ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Երևանի պետական համալսարան
Անգլերեն անվանում անգլ.՝ Faculty of Geography and Geology
Նախկին անվանում երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետ
Հիմնադրում 1933
Դեկան Մարատ Գրիգորյան
Հասցե Հայաստան, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1
Կայք [1]
E-mail geo@ysu.am

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, ԵՊՀ կազմում գործող ֆակուլտետներից մեկը[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի պետական համալսարանում 1933-1934 թվականներին կազմավորվեց երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետը։ Դրանից հետո՝ 1935 թվականին աշխարհագրության և երկրաբանության բաժիններն առանձնացվեցին և ստեղծվեց երկու առանձին ֆակուլտետ` երկրաբանության և աշխարհագրության ։

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կատարվեցին գիտահետազոտական աշխատանքներ` քարտեզագրության և գեոդեզիայի, ջրաբանության, բնօգտագործման և բնապահպանության, ջրային պրոբլեմների, երկրակեղևի խորքային կառուցվածքի, հանքային դաշտերի առաջացման, նրանց որոնման ու հետախուզման մեթոդների մշակման, ջրաերկրաբանության, երկրաքիմիայի, սողանքային երևույթների, երկրաֆիզիկական դաշտերի ուսումնասիրությունների համար։ Աշխատանքներ տարվեցին նաև հանրապետության սեյսմիկ տեղայնացման, երկրաշարժերի առաջացման և դրանց կանխագուշակման, ջրատեխնիկական կառույցների անվնաս շահագործման ուղղություններով։

2008 թվականի հունիսին աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների հիման վրա կազմավորվեց աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը[3]։

Ֆակուլտետում գիտահետազոտական աշխատանքներ են իրականացվում հետևյալ ուղղություններով՝

  • ՀՀ ջրային ռեսուրսների ուսումնասիրություն և արդյունավետ օգտագործման գնահատում
  • ՀՀ լանդշաֆտների դեգրադացիայի դեմ պայքարի հետազոտություն և արդյունավետ օգտագործման մշակում
  • Սևանի ավազանի հիդրոերկրաբանական կառուցվածքի և անթրոպոգեն (մարդածին) ազդեցության ուսումնասիրություն ու գնահատում
  • Նավթագազային հանածոների վայրերի որոնում և երկրաքիմիական մեթոդների մշակում
  • ՀՀ բնական աղետների ռիսկի գնահատում
  • ՀՀ տարածքի կայուն զարգացման հետազոտություն և ծրագրերի մշակում

Մասնագիտացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակալավրիատում և մագիստրատուրայում գործում են հետևալ մասնագիտությունները՝

Բակալավրիատ
  • Երկրաբանություն
  • Աշխարհագրություն
  • Քարտեզագրություն և կադաստրային գործ
  • Ջրաօդերևութաբանություն
  • Սերվիս
Մագիստրոսական ծրագրեր

Արտադրական պրակտիկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողներն իրենց պրակտիկաներն անցկացնում են Երևանի, ՀՀ մարզերի տարբեր ձեռնարկություններում, վարչական հիմնարկներում, ՀՀ բնապահպանության նախարարությունում, Ջրաօդերևութաբանական վարչությունում, Գեոդեզիայի ինստիտուտում, ԵՊՀ «Բյուրական» և «Մարմարիկ» ուսումնաարտադրական բազաներում, Երևանի դպրոցներում, Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտում, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, ֆակուլտետի ամբիոններում։ Ուսանողներն իրենց մասնակցությունն են ունենում նաև ՀՀ տարբեր շրջաններում անցկացվող երկրաբանական արշավախմբերին։

Ֆակուլտետում սովորում են 684 ուսանող, որոնցից 595-ը բակալավրիատում, 89-ը` մագիստրատուրայում և 24 ասպիրանտ (16-ը արտերկրից)։ Գործում է նաև բակալավրիատի և մագիստրատուրայի հեռակա ուսուցման բաժին, որտեղ սովորում է 201 ուսանող։ Ֆակուլտետում աշխատում են ՀՀ ԳԱԱ 1 ակադեմիկոս, 9 պրոֆեսոր, 32 դոցենտ, 4 ասիստենտ, 16 դասախոս։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության մասնաշենքը

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում գործում է 8 ամբիոն, ինչպես նաև զարգացման կենտրոն և կիրառական երկրաբանության գիտահետազոտական լաբորատորիա[4]։

Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնը ստեղծվել է 1933 թվականին։ Ամենասկզբում այն եղել է ֆիզիկական աշխարհագրության, իսկ 2009 թվականից՝ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն։

