Դորիս Դեյ
Դորիս Դեյ անգլ.՝ Doris Day | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[4][3] |
Մահացել է | մայիսի 13, 2019[5][6][3][…] (97 տարեկան) |
Մահվան վայր | Carmel Valley, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեական գիտություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, ստուդիական երաժիշտ և դերասանուհի |
Աշխատավայր | Warner Bros. |
Ժանրեր | ավանդական փոփ երաժշտություն[8][9], բիգ բենդ[10][11][12] և փոփ |
Ընտրանի | Qué Será, Será? |
Ծնողներ | հայր՝ Frederick Wilhelm Kappelhoff?[13], մայր՝ Alma Sophia Welz?[13] |
Ամուսին(ներ) | Al Jorden?, George William Weidler?, Martin Melcher? և Barry Comden? |
Երեխա(ներ) | Terry Melcher?[13] |
Պարգևներ և մրցանակներ | |
dorisday.com | |
Դորիս Դեյ (անգլ.՝ Doris Day, ծնված Դորիս Մերի Էն Կապելհոֆ (անգլ.՝ Doris Mary Ann Kappelhoff), ապրիլի 3, 1922[1][2][3][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[4][3] - մայիսի 13, 2019[5][6][3][…], Carmel Valley, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][3]), ամերիկացի երգչուհի, դերասանուհի և կենդանիների պաշտպանության ակտիվիստ։ 1950-ականներից մինչև 1960-ականների սկիզբը եղել է կինոյի առաջին մեծության աստղ։ Նկարահանվել է տարբեր ժանրի ֆիլմերում՝ մյուզիքլներ, կատակերգություններ, դրամաներ և թրիլլերներ։ Նրան մեծ ճանաչում են բերել ռոմանտիկ երաժշտական կատակերգություններում կատարած դերերը։ Ֆիլմերում նրա գործընկերներն են եղել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Քլարկ Գեյբլը, Քերի Գրանտը, Ջեյմս Կեգնին, Դեյվիդ Նիվենը, Ջեք Լեմոնը, Ֆրենկ Սինատրան, Քըրք Դուգլասը, Լորեն Բեքոլը և Ռոդ Թեյլորը։ «Ջեյն աղետ» (1953) և «Մարդ, որը չափից դուրս շատ բան գիտեր» (1956) ֆիլմերում երգեր կատարելու համար երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի։ 1959 թվականին «Մտերիմ զրույց» ֆիլմում կատարած դերի համար լավագույն դերասանուհի կատեգորիայում առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Երկար ժամանակ Դորիս Դեյը մնում էր Հոլիվուդի Ոսկե դարի վերջին կենդանի աստղերից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորիս Դեյը ծնվել է 1922 թվականի ապրիլի 3-ին (այլ տվյալներով՝ 1924 թվականին[16]) Էվանսթոնի Ցինցինատի արվարձանում՝ կաթոլիկ ընտանիքում։ Նրա մայրը՝ Ալմա Սոֆիա Վելցը (1895-1976), տնային տնտեսուհի էր, իսկ հայրը՝ Ուիլյամ Ջոզեֆ Կապելհոֆը (1892-1967), երաժշտության ուսուցիչ և երգչախմբի դիրիժոր։ Նրա պապերն ու հայրական և մայրական տատիկները գերմանացի գաղթականներ էին։ Դորիսը երրորդ երեխան էր ընտանիքում։ Նա ուներ երկու եղբայր՝ Ռիչարդը, որը մահացել է նախքան նրա ծնվելը, և Պոլը, որը մի փոքր ավելի մեծ էր նրանից։ Դորիս անունը նրան տվել են ի պատիվ ամերիկացի կինոդերասանուհի Դորիս Քենյոնի, որով հիանում էր նրա մայրը։
