Լիբանանի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիբանանի հայկական տպագրություն, հայերեն գրքերի ու պարբերականների տպագրությունը Լիբանանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը Սփյուռքի հրատարակչական կարևորագույն կենտրոններից է։

Լիբանանում առաջին հայերեն գիրքը՝ «Համառօտ քրիստոնէական վարդապետութիւն»-ը, տպագրվել է 1894 թվականին «Հայ կաթողիկե» տպարանում։

Հրատարակչություններ և տպարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն գրքերի հետագա տպագրության գործում կարևոր ավանդ ունեն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, «Վահե Սեթյան», «Սևան», «Տոնիկյան», «Շիրակ» տպարանները, ինչպես նաև «Էտվան» (Վ. Թեքեյան, «Հատընտիր», 1954, «Հայերգութիւն եւ հատընտիր քերթուածներ», 1958, Ինտրա, «Ներաշխարհ», 1955, Վ. Թոթովենց, «Կեանքը հին հռովմէական ճանապարհի վրայ», 1956, Վ. Շուշանյան, «Սիրոյ եւ արկածի տղաք», 1957, Խ. Դաշտենց, «Ռանչպարներ», 1977, և այլն), «Ատլաս» (Գ. Ահարոնյան, «Մեծ երազի ճամբուն վրայ», 1964, «Խոհեր յիսնամեակի աւարտին», 1966, Կ. Սասունի, «Կեանքի յորձանուտին մէջ», 1962, «Պատմութիւն արեւմտահայ արդի գրականութեան», 1963, «Սարերու Ասլանը», 1966, Գ. Ադդարյան, «Մատեան ցաւի եւ հատուցման», 1965, Ա. Դարյան, «Մեր հացը», 1965, Մ. Գույումջյան, «Ընդարձակ բառարան հայերէնէ–անգլերէն», 1970, Հ. Կարապենց, «Անծանօթ հոգիներ», 1970, «Կարթագէնի դուստրը», 1972, Լ.–Զ. Սյուրմելյան, «Լոյս զուարթ...», 1972, Ա. Անդրեասյան, «Երկար գիշերին մէջէն», 1974, և այլն), «Մշակ» (Ա. Ալթունյան, «Աղքատին պատիւը։ Իրական վէպ պոլսահայ կեանքէն», 1955, Գ. Շահինյան, «Համաստեղ։ Մենագրութիւն», 1961, «Հատընտիր. Վերլուծական յօդուածներ», 1962, Ս. Վրացյան, «Հին թղթեր նոր պատմութեան համար», 1962, Ժ. Թազպազյան, «Բառարան արաբերէնէ հայերէն», 1964, Հ. Քաջազնունի, «Յետ մահու։ Պատմուածքներ, յուշեր, յօդուածներ, նամակներ», 1965, Մ. Հովհաննեսյան, «Բառարան հայերէնֆրանսերէն», 1971, և այլն), «Հայ ճեմարան» (Լ. Շանթ, «Երկեր», հ. Ա–Է, 1946–52, և այլն), «Հայ կաթողիկե» (Եղիա Քասունի, «Հայ մշակոյթի պատմութիւնը», 1954, Հ. Ոսկյան, «Հայոց պատմութիւն», 1959, և այլն), «Ալթափրես» (Հ. Օշական, «Վկայութիւն մը», 1981, «Մինչեւ ուր...», 1983, «Նամականի», 1983, «Երկնքի ճամբով», 1985, «Սիւլէյման էֆէնտի», 1985, Գ. Աճեմյան, «Ապագայի հետքերով», 1982, «Շահնուրեան ընթերցումներ», ժողովածու, 1983, Ժ. Դանիելյան, «Հայ նոր պարբերական մամուլը. 1967-1981», 1984, Ա. Նաճարյան, «Մատեան հոգեդարձի», 1985, Ա. Ծառուկյան, «Մեծերը եւ... միւսները», 1992, և այլն), «Սիփան» (Հ. Նագգաշյան, «Բնութեան կանչը», 1994, «Խճանկար կէս դարու հրապարակագրութեան. 1957–2009», 2009, Գ. Շենյան, «Մայթերու վրայ», 1994, Ա. Փոլատյան, «Հերկ եւ բերք», 2002, «Շահան Շահնուրի ծննդեան 100-ամեակ. 