Լուիջի Տապարելլի
Լուիջի Տապարելլի իտալ.՝ Luigi Taparelli | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1793[1] Թուրին, Սարդինիայի թագավորություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 21, 1862[1] (68 տարեկան) Հռոմ, Պապական մարզ[1] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] |
Մասնագիտություն | փիլիսոփա, աստվածաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Պապական Գրիգորյան համալսարան և Պալերմոյի համալսարան |
Ալմա մատեր | Noviciate of Sant'Andrea, Rome? |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն[2][3] |
Հայր | Cesare Taparelli d'Azeglio?[1] |
Luigi Taparelli Վիքիպահեստում |
Լուիջի Տապարելլի ՀՄ (իտալ.՝ Luigi Taparelli SJ, նոյեմբերի 24, 1793[1], Թուրին, Սարդինիայի թագավորություն[1] - սեպտեմբերի 21, 1862[1], Հռոմ, Պապական մարզ[1]), ծնված` Պրոսպերո Տապարելլի դ'Ազելիո (իտալ.՝ Prospero Taparelli d'Azeglio), Հիսուսի միաբանության իտալացի գիտնական, փիլիսոփա և հակահեղափոխական, ով հորինել է սոցիալական արդարություն տերմինը և մշակել սուբսիդիարության սկզբունքները որպես արդար սոցիալական կարգի բնական իրավունքի իր տեսության մաս[4][5][6]: Նրա եղբայրներից են իտալացի պետական գործիչ, Իտալիայի միավորման պայքարի մասնակից Մասիմո դ'Ազելիոն (1798-1866) և սենատոր և գեղանկարիչ Ռոբերտո դ'Ազելիոն` ավագ եղբայր[7]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծննդյան ժամանակ նրան տվել են «Պրոսպերո» անունը, որը նա փոխել է «Լուիջի»՝ դառնալով ճիզվիտ։ Պրոսպերո Տապարելլին եղել է ընտանիքի ութը երեխաներից չորրորդը: Նրա հայրը՝ Չեզարե Տապարելլի դ'Ազելիոն, ժամանակին եղել է Սարդինիայի Վիկտոր Էմանուել I- ի դեսպանը Սուրբ Աթոռում, իսկ եղբայրը՝ Մասիմո դ'Ազելիոն, Իտալիայի պետական նախարարներից էր։ Չեզարեն եղել է Amicizia cristiana և Amicizia cattolica[8] գաղտնի ասոցիացիաների անդամ, ինչպես նաև L'Ape՝ Իտալիայում առաջին կաթոլիկ ամսագրի գլխավոր հեղինակը[9]:
Լուիջին կրթություն է ստացել Պիարիստների մոտ Սիենայում և Թուրինի Աթենեոյում: Նա մի քանի ամիս սովորել է Փարիզի Սուրբ Սիր զինվորական դպրոցում, սակայն նրան վիճակված չէր լինել զինվոր։ Երբ նրա հայրը որպես դիվանագետ ուղարկվել է պապական արքունիք, նա ընդունվել է որպես ճիզվիտների վանական եղբայր Հռոմի Հիսուսի միաբանության Սանտ Անդրեա ալ Քուիրինալե եկեղեցում, 1814 թվականի նոյեմբերի 12-ին։ Ձեռնադրվել է 1820 թվականին:
Նա Հռոմեական քոլեջի առաջին ռեկտորն էր, երբ Հռոմի պապ Լեո XII- ը այն ճիզվիտներին է վերադարձրել։
1824-1829 թվականներին Հռոմում, ապա նաև 1829-1832 թվականներին Նեապոլում ուսումնասիրել է Սբ. Թովմա Աքվինացու փիլիսոփայությունը: 1825 թվականին նա համոզվել է, որ Թոմա Աքվինացու փիլիսոփայությունը պետք է վերածնվի՝ մտածելով, որ Ռենե Դեկարտի սուբյեկտիվ փիլիսոփայությունը հանգեցնում է բարոյականության և քաղաքականության դրամատիկ սխալների։ Նա պատճառաբանել է, որ եթե բնական գիտությունների վերաբերյալ տարբեր կարծիքները ոչ մի ազդեցություն չունեն բնության վրա, ապա մարդկության և հասարակության մասին անհասկանալի մետաֆիզիկական պատկերացումները կարող են հանգեցնել սոցիալական քաոսի:
Այդ ժամանակաշրջանում ինչպես Կաթոլիկ եկեղեցին, այնպես էլ կաթոլիկ փիլիսոփաները դեռևս հստակ փիլիսոփայական տեսակետ չէր մշակել Եվրոպայում տասնիններորդ դարասկզբին ի հայտ եկած մեծ սոցիալական փոփոխությունների վերաբերյալ, ինչը հանգեցրել էր մեծ շփոթության եկեղեցական հիերարխիայի և աշխարհականների շրջանում: Այս խնդրին ի պատասխան՝ Տապարելլին համահունչ կերպով կիրառել է թոմիզմի մեթոդները սոցիալական այս խնդիրների նկատմամբ[10][6]:
