Ղրիմի Մ. Գորկու անվան ակադեմիական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղրիմի Մ. Գորկու անվան ակադեմիական թատրոն
Տեսակթատրոն, թատերական կազմակերպություն և դրամատիկական թատրոն
Երկիր Ուկրաինա
Գտնվելու վայրըՍիմֆերոպոլ
Հիմնադրման ամսաթիվ1821
Անվանված էՄաքսիմ Գորկի
Կայքрусскийтеатркрым.рф և rusteatrkrym.ru
 Crimean Academic Russian Drama Theatre Վիքիպահեստում

Ղրիմի Մ. Գորկու անվան ռուսական ակադեմիա-դրամատիկական թատրոն (ռուս.՝ Крымский академический русский драматический театр имени М. Горького), Ռուսաստանի հնագույն դրամատիկական թատրոններից մեկը, հիմնադրվել է 1821 թվականին Սիմֆերոպոլում, առևտրական Վոլկովի կողմից։ Թատրոնի շենքը համարվում է Ռուսաստանի ժողովուրդների տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ և պահպանվում է պետության կողմից[1]։

Թատրոնի անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1888 թվականից թատրոնը կոչվում էր Սիմֆերոպոլյան ազնվականական, հետագայում Տավրիկյան ազնվականության թատրոն
  • 1920 թվականին՝ 1-ին Խորհրդային թատրոն
  • 1921-1931 թվականներին՝ Ղրիմի պետական դրամատիկական թատրոն
  • Ի նշանավորումն պրոլետարական գրականության հիմնադիր Մ. Գորկու գրական և հասարակական գործունեության 40- ամյա հոբելյանի, Ղրիմի պետական դրամատիկական թատրոնը 1932 թվականի սեպտեմբերի 20-ից կոչվեց նրա անունով
  • 1942-1944 թվականներին՝ Սիմֆերոպոլի դրամայի և կոմեդիայի ռուսական թատրոն
  • 1946- 1954 թվականներին՝ Ա. Մ. Գորկու անվան Ղրիմի մարզային դրամատիկական թատրոն
  • 1960-1968 թվականներին՝ Ա. Մ. Գորկու անվան Ղրիմի դրամատիկական թատրոն
  • 1968-1978 թվականներին՝ Ա. Մ. Գորկու անվան Ղրիմի պետական ռուսական դրամատիկական թատրոն
  • 1979- 2014 թվականներին՝ Ա. Մ. Գորկու անվան Ղրիմի ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոն
  • 2014- 2016 թվականներին՝ «ՂՀ Մ. Գորկու անվան Ղրիմի ակադեմիական թատրոն» ՊԲՀ
  • 2016 թվականից՝ «ՂՀ Մ. Գորկու անվան Ղրիմի ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոն» ՊԲՀ
  • 2018 թվականից՝ «ՂՀ Մ. Գորկու անվան Ղրիմի ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոն» ՊԻՄՀ

Թատրոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1917 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1820-ական թվականներին[2] թատրոնի հիմնադիր դարձավ մոսկվացի առևտրական Վոլկովը, Սիմֆերոպոլ եկած բժիշկների առաջարկությամբ[3]։ Նա մեծ թատերասեր էր և վարձակալել էր ազնվականական ակումբին կից արքունական մեծ սրահը, որտեղ եկվորները թողնում էին իրենց ձիերին։ Սրահում կառուցվել էր բեմ, օթյակ, պարտեր և տախտակամած[3]։ Վոլկովը թատերասեր հասարակությանը ծանոթացնում էր Դենիս Ֆոնվիզինի, Ալեքսանդր Սումարոկովի և Վլադիմիր Օզերովի ստեղծագործություններին։