Մանկության տարիներին Դորիսը մեծ հետաքրքրություն է ունեցել պարերի նկատմամբ և որոշել է դրանով զբաղվել մասնագիտորեն։ Նա Ցինցինատիում հաճախել է մասնավոր պարային դպրոցներ, իսկ 11-12 տարեկան հասակում արդեն պարել է սիրողական համույթներում՝ օգտվելով հաջողությունից և նույնիսկ նվաճելով մրցանակներ։ Սակայն այն բանից հետո, երբ նա ավտովթարի է ենթարկվել և ստացել ոտքի կոտրվածք, ստիպված է եղել հրաժարվել պարուհու պրոֆեսիոնալ կարիերայից։ Բուժման ընթացքում Դորիսը տարվել է երգով, սկսել է դասեր վերցնել և արդեն 17 տարեկանից ելույթ է ունեցել հանդիսատեսի առջև՝ սկզբում հանդես գալով Ցինցինատիի ակումբային ռեստորաններից մեկում որպես Բարնի Ռեփ երաժշտախմբի մենակատար-վոկալիստ։ Հենց Ռեփն է նրան դրդել իր հայրենի ազգանվան փոխարեն վերցնել կեղծանուն, որը համարում էր չափազանց տարօրինակ։ Այդպես Դորիս Կապելհոֆը դարձել է Դորիս Դեյ։
1939 թվականին սկսել է հանդես գալ որպես երգչուհի և Լես Բրաունի սվինգային բիգ-բենդի հետ հասել է առաջին մեծ հաջողությանը. նրա «Sentimental journey» երգը դարձել է Եվրոպայից տուն վերադարձող զորացրված ամերիկացի զինվորների հիթը։ 1947 թվականին Դեյը թողել է Լես Բրաունի նվագախումբը, որպեսզի սկսի անհատական կարիերան։ Հաջորդ քսան տարիների ընթացքում նա ձայնագրել է ավելի քան 650 երգ, ինչը Դորիս Դեյին դարձրել է 20-րդ դարի ամենահայտնի և ճանաչված երգչուհիներից մեկը։
1941 թվականին Դորիս Դեյն ամուսնացել է իր նվագախմբի երաժիշտ Էլա Ջորդանի հետ, որի հետ ամուսնությունը տևել է ընդամենը երկու տարի։ 1943 թվականին ամուսինները բաժանվել են։
Դորիսը նաև աշխատել է բազմաթիվ այլ կատարողների, մասնավորապես, Բոբ Քրոսբիի ջազ-նվագախմբի հետ։
Կարիերա ֆիլմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լես Բրաունի հետ աշխատելու և Բոբ Հոփի հետ կարճատև համագործակցության ընթացքում Դորիսը շատ է շրջել ԱՄՆ-ում։ 1946 թվականին նա կրկին ամուսնացել է սաքսոֆոնահար Ջորջ Ուայդլերի հետ։ 1948 թվականին Դեյը բաժանվել է նրանից, որից հետո էլ որոշել է հեռանալ Լոս Անջելեսից և վերադարձել է իրեն հարազատ Ցինցինատի քաղաքը։ Սակայն նրա գործակալ Էլ Լիվին նրան համոզել է հետաձգել մեկնումը և գնալ կոմպոզիտոր Ժյուլ Սթայնի տան երեկույթին, որտեղ նա կարող էր ցույց տալ իրեն, և հնարավոր էր, որ այն օգներ կարիերայի հետագա զարգացմանը։ Երեկույթի ժամանակ Դորիսը կատարել է «Embraceable You» երգը, որը մեծ տպավորություն է թողել Սթայնի և նրա գործընկեր Սեմմի Կանի վրա։ Նրանք իրենց հերթին այն ներկայացրել են «Warner Bros.» ընկերությանը։
Դեյի կարիերան որպես դերասանուհի սկսվել է «Սիրավեպ բաց ծովում» (Romance on the High Seas, 1948 թվական) ֆիլմով. այս բնագավառում նրա հաջողությունն իր քսանամյա կարիերայի սկիզբն է դրել։ 1949 թվականին նրա մասնակցությամբ թողարկվել է ևս երկու ֆիլմ՝ «Երազում եմ քո մասին» և «Սա մեծ զգացմունք է», որոնք դերասանուհուն դարձրել են ճանաչելի և հանրաճանաչ աստղ։ Դրան նպաստել է նաև «Սիրավեպ բաց ծովում» ֆիլմի «It’s Magic» հիթը։ Այնուհետև հաջորդել են նոր ֆիլմեր՝ հիմնականում ոչ շատ պահանջկոտ երաժշտական կատակերգություններ, ինչպես օրինակ՝ «Արծաթե լուսնի լույսի ներքո» և «Թեյ երկուսի համար»։ 1953 թվականին թողարկվել է նոր հաջողված ֆիլմ Դորիս Դեյի հետ՝ «Ջեյն աղետ»-ը, որի երգը «Secret Love»-ն է, որի կատարման համար «Տարվա լավագույն երգ» անվանակարգում Դորիսը ստացել է «Օսկար» մրցանակ։
