Էմորիի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էմորի համալսարանից)
Jump to navigation Jump to search
Էմորիի համալսարան
Emory Quad.jpg
Տեսակ համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն[1]
Հիմնադրված է 1836
Անդակակցություն Օուկ Ռիջի համալսարանների միություն, ORCID[2], Թվային գրադարանի ֆեդերացիա[3], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[4], Գիտական հրատարակչական եւ ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[5] և Հետազոտական գրադարանների կենտրոն[6]
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Տեղագրություն Ատլանտա
Հասցե 408 Administration Building, 201 Dowman Drive, Atlanta, GA, 30322[1]
Կայք emory.edu
Կոորդինատներ: 33°47′28.000000099601″ հս․ լ. 84°19′24.000000098788″ ամ. ե. / 33.79111111113877541° հս․. լ. 84.32333333336077885° ավ. ե. / 33.79111111113877541; 84.32333333336077885
Emory University Վիքիպահեստում

Էմորիի համալսարան (անգլ.՝ Emory University), ամերիկյան մասնավոր հետազոտական համալսարան, որ տեղակայված է Ատլանտայում (Ջորջիա նահանգ)։ Հիմնադրվել է որպես Էմորի քոլեջ 1836 թվականին Օքսֆորդում (Ջորջիա) մոթեդիստների ոչ մեծ խմբի կողմից և կոչվել է Ջոն Էմորիի պատվին[7], ով մեթոդիստական եկեղեցու հայտնի եպիսկոպոս էր։

1915 թվականին Coca-Cola ընկերության նախագահի օգնությամբ ոչ մեծ քոլեջը տեղափոխվել է Ատլանտայի մերձակայք և ստացել համալսարանի կարգավիճակ։ Նրա նպատակն է «գիտելիքների ստեղծումը, պահպանումը, սովորեցնելն ու կիրառումը՝ ծառայելով մարդկությանը»[8]։

Ներկայում համալսարանի կազմում գործում են 9 ակադեմիական դպրոցներ և քոլեջներ՝ Արվեստների ու գիտության քոլեջը, Օքսֆորդի քոլեջը, Լանի բարձրագույն դպրոցը, Իրավաբանական դպրոցը, Բժշկական դպրոցը, Նիլ Հոջսոն Վուդրաֆի բուժքույրերի դպրոցը, Ռոլինսի հասարակական առողջապահության դպրոցը, Քանդլերի աստվածաբանության դպրոցը, Ռոբերտո Գոյզուետի բիզնես դպրոցը։

2008 թվականին համալսարանն արժանացել է նախագահի մրցանակի հասարակական աշխատանքներին նվիրվածության, կրթական ծրագրերի ու քաղաքացիական ակտիվության համար[9]։

Էմորիի համալսարանը հաճախ համարվում է աշխարհի առաջատար հետազոտական համալսարաններից և Միացյալ Նահանգների լավագույն ինստիտուտներից մեկը[10][11][12][13][14][15][16]։ 2010 թվականին համալսարանն զբաղեցրել է 20-րդ տեղը U.S. News & World Report պարբերականի կողմից կազմված «Ազգային համալսարաններ» ցանկում[17], 61-րդ տեղը Times Higher Education World University Rankings համաշխարհային վարկանշային աղյուսակում[18], ինչպես նաև ընդգրկված է Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանշային աղյուսակի երկրորդ հարյուրյակում[19]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթոդիստական եկեղեցու Գլեննի հուշարձան համալսարանի գլխավոր մուտքի մոտ

1836 թվականին Նյուտոն շրջանից եկած ոչ մեծ թվով մեթոդիստների խումբ մտադրվել է ստեղծել նոր քաղաք ու համալսարան։ Քաղաքը կոչել են Օքսֆորդ ի պատիվ բրիտանական հեղինակավոր համալսարանի, որն ավարտել էին մեթոդիզմի երկու հիմնադիրները՝ Ջոն և Չարլզ Ուեսլիները։ Իսկ քոլեջն ստացել է ամերիկյան մեթոդիստական եկեղեցու եպիսկոպոս Ջոն Էմորիի անունը, որն իրենց ոգեշնչել էր հիմնադրել քոլեջը[20]։

