Կպչուկի իլիկաթիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կպչուկի իլիկաթիթեռ
Կպչուկի իլիկաթիթեռ (արու)
Կպչուկի իլիկաթիթեռ (արու)
Կպչուկի իլիկաթիթեռ (էգ)
Կպչուկի իլիկաթիթեռ (էգ)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Իլիկաթիթեռներ (Sphingidae)
Ցեղ Hyles
Տեսակ Կպչուկի իլիկաթիթեռ (H. hippophaes)
Միջազգային անվանում
Hyles hippophaes
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Կպչուկի իլիկաթիթեռ (լատին․՝ Hyles hippophaes), իլիկաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր չափի թիթեռ է, որի առջևի թևի երկարությունը 60-75 մմ է, թևերի ընդհանուր գուներանգը ձիթամոխրագույն է, միջնամասում կա սեռին բնորոշ լայնակի զոլի տեսք ունեցող բաց գույնի հատված։ Հետին թևերը վառ վարդագույն են, հիմքի մոտ՝ սև, արտաքին երիզը կեղտոտ մոխրագույն է, ծոպերիզը՝ սպիտակ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայի հարավային մասում, Փոքր Ասիայում, Իրանում, Միջին Ասիայում, Կովկասում և Անդրկովկասում, դեպի արևմուտք՝ Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի հարավով մինչև Տյան Շան և Պամիր։ Հայաստանում լայն տարածված է կենտրոնական և հարավային Հայաստանում։ Հայտնաբերված է Արագածոտնի (գյուղ Բյուրական), Կոտայքի (Գառնի, Հացավան), Արարատի (Ուրցաձոր գյուղի շրջակայք), Վայոց ձորի (Ջերմուկ քաղաք, Գնիշիկ, Արփի գյուղերի մոտ) և Սյունիքի (Մեղրի) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ չվող տեսակ է, որն ապրում է անապատներում, կիսաանապատներում, գիհու նոսրանտառներում, ճանապարհների երկայնքով անտառաշերտերում, քաղաքների և ավանների պուրակային գոտիներում, նեղատերև փշատենու մացառուտներում, ակտիվ մարդկային գործուներությունից զուրկ ռուդեռալ լանդշաֆտների հատվածներում։ Ձվադրում է փշատենի նեղատերև բույսի տերևների վրա, որտեղ էլ զարգանում են թրթուրները։ Տալիս է 2-3 սերունդ, թռչում է մայիսից մինչև սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներ։ Ամառային-աշնանային սերնդների թվաքանակն ավելի բարձր է[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը բավականաչափ բարձր է՝ մեծ տատանումներով տարբեր տարիներին։

Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կպչուկի իլիկաթիթեռ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կպչուկի իլիկաթիթեռ» հոդվածին։