1903–2003», 2003, Վ. Թեքեյան, «Գաղտնի պարտէզ», հատընտիր, 2003, և այլն), «Ոսկեդար» (Արմեն Գարո, «Ապրուած օրեր», 2005, և այլն), «Ազդակի» (Աբգարիոս Իսկենդեր, «Սարսափներու գիրքը», 1933, Ծերենց, «Թորոս Լեւոնի», 1935, «Թէոդորոս Ռշտունի», 1936, Ֆ. Վերֆել, «Հայկական հերոսապատում. Մուսա լեռան քառասուն օրերը...», թարգմ.՝ Ե. Անդրեասյանի, 1949, Զ. Եսայան, «Աւերակներուն մէջ», 1952, Ս. Գաբամաճյան, «Բառարան հայերէն լեզուի», 1953, Խ. Աբովյան, «Վէրք Հայաստանի», 1954, Մ. Նուպարյան, «Բառարան ֆրանսերէնէ հայերէն», 1955, Մ. Գոչունյան, «Կարապետ», 1956, և այլն), «Անի» (Ա. Անդրեասյան, «Վերջին կայանը», 1956, Հ. Օշական, «Խոնարհները», 1958, և այլն), «Հույս» (Ն. Աղբալյան, «Բանասէրի յուշագիրը», Թ–ԻԲ մաս, 1938–42, Ա. Զամինյան, «Պատմութիւն հայոց հին գրականութեան», 1941, Ե. Չարենց, «Դանթէական առասպել», 1945, և այլն), «Լա Ֆոտո Փրես» (Ն. Աղբալյան, «Գրական քննադատական երկեր», 1959, Բ. Պաստեռնակ, «Տոքթոր Ժիւակոյ», թարգմ.՝ Ե. Մանուկյանի, 1959, և այլն), «Արարատի» (Շ. Նաթալի, «Երեք դաշնագրեր...», 1957, Խ. Դաշտենց, «Խոդեդան», 1958, Լ. Նորաշխարհյան, «Զէյթունի վերջին ողբերգութիւնը», 1960, Ժ. Նայիրի, «Հայրենի կտուրի տակ», 1962, «Հայուն արեւմուտը», 1969, Ս. Բյուրատ, «Որդեսպան ծնողքը», 1968, և այլն), «Արազ» (Ն. Աղբալյան, «Բանասէրի յուշագիրը», Ա–Ը մաս, 1937–38, Ժ. Դանիելյան, «Ռամկավար ազատական մամուլը», 1982, Մ. Ադամյան, «Տաք մոխիր», 1984, «Անողոք ճակատագիր», 1986, և այլն), «Զարթօնքի» (Լեո, «Մելիքի աղջիկը», 1938, Շ. Շահնուր, «Նահանջը առանց երգի», 1948, Ա. Արփիարյան, «Հատընտիր», 1952, Ս. Բյուրատ, «Ազատութեան համար», 1956, Օ. Չիֆթե-Սարաֆ, «Սատանայի մը արկածները», 1958, Զ. Դարյան, «Սայաթ Նովա», 1960, Գ. Մահարի, «Լռութեան ձայնը», 1963, «Այրուող այգեստաններ», 1967, Յ. Լեփսիուս, «Հայաստանի ջարդերը», թարգմ.՝ Մ. Շամտանճյանի, 1965, Հ. Մորգենթաու, «Դեսպան Մր. Մորկէնթաուի յիշատակները եւ հայկական եղեռնի գաղտնիքները», թարգմ.՝ Ե. Արմենի, 1965, Ս. Ալաճաճյան, «Եղէգները չխոնարհուեցին», գիրք Ա–Բ, 1968, և այլն), «Էրեբունի» (Ա. Ահարոնյան, «Ազատութեան ճանապարհին», 1984, Ա. Արփիարյան, «Ոսկի ապրջան», 1988, և այլն), «Հայ-Տիպ Քոմփյուգրաֆ-Թեքնոփրես» (Թ. Թորանյան, «Թեւաւոր իմ ձի», 1986, «Սուրիահայութիւնը եւ... Հայաստանի երկրաշարժը», 1990, «Բոլորն ալ մարդեր են», 1993, Վահե-Վահյան, «Հատընտիր», 1986, «Ղօղանջ ու մրմունջ վերջալուսային», 1990, Ա. Դարյան, «Երկու եղանակ», 1991, «Զաւակի մը համար», 1995, Գ. Ադդարյան, «Բանաստեղծութիւններ, արձակ էջեր», հ. Ա–Բ, 1988–91, և այլն), «Փավո Ֆոտոգրավյուր» (Երուխան, «Պատմուածքներ», 1993, և այլն) և այլ տպարաններ ու հրատարակչատներ։