1833 թվականին նշանակվել է Պալերմոյի ճիզվիտական դպրոցում, որտեղ դասավանդել է ֆրանսերեն, իսկ հետո ստանձնել բնական իրավունքի ամբիոնը։ Նա տասնվեց տարի դասավանդել է փիլիսոփայություն Պալերմոյում:
1840-1843 թվականներին Տապարելլին Պալերմոյում հրատարակել է իր կարևորագույն աշխատությունը՝ «Բնական իրավունքի տեսական էսսե՝ հիմնված փաստի վրա» («Saggio teoretico di dritto naturale appoggiato sul fatto») էսսեն, որն այն ժամանակ համարվել է բարոյականության, իրավունքի և քաղաքագիտության իսկական հանրագիտարան։
Եվրոպայում 1848 թվականի սոցիալական հեղափոխություններից հետո եկեղեցին որոշել է միջամտել չմիջամտելու սկզբունքով (լեյսեզ-ֆեյր) առաջնորդվող լիբերալ կապիտալիստների և սոցիալիստների միջև մոլեգնող հակամարտությանը։ Մինչ այդ եկեղեցին հիմնականում ապավինում էր ավետարանական բարեգործական գործունեությանը:
1850 թվականին Տապարելլին, որը մինչ այդ լիբերալ և հեղափոխական էր, Հռոմի Պապ Պիոս IX- ի կողմից թույլտվություն է ստացել Կառլո Մարիա Կուրչիի հետ միասին հիմնել Civiltà Cattolica (Կաթոլիկ քաղաքակրթություն) ամսագիրը` առկա բազմաթիվ հարցերի վերաբերյալ կաթոլիկ եկեղեցու տեսակետներն արտացոլելու համար: Նրա կողմից գրված և ամսագրում հրապարակված ավելի քան երկու հարյուր հոդվածներ նրան շնորհել են «լիբերալ հասկացությունների մուրճ» կոչումը (Անտոնիո Մեսինեո): Տապարելլին հատկապես մտահոգված էր արդյունաբերական հեղափոխությունից բխող խնդիրներով։ Մասնավորապես, նա դեմ էր բարոյականությունը դրական իրավունքից տարանջատելու միտումին, ինչպես նաև խղճի անկաշկանդ ազատության «հետերոդոքս ոգուն», որը քայքայում է հասարակության միասնությունը[11][12]: Տապարելլին գրել է «Civiltà Cattolica» կաթոլիկ ամսագրի համար տասներկու տարի՝ մինչև իր մահը, իսկ կյանքի վերջին տարիներին ղեկավարել է ամսագիրը։
Նա Թոմիզմի փիլիսոփայական դպրոցի վերակենդանացման ջատագովն էր, և նրա սոցիալական ուսմունքները ազդել են Հռոմի Պապ Լեո XIII- ի 1891 թվականի Rerum novarum (Աշխատավոր դասակարգերի վիճակի մասին) էնցիկլիկի վրա, որտեղ խոսքը հիմնականում բանվոր դասակարգի իրավիճակի մասին է[6]:
Տապարելլին ձևակերպել է համընդհանուր իշխանության գաղափարը, որը նա անվանել է «էթնարխիա», դատարանի և արբիտրի դերով, որը կարող էր պաշտպանել յուրաքանչյուր ժողովրդին արտաքին սպառնալիքներից: Տապարելլին նույնիսկ 20-րդ դարում մնացել է կաթոլիկական մտքի հեղինակավոր ուղեցույցը խաղաղության և պատերազմի հարցում[13]:
Տապարելլիի հիմնական գաղափարները ներառում են սոցիալական արդարությունը և սուբսիդիարությունը: Նա հասարակությունը դիտարկում է որպես ոչ թե անհատների միաձույլ խումբ, այլ տարբեր մակարդակների ենթահասարակությունների, որոնց անդամներն են անհատները: Հասարակության յուրաքանչյուր մակարդակ ունի և՛ իրավունքներ, և՛ պարտականություններ, որոնք պետք է ճանաչվեն և աջակցվեն: Հասարակության բոլոր շերտերը պետք է ռացիոնալ համագործակցեն և չդիմեն մրցակցության ու կոնֆլիկտի։
Տապարելլին մահացել է Հռոմում 1862 թվականի սեպտեմբերի 21-ին։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա գլխավոր աշխատությունը՝ «Saggio teoretico di diritto naturale appogiato sul fatto», այսինքն՝ «Տեսական ակնարկ բնական իրավունքի մասին պատմական տեսակետից» (2 հատոր, 7-րդ հրատ., Հռոմ, 1883), ինչ-որ կերպ սկիզբն էր ժամանակակիցի սոցիոլոգիայի: Այն թարգմանվել է գերմաներեն (Ռատիսբոն, 1845) և երկու անգամ ֆրանսերեն (Tournai, 1851; Փարիզ, 1896)։ Այստեղ ձևավորվել է այն դիրքորոշումը, որը միանգամից լայնորեն ընդունված էր մայրցամաքի պահպանողական շրջանակներում, որ քաղաքացիական կառավարման բնականոն ծագումը մի խումբ ընտանիքների պատրիարքական ղեկավարի միջոցով հայրիշխանության ընդլայնումն էր: Այս ակնարկը հետագայում կրճատվել է «An Elementary Course in Natural Right» (6-րդ հրատ., Նեապոլ, 1860; նաև ֆրանսերեն, Tournai, 1864; և իսպաներեն, Փարիզ, 1875), որն օգտագործվել է որպես դասագիրք Մոդենայի համալսարանում:
