Բնօգտագործում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնօգտագործում, իր մեջ ներառում է մի քանի հասկացություն․

  • Բնական պաշարների և բնական պայմանների օգտագործման և պահպանման ձևերի համախումբ։ Ներառում է՝ բնական պաշարների պահպանումը, վերականգնումը, վերարտադրումը կամ վերամշակումը, կյանքի բնական պայմանների օգտագործումը և պահպանումը, բնական համակարգերի էկոլոգիական հավասարակշռության պահպանումը, վերականգնումը և բարելավումը։
  • Հասարակության նյութական և մշակութային կարիքների բավարարման նպատակով բնական պաշարների և պայմանների օգտագործումը հասարակական-արտադրական գործընթացում։
  • Երկրի աշխարհագրական թաղանթի վրա մարդահարույց գործոնների համախումբը։
  • Գիտական ուղղություն, որն ուսումնասիրում է բնական պաշարների արդյունավետ օգտագործման (տվյալ պատմական պահին) ընդհանուր սկզբունքները։

Բնօգտագործման հիմքը բնական պաշարների, կյանքի բնական պաշարների, կյանքի բնական պայմանների և հասարակության սոցիալ-տնտեսական զարգացման փոխհարաբերություններն են։ Բնօգտագործումը, որպես գիտական համալիր ճյուղ, ընդգրկում է բնական, հասարակական և տեխնիկական գիտությունների տարրեր (այդ թվում բնության պահպանությունն իր բաժիններով՝ մթնոլորտի, հողի, ջրի, շրջակա միջավայրի պահպանությամբ, էկոլոգիան, բնօգտագործման տնտեսագիտությունը և այլն)։ Բնօգտագործումը, որպես գիտական ուղղություն, ուսումնասիրվում է ինչպես էկոլոգիայի ու աշխարհագրության, այնպես էլ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և ճարտարագիտության մեջ։

Տարբերում են արդյունավետ բնօգտագործում (բնական պաշարներն օգտագործվում են անմնացորդ՝ նվազագույն վնաս հասցնելով բնական միջավայրին) և անարդյունավետ բնօգտագործում (բնական պաշարներն օգտագործվում են մասամբ՝ էապես վնասելով բնական միջավայրը՝ խախտելով էկոհամակարգերի հավասարակշռությունը)։

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով (1998) կարգավորվում են բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության քաղաքացիաիրավական հարաբերությունները։ Բնական պաշարների արդյունավետ օգտագործումն ու բնության պահպանությունը վերահսկում է ՀՀ բնապահպանության նախարարությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png