Jump to content

Համլետի դերակատարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համլետը Վիլյամ Շեքսպիրի համանուն ողբերգության հիմնական գործող անձն է։ Վլադիմիր Վիսոցկին այս դերի մասին ասել է. «Սա բարձրագույն դերն է, որի մասին կարող է մտածել դերասանը»։ Երբեմն այն խաղացվել է կանանց կողմից։

Անգլիական բեմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեյվիդ Գարիկը Համլետի դերում, 18-րդ դար

Առաջին բեմադրության ժամանակ, որը ենթադրաբար կայացել է 1600-1601 թվականներին, լոնդոնյան Գլոբուս թատրոնում, դերակատարը եղել է Շեքսպիրի մտերիմ գործընկեր Ռիչարդ Բյորբեջը, ինքը` հեղինակը, խաղում էր Համլետի հոր դերը։ Շեքսպիրը ողբերգությունն ստեղծելիս ի նկատի է ունեցել հենց այս դերասանին։ Ժամանակակիցները Բյորբեջին բնութագրում են որպես վերամարմնավորման վարպետ, ով արտահայտիչ արտասանություն ուներ, մանրամասնորեն մշակված դիմախաղ և ժեստեր։ Մինչև 1642 թվականը պիեսը բեմադրվում էր ըստ Շեքսպիրի կենդանության օրոք ընդունված ավանդույթների։ Պուրիտանական կառավարության` իշխանության գալուց հետո 20 տարիների ընթացքում թատրոնը Լոնդոնում առհասարակ արգելված էր, ինչը հանգեցրել է թատերական արվեստի որոշակի անկման։ Լոնդոնում բեմադրությունների վերականգնումից հետո Շեքսպիրի պիեսները բեմադրվել են փոփոխված ձևով, բեմադրիչներն ազատորեն ներկայացրել են թեման և անգամ փոփոխել են ողբերգության հիմնական ֆաբուլան։ 17-րդ դարում Բյորբեջից հետո դերակատարը եղել է Թոմաս Բետերտոնը, ով առաջին անգամ դերը խաղացել է 1661 թվականին, Լոնդոնի Լինքոլնս Ինն Ֆիլդս թատրոնում, վերջին անգամ` 1709 թվականին, Դրուրի Լեյն թատրոնում։ Շեքսպիրի պիեսներն այն ժամանակ բեմադրվել են կլասիցիստական փոփոխություններով, պահպանվել է կատարման պաթետիկ ձևը, ֆրանսիական թատրոնն իր ազդեցությունն է ունեցել այդ դերասանի վրա, սակայն շեքսպիրյան դերերի իրականացման ժամանակ նա կիրառել է ռեալիզմի տարրեր` ձգտելով ցուցադրել մարդկային իրական կրքեր։ Հաջորդ, 18-րդ դարում, անգլիական թատրոնի հիմնական իրադարձություններից է դառնում այս դերում Դեյվիդ Գարիկի հանդես գալը։ Առաջին անգամ նա դերը խաղացել է 1743 թվականի հունվարի 5-ին, Դրուրի-Լեյն թատրոնում։ Գարիկը լուսավորության գաղափարների կողմնակիցն էր և մերժում էր կլասիցիզմի գեղագիտությունը։ Ներկայացման մեջ առաջնայինը պետք է լիներ բարոյականության թեման։ Գաղափարները հասարակ ժողովրդին հասցնելու համար հերոսները պետք է բեմում ապրեն ու ցույց տան այն, ինչ սովորական մարդիկ։ Գարիկը պատկերում էր Համլետին որպես ստեղծագործ, տաղանդավոր ու նուրբ զգացունքներով, կամքի ուժով ու կենսական էներգիայով օժտված մարդու։ Գարիկից սկսած անգլիական բեմ է վերադարձվում բուն շեքսպիրյան ներկայացումը, սակայն բեմադրության ֆաբուլան վերջին տեսարանում այնուամենայնիվ փոփոխվում է` ըստ բարոյախոսական պահանջների։ Կարևոր իրադարձություն էր նաև Ջոն Ֆիլիպ Քեմբլի ելույթը 1783 թվականին, Կովենտ գարդեն արքունական թատրոնում։ Նա կլասիցիստական ոճի դերասան էր, մենախոսության վարպետ։ Նրա ոճը բնութագրվում է որպես հռետորական և սառը։ 19-րդ դարում այս դերի առավել վառ կատարումներից է եղել Էդմունդ Քինի խաղը 1814 թվականի մարտի 12-ին, Դրուրի-Լեյն թատրոնում։ Էդմունդ Քինն անգլիական թատրոնի ռոմանտիզմի գեղագիտության ներկայացուցիչն էր։ Քինի հերոսն ուժեղ անհատականություն էր, ում համար ամենակարևորը պայքարն էր տիրող կարգերի դեմ։ Միևնույն ժամանակ նրա հերոսները բարձր չէին դասվում հանդիսատեսից, նրանց մեջ ողբերգականը համակցվում էր առօրեականի հետ։ Համլետի կերպարում կարևորը պայքարն է շրջապատող աշխարհի կեղծիքի դեմ, հերոսի մեջ համադրված են սուր խելքն ու հոգեկան փափկությունը, գոյություն ունեցող կարգերը փոխելու անհնարինության գիտակցումը վատատեսության երանգ է բերում։ Դերասանը մոտ էր հանրության լայն զանգվածներին, պահպանողական քննադատությունը նրան կոչում էր «ամբոխի դերասան»։ Հենրի Իրվինգը Համլետի դերը կատարել է 1864 թվականից, Մանչեսթերի թատրոնում, իսկ 1874 թվականի հոկտեմբերի 30-ին` Լոնդոնի «Լիցեյում» թատրոնում։ Խաղալով դերն ավելի քան 200 անգամ` նա դարձել է Անգլիայի լավագույն դերասաններից մեկը։ Իրվինգը ձևավորում էր Համլետի կերպարը սենտիմենտալիզմի ոճով` ներկայացնելով նրան որպես փափուկ ու բարի մարդ, իր դերում հիմնականը դժբախտ սերն էր Օֆելյայի հանդեպ։