Սրահը բազմիցս վերակառուցվել էր Ա. Վ. Սամոյլովի (Սիմֆերոպոլի տղամարդկանց գիմնազիայի տնօրեն և հայտնի ռուս դերասանի եղբայր), առևտրական Ի. Ս. Չեխի և մյուսների ջանքերով։ 1873 թվականին թատրոնի շինությունը ապամոնտաժվեց և կառուցվեց նոր շենք ճեմասրահով, բեմով, 410 տեղանոց հանդիսասրահով, դերասանական հանդերձարանով, արվեստանոցով, գրասենյակով և այլ ծառայություններով։ Նախասրահը և բուֆետը տեղակայված էին Ազնվականական ակումբի շենքում[3]։ Երբեմն թատերական խոշոր միջոցառումների ժամանակ գավառական թատրոնի բեմում հանդես էին գալիս նշանավոր դերասաններ։ 1911 թվականին կառուցվեց ժամանակակից թատրոնի շենքը։

1917-1941 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքն ակտիվորեն օգտագործվում էր քաղաքական և հասարակական կյանքում։ 1918 թվականին այստեղ անցկացվեց Տավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարանի հանդիսավոր բացումը։ 1920 թվականի դեկտեմբերին այստեղ զեկուցումով հանդես եկավ Նիկոլայ Սեմաշկոն, 1921 թվականի նոյեմբերի 7-ից մինչև 9-ը կայացավ Բանվորա-գյուղացիական կարմիրբանակայինների և նավատորմի պատգամավորների խորհրդի առաջին Համաղրիմյան հիմնադիր համագումարը։

Սոցիալիստական շինարարության տարիներին թատրոնում բեմադրվեցին դասականների (Ա. Գրիբոեդովի «Խելքից պատուհաս», Ֆ. Շիլլերի «Ավազակները» և այլն) և ժամանակակից դրամատուրգների ստեղծագործություններ։ 1926-1927 թվականներին թատերաշրջանում բեմադրվեց Կոնստանտին Տրենյովի «Լյուբով Յարովայա» ներկայացումը։ Հետագա տարիներին բեմադրվեցին Վլադիմիր Բիլ-Բելոցերկովսկու «Փոթորիկ», «Հանդարտություն», «Լուսինը ձախից», Վսևոլոդ Իվանովի «Զրահագնացք 14-69», Նիկոլայ Պոգոդինի «Տեմպ», Ալեքսանդր Կոռնեյչուկի «Էսկադրայի կործանումը» և այլ հերոսական հեղափոխական պիեսներ։

1942-1944 թվականների օկուպացիայի տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկուպացիայի տարիներին թատրոնը չդադարեցրեց իր գործունեությունը։ Թատրոնում գործում էր «Բազե» ընդհատակյա խումբը, որը ղեկավարում էին թատրոնի գլխավոր նկարիչ Նիկոլայ Բարիշևը և դերասանուհի Ալեքսանդրա Պերեգոնեցը։ Խմբի կազմում ընդգրկված էին դերասաններ Դ. Կ. Դոբրոմիսլովը և իր կինը՝ Զոյա Յակովլևան, հադերձապաններ Ի. Ն. Օզերովը և Ե. Յա. Կուչերենկոն, բեմի մեքենավար Պ. Ի. Չեչետկինը, հավաքարար Պ. Տ. Եֆիմովը, նկարչի աշակերտ О. Ա. Սավվատաևը։ Ընդհատակայինները կատարում էին հետախուզական աշխատանքներ և կապ պահպանում ղրիմյան պարտիզանների հետ։ Նրանք պատրաստել էին Սիմֆերոպոլի հատակագիծը, որի վրա նշել էին իրենց կողմից հետախուզված թշնամու ռազմական օբյեկտները։ Խումբը թատրոնում ստեղծել էր թաքստոց որմնաշարելով սենյակը, որտեղ թաքցրել էին 5000 թատերական զգեստների հարուստ հավաքածու, որը գերմանացիք ցանկանում էին դուրս տանել։ Քաղաքի ազատագրումից առաջ գեստապոն ընկավ խմբի հետքի վրա և քաղաքի ազտագրումից երեք օր առաջ 1944 թվականի ապրիլի 10-ին ընդհատակայինները գնդակահարվեցին։ Ընդհատակայինների հիշատակին նվիրված շենքի վրա տեղադրվեց հուշատախտակ, բեմադրվեց «Նրանք եղել են դերասաններ» ներկայացումը, 1981 թվականին նկարահանվեց համանուն ֆիլմը։ 2010 թվականի մայիսի 12-ին «Ռոսիա 1» հեռուստաալիքով ցուցադրվեց Ալեքսանդր Բելանովի «Գնդակահարություն, պրեմիերայից հետո։ Մի դավաճանության պատմություն» վավերագրական ֆիլմը։

