորդական կտրոնների չեղարկման որոշումը կասեցվեց մինչև հաջորդ ուսումնական տարի[3]։
1997 թվականի մարտի 27-ին Մուրմանսկում արհմիութենական երթի ժամանակ «Ուսանողական պաշտպանություն» արհմիության տեղական մասնաճյուղի և ձախամետ «Սպարտակի կարմիր գվարդիա» կազմակերպության անդամները քաղաքի կենտրոնում մի քանի ժամով արգելափակեցին երթևեկությունը և փորձեցին կառուցել բարիկադ։ Նրանք պահանջում էին անհապաղ վճարել չվճարված կրթաթոշակները։ Այն բանից հետո, երբ իշխանությունները խոստացան կատարել իրենց պարտավորությունները, բողոքի այս ակցիան ավարտվեց[3]։
1997 թվականի աշնանից մինչև 1998 թվականի գարուն Ռուսաստանում ծավալվում էին ուսանողական բողոքի ցույցեր, որոնք հրահրվել էին կրթական բարեփոխումներ իրականացնելու պատճառով, ինչն առավել հայտնի է «Ասմոլով-Տիխոնովի բարեփոխում» անվամբ: Վերջիններս առաջարկում էին կրթության առևտրայնացում՝ ներառյալ ընթերցասրահների և մարզադահլիճների, համակարգչային լսարանների և գրադարանների օգտագործումը, բուհերի փոխակերպում ինքնաֆինանսավորման մոդելի, դրանց թվի և դասախոսական կազմի կտրուկ կրճատում, ուսանողների կրթաթոշակների և սոցիալական բոլոր վճարների վերացում[3]։
Առաջին զանգվածային բողոքի ցույցերը, որոնք պայմանավորված էին համակարգչային լսարանների, ընթերցասրահների և մարզադահլիճների օգտագործման համար վճարների ներդրմամբ, տեղի ունեցան 1997 թվականի նոյեմբերի սկզբին Նովոսիբիրսկի տեխնիկական համալսարանի ուսանողների կողմից: Բողոքի ակցիաները տևեցին մի քանի օր և նույնիսկ տեղի ունեցան Նովոսիբիրսկի ակադեմիական քաղաքում: Հոկտեմբերի 22-ին Վորոնեժում տեղի ունեցավ ուսանողական չարտոնված հանրահավաք, որին մասնակցում էր մոտ 10 000 մարդ։ Դրա մասնակիցները պահանջում էին վերացնել այս փոփոխությունները։ 1997 թվականի աշնանն ուսանողական բողոքի ցույցեր տեղի ունեցան Արխանգելսկում, Չեբոկսարիում և Օմսկում, իսկ 1998 թվականի ապրիլին Եկատերինբուրգում սկսվեցին անկարգություններ[3]։
1998 թվականի մայիսի 6-ին «Ուսանողական պաշտպանություն» արհմիությունը, բողոքելով բարձրագույն կրթության բարեփոխումների դեմ, չարտոնված բողոքի ակցիա անցկացրեց Ուլյանովսկում։ Մայիսի 8-ին համանման ուսանողական փողոցային ակցիա տեղի ունեցավ Չելյաբինսկում։ Ուսանողական խռովություններն այնտեղ տևեցին մինչև մայիսի 21-ը, երբ իշխանությունները ստիպված եղան գնալ զիջումների և վերականգնել Պետության և իրավունքի ինստիտուտում բարեփոխումների հետևանքով լուծարված ֆակուլտետները։ Մայիսի 22-ին Օրենբուրգում ուսանողների բողոքի ցույցերը հանգեցրին քաղաքի կենտրոնական պողոտայի արգելափակմանը։ Մայիսի 26-ին Իրկուտսկի ուսանողները, իրականացնելով թատերականացված բողոքի ակցիա, Անգարա գետում հրապարակայնորեն ջրասույզ արեցին «բարձրագույն կրթություն» մակագրությամբ դագաղը։ Ի վերջո, ուսանողական բողոքի ցույցերի արդյունքում բարեփոխումներն առաջարկող Տիխոնովն ու Ասմոլովը հեռացվեցին իրենց պաշտոններից, իսկ 1998 թվականի սեպտեմբերին կառավարությունն ուսանողներին շտապ կարգով 450 միլիոն ռուբլի վճարեց[3]։