Էմորի քոլեջի հիմնադրումը նախապատրաստող իրադարձությունները սկսել են դեռ 1783 թվականին, երբ Ջորջիա նահանգի օրենսդիր ժողովը նախատեսել է կազմակերպել «քոլեջ կամ սեմինարիա»։ Սակայն Ջորջիայում կրթության ֆինանսավորումը եղել է շատ քիչ ընդհուպ մինչև 1830-ական թվականները, երբ մեթոդիստներ, ոգեշնչված Գերմանիայում կրթության ձեռքբերումներով, որոշել են հիմնադրել դպրոց ձեռքի աշխատանքի համար[20]։ 1834 թվականին կայացած մեթոդիստների ժողովում «քեռի Ալեն» անունով հայտնի քարոզիչն առաջարկել է ավելի շատ բացել սեփական դպրոցներ, ոչ թե հովանավորել Վիրջինիա նահանգի դպրոցները։ Ժողովի նախագահն է եղել Ջոն Էմորին, որ մահացել է վթարի արդյունքում 1835 թվականին[21]։ Ձեռքի աշխատանքի դպրոցը բացվել է հաջորդ տարի Քովինգտոնում (Ջորջիա)։

1836 թվականի դեկտեմբերի 10-ին Ջորջիա գլխավոր ասամբլեան հաստատել է Էմորի քոլեջի կանոնակարգը[20]։ Երկու տարի անց՝ 1838 թվականի սեպտեմբերի 17-ին, քոլեջը բացել է իր դռները․ նրա առաջին նախագահն է դարձել Ալֆոնսո Իգնատուսը, իսկ 15 ուսանողներին (առաջին և երկրորդ կուրս) դասավանդել են երեք մանկավարժներ[21]։

Քանդլերի գրադարանը

19-րդ դարի ընթացքում բոլոր ուսանողները պարտավորվում էին առանց առարկության հետևել «Քոլեջի օրենքների և կանոնակարգի» պահանջներին, որի համաձայն՝ սովորողը պետք է ողջ ուսումնական տարվա ընթացքում մնար քոլեջի իր սենյակում, արգելված էր դուրս գալ քաղաքի սահմաններից առանց նախագահի համաձայնության և մասնակցել անբարոյական գործունեության։ Մինչ Ուորեն Քանդլերի նախագահությունը 1890-ական թվականներին Էմերիում արգելված էին ցանկացած տիպի սպորտային մրցությունները ուսումնական այլ հաստատությունների հետ։ Ենթադրվում էր, որ դա «չարիք է ու միայն չարիք», քանի որ առաջին հերթին մրցությունների ծրագրերը ծախսատար են, երկրորդ՝ դրանք առաջացնում են հակում դեպի մոլեխաղերը և շեղում են ուսման գործընթացից[20]։

Քաղաքացիական պատերազմի ժամանակ քոլեջի բոլոր ուսանողները գտնվել են ռազմաճակատում, և 1861 թվականի աշնանը հոգաբարձուների որհուրդը որոշել է ժամանակավորապես փակել քոլեջը։ Այդ ընթացքում քոլեջի շենքն օգտագործվել է որպես կոնֆեդերացիայի հիվանդանոց և միության շտաբ[20]։ Քոլեջն իր աշատանքը վերսկսել է 1866 թվականի հունվարին, սակայն գրադարանը բոլորովին ավերված էր, իսկ նրա ֆոնդը՝ ոչնչացված[21]։ Միայն պետական օժանդակության շնորհիվ է հաջողվել լիովին վերականգնել ուսուցման գործընթացը։

Ֆինանսական կայունության քոլեջը հասել է 1880 թվականին, երբ քոլեջի նախագահ Էտտիկուս Հեյգուդը քարոզել է Երախտագիտության օրը և շնորհակալություն հայտնել ստրկության վերացման համար։ Այդ քարոզն արժանացել է Ջորջ Սենիի ուշադրությանը, որ բանկիր էր Բրուքլինից, և նա 5 000 դոլար է հատկացրել քոլեջի պարտքերը մարելու համար, 50 000 դոլար՝ շինարարական աշխատանքների և 75 000 դոլար՝ գրադարային նոր ֆոնդի ստեղծման համար[21]։ Սենին ընդհանուր առմամբ Էմորի քոլեջի համար ներդրել է ավելի քան քառորդ միլիոն՝ օգնելով վերականգնել ադմինիստրատիվ շենքը Օքսֆորդում։