Բիրբոմ Տրին Համլետի դերում

18-19-րդ դարերում և 20-րդ դարի սկզբին անգլիական բեմերում Համլետի այլ դերակատարներից են եղել.

  • Ռոբերտ Ուիլքս-18-րդ դարի դերասան, խաղացել է «Դրուրի-Լեյնում» և Դուբլինի թատրոնում
  • Սփրեյնջեր Բարրի-Գարիկի ժամանակակից, մրցակցության անհաջող փորձ է արել
  • Չարլզ Մայն Յանգ-խաղացել է դերասանուհի Մարի Գլովերի հետ (վերջինս կատարել է Օֆելյայի դերը)։ Այս դերասանուհին առաջին կանանցից է եղել, ովքեր կատարել են Համլետի դերը։
  • Վիլյամ Մակրեդի
  • Չարլզ Քին, Էդմունդ Քինի որդին խաղացել է Համլետի դերն իր «Պրինցես» թատրոնում։ Ներկայացումներն առանձնանում էին դեկորացիաների ու կոստյումների ճշմարտացիության, տեսարանների մասսիվության հանդեպ մեծ ուշադրությամբ։ Դիտարժանության շնորհիվ ներկայացումները շատ հայտնի էին։ Միևնույն ժամանակ Չարլզը չուներ իր հոտ տաղանդը։
  • Սեմուել Ֆելփսը հանդես է եկել լոնդոնյան «Հեյմարկետ» թատրոնում, ավելի ուշ ղեկավարել է «Սէդլերս-Ուելս» թատրոնը։ Նրա բեմական ձևերն առանձնանում էին պարզությամբ ու բնականությամբ։ Նրա թատրոնի ներկայացումներն արտաքին էֆեկտներով Չ. Քինի ներկայացումների ճիշտ հակապատկերն էին։
  • Հերբերտ Բիրբոմ Տրի։ Արտաքին էֆեկտներին ու դիտարժանությանը ձգտելը բնութագրում են նաև Հ. Բիրբոմ Տրիի բեմադրություններն ու դերասանական խաղը։ Այստեղ նա հետևել է Չ. Քինի և Հ. Իրվինգի ավանդույթներին։ 1887-96 թվականների նա ղեկավարում էր «Հեյմարկետ» թատրոնը, որտեղ բեմադրել է «Համլետը»։ Դիտողականության հետևից ընկելով` Բիրբոմ Տրին խեղաթյուրել է ներկայացման բուն տեքստը։
  • Թոմաս Ուիլյամ Ռոբերտսոն
  • Ֆրենկ Ռոբերտ Բենսոնը կատարել է Համլետի դերը, ինչպես նաև` բեմադրել է Շեքսպիրի գրեթե բոլոր պիեսները։ 1886-1919 թվականներին նրա թատերախումբը հանդես է եկել Շեքսպիրյան թագավորական թատրոնում, Ստրատֆորդ ըփոն Էյվոնում։ Բենսոնը շեքսպիրյան ամենամյա փառատոնների կազմակերպիչ էր։