Նոր ուսանողական կազմակերպությունները սկսեցին ի հայտ գալ հիմնականում մարզերում։ Օրինակ՝ 2004 թվականին Պերմի պետական համալսարանում ստեղծվեց «Ուսանողական համերաշխություն» ազատ արհմիությունը[4], իսկ Ուդմուրտիայի պետական համալսարանում՝ «Ուսանողական պաշտպանություն» արհմիությունը[5] (լինելով քաղաքականացված՝ դրանք չեն ճանաչվել բուհերի ղեկավարության կողմից)։ Ուսանողների ինքնակազմակերպման և արմատականացման խթան հանդիսացան 2005 թվականի սկզբին նպաստների դրամայնացման դեմ բողոքի համառուսական ցույցերը: 2005 թվականի ամռանը Մոսկվայում նմանատիպ խմբերը և ակտիվիստներն ստեղծեցին «Ուսանողական բողոքի շարժում» ցանցը՝ Ռուսաստանում կրթական բարեփոխումների դեմ գործողությունները համակարգելու համար: Անցկացվեցին նաև միջտարածաշրջանային բողոքի ցույցեր, սակայն 2007-2008 թվականներին ցանցը դադարեց գործել։ Անկախ արհմիություններ ստեղծելու փորձեր արվեցին նաև այլ բուհերում, սակայն դրանցից և որևէ մեկը չշարունակեց գործել իր սկզբնական առաջնորդների հեռանալուց հետո։
Ուսանողական ակտիվիզմի դրսևորման նոր ձևեր դարձան կրթության որակի և ձևի հետ կապված նախաձեռնող խմբերը։ Դրանցից ամենաակտիվը Մոսկվայի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի «OD-Group»-ն էր և Սանկտ Պետերբուրգի «Փողոցային համալսարան»-ը: Սակայն դրանք ևս չկարողացան դառնալ կայուն կառույցներ։
2010-ական թվականների սկզբին ռուսական ուսանողության շրջանում ակտիվիզմի դրսևորումները գրեթե ամբողջությամբ վերացել էին։ Չնայած ուսանողները կազմում են ընդդիմության բողոքի ակցիաների հիմնական մասը, նրանք գրեթե չեն էլ փորձում ինքնակազմակերպվել՝ «ուսանողություն» կատեգորիային պատկանելու պատճառով։
Ուկրաինա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրաինայի անկախացմանը հանգեցրած ուսանողական շարժումը սկիզբ առավ 1990 թվականին «Հեղափոխություն գրանիտի վրա» անունն ստացած բողոքի գործողությունների ժամանակ, որը դարձավ առաջին խոշոր գործողությունը, որին մասնակցեցին ինչպես բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները, այնպես էլ տեխնիկումների և արհեստագործական ուսումնարանների ուսանողները։ Հոկտեմբերյան հեղափոխության հրապարակում (այժմ՝ Անկախության հրապարակ) վրանային քաղաք հիմնելով և հացադուլ հայտարարելով՝ ցուցարարներն առաջ քաշեցին քաղաքական մի շարք պահանջներ, օրինակ՝ Ուկրաինայի կոմունիստական կուսակցության և Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միության ունեցվածքի ազգայնացում, Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի վերընտրություն բազմակուսակցական համակարգի հիման վրա և այլն։ Իշխանությունը ստիպված եղավ բավարարել ցուցարարների պահանջները։
1990-ականների կեսերին Կիևում ստեղծվեց «Ուղիղ գործողություն» անունը կրող ուսանողական արհմիությունը: Իր գոյության ողջ ընթացքում արհմիությունն իրականացրեց մի քանի հաջող ակցիաներ[6], որոնք ուղղված էին ուսանողների իրավունքների պաշտպանությանը։ Սրանք Ուկրաինայում ինքնուրույն և անկախ ուսանողական շարժում ստեղծելու և զարգացնելու առաջին փորձերն էին։ Արհմիությունը գործեց մինչև 1998 թվականը։
