Այդ ընտրությունները դարձան Հայաստանի պատմության մեջ խորհրդարանական առաջին ընտրությունները, երբ Հայաստանի Հանրապետությունը արդեն մեկ տարեկան էր։ Մինչև այդ ընտրությունները գործում էր Հայաստանի Հանրապետության պառլամենտի՝ Խորհրդի 1-ին գումարումը, սակայն այն կազմավորվել էր ոչ թե ընտրությունների արդյունքում, այլ ձևավորվեց Հայոց Ազգային խորհրդի անդամների եռապատկումով, ինչպես նաև 6 անդրկովկասյան թուրքերի ու մեկական ռուսի և եզդու ներգրավումով, ընդամենը՝ 46 պատգամավոր, որից 38-ը՝ հայեր։ Դրա պատճառն այն էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասը գտնվում էր թուրքական բանակի օկուպացիայի ներքո, առկա էր շուրջ 400 000 փախստականների խնդիր ու համազգային ընտրություններ անցկացնելը հնարավոր չէր։
1919 թվականի խորհրդարանական ընտրությունները անց են կացվել համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով։ ՀՅԴ-ն, որն իշխող ուժն էր Հայաստանում և բացահայտ հաղթեց այդ ընտրություններում (մեծությամբ երկրորդ ուժի՝ Հայ ժողովրդական կուսակցության բոյկոտի պայմաններում), ներկայացրել էր 120 հոգանոց ցուցակ[1]։ Այդ ընտրությունների մասին ժամանակին հայկական թերթերը ընդարձակ անդրադարձ են կատարել՝ դրանք որակելով ազատ և արդարից մինչև կեղծված։