20-րդ դարում անգլիական բեմում Համլետի դերը կատարել են.

  • Ջոն Գիլգուդ, հայտնի դերասան է դարձել 1929 թվականին «Օլդ Վիկ» թատրոնում Համլետի դերը կատարելուց հետո։ Այս դերը նա խաղացել է նաև լոնդոնյան «Նոր թատրոն» (1934), «Քուիք թատրոն» (1937), «Լիցեյում» (1939) և «Հեյմարկետ» (1944) թատրոններում։
  • Լորենս Օլիվիե, 1937 թվականին խաղացել է ռեժիսոր Տիրոն Գատրիի բեմադրության մեջ։ Օլիվիեն ներկայացրել է Համլետին որպես նպատակասլաց հերոսի։
  • Ջոն Նևիլ
  • Ալեք Գինես
Էդվին Բուտը Համլետի դերում, 1870

Ամերիկյան բեմում 19-րդ դարի սկզբին Համլետի դերը կատարել է Ջոն Հոուարդ Փեյնը, ով հետագայում տեղափոխվել է Անգլիա։ Նշանակալի էր շեքսպիրյան, այդ թվում և` Համլետի դերերի կատարումն աֆրոամերիկացի դերասան Այրա Օլդրիջի կողմից։ Ռասայական խնդիրների պատճառով ստիպված լինելով հեռանալ Ամերիկայից` նա շատ հյուրախաղեր է ունեցել Եվրոպայում, այդ թվում և` Ռուսաստանում։ Ամերիկյան բեմում Համլետի դերը կատարել են նաև Բութ ընտանիքի դերասանները. հայրը` Ջունուիս Բրուտուս Բութն Անգլիայից ԱՄՆ տեղափոխվելով` արտաքին գրավիչ տվյալներ չուներ և հաջողության էր հասել վարպետության շնորհիվ, նոր որդին` Էդվին Թոմասը, առավել հայտնի էր Շեքսպիրի պիեսներում գլխավոր դերերի կատարումով, մյուս որդին` Ջոն Ուիլքսը ևս գլխավոր դերեր էր կատարում շեքսպիրյան պիեսներում, սակայն առավել հայտնի է որպես Աբրահամ Լինքոլնին սպանող։

Գերմանիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Համլետ»-ի առաջին բեմադրությունը գերմանական բեմում անգլերենով էին։ Դրանք բեմադրվում էին հյուրախաղերով հանդես եկող անգլիական թատերախմբերի կողմից և սովորաբար շատ հեռու էին բնագրից։