2004 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Սումի քաղաքի ուսանողներն ու դասախոսները դեմ էին Սումիի պետական համալսարանի և քաղաքային երեք համալսարանների միաձուլմանը: Ի նշան բողոքի՝ ուսանողները քայլերթով շարժվեցին դեպի Կիև։ Ցուցարարներին դիմադրեց մոտ 150 ոստիկան, որոնք բերման էին ենթարկում երթի մասնակիցներին։ Զանգվածային ակցիաների արդյունքում Ուկրաինայի կառավարությունը չեղյալ հայտարարեց կարգադրությունը, իսկ նախագահը չեղարկեց երեք համալսարանների հիման վրա Սումիի ազգային համալսարանի ստեղծման մասին հրամանը։ 2006 թվականի նոյեմբերին Սումիի ուսանողները բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ Սումիի մարզի նախկին նահանգապետ Վլադիմիր Շչերբանի՝ Ուկրաինա վերադարձին, որը նախկինում ուկրաինական արդարադատությունից խուսափելու նպատակով թաքնվում էր ԱՄՆ-ում։
2008 թվականին Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ որոշվեց ստեղծել նոր անկախ արհմիություն, որը դարձյալ վերցրեց «Ուղիղ գործողություն» անվանումը՝ ի նշան երիտասարդական դիմադրության ավանդույթների շարունակման։ Այսպիսով, 1990-ականների «Ուղիղ գործողություն»-ը կոչվում էր նաև «առաջին սերունդ»: Առաջին սերնդի որոշ ակտիվիստներ այժմ օգնում են արհմիության գործունեությանը։
Ըստ այս արհմիության հռչակագրի՝ արհմիության նպատակն է ստեղծել ուսանողական կազմակերպություն, որը կհիմնվեր համակարգման հորիզոնական սկզբունքների վրա: Այդ կազմակերպությունը պետք է աստիճանաբար փոխարիներ վարչակազմի բյուրոկրատական ապարատին և կրթության ոլորտում հարաբերություններ ձևավորեր հավասարության, ուղիղ ժողովրդավարության և համագործակցության հիման վրա։
Հիմնադրման օրվանից արհմիությունը դարձավ ուսանողների և աշխատավորների իրավունքների պաշտպանությանն ուղղված մեծաթիվ արշավների մասնակից և նախաձեռնող։ Դրանցից ամենահաջողների թվում են հետևյալները.
- 2009 թվականի հունիսի 4-ին արհմիությունը բողոքի ցույց իրականացրեց Ուկրաինայի կառավարության մոտ։ «Ուղիղ գործողությանը» հաջողվեց պիկետի բերել ավելի քան 150 ուսանողի: Բողոքի ակցիայի ժամանակ դրա մասնակիցները ցուցադրաբար «ֆայերներ» և ուսանողական մի քանի գրքույկներ այրեցին։ Սրա արդյունքն այն էր, որ Ուկրաինայի կառավարությունն իր արտահերթ նիստի ժամանակ չեղյալ հայտարարեց վճարովի ծառայությունների ներդրման մասին որոշումը[7][8]։
- 2009 թվականի հոկտեմբերին «Ուղիղ գործողություն» արհմիությունը մասնակցեց Բոյչուկի անվան ինստիտուտի ուսանողների և դասախոսների դասադուլին[9]։ Բացի այդ, բողոքի ցույցեր եղան նաև Ուկրաինայի կրթության նախարարության մոտ։ Դասադուլն ավարտվեց հոկտեմբերի վերջին՝ ռեկտորի հրաժարականից հետո[10]։
- 2010 թվականի հունիսին ոստիկանական բաժանմունքում ուսանող Իգոր Ինդիլոյի սպանությունը հանրային մեծ ռեզոնանս առաջացրեց։ Բողոքի ակցիաներ սկսվեցին ոստիկանական կամայականությունների դեմ։ Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ Ուկրաինան վեր է ածվել ոստիկանական պետության։ «Ուղիղ գործողությունը» ակտիվորեն ներգրավված էր բողոքի այդ ակցիաներին: Այս ամենի հետևանքով ոստիկանության շարքերում զանգվածային ազատումներ եղան[11][12]։