Կարևորությամբ հաջորդը նրա «Esame kritiko degli ordini rappresentativi nella società moderna», այսինքն՝ «Ներկայացուցչական կառավարության քննադատական քննությունը ժամանակակից հասարակության մեջ» (2 հատոր, Հռոմ, 1854; իսպաներեն, Մադրիդ, 1867) գիրքն է: Բացի «Ազգությունը» (Հռոմ, 1847), «Ժողովրդի ինքնիշխանությունը» (Պալերմո, 1848; Ֆլորենցիա, 1849) և «Պատերազմի հիմքերը» (Ջենովա, 1847) իր տպավորիչ մենագրություններից, նա թողել է հոդվածների երկար ցանկ։ Civiltà Cattolica ամսագիրը հիմնականում քաղաքական տնտեսության և սոցիալական իրավունքների թեմաների վերաբերյալ էր, ինչպես նաև գրքերի նույնքան մեծաթիվ ակնարկները հարազատ թեմաներով, որոնք սուր և թափանցող շարադրություններ էին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Dizionario Biografico dell'Educazione 1800-2000 (իտալ.) — Editrice Bibliografica, 2013.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Herbermann, Charles (ed.). «Catholic Encyclopedia (1913)/Aloysius Taparelli - Wikisource, the free online library». en.wikisource.org (անգլերեն). Վերցված է 2024-11-08-ին.
- ↑ Behr, Thomas. "Luigi Taparelli D'Azeglio, SJ and the Revival of Scholastic Natural Law," The Journal of Markets and Morality, Spring 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 Behr, Thomas. Social Justice and Subsidiarity: Luigi Taparelli and the Origins of Modern Catholic Social Thought (Washington DC: Catholic University of American Press, December 2019).
- ↑ Sulas, Cinzia (2019). «Taparelli d'Azeglio, Prospero Dizionario Biografico degli Italiani, Volume 94:». Treccani (իտալերեն). ISBN 978-8-81200032-6. Վերցված է 2024-11-08-ին.
- ↑ «Amicizia Cristiana - L'Amicizia Cattolica». www.amiciziacristiana.it. Վերցված է 2024-11-08-ին.
- ↑ Millar, Eileen Anne (2002). «D'Azeglio, Cesare Taparelli». The Oxford Companion to Italian Literature. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-818332-7. Վերցված է 31 July 2024-ին.
- ↑ Behr, Thomas. "Taparelli on Cult, Culture and Authentic Progress," Fellowship of Catholic Scholars Quarterly, Summer 2020.
- ↑ Taparelli, Luigi. "Critical Analysis of the First Principles of Political Economy," Thomas Behr, ed., trans. Journal of Markets & Morality, Fall 2011.
- ↑ Behr, Thomas. "Luigi Taparelli's Natural Law Approach to Social Economics," Journal des Économistes et des Études Humaines, Summer 2002.
- ↑ L. Pereña. La autoridad internacional en Taparelli (итал.). — Libreria editrice dell'Università Gregoriana, 1964. — P. 405–432.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fulco, W. J. (2003). «Taparelli D'Azeglio, Luigi». New Catholic Encyclopedia. Vol. 13: Seq–The (2 ed.). Detroit: Thomson Gale. էջ 756.
- Behr, Thomas (2005). «Luigi Taparelli D'Azeglio, S.J. (1793-1862) and the Development of Scholastic Natural-Law Thought as a Science of Society and Politics». Journal of Markets & Morality. 6 (1). SSRN 914562.
- Vian, Giovanni (2013). «Taparelli d'Azeglio, Luigi». Il Contributo italiano alla storia del Pensiero – Storia e Politica. Istituto dell'Enciclopedia Italiana. Վերցված է 16 September 2023-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Տապարելլի» հոդվածին։ |
|