ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, Երևանի Պետական Համալսարանի կազմում գործող ֆակուլտետ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթեմատիկոս մասնագետների պատրաստումը ԵՊՀ-ում սկսվել է 1924 թվականից հասարակագիտական ֆակուլտետի ֆիզիկամաթեմատիկական ենթաբաժնում, որը 1933 թվականին դարձել է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ։ 1959 թվականին տրոհվել է երկու ֆակուլտետների՝ ֆիզիկայի և մեխանիկամաթեմատիկական։ 1963 թվականին մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում բացվել է մաթեմատիկական կիբեռնետիկայի մասնագիտությունը, որի հիման վրա 1972 թվականին ստեղծվել է կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը։ 1988 թվականին մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը բաժանվել է երկու առանձին՝ մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետների, իսկ 2007 թվականին նրանք վերամիավորվել են մի՝ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում։ Ֆակուլտետում ուսուցումը կատարվում է երեք մասնագիտություններով՝ մաթեմատիկա, մեխանիկա և ակտուար մաթեմատիկա։ Ֆակուլտետի մագիստրոսական կրթության շրջանակներում գործում են հետևյալ ծրագրերը՝ ֆունկցիաների տեսություն, դիֆերենցիալ հավասարումներ, հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն, կիրառական հանրահաշիվ և երկրաչափություն, օպտիմալ կառավարման տեսություն և մոտավոր մեթոդներ, ակտուար մաթեմատիկա, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա, շարժման ղեկավարում և կայունություն։ Ֆակուլտետի շրջանավարտները ստանում են մաթեմատիկայի, մեխանիկայի, ակտուար մաթեմատիկայի բակալավրի և մագիստրոսի, ինչպես նաև մաթեմատիկայի ուսուցչի որակավորում։ Ֆակուլտետը գիտական համագործակցության լայն կապեր ունի աշխարհի մաթեմատիկայի և մեխանիկայի մի շարք խոշոր կենտրոնների, բուհերի և գիտահետազոտական հիմնարկների հետ (ՀՀ ԳԱԱ մեխանիկայի և մաթեմատիկայի ինստիտուտներ, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, Ռուսաստանի ԳԱ Վ. Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտ, Ռուսաստանի ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտ, Ուկրաինայի ԳԱԱ մեխանիկայի և մաթեմատիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ, Տրիրի համալսարան, Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական համալսարան, Հարավային Կարոլինայի համալսարան, Այովայի պետական համալսարան (ԱՄՆ), Կարլի համալսարան, Տամպերեի տեխնոլոգիական համալսարան (Ֆինլանդիա) և այլն)[2]::

Ամբիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում գործում են 7 ամբիոններ՝ Մաթեմատիկական անալիզի և ֆուկցիաների տեսության, Դիֆերենցիալ հավասարումների, Հանրահաշվի եւ երկրաչափության, Հավանականությունների տեսության եւ մաթեմատիկական վիճակագրության, Ընդհանուր մաթեմատիկայի, Ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման ամբիոն Ֆինանսական մաթեմատիկայի և Մեխանիկայի, որտեղ դասավանդում են ՀՀ ԳԱԱ 3 ակադեմիկոսներ, ՀՀ ԳԱԱ 5 թղթակից անդամներ, գիտության 35 դոկտորներ և գիտությունների 65 թեկնածուներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]