Լիբանանյան տպարաններում և հրատարակչատներում լույս են ընծայվել հայ դասական և խորհրդահայ գրեթե բոլոր հեղինակների (մի մասը՝ առաջին անգամ) ստեղծագործություններից, թարգմանություններ՝ համաշխարհային դասականներից։ Տպագրում են նաև դպրոցական դասագրքեր, զրուցարաններ, օրացույցներ, երգարաններ, հայերեն պարբ-ներ և այլն։ 1894-2012 թվականնին Լիբանանում գործել են շուրջ 100 հայկական տպարաններ, լույս ընծայել 6500 անուն գիրք՝ ավելի քան 3,5 մլն տպաքանակով։

Պարբերականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանում հայկական առաջին թերթը հրատարակել են սիրիական ավետարանական կոլեջի (1920 թվականից՝ Բեյրութի ամերիկյան համալսարան) հայ ուսանողները 1913-1914 թվականներին՝ 6 համար (ձեռագիր, խմբագիրներ՝ Սուրեն Ազիրյան, Հարություն Դարբինյան և Երվանդ Խաթանասյան). պահվել է համալսարանի գրադարանի ընթերցասրահում։ Ենթադրվում է, որ այս պարբերականի համարները և հեղինակային մտքեր բովանդակող հայերեն այլ հրատարակություններ ոչնչացվել են Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին՝ համալսարանի տնօրինության հրամանով։

1918 թվականին Զահլե քաղաքում ապաստանած օսմանյան բանակի նախկին սպա Հակոբ Մարթայանը (Դիլաչար) հրատարակել է խմորատիպ «Լոյս» պարբերականի մի քանի համար։ 1920-ական թվականների 1-ին կեսին Ջիբեյլի հայկական որբանոցում ստեղծվել են «Հոսանք» և «Տուն» հայերեն խմորատիպ պարբերականները։

Լիբանանում հայկական համայնքի ստվարացմանը զուգընթաց՝ հայերեն պարբերականներ են հրատարակել նաև հայ քաղաքական կուսակցությունները, հայրենակցական, մշակութային, կրոնական, մարզական, երիտասարդական և պատանեկան կազմակերպությունները, կրթական հաստատությունները, անհատ անձինք։ Լիբանանահայ մամուլը հիմնականում տպագրվել է Բեյրութում, որտեղ ցայսօր լույս են տեսել 500-ից ավելի պարբերականներ։

Առավել աչքի ընկած և համեմատաբար տևական հրատարակված պարբերականներից են «Լիբանան» (1924-1935) եռօրյա թերթը, «Երիտասարդ հայուհի» (1932-1934, 1947-1968) ամսագիրը, «Ամէնուն նոր տարեցոյցը» (1937-1942) տարեգիրքը, «Առաւօտ» (1938-1947) օրաթերթը, Լիբանանի համայնավարական կուսակցության հայկական հատվածի «Ժողովուրդի ձայն» (1938–49) պաշտոնաթերթը, «Հայ գիր» (1938-1944) հանդեսը, «Ծիածան» (1939-1949), «Նայիրի» (1941–1983, 1995–2013, մինչև 1952 թվականը՝ Հալեպում) պարբերաթերթերը, ՀՄՄ «Կայծ» (1943-1947) պաշտոնական հանդեսը, «Անի» (1946-1955) ամսագիրը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Հասկ հայագիտական տարեգիրքը» (1948–2004), «Բժիշկ» (1955-1984) ամսաթերթը, ԹՄՄ «Շիրակ» (1956-1993 և 2004-1906) ամսագիրը, «Յառաջ» (1957-1964) շաբաթաթերթը, «Նոր կեանք» (1957–98, ընդհատումներով) պարբերաթերթը, «Էջեր գրականութեան եւ արուեստի» (1965-1972) հանդեսը, «Երիտասարդ հայ» (1969-1975) երկշաբաթաթերթը, «Ահեկան» (1966-1970) հանդեսը, ՀՅԴ «Ազդակ շաբաթօրեակ-Դրօշակ» (1969–85) պաշտոնաթերթը, «Կանչ» (1971–2006) շաբաթաթերթը, ՀԱՀԳԲ-ի «Հայաստան» (1980-1987, 1991-1997) պաշտոնաթերթը, «Կայծեր» (1983–2003) պարբերաթերթը, «Արին» (1996–98) ընկերային-երիտասարդական պարբերաթերթը և այլն։