- 2010 թվականի հոկտեմբերի 12-ին «Ուղիղ գործողությունը» և Տարածաշրջանային նախաձեռնությունների հիմնադրամը հանդես եկան որպես կրթության առևտրայնացման դեմ համաուկրաինական բողոքի ակցիայի կազմակերպիչներ։ Մասնավորապես, նրանք պահանջում էին վերացնել «վճարովի ծառայությունների մասին» կառավարության N 796 որոշումը)։ Բողոքի ակցիաներ էին ընթանում Ուկրաինայի 14 քաղաքներում, այդ թվում՝ Կիևում, Լվովում, Ուժգորոդում, Սիմֆերոպոլում, Խարկովում, Ռովնոյում, Լուգանսկում, Ժիտոմիրում, Խմելնիցկիում, Կամենեց-Պոդոլսկում, Կիրովոգրադում, Իվանովո Ֆրանկովսկում, Սումիում և Լուցկում։ Բանաստեղծ և գրող Սերգեյ Ժադանն իր աջակցությունը հայտնեց ուսանողներին ու ակտիվորեն մասնակցեց բողոքի այդ ակցիաներին[13]։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում զանգվածային երթ սկսվեց դեպի կառավարություն և նախագահի աշխատակազմ[14]։ Չնայած համալսարանների ղեկավարության կողմից ուսանողների նկատմամբ ահաբեկումներին՝ բողոքի ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցեց մինչև 20 000 ուսանող[15], երեք քաղաքներում՝ Լվովում, Կիևում և Ուժգորոդում բողոքի ակցիայի մասնակիցների թիվը գերազանցում էր մի քանի հազարը։ Ընդ որում, Լվովում մասնակիցների թիվը գերազանցում էր 7 հազարը[16]։ Ուկրաինայի ուսանողական բողոքի ցույցերը, որոնք ընթանում էին «Գլոբալ ալիք հանուն անվճար կրթության» միջազգային նախաձեռնության հետ[17], ունեցան միջազգային մեծ հնչեղություն[18]։ Բողոքի ակցիայի նախօրեին իշխանությունները տեղեկատվություն տարածեցին աղմկահարույց որոշման չեղարկման մասին, սակայն ավելի ուշ պարզվեց, որ չեղարկվել են դրա մի քանի առավել վիճահարույց դրույթները[19]։
- 2011 թվականի հունվարի 31-ին արհմիությունը Տարածաշրջանային նախաձեռնությունների հիմնադրամի և «Վիդսիչ» հասարակական շարժման հետ համատեղ սկսեցին «Ընդդեմ կրթության դեգրադացիայի» համաուկրաինական արշավը։ Այն ուղղված էր «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծի, պետական պատվերների 42%-ով կրճատման և կրթության առևտրայնացման դեմ։ Նույն օրը բողոքի ցույցեր տեղի ունեցան նաև Խմելնիցկիում[20], Դոնեցկում[21], Օդեսայում[22], Ժիտոմիրում, Զապորոժիեում, Խարկովում ու Կիևում[23]։ Բողոքի ցույցերի արդյունքում չեղարկվեց երկու օրինագիծ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «В. А. Змеев «Зачем студенту Военная кафедра?» 1992 г.» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-09-21-ին. Վերցված է 2014-02-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 3 (օգնություն) - ↑ Вместо студенческой фуражки — офицерская. Становление и развитие системы дополнительного военного образования в гражданских вузах России(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Тарасов А. Н.: Затмение. Не по Антониони Արխիվացված է Մարտ 7, 2014 Wayback Machine-ի միջոցով:; Тщательно скрываемые бунты Արխիվացված է Հունվար 15, 2013 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Орган студенческой самозащиты». газета "Личное дело". 2005-02. Արխիվացված է օրիգինալից 2016-09-13-ին. Վերցված է 2017-02-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «О "Студенческой защите" в Ижевске». Коллективное действие. 2006-04-27. Արխիվացված է օրիգինալից 2017-02-13-ին. Վերցված է 2017-02-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Прямое действие» — это звучит предостерегающе. Студенческий профсоюз крайне левых настроен крайне агрессивно(չաշխատող հղում) «Зеркало недели» № 8 (8) 26 ноября — 2 декабря 1994(ռուս.)