Պատերազմի ընթացքում զոհվեցին հայտնի դերասաններ Յակով Բորիսովիչ Սմոլենսկին և Անատոլի Իվանովիչ Դոբկևիչը (որը հրաժարվեց դառնալ օկուպացված Սիմֆերոպոլի քաղաքապետ)։ Նահանջելու ընթացքում նացիստները հրդեհեցին թատրոնը, սակայն շենքը փրկեցին ազատության մեջ գտնվող ընդհատակային, հանդերձասենյակի աշխատող Ելիզավետա Կուչերենկոն և բուտաֆորական արհեստանոցի նախկին աշխատակից Անդրեյ Սերգեևիչ Կարլովը[4]։

1944 թվականից[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին «Նրանք դերասաններ էին» ներկայացման համար թատերախումբը արժանացավ ԽՍՀՄ Պետական մրցանակի։ 1979-1995 թվականներին իրականացվեց շենքի ռեստավրացիա։ Թատրոնի կոլեկտիվի ճնշող մեծամասնությունը տնօրեն Անատոլի Նովիկովի գլխավորությամբ ակտիվորեն պաշտպանում էր Ղրիմի միացումը Ռուսաստանի դաշնությանը[5]։

2018 թվականի ապրիլի 17-ին թատրոնը անորոշ ժամանակով փակվեց, հակահրդեհային և ահազանգման համակարգերի անսարքության պատճառով։ Թատրոնի դերասանները վախենում են, որ ռուսական պաշտոնյաները կարող են հատուկ ոչնչացնել Սիմֆերոպոլի կենտրոնում գտնվող օբյեկտը, նրա ունեցվածքը օգտագործելու նպատակով։ Ըստ դերասանների նման փորձեր 2014 թվականից սկսած բազմիցս ձեռնարկվել են[6]։ Ռուսական դրամատիկական թատրոնի աշխատանքների դադարեցումը, արգելափակել է նաև Ղրիմի տիկնիկային թատրոնի գործունեությունը, որի կոլեկտիվը աշխատում էր ռուսական թատրոնի շենքում, այն բանից հետո, երբ Ղրիմի իշխանությունները քանդեցին տիկնիկային թատրոնի շենքը։ Թատերական քոլեջի ուսանողները նույնպես խնդիրներ ունեցան դիպլոմային ներկայացումները թատրոնի շենքում ցուցադրելու հարցում[6]։ Հետագայում խնդիրները հաջողությամբ լուծվեցին և նոր ղեկավարի, Վլադիմիր Մագարի նշանակումից հետո թատրոնը վերսկսեց ակտիվ գործունեությունը։

Թատրոնի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմի առաջին թատրոնի շենքը չի պահպանվել 1979 թվականի հոկտեմբերին Գորկու անվան դրամատիկական թատրոնի ղեկավարությունը (ի դեմս գլխավոր ռեժիսոր Ա. Գ. Նովիկովի) ինքնակամ քանդեց այն, չնայած հուշարձանը գտնվում էր պետական հաշվառման մեջ[3]։