«Արարատ» օրաթերթ

Ներկայում լույս են տեսնում «Ազդակ» (1927 թվականից), «Զարթօնք» (1937 թվականից), «Արարատ» (1937 թվականից) օրաթերթերը, «Աւետիք» (1932 թվականից) հանդեսը, «Հասկ» (1932 թվականից) ամսագիրը, «Ջանասէր» (1937 թվականից) պարբերաթերթը, Հայ կաթողիկե պատրիարքության «Մասիս» (1947 թվականից) ամսաթերթը, «Պատանեկան արձագանգ» (1936 թվականից) ամսաթերթը, «Խօսնակ» (1957 թվականից) պաշտոնաթերթը, «Սփիւռք» (1958 թվականից) հանդեսը, «Բագին» (1962 թվականից) հանդեսը, «Հայկազեան հայագիտական հանդէս» (1970 թվականից) տարեգիրքը, «Զուարթնոց» (1980 թվականից) հանդեսը, «Մարզիկ» (1980 թվականից) ամսաթերթը, «Ռազմիկ» (1983 թվականից), «Արծիւ» (1992 թվականից), «Ծաղիկ» (2003 թվականից) գրական, «Փթիթ» (2010 թվականից) մանկապատանեկան պարբերաթերթերը, «Դիտակ» (1996 թվականից) ամսագիրը, «Կամար» (2005 թվականից) հանդեսը, «Ազդակի» մանկապատանեկան հավելված «Պզտիկ-մզտիկ» (2002 թվականից) ամսաթերթը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի «Գլաձոր» տարեգիրքը, «Աւետաբեր» (2001 թվականից), «Ձայն հրեշտակապետին», արաբերեն «Համել Էլ-բուշրա» (երեքն էլ՝ հայ կաթոլիկ), «Լրատու», «Լոյս» (1939 թվականից, երկուսն էլ՝ հայ ավետարանական) կրոնական, նաև հայկական դպրոցների ու տարբեր կազմակերպությունների մի շարք պարբերականներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարժապետեան Ս., Հայերը Լիբանանի մէջ, հ. 1–5, Բ.-Ֆերլոն, 1951–1983։
  • Դալլաքյան Կ., Լիբանանահայ դեմոկրատական մամուլի պատմությունից, Ե., 1964։
  • Բաբլոյան Մ., Սփյուռքահայ մամուլի պատմությունից. «Անի» (1946–1955), Ե., 1965։
  • Թոփուզան Հ., Սիրիայի և Լիբանանի հայկական գաղթօջախների պատմություն (1841–1946), Ե., 1986։
  • Եղիայեան Բ., Ժամանակակից պատմութիւն կաթողիկոսութեան հայոց Կիլիկիոյ. 1914–1972, Անթիլիաս, 1975։
  • Թերզեան Մ., Զմմառեան կաթողիկոսական միաբանութիւնը, Բ., 1983։
  • Դանիէլեան Ժ., Լիբանանահայ տպագրութիւնը պատերազմի տարիներուն. 1975–1984, Բ., 1986։
  • Եազըճեան Գ., Լիբանանահայ պարբերական մամուլը 2002 թուականին, Ե., 2004:
  • Լիբանանահայ գիրքը. 1894–2012։ Մատենագիտական ցանկ (աշխատասիր.՝ Ա. Տագեսյանի, Ա. Յուրնեշլյանի), Բ., 2013։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։