«Համլետի» առաջին բեմադրությունը գերմաներենով կայացել է 1773 թվականի հունվարի 16-ին, Վիենայի պալատական թատրոնում։ Բեմադրությունը Հյոյֆելդինն էր, Համլետի դերում խաղում էր Լանգեն։ 1776 թվականի սեպտեմբերի 20-ին Համբուրգի, իսկ հաջորդ տարվա հունվարին Հանովերի թատրոններում ներկայացվել է Ֆ. Լ. Շրեդերի բեմադրությունը, որտեղ գլխավոր դերը կատարել է Ի. Բրոկմանը։ 1777 թվականի դեկտեմբերի 17-ին նույն բեմադրությունը նույն գլխավոր դերակատարով խաղացվել է Բեռլինի Դյոբբելին թատրոնում։ Ա. Շլեգելի թարգմանությամբ Համլետի բեմադրությունը կայացել է 1799 թվականի հոկտեմբերի 15-ին, բեռլինյան պալատական թատրոնում։ Համլետի դերում խաղացել է Բեշորտը։ 18-րդ դարի վերջին, 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին գերմանական և ավստիական բեմերում Համլետի դերը կատարել են Աբտը, Կառլ Ֆրիդրիխը, Ֆ. Լ. Շրեդերը, Կոխը, Անշյուցը, Վոլֆը, Կառլ և Էմիլ Դեվրիենտները, Դավիսոնը, Լյովեն, Յոզեֆ Կայնցը, Պոսարտը, Լյուդվիգ Բարնայը, Յոզեֆ Լևինսկին, Զոնենտալը, Ֆրիդրիխ Միտերվուրցերը, Ադալբերդ Մատկովսկին, Գուստավ գրյունդգենսը։ Գերմանական բեմում Համլետի դերը կատարել են դերասանուհիներ Ֆելիցիտա Աբտն ու Ֆելիչիտա Վեստֆալին։ Ֆ. Աբտի ելույթը Համլետի դերում հաջողված էր, նշվում է նրա նուրբ խաղի մասին։ Ֆելիչիտա Վեստֆալին հյուրախաղեր է ունեցել ամբողջ Եվրոպայում` խաղալով տղամարդկային տարբեր դերեր. Համլետ, Ռոմեո, Պետրուչիո և այլն։

Ֆրանսիական բեմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սառա Բեռնարը Համլետի դերում

Ֆրանսիական բեմը երկար ժամանակ չէր ընդունում Շեքսպիրին, քանի որ նրա ոճը չէր համապատասխանում կլասիցիզմի իշխող սկզբունքներին։ Համլետի առաջին բեմարդրությունը ֆրանսիական բեմում կայացել է 1769 թվականին, Փարիզի Կոմեդի ֆրանսեզ թատրոնում, ըստ Ժան Ֆրանսու Դյուսիի խեղաթյուրված տարբերակի։ Այս փոփոխված տարբերակով Համլետ է խաղացել նաև Ֆրանսուա Ժոզեֆ Տալման։

Բնագրին մոտ թարգմանություն է կատարել Ալեքսանդր Դյումա հայրը Պ. Մերիսի հետ համատեղ, 1847 թվականին, նույն տարում էլ այն բեմադրվել է «Կոմեդի Ֆրանսեզում»։ 1880-ական թվականներին Համլետի դերը խաղացել է Ժան Մունե-Մյուլլին։ Դերասանին չէին գրավում հերոսի ողբերգական կրքերը, նա նախ և առաջ ցուցադրում էր նրբագեղ խաղ, ճիշտ ձայն, նրա հերոսներն ազնվական տեսք ունեին։ Դերասանը մանրակրիտ էր աշխատում դերի վրա, կատարելագործում էր կատարման տեխնիկան, ճշգրտում ու մանրամասն մտածում էր շարժումները։ 1899 թվականից Համլետի դերն սկսում է կատարել Սառա Բեռնարը, ով դրանից առաջ խաղացել էր նաև Օֆելյայի դերը։ Նրա խաղում ևս պահպանվում էին կլասիցիզմից եկող ձևերը, ինչպես նաև` դերի մանրամասն մշակվածությունը, որը բացառում էր որևէ իմպրովիզ։ 1913 թվականին Անտուանի թատրոնում բեմադրված ներկայացման մեջ Համլետի դերը կրկին կին է կատարում, այս անգամ` Սյուզանա Դեպրեն, ում կատարողականի մեջ առանձնանում էին պարզությունն ու բնականությունը։ 1946 թվականին Փարիզի «Մարինյի» թատրոնում Համլետի դերը սեփական բեմադրության մեջ խաղացել է Ժան Լուի Բարոն։