Նախագահ Հեյգուդի ղեկավարության ներքո քոլեջում հիմնական դասընթացներից բացի սկսել են դասավանդվել բազմաթիվ տեխնիկական ու մասնագիտական առարկաներ[22]։ Մինչ XX դարի սկիզբն ակտիվորեն զարգանում են ծրագրերն արվեստի, տեխնիկական գիտությունների ոլորտում, անցկացվում են ուսումնասիրություններ աստվածաբանության ու իրավունքի բնագավառում[20]։

Ուսումնական հաստատության պատմության ընթացքը կտրուկ փոխվել է 1979 թվականի նոյեմբերին, երբ քոլեջի շրջանավարտ գործարար Ռոբերտ և Ջորջ Վուդրաֆներն իրենց ալմա-մատերին նվիրել են 105 մլն դոլար Coca-Cola ընկերության բաժնետոմսերով։ Այդ ժամանակ դա եղել է պատմության մեջ ամերիկյան ուսումնական հաստատությանը նվիրաբերված ամենախոշոր գումարը։ Այն մեծ ազդեցություն է թողել ուսումնական հաստատության զարգացման վրա հետագա երկու տասնամյակների ընթացքում, ինչի արդյունքում Էմորիի համալսարանը դարձել է ամերիկյան առաջատար հետազոտական համալսարաններից մեկը[20]։

Կամպուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Կարլոսի թանգարան

Էմորիի համալսարանի հիմնական կամպուսը տեղակայված է Դեկալբ շրջանում՝ Դրուիդ Հիլսում[23][24], որ գտնվում է Ատլանտայի մերձակայքում։ Համալսարանը մասնաշենքեր ունի նաև քաղաքի կենտրոնում և Բեքհեդ շրջանում։

Կամպուսներում ակտիվորեն օգտագործվում է էներգախնայողության տեխնոլոգիաներ, համալսարանը հանդես է գալիս ի պաշտպանություն շրջակա միջավայրի պահպանության։ Նրա քաղաքականության համաձայն՝ նոր շենքերի կառուցման համար հանված յուրաքանչյուր ծառի փոխարեն պետք է տնկել նորը[25]։ Կամպուսի ճաշարանների ուտելիքի քառորդ մասը բերվում է սեփական մշտական աղբյուրներից[26]։ Համալսարանի տարածքում կան ոչ մեծ այգիներ, որտեղ աճեցվում է թարմ միրգ ու բնաջարեղեն։ Խրախուսվում է կամպուսի տարածքում որպես փոխադրամիջոց հեծանիվների ու էլեկտրամոբիլների օգտագործումը, որոնք հեշտությամբ կարելի է վարձակալել[27]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայքլ Կարլսոնի թանգարան, պահպանում է Հարավարևելյան Ասիայի արվեստի ստեղծագործությունների առավել լիարժեք հավաքածուներից մեկը, ինչպես նաև կան ցուցանմուշներ հին Եգիպտոսից, Մերձավոր Արևելքից, Հունաստանից, Հռոմից, հին Ամերիկայից, Աֆրիկայից և Ասիայից։ Թանգարանը բացվել է 1876 թվականին[28]։
  • Ռոբերտ Վուդրաֆի գրադարան, ըստ The Princeton Review ամսագրի՝ զբաղեցնում է 13-րդ տեղը երկրում[29]։ Պահպանվում են գրքերի հազվադեպ հրատարակություններ, այդ թվում նաև Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպի առաջին հրատարակությունը[30], ինչպես նաև Ֆլանների Օ’Քոննորի, Էլիս Ուոկերի, Ջեյմս Լենգսթոն Հյուզի, Ուիլյամ Բաթլեր Եյթսի և Շեյմաս Հինիի ստեղծագործությունները։
  • Լուլվոտեր արգելանոց, զբաղեցնումէ շուրջ 0,40 կմ² կանաչապատ տարածք, ներառյալ անտառային գոտիներ, հետիոտնային արահետներ և լճեր։ Այստեղ է տեղակայված համալսարանի նախագահի ու նրա ընտանիքի տունը։
  • Քարթերի կենտրոն, ոչ առևտրային իրավապաշտպանական կազմակերպություն, որ հիմնադրվել է ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի կողմից, որը հաճախ էր լինում այդտեղ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմորիի համալսարանը բաժանված է Օքսֆորդի ու Քեմբրիջի համալսարանների մոդելով։ Նրա կազմում ընդգրկված են երկու քոլեջներ ու 7 դպրոցներ․