«Սա երիտասարդ սիրտ է» ֆիլմից հետո, որտեղ Դեյը նկարահանվել է Ֆրենկ Սինատրայի հետ, դերասանուհին խզել է իր «Warner Bros.» պայմանագիրը և սկսել է աշխատել իր երրորդ ամուսնու՝ Մարտին Մելչերի հսկողության ներքո, որը դարձել է բոլոր հետագա ֆիլմերի նրա գործակալն ու պրոդյուսերը. սրանից հետո Դորիս Դեյը կատակերգական դերերից բացի լուրջ դրամատիկ դերեր էլ է ունեցել։ 1955 թվականին «Սիրիր կամ լքիր ինձ» ֆիլմում կատարած երգչուհի Ռութ Էթինգի դերի համար, որում նրա գործընկերը եղել է Ջեյմս Կեգնին, ստացել է քննադատների բարեհաջող արձագանքներ։ Հետագայում իր ինքնակենսագրության մեջ նա այս ֆիլմը անվանել է լավագույնը իր կարիերայի մեջ։ Ալֆրեդ Հիչքոքի «Մարդը, որը չափից դուրս շատ բան գիտեր» ֆիլմում, որտեղ Դորիս Դեյը ելույթ է ունեցել իր գործընկեր Ջեյմս Ստյուարտի հետ, կատարել է «Whatever Will Be, Will Be (Que Sera, Sera)» երգը, որը նրան արժանացրել է երկրորդ «Օսկար» մրցանակի։
1950-ական թվականների վերջին Դորիս Դեյի ժողովրդականությունը անկում է ապրել։ Նրա մասնակցությամբ ֆիլմերը շարունակել են քննադատների ջերմ արձագանքներ ստանալ, սակայն հաղթանակներ չեն եղել։ Թերևս պատճառն այն էր, որ քնարերգական երաժշտական ֆիլմերը 1950-ականների վերջին այլևս պահանջարկ չեն ունեցել. գլխավոր երաժշտական ուղղությունը դարձել էր ռոքնռոլը։
1959 թվականին Դորիս Դեյը Ռոք Հադսոնի հետ զուգերգով նկարահանվել է «Մտերիմ զրույց» ֆիլմում։ Այս ֆիլմը կրկին դերասանուհուն վերադարձրել է հանրության նախկին ուշադրությանը, իսկ ինքը «Լավագույն կանացի դեր» անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակի[17]։ 1960-ական թվականներին շատ ֆիլմերում ռեժիսորները հարգանքի տուրք են մատուցել դերասանուհի Դորիս Դեյի պրոֆեսիոնալիզմին, մինչդեռ նրա՝ երգչուհու հնարավորությունները անտեսվել են։
1960-ական թվականների վերջին ԱՄՆ-ում սկսվել է սեռական հեղափոխություն։ Փոխվում էր սեքսուալության մասին պատկերացումը, կինոն դառնում էր ավելի անկեղծ, մինչդեռ Դորիս Դեյի մասնակցությամբ ֆիլմերը մնում էին միամիտ, պարզամիտ ու մաքրաբարո։ Այդ ժամանակների քննադատներն ու լրագրողները Դորիսին անվանել են «Անփոփոխ հին կույս», և նա աստիճանաբար կորցրել է իր աստղային կարգավիճակը, և միայն վերջում է, որ փայլել է «Ապակե հատակով նավակ» ֆիլմում (1966 թվական)։ Դորիս Դեյը ինքն է խոստովանել իր ֆիլմերի միջին որակը՝ ասելով, որ նկարահանվել է միայն ամուսնու պնդմամբ։
Ճաշակի փոփոխությունն անդրադարձել է նաև Դորիս Դեյի՝ որպես երգչուհու կարիերայի վրա։ Նրա «Duet» և «Latin» ալբոմները արժանացել են քննադատների գովասանքի, սակայն ԱՄՆ-ում առևտրական հաջողություն չեն ունեցել։ 1967 թվականին Դորիս Դեյը ձայնագրել է իր վերջին ալբոմը՝ «The Love Album», որի թողարկումը կայացել է միայն 1994 թվականին։