Հայկական բեմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիրանույշը Համլետի դերում

Համլետի դերը հայերենով առաջին անգամ խաղացել է Պետրոս Ադամյանը, 1880 թվականին, Ռուսաստանում։ Դերասանն այս դերին շատ հիմնավոր է մոտեցել։ Նա գրել է հատուկ աշխատություն` «Շեքսպիրը և նրա «Համլետ» ողբերգության քննադատությունը» վերնագրով (1887), որտեղ ներկայացրել է այս դերի վերաբերյալ մեծագույն գրողների ու դերասանների կարծիքները և հիմնավորել է շեքսպիրյան կերպարի վերաբերյալ իր պատկերացումները։ Դրանից բացի, նա նկարել է «Համլետ» նկարը։ Քննադատությունը նշել է այս դերում դերասանի մեծ էներգիայի ու ոգևորվածության մասին։

Հայկական բեմում Համլետի դերակատարումը կապված է հայ բեմի մեծագույն դերասանուհիներից Սիրանույշի անվան հետ։ Համլետի կերպարը առանձնակի տեղ է ունեցել նրա ստեղծագործության մեջ[1]։ Համլետի դերակատարումը Սիրանույշի կողմից մեծ հետաքրքրություն է առաջացրել ժամանակի թատերասեր հասարակության կյանքում, և դա պայմանավորված էր նախ և առաջ այն հանգամանքով, որ դերակատարը կին էր։ «Սիրանույշը Համլետի դերում հանդես եկավ իր ուժերի ծաղկման շրջանում, երբ նրա բեմական կյանքը, կարելի է ասել, գտնվում էր փառքի գագաթին։ Եվ վերջապես, կար մի օտարոտի հանգամանք, որ, բնականաբար, ավելի էր կրկնապատկում Սիրանույշի Համլետի նկատմամբ առաջացած հետաքրքրությունը։ Այդ այն էր, որ Համլետի դերով պետք է հանդես գար դերասանուհի»[2]։ Սիրանույշը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել այս դերին և դրա հետ կապված բոլոր ապրումները համարել է իր ամենանվիրական հիշողությունները` ներկայացմանը պատրաստվելով ավելի երկար, քան որևէ այլ դերի` փորձեր անելով 18 ամիս։

Համլետը փոխանակ կեղծավոր, ունայն եւ շողոքորթ աշխարհի` ուզում էր մի նոր աշխարհ ստեղծել։
- Սիրանույշ
Ես ի նկատի ունեի, որ ո՛չ միայն խաղին հերոսին բարդ հոգեբանությունը պիտի ուսումնասիրեի, այլ նաև կինը` տղամա՛րդ պիտի դարձնեի... Եթե ես գոնե մի րոպե կարողանայի ինձ ականատես եղող հասարակության մոռացության տալ, որ յուր առջև կանգնողը կին է, ես իմ նպատակիս հասած պիտի լինեի:...Իմ առաջին խաղը պարգևում էր ինձ այն հույսն, որ ապագային Շեքսպիրի այս թանկագին գործը իմ ամենահաջող և ուժեղ դերերեն մին պիտի համարվեր։
- Սիրանույշ[3]

Հայկական դեմում Համլետի կին դերակատարներից է նաև Ժասմեն Գևորգյանը, որ խաղացել է Արամ Գրիգորյանի բեմադրած մոնոներկայացման մեջ[4]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռ. Զարյան, Սիրանույշ, Երևան, 1957, էջ 209
  2. նույն տեղում, էջ 214
  3. Բ. Հովակիմյան, Սիրանույշի ասույթներն ու բնութագրությունները, Երևան, 2007, էջ 17-18
  4. Владимир Климов. Что может моноспектакль?