  • Արվեստների ու գիտության քոլեջ (1836),
  • Օքսֆորդի քոլեջ (1836),
  • Ռոբերտո Գոյզուետի բիզնես դպրոց (1919),
  • Լանի բարձրագույն դպրոց (1919),
  • Իրավաբանական դպրոց (1916),
  • Բժշկական դպրոց (1854),
  • Նիլ Հոջսոն Վուդրաֆի բուժքույրերի դպրոց (1905),
  • Ռոլինսի հասարակական առողջապահության դպրոց (1990),
  • Քանդլերի աստվածաբանության դպրոց (1914)։

Շրջանավարտներ և դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալման Ռուշդիի քննարկումն Էմորիի համալսարանի ուսանողների հետ
  • Դեբորա Լիպշտադտ – ամերիկացի պատմաբան, Հոլոքոստի ուսումնասիրող,
  • Դալայ լամա XIV – բուդիստական Տիբեթի, Մոնղոլիայի, Բուրյաթիայի, Տուվայի, Կալմիկիայի ու այլ տարածաշրջանների հոգևոր առաջնորդ,
  • Ջիմի Քարթեր – Միացյալ Նահանգների 39-րդ նախագահը (1977-1981) Դեմոկրատական կուսակցությունից,
  • Ժան Ֆրանսուա Լիոթար – ֆրանսիացի փիլիսոփա-պոստմոդեռնիստ, գրականության տեսաբան,
  • Սալման Ռուշդի – հնդկական ծագմամբ բրիտանացի գրող, Բուքերյան մրցանակի դափնեկիր (1981)։ Քննադատների կողմից համարվում է մոգական ռեալիզմի ներկայացուցիչ,
  • Հա Ցզին – չինական ծագմամբ ամերիկացի գրող,
  • Հարոլդ Բերման – ամերիկացի իրավաբան, ԽՍՀՄ իրավունքի վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ,
  • Միխայիլ Էպշտեյն – փիլիսոփա, մշակութաբան, գրականագետ, էսսեիստ,
  • Չարլզ Հարթշորն – ամերիկացի փիլիսոփա,
  • Լեյլա Դենմարկ – ամերիկացի մանկաբույժ, կապույտ հազի դեմ պատվաստանյութի ստեղծողներից մեկը, եղել է ամենածեր աշխատող մանկաբույժներից մեկն աշխարհում՝ թոշակի անցնելով 103 տարեկանում 2001 թվականի մայիսին,
  • Յուրգեն Մոլտման – գերմանացի բողոքական աստվածաբան։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստոֆեր Մաքքենդելսոն – ամերիկացի ճանապարհորդ, որ իր թափառումների ընթացքում վերցրել է Ալեքսանդր Սուպերթրամփ (անգլ.՝ Alexander Supertramp) անունը և ուղևորվել դեպի Ալյասկայի անմարդաբնակ տարածքները ուտելիքի ու իրերի ոչ մեծ պաշարով՝ նպատակ ունենալով մի որոշ ժամանակ ապրել մենակության մեջ։ 2007 թվականին Շոն Փենը նկարահանել է «Վայրի պայմաններում» ֆիլմն այդ իրադարձությունների մասին,
  • Դենիել Ուելես – ամերիկացի նկարիչ և գրող,
  • Ռալֆ Ռիդ – ամերիկացի քաղաքական և կրոնական գործիչ,
  • Նյուտ Գինգրիչ – ամերիկացի քաղաքական գործիչ,
  • Վլադիմիր Գուրգենիձե – Վրաստանի պետական գործիչ, վարչապետ 2007-2008 թվականներին,
  • Օլբեն Բարքլի – ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության խոշորագույն գործիչներից մեկը, ԱՄՆ փոխնախագահ 1949-1953 թվականներին,
  • Քերի Հիլսոն – ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ ժամանակակից R&B ոճում,
  • Փիթեր Բակ – կիթառահար, ամերիկյան R.E.M. ռոք խմբի հիմնադիրներից մեկը,
  • Պավել Շերեմետա - Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 IPEDS
  2. https://orcid.org/members/001G000001y5b2XIAQ-emory-university
  3. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  4. http://old.arl.org/arl/membership/members.shtml
  5. https://sparcopen.org/who-we-are/members/
  6. http://www.crl.edu/membership/members
  7. «Emory: History & Traditions»։ Emory.edu։ Վերցված է 20 October 2017 