Սնանկացում և կարիերա հեռուստատեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին մահացել է Դորիս Դեյի ամուսինը՝ Մարտին Մելչերը, որից հետո պարզվել է, որ իր վաստակի մեծ մասը վատնվել է, իսկ ինքը խրվել է պարտքերի մեջ։ Պարզվել է նաև, որ մահից քիչ առաջ Մելչերը «Դորիս Դեյի շոու»-ի թողարկման համար հեռուստատեսության հետ պայմանագիր է ստորագրել։ Դերասանուհին երբեք չի «այրվել» հեռուստատեսությամբ նկարահանվելու ցանկությամբ, սակայն պայմանագիրը ժխտել չէր կարող և 1968 թվականի աշնանը մեկնարկվել է շոուն։
1968-1973 թվականներին Դորիսը եղել է սեփական կատակերգական շոուի հաղորդավարը, որի հիմնական երաժշտական թեման «Que sera, sera» երգն էր։ Դեյը տքնաջան աշխատել է ամբողջ սերիալի ընթացքում, որպեսզի վճարեր ամուսնու պարտքերը։ Նկարահանումների ավարտից հետո Դորիս Դեյն այլևս չի նկարահանվել ո՛չ հեռուստատեսությունում, ո՛չ կինոյում։
Կենդանիների պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականներին դերասանուհին ակտիվորեն զբաղվել է կենդանիների պաշտպանությամբ։ Իր հարցազրույցներից շատերի ժամանակ նա քննադատել է բնական մորթիներ կրող հայտնի մարդկանց։ Նրան դատապարտել են Մերի Թայլեր Մուրը, Էնջի Դիքինսոնը և Ջեյն Մեդոուզը։ Դորիսը կենդանիների պաշտպանության վերաբերյալ իր առաջարկները եռանդորեն հասցրել է Կոնգրես, ինչպես նաև օրենսդրության մեջ ուղղումների առաջարկով դիմել է նախագահներ Ռոնալդ Ռեյգանին և Բիլ Քլինթոնին։ Նա ստեղծել է նաև «Դորիս Դեյի կենդանիների լիգա», որը ֆինանսավորել է ինքը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորիս Դեյն ամուսնացել է չորս անգամ.
- Էլ Ջորդան (1941-1943) - տրոմբոնահար Բարնի Ռեպի խմբից։ Այս ամուսնությունից ծնվել է միակ որդին՝ Թերենս Պ. Ջորդանը (Թերենս Մելչեչ, 1942 թվականի փետրվարի 8-2004 թվականի նոյեմբերի 19)։ Ջորդանի հետ ամուսնությունն ուղեկցվել է նրա կողմից ծեծով, ինչի պատճառով Դեյը ցանկացել է բաժանվել նրանից։ Երբ Ջորդանն իմացել է հղիության մասին, պահանջել է, որ Դեյն ընդհատի հղիությունը։ Որդու ծնվելուց անմիջապես հետո նրանք բաժանվել են։ Ջորդանը հազվադեպ է այցելել Թերենսին և գրեթե ոչ մի կերպ չի մասնակցել նրա դաստիարակությանը։ 1967 թվականին Էլ Ջորդանը ինքնասպան է եղել։
- Ջորջ Ուայլդեր (1946-1949) - սաքսոֆոնահար։
- Մարտին Մելչեր (1951-1968) - նրա անձնական գործակալը և պրոդյուսերը։ Նրա հետ ամուսնությունը եղել է բավականին երկար, և այն մինչև նրա մահն ունեցել է միանգամայն երջանիկ տեսք։ Սակայն հետո Դեյը բացահայտել է, որ նրանց համատեղ կյանքի ընթացքում նա անամոթաբար ծախսել է իր հոնորարները, և ինքը երկար ժամանակ վճարել է պարտքերը։ Չնայած նրան, որ Մելչերը որդեգրել և իր ազգանունն է տվել Թերենսին, վերջինս նրա մահից հետո հայտարարել է, որ Մելչերն իր հետ վատ է վարվել։