Ժամանակակից թատրոնի հիմնական շենքը կառուցվել է 1911 թվականին ճարտարապետության ակադեմիկոս Ալեքսեյ Բեկետովի նախագծով, նեոդասականության և մոդեռն ոճի տարրերով։ Վերնաճակատը և սյունասրահը զարդարված էին քանդակներով (Ապոլոն Մուսաչետի, Մելպոմենի, արծվառյուծի քանդակներ և կիսանդրիներ), դահլիճը և ճեմասրահը ծեփագործ որմնանկարներով, մարմարե աստիճանները բրոնզե քանդակներով (քանդակագործ՝ О. Ի. Յակոբս)։ 1979-1995 թվականներին կատարվեց շենքի ռեստավրացիա և քանդված ղրիմյան առաջին թատրոնի տեղում կառուցվեց նոր մասնաշենք։ Թատրոնի մասնաճյուղը գտնվում է Խորհրդային հրապարակում։ Թատրոնի շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 14112 քառակուսի մետր։

Թատրոնի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին թատրոնի առաջին ղեկավարներն էին Պ. Ռուդինը և Ռ. Ունգեռնը։

  • Ռուդին Պավել Անատոլևիչ - 1919-1924 թվականներ, Հանրապետության վաստակավոր արտիստ
  • Ունգեռն Ռուդոլֆ Ադոլֆովիչ - 1924-1926 թվականներ
  • Վարշավսկի Յակով Աբրամովիչ - 1926-1927 թվականներ
  • Պոլեվոյ Պյոտր Ալեքսանդրովիչ- 1927-1928 թվականներ, Ղրիմի ԻԽՍՀ վաստակավոր արտիստ
  • Բերտելս Բորիս Ալեքսանդրովիչ - 1928-1935 թվականներ, Ղրիմի ԻԽՍՀ վաստակավոր արտիստ
  • Պոլեվոյ Պյոտր Ալեքսանդրովիչ- 1935-1937 թվականներ, Ղրիմի ԻԽՍՀ վաստակավոր արտիստ
  • Սլավյանովա Զինաիդա Միխայլովնա − 1937-1941 թվականներ, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ
  • Խարլամով Բորիս Վալերիանովիչ - 1942-1944 թվականներ
  • Էլստոն Լև Միխայլովիչ - 1944-1948 թվականներ, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ, Ղրիմի ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
  • Օգլոբին Վլադիմիր Նիկոլաևիչ - 1949-1952 թվականներ, ՈւԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։
  • Իպատով Վիկտոր Մաքսիմովիչ - 1952-1957 թվականներ
  • Ակինֆիև Վիկտոր Պավլովիչ - 1957- 1961 թվականներ, Էստոնական ԽՍՀ վաստակավոր արտիստ
  • Տիմոշին Վալենտին Պետրովիչ - 1961- 1966 թվականներ, ՈւԽՍՀ ժողովրդական արտիստ
  • Յատկովսկի Յուրի Վյաչեսլավովիչ - 1966- 1972 թվականներ, ՈւԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
  • Նովիկով Անատոլի Գրիգորևիչ - 1972- 2017 թվականներ, ՈւԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր
  • Ֆեդորով Յուրի Վալենտինովիչ - 2017-2018 թվականներ, Ուկրաինայի վաստակավոր արտիստ
  • Վլադիմիր Վլադիմիրովիչ Մագար - 2018 թվական։

Թատրոնի հետ կապված հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1846 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 12-ը 13 ներկայացումներում («Москаль-чарівник», «Նատալկա-Պոլտավկա», «Նավաստի», «Ռևիզոր» և այլն) հանդես է եկել Միխայիլ Շչեպկինը[2]։ Այստեղ հանդես են եկել ուկրաինական թատրոնի հիմնադիրներ Մարկ Կրոպիվնիցկին, Նիկոլայ Սադովսկին, Մարիա Զանկովեցկայան։ Այստեղ հյուրախաղերով հանդես են եկել Ֆեոդոր Գորևը, Պոլինա Ստրեպետովան, Պավել Օրլենևն, Ադելհեյմ եղբայրները, Մարիա Սավինան, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի թատերախմբերը չեխովյան ներկայացումներով։ Ռուսաստանում հյուրախաղերի ժամանակ «Օթելլո» ներկայացման մեջ հանդես է եկել հանրահայտ ամերիկյան ողբերգակ դերասան Այրա Օլդրիջը[3].:

Իրենց ստեղծագործական ուղին Սիմֆերոպոլի թատրոնի բեմում են սկսել Միխայիլ Ցարյովը, Ֆաինա Ռանևսկայան, Նիկոլայ Սոսնինը, Վլադիմիր Կենիգսոնը , Դմիտրի Ժուրավլյովը, Միխայիլ Նազվանովը, Ալեքսանդր Գոլոբորոդկոն[2]։

1925-1926 թատերաշրջանում թատրոնի երաժշտական մասը ղեկավարել է Իսահակ Դունաևսկին[2]։

Թատրոնի հայտնի ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1926-1927 թատերաշրջանում թատրոնում ներկայացվել են Լիդիա Սեյֆուլինայի «Վիրինեան», 1927-1928 թվականներին՝ Բորիս Լավրենյովի «Բեկում», Կոնստանտին Տրենյովի «Լյուբով Յարովայա» ներկայացումները։ Զոհված ընդհատակայինների «Բազե» խմբի հիշատակին է նվիրված Վիկտոր Օռլովի և Գեորգի Նատանսոնի պիեսի հիման վրա բեմադրված «Նրանք եղել են դերասաններ» ներկայացումը։ Բեմադրող կոլեկտիվը 1974 թվականին պարգևատրվել է Ա. Պոպովի անվան Ոսկե մեդալով։ 1976 թվականին թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Մոսկվայում, որտեղ ներկայացումը արժանացավ մամուլի ուշադրությանը։ «Նրանք եղել են դերասաններ» ներկայացման համար 1977 թվականին թատրոնի կոլեկտիվը արժանացավ ԽՍՀՄ Պետական մրցանակի։ Պիեսի հիման վրա նկարահանվել է «Նրանք եղել են դերասաններ» ֆիլմը (1981)[2][3]։

Թատրոնի մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստալինի մրցանակ Մաքսիմ Գորկու «Ծերունի» ներկայացման համար, 1951, ռեժիսոր՝ Պավել Գաիդբուրով
  • Ա. Պոպովի անվան ոսկե մեդալ (1974) Գ. Նատանսոնի, Վ. Օռլովի «Նրանք դերասաններ էին» ներկայացման համար, ռեժիսոր՝ Ա. Նովիկով
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1977) Գ. Նատանսոնի, Վ. Օռլովի «Նրանք դերասաններ էին» ներկայացման համար, ռեժիսոր՝ Ա. Նովիկով
  • Ղրիմի Ինքնավար Հանրապետության պետական մրցանակներ հետևյալ ներկայացումների համար՝
    • «Ռիչարդ III» Շեքսպիր, ռեժիսոր՝ Ա. Նովիկով, 1992
    • «Ինչպես էին դա անում Օդեսայում», Ի. Բաբել, Օ. Սոբոլև, ռեժիսոր՝ Վ. Անոսով, 1994
    • «Ռևիզոր» Նիկոլայ Գոգոլ, ռեժիսոր՝ Ա. Նովիկով, 2000
    • Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադայի պատվոգիր «Նրանք դերասաններ էին» պիեսի համար, Գ. Նատանսոն, Վ. Օռլով, ռեժիսոր՝ Ա. Նովիկով, 2000

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Постановление Совета Министров Республики Крым № 627 от 20.12.2016 г.». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «История театра». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Широков В. А., Широков О. В. Симферополь: «Улицы рассказывают».— Симферополь: Таврия, 1983.—-208 с, 16 л. ил
  4. Козлов И. А. В крымском подполье. — М.: «Молодая гвардия», 1948.
  5. Dimiter Kenarov. The Theater Tsar: art and politics in occupied Crimea // Virginia Quarterly Review. — Volume 91. — Number 1 (Winter 2015). — PP. 42—51.
  6. 6,0 6,1 Российская драма крымского театра: почему закрыли главную сцену Симферополя
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղրիմի Մ. Գորկու անվան ակադեմիական թատրոն» հոդվածին։