- ↑ Луцькі студенти передали Юлії Тимошенко вазелінове мило. ФОТО Արխիվացված 2009-06-06 Wayback Machine — Волинські новини 4.06.2009(ուկր.)
- ↑ Студенти приготували мотузку для Тимошенко(չաշխատող հղում) — Обозреватель 02.06.2009(ուկր.)
- ↑ Студенти київського вузу почали страйк проти керівництва Արխիվացված է Հոկտեմբեր 23, 2009 Wayback Machine-ի միջոցով: — ТСН 22.10.2009(ուկր.)
- ↑ У Києві студенти, що страйкують, заблокували інститут Արխիվացված 2011-07-26 Wayback Machine — Новинар 29.10.2009(ուկր.)
- ↑ Луцькі студенти передали Юлії Тимошенко вазелінове мило. ФОТО Արխիվացված 2009-06-06 Wayback Machine — Волинські новини 4.06.2009(ուկր.)
- ↑ Студенти приготували мотузку для Тимошенко(չաշխատող հղում) — Обозреватель 02.06.2009(ուկր.)
- ↑ Сергій Жадан підтримав студентський протест Արխիվացված 2013-06-19 Wayback Machine — Прямое действие 11.10.2010 (ուկր.)
- ↑ У Києві пройшла акція проти комерціалізації освіти Արխիվացված է Սեպտեմբեր 13, 2017 Wayback Machine-ի միջոցով: (Підбірка фото та посилань у ЗМІ) — Хроніка самозахисту 12.10.2010 (ուկր.)
- ↑ День рождения внепарламентской оппозиции Արխիվացված է Դեկտեմբեր 15, 2010 Wayback Machine-ի միջոցով: — Ліва справа 14.10.2010 (ռուս.)
- ↑ Львів: на студентський протест вийшло 7 тисяч осіб Արխիվացված է Սեպտեմբեր 13, 2017 Wayback Machine-ի միջոցով: — Хроніка самозахисту 12.10.2010 (ուկր.)
- ↑ Report: Day of Action in the Ukraine (October 12th) Արխիվացված է Հոկտեմբեր 21, 2010 Wayback Machine-ի միջոցով: — International Student Movement 14.10.2010 (անգլ.)
- ↑ Ukraine: Students march against introduction of Education fees Արխիվացված է Հոկտեմբեր 22, 2010 Wayback Machine-ի միջոցով: — In Defence of Marxism 19.10.2010 (անգլ.)
- ↑ Уряд збрехав студентам щодо постанови 796? Արխիվացված է Հոկտեմբեր 18, 2010 Wayback Machine-ի միջոցով: — Фундація регіональних ініціатив 15.10.2010 (ուկր.)
- ↑ У Хмельницькому «захопили» Будинок освіти Արխիվացված է Մարտ 12, 2011 Wayback Machine-ի միջոցով: — Всім 31.01.2011 (ուկր.)
- ↑ В Донецке студенты протестовали против реформ Табачника, устроив театрализованную акцию Արխիվացված է Փետրվար 3, 2011 Wayback Machine-ի միջոցով: — Все новости 31.01.2011 (ռուս.)
- ↑ Акция «Образование — не привилегия» в Одессе Արխիվացված է Հունիս 19, 2013 Wayback Machine-ի միջոցով: — Прямое действие 01.02.2011 (ռուս.)
- ↑ Студенти перешкодили прийняттю законопроекту «Про вищу освіту» Արխիվացված է Նոյեմբեր 4, 2011 Wayback Machine-ի միջոցով: — Прямое действие 01.02.2011 (ուկր.)