- Բարի Կոմդեն (1976-1981) - որպես սեղանապետ աշխատել է Դորիսի սիրելի ռեստորաններից մեկում։ Ամուսնալուծությունից հետո Բարին խոստովանել է, որ Դեյն իր ընկեր-կենդանիներին ավելի շատ է ժամանակ հատկացրել, քան իրեն։
Դորիս Դեյի անվան նկատմամբ հետաքրքրության վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականներին կրկին հետաքրքրություն է առաջացել Դորիս Դեյի նկատմամբ։ 1992 թվականին թողարկվել է նրա լավագույն հիթերի սկավառակը, և երգերից մեկը օգտագործվել է «Խիստ կանոններով» ֆիլմի սաունդթրեքի համար։ 2000-ական թվականների սկզբին մեծ պահանջարկ են վայելել նրա ֆիլմերի տեսասկավառակները, համացանցում հայտնվել են նրան նվիրված բազմաթիվ վեբ կայքեր։ 2011 թվականին Դորիս Դեյը թողարկել է «My Heart» 29-րդ ստուդիական ալբոմը, որը նոր նյութով մտել է Մեծ Բրիտանիայի լավագույն ալբոմների տասնյակում։ Դա տեղի է ունեցել երգչուհու 87 ամյակում և նրա առաջնաելույթային ալբոմի թողարկումից 62 տարի անց[18]։ 2012 թվականին Դեյը զբաղեցրել է վեցերորդ տեղը հայտնի դրամարկղային երգիչների շարքում[19][20][21]։
2004 թվականին դերասանուհին պարգևատրվել է Ազատության նախագահական մեդալով, սակայն ավիաթռիչքի հանդեպ ունեցած վախի պատճառով արարողությունը տեղի չի ունեցել։ Նույն պատճառով Դեյը հրաժարվել է «Օսկար» պատվավոր մրցանակից (չնայած կինոակադեմիան դա մի քանի անգամ առաջարկել է նրան), ինչպես նաև «Քենեդի կենտրոնի մրցանակից»։
Նրա մրցանակների թվում են նաև «Grammy Lifetime Achievement Award» (հանձնվել է 2008 թվականի փետրվարի 9-ին) և երգիչների հասարակությունից (Society of Singers) «Legend Award» մրցանակները։ 1989 թվականին կինոյում նրա բոլոր նվաճումների համար նրան շնորհվել է «Սեսիլյա Բ. Դե Միլյա» մրցանակը։ 2004 թվականին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի կողմից պարգևատրվել է Ազատության նախագահական մեդալով, իսկ 2011 թվականին՝ կարիերայում նվաճումների համար կինոքննադատների լոսանջելեսյան ասոցիացիայի մրցանակով (Los Angeles Film Critics Association’s Career Achievement Award):
Զարգացած կինոյում ներդրման և ԱՄՆ-ի զարգացած երաժշտական արդյունաբերության համար Դորիս Դեյն ունի երկու աստղ Հոլիվուդյան փառքի ծառուղում։
Մահացել է թոքերի բորբոքումից 2019 թվականի մայիսի 13-ին Կալիֆոռնիայի իր տանը 97 տարեկան հասակում[22][23][24]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- You’re My Thrill (1949)
- Tea for Two (1950) (սաունդթրեք)
- Young Man with a Horn (1950) (սաունդթրեք) (Հարրի Ջեյմսոնի հետ համատեղ)
- Lullaby Of Broadway (1951) (սաունդթրեք)
- On Moonlight Bay (1951) (սաունդթրեք)
- I’ll See You in My Dreams (1951) (սաունդթրեք)
- By the Light of the Silvery Moon (1953) (սաունդթրեք)
- Calamity Jane (1953) (սաունդթրեք)
- Young at Heart (1954) (սաունդթրեք) (Ֆրենկ Սինատրայի հետ համատեղ)
- Day Dreams (1954)
- Love Me or Leave Me (սաունդթրեք) (1955)
- Day By Day (1956)