Ամբիոնի հիմնադիրն ու առաջին վարիչը Հայրապետ Հովհաննիսյանն էր։ Այնուհետև տարբեր տարիների ամբիոնը գլխավորել են Ստեփան Լիսիցյանը, Գևորգ Զուբյանը, Անդրանիկ Բաղդասարյանը, Հրաչյա Գաբրիելյանը, Կիրակոս Օհանյանը, Խաչիկ Նազարյանը, Աշոտ Խոյեցյանը, Վիլեն Մեթանջյանը, Բորիս Մնացականյանը։

Ուսանողները մասնագիտանում են ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության մասնագիտություններով։ Անցյալում ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները հիմնականում կազմակերպվում էին ֆիզիկական աշխարհագրության, բնական լանդշաֆտների, ֆիզիկաաշխարհագրական և ջրաօդերևութաբանական տարբեր պրոցեսների հետազոտման ուղղությամբ։

Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնը ստեղծվել է 1933 թվականին։ 1933-1936 թվականներին ամբիոնը ղեկավարել է Տիգրան Աթաբեկյանը, այնուհետև նրան փոխարինել են Գուրգեն Քոչարյանը, Սիրաք Բերբերյանը, Երեմ Եղիազարյանը, Արամ Օհանյանը, Թադևոս Հակոբյանը, Լեմվել Վալեսյանը, Արամայիս Ավագյանը։

Ամբիոնն անցկացրել է սոցիալական, տնտեսական, աշխարհագրական, հայրենագիտական, բնօգտագործման, բնապահպանական, սերվիսի և զբոսաշրջության դասընթացներ։ Ուսանողները մասնագիտացել են հասարակական աշխարհագրության, բնօգտագործման և բնապահպանության, սերվիսի ուղղությամբ։ 2010 - 2011 ուսումնական տարում ամբիոնում սովորել են 13 ասպիրանտներ (որոնցից 12-ը` օտարերկրյա քաղաքացիներ, 4-ը` հայցորդներ)։

Երկրաֆիզիկայի ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Երկրաբանական ֆակուլտետում բացվեց օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման երկրաֆիզիկական մեթոդների ամբիոնը, որի առաջին վարիչն էր դոցենտ Հ. Վանցյանը։ Հետագայում ամբիոնի վարիչի պարտականությունները կատարեցինն Մ. Գրիգորյանը և Հ. Ավչյանը։ Ամբիոնում ուսումնասիրություններ են իրականացվում գրավիմագնիսահետախուզություն, էլեկտրահետախուզություն, սեյսմահետախուզություն, ռադիոմետրիա, սեյսմաբանություն և լեռնային ապարների ֆիզիկական հատկությունների որոշում բնագավառներում։ Գործում են համապատասխան լաբորատորիաներ, որտեղ կատարվում են գիտահետազոտական և կիրառական նշանակություն ունեցող աշխատանքներ։

1984-1993 թվականներին ամբիոնի վարիչ Հ. Ավչյանի ղեկավարությամբ ամբիոնում ստեղծվեց լեռնային ապարների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրման լաբորատորիան, որտեղ սկսվեցին ՀՀ տարածքում լայն տարածում ունեցող լեռնային ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրությունները։ Գիտահետազոտական աշխատանքներն ավելի ակտիվացան ինժեներական երկրաֆիզիկայի ուղղությամբ։ Գիտամեթոդական և կիրառական ուսումնասիրություններ իրականացվեցին հիդրոերկրաբանության, ճարտարագիտական երկրաբանության, սեյսմոշրջանացման, էկոլոգիական խնդիրներ լուծելու համար։

Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբիոնը ատեղծվել է 1968 թվականինին աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Բալյանի մասնակցությամբ։ Նա ամբիոնը ղեկավարել է մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը։ 1997 թվականի հուլիսի 1-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ամբիոնը ղեկավարեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Բոյնագրյանը։

Բակալավրիատում գործում են «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունը, իսկ բակալավրիատում սովորող աշխարհագետը երրորդ կուրսում կարող է ընտրել «Գեոմորֆոլոգիա» մասնագիտացումը։ Մագիստրատուրայում գործում է «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունը, որը ներառում է «Քարտեզագրություն» և «Կադաստրային գործ», «Գեոմորֆոլոգիա» մասնագիտացումները։ Ասպիրանտուրան ունի «Գեոմորֆոլոգիա» մասնագիտացումը։

Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոների հանքավարերի որոնման և հետախուզման ամբիոնը ստեղծվել է 1952 թվականին։ Ամբիոնի առաջին վարիչը եղել երկրաբանա-հանքային գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բ. Վարդապետյանը։ Այնուհետև, 1978–1994 թվականներին, ամբիոնը ղեկավարել է երկրաբանա-հանքային գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բ. Բեզիրգանովը։

Ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբիոնը հիմնադրվել է 1949 թվականին՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա. Գաբրիելյանի ղեկավարությամբ։ Ամենասկզբում այն կոչվել է հնէաբանության և պատմական երկրաբանության, իսկ 1980 թվականից սկսած կոչվում է ռեգիոնալ և պատմական երկրաբանության ամբիոն։ Ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Ա. Գաբրիելյանը (1949-1981), Հ. Սարգսյանը (1981-1997), Գ. Սիմոնյանը (1997-2005), Է. Խարազյանը (2005 թ-ից մինչ այժմ)։ Ամբիոնը զբաղվում է գիտահետազոտական մի շարք ուսումնասիրություններով, որոնց հիմնական ուղղություններն են Հայաստանի և հարակից տարածքների տեկտոնիկան, սեյսմատեկտոնիկան, Հայաստանի տարածքի շերտագրությունը, նորագույն հրաբխականությունը, երկրաբանական զարգացման պատմությունը և երկրաբանական քարտեզագրումը։ 1968 թվականին առաջին անգամ հրատարակվեցին Հայաստանի 1:500000 մասշտաբի տեկտոնական և ինտրուզիվ ֆորմացիաների քարտեզները՝ Ա. Գաբրիելյանի ղեկավարությամբ և Հ. Սարգսյանի մասնակցությամբ։ Դրանք հետագայում հիմք հանդիսացան սեյսմատեկտոնական, սեյսմաշրջանացման, մետաղագոյացման շրջանացման և այլ մասնագիտացված քարտեզների կազմման համար։ Կարևոր նշանակություն ունեցավ նաև Ալպ-Հիմալայան մարզի Կովկաս-Անատոլիական հատվածի տեկտոնական շրջանացման (Ա. Գաբրիելյան) և Հայաստանի սեյսմատեկտոնական և սեյսմաշրջանացման քարտեզների կազմումը (Ա. Գաբրիելյան, Հ. Սարգսյան, Գ. Սիմոնյան, Մ 1:500000)։ Դրանցում առանձնացվեցին սեյսմածին բեկվածքները, սեյսմաակտիվ զոնաները և ստացված տվյալները օգտագործվեցին քաղաքաշինության մեջ և հակասեյսմիկ շինարարական նորմերը մշակելիս[5]։

Սերվիսի ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվիսի ամբիոնը կազմավորվել է 2013 թվականի դեկտեմբերին։ Մինչ կազմավորումը, արդեն 2008 թվականին բացվել էր «սերվիս» մասնագիտությունը և այն 7 տարի գործում էր որպես առանձին մասնագիտություն։ Սերվիս մասնագիտության ուսանողները կարող են աշխատել հասարակությանը սպասարկող տարբեր առևտրա-տնտեսական՝ մասնավորապես զբոսաշրջային արդյունաբերության և սոցիալ-մշակութային ծառայությունների ձեռնարկություններում որպես կառավարիչներ, խորհրդատուներ, սպասարկող անձնակազմ։

Ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության ամբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբիոնը ստեղծվել է 1934 թվականին՝ պրոֆեսոր Տ. Ջրբաշյանի նախաձեռնությամբ։ Տարբեր ժամանակներում ամբիոնը ղեկավարել են Հ. Ստեփանյանը, Ա. Ասլանյանը, Վ. Ավետիսյանը, Պ. Բոշնաղյանը, Վ. Հասրաթյանը, Ա. Անանյանը, Հ. Գյոլեցյանը, Է. Բարսեղյանը։ 2002 թվականից ամբիոնը ղեկավարում է դոցենտ Ս. Հայրոյանը։ Ամբիոնն ունի ընդհանուր երկրաբանության, հիդրոերկրաբանության, հիդրոերկրաքիմիայի, գրունտագիտության, գրունտների մեխանիկայի, ինժեներային երկրաբանության, լիթոլոգիայի լաբորատորիաներ և կաբինետներ։ Ներկայումս ամբիոնի ուսանողները մասնագիտանում են ջրաերկրաբան, ճարտարագետ-երկրաբան մասնագիտացումներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  2. «Դեկանի ընտրություն Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  3. «Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  4. ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք
  5. «ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվել է գիտնական Հողմիկ Սարգսյանի անունը կրող լսարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.