  8. «University Mission Statement» (անգլերեն)։ Emory University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-28-ին։ Վերցված է 2011-04-15 
  9. «Emory Receives Top Service Recognition» (անգլերեն)։ The Emory Wheel։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-28-ին։ Վերցված է 2011-04-15 
  10. «Emory University»։ Times Higher Education (THE)։ Վերցված է October 20, 2017 
  11. «WSJ Graphics»։ Wsj.com։ Վերցված է October 20, 2017 
  12. Emory University
  13. «Emory University - Academic Ranking of World Universities - 2017 - Shanghai Ranking - 2017»։ Shanghairanking.com։ Վերցված է October 20, 2017 
  14. «Emory University»։ Shanghairanking.com։ Վերցված է October 20, 2017 
  15. «The 10 best American colleges for writers»։ College.usatoday.com։ April 26, 2011։ Վերցված է October 20, 2017 
  16. «Carnegie Classifications - Institution Lookup»։ Carnegieclassifications.iu.edu։ Վերցված է October 20, 2017 
  17. «Emory University» (անգլերեն)։ U.S.News & World Report։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-28-ին։ Վերցված է 2011-04-15 
  18. «THE World University Rankings 2010» (անգլերեն)։ Timeshighereducation.co.uk։ Վերցված է 2011-04-15 
  19. «Academic Ranking of World Universities - 2010» (անգլերեն)։ ShanghaiRanking Consultancy։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-08-22-ին։ Վերցված է 2011-04-15 
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 «A Brief History» (անգլերեն)։ Emory University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-28-ին։ Վերցված է 2011-04-17 
  21. 21,0 21,1 21,2 21,3 Thomas Hopkins Emory University 1915-1965: A semicentennial history. — Atlanta: Emory University, 1966. — 269 p.
  22. «A Sesquicentennial Timeline: 1833-1987» (անգլերեն)։ Emory University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-28-ին։ Վերցված է 2011-04-17 
  23. «Campus Tours» (անգլերեն)։ Emory University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-28-ին։ Վերցված է 2011-12-28 
  24. «Druid Hills CDP, Georgia» (անգլերեն)։ Վերցված է 2011-12-28 
  25. «Green Building/Green Space» (անգլերեն)։ Emory University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-28-ին։ Վերցված է 2011-12-28 
  26. «Sustainable Food» (անգլերեն)։ Emory University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-28-ին։ Վերցված է 2011-12-28 
  27. «Green Benefits» (անգլերեն)։ Zipcar, Inc.։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-28-ին։ Վերցված է 2011-12-28 
  28. «History & Mission» (անգլերեն)։ Emory University։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-28-ին։ Վերցված է 2011-12-28 
  29. «College Rankings» (անգլերեն)։ The Princeton Review, INC.։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-28-ին։ Վերցված է 2011-12-28 
  30. Darah Protas (11/24/2008)։ «MARBL Receives ‘Crusoe’ Editions» (անգլերեն)։ The Emory Wheel։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-28-ին։ Վերցված է 2011-12-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]