- Day By Night (1957)
- The Pajama Game (1957) (սաունդթրեք) (Ջոն Ռայթի հետ համատեղ)
- Hooray For Hollywood (1958)
- Cuttin’ Capers (1959)
- What Every Girl Should Know (1960)
- Show Time (1960)
- Bright and Shiny (1961)
- I Have Dreamed (1961)
- Duet (Անդրե Պրևինի հետ համատեղ) (1962)
- You’ll Never Walk Alone (1962)
- Billy Rose’s Jumbo (սաունդթրեք) (1962)
- Annie Get Your Gun (Ռոբերտ Գուլեթի հետ համատեղ) (1963)
- Love Him (1963)
- The Doris Day Christmas Album (1964)
- With a Smile and a Song (1964)
- Latin for Lovers (1965)
- Doris Day’s Sentimental Journey (1965)
- The Love Album (ձայնագրվել է 1967 թվականին, թողարկվել է 1994 թվականին)
- My Heart (2011)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1948 | ֆ | Սիրավեպ բաց ծովում | Romance on the High Seas | Ջորջիա Գարեթ |
1949 | ֆ | Երազում եմ քո մասին | My Dream Is Yours | Մարթա Գիբսոն |
1949 | ֆ | Սա մեծ զգացմունք է | It’s a Great Feeling | Ջուդի Ադամս |
1950 | ֆ | Շեփորահար | Young Man with a Horn | Ջո Ջորդան |
1950 | ֆ | Թեյ երկուսի համար | Tea for Two | Նանեթ Քարթեր |
1950 | ֆ | Վեսթպոյնտյան պատմություն | The West Point Story | Ջեն Ուիլսոն |
1951 | ֆ | Փոթորկի նախազգուշացում | Storm Warning | Լյուսի Ռայս |
1951 | ֆ | Բրոդվեյի օրորոցայինը | Lullaby of Broadway | Մելինդա Հովարդ |
1951 | ֆ | Լուսնի ծովածոց | On Moonlight Bay | Մարջորի Ուինֆիլդ |
1951 | ֆ | Ես կտեսնեմ քեզ իմ երազներում | I’ll See You in My Dreams | Գրեյս Լեբոյ Կան |
1951 | ֆ | Օդանավում աստղերի հետ | Starlift | ինքն իր դերում |
1952 | ֆ | Հաղթողների խումբը | The Winning Team | Էյմի Ալեքսանդր |
1952 | ֆ | Ապրիլը Փարիզում | April in Paris | Էթել Ջեքսոն |
1953 | ֆ | Արծաթե լուսնի լույսի ներքո | By the Light of the Silvery Moon | Մարջորի Ուինֆիլդ |
1953 | ֆ | Այսպիսով, դու հեռուստացույց ես ուզում | So You Want a Television Set | ինքն իր դերում |
1953 | ֆ | Ջեյն աղետ | Calamity Jane | փորձանք բերող Ջեյն |
1954 | ֆ | Հանցագործության ալիք | Crime Wave | ինքն իր դերում |
1954 | ֆ | Բախտավոր | Lucky Me | Քենդի Ուիլմս |
1954 | ֆ | Սա երիտասարդ սիրտ է | Young at Heart | Լորի Թաթլ |
1955 | ֆ | Սիրիր կամ լքիր ինձ | Love Me or Leave Me | Ռութ Էթինգ |
1956 | ֆ | Մարդը, որը չափից դուրս շատ բան գիտեր | The Man Who Knew Too Much | Ջո Մեքենա |
1956 | ֆ | Ջուլիյա | Julie | Ջուլիյա Բենթոն |
1957 | ֆ | Գիշերազգեստով խաղ | The Pajama Game | Բեյբ Ուիլյամս |
1958 | ֆ | Ուսուցչի սիրեցյալը | Teacher’s Pet | Էրիկա Սթոուն |
1958 | ֆ | Սիրո թունել | The Tunnel of Love | Իզոլդա Պուլ |
1959 | ֆ | Սա տեղի ունեցավ Ջեյնի հետ | It Happened to Jane | Ջեյն Օսգուդ |
1959 | ֆ | Մտերիմ զրույց | Pillow Talk | Ջեյն Մորոու |
1960 | ֆ | Խնդրում եմ, մի կեր մարգարիտները | Please Don’t Eat the Daisies | Քեյն Ռոբինսոն ՄաքՔեյ |
1960 | ֆ | Կեսգիշերային ժանյակ | Midnight Lace | Քիթ Պրեսթոն |
1961 | ֆ | Հետ արի, իմ սեր | Lover Come Back | Քերոլ Թեմփլոն |
1962 | ֆ | Այս ջրաքիսի մորթին | That Touch of Mink | Քեթի Թիմբերլեյք |
1962 | ֆ | Ջամբո Բիլլի Ռոուզ | Billy Rose’s Jumbo | Քիթի Ուանդեր |
1963 | ֆ | Հասցնել մինչև բռնակները | The Thrill of It All | Բեվերլի Բոյեր |
1963 | ֆ | Ես վերադարձա, սիրելիս | Move Over, Darling | Էլեն Բագսթավ Արդեն |
1964 | ֆ | Մի ուղարկիր ինձ ծաղիկներ | Send Me No Flowers | Ջուդի |
1965 | ֆ | Անհանգիստ վկա | Do Not Disturb | Ջանեթ Հարպեր |
1966 | ֆ | Ապակե հատակով նավակ | The Glass Bottom Boat | Ջենիֆեր Նելսոն |
1967 | ֆ | Քմահաճույք | Caprice | Պատրիշա Ֆոսթեր |
1967 | ֆ | Բալլադ Ջոզիի մասին | The Ballad of Josie | Ջոզի Մինիք |
1968 | ֆ | Իսկ որտեղ ես եղել դու, երբ մարել է լույսը | Where Were You When the Lights Went Out? | Մարգարեթ Գարիսոն |
1968 | ֆ | Վեցը մեկ կտուրի տակ | With Six You Get Eggroll | Էբի Մաքլյուր |
1968-1973 | ս | Դորիս Դեյի շոուն | The Doris Day Show | Դորիս Մարտին |
1970 | ս | Նահանգապետը և Ջեյ Ջեյը | The Governor & J.J. | ինքն իր դերում |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barothy, Mary Anne. Day at a Time: An Indiana Girl’s Sentimental Journey to Doris Day’s Hollywood and Beyond. Hawthorne Publishing, 2007.
- Bret, David. Doris Day: Reluctant Star. JR Books, London. 2008.
- Day, Doris, as told to A. E. Hotchner. Doris Day: Her Own Story. William Morrow & Co., Inc., 1976.
- McGee, Garry. Doris Day: Sentimental Journey. McFarland & Company, Inc., 2005.
- Patrick, Pierre and Garry McGee. Que Sera, Sera: The Magic of Doris Day Through Television. Bear Manor Media, 2005.
- Patrick, Pierre and Garry McGee. The Doris Day Companion: A Beautiful Day (One on One with Doris and Friends). BearManor Media, 2009.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 https://www.nytimes.com/2019/05/13/obituaries/doris-day-death.html
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.tvrage.com/person/id-87439/Doris+Day
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.nu.nl/film/5889717/amerikaanse-zangeres-en-actrice-doris-day-97-overleden.html
- ↑ 6,0 6,1 6,2 https://next.liberation.fr/cinema/2019/05/13/mort-de-doris-day-actrice-pas-si-lisse_1726712
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.chicagotribune.com/entertainment/movies/ct-ent-doris-day-dead-20190513-story.html
- ↑ http://buycdnow.ca/products/The-Big-Band's-Greatest-Vocalist-Series-%252d-Brown,Les%7B47%7DDay,Doris-(Audio-CD)-UPC%3A-016509900284.html
- ↑ http://buycdnow.ca/products/Capitol-Collectors-Series%3A-Dean-Martin-%252d-Dean-Martin-(Audio-CD)-UPC%3A-077779163328.html
- ↑ https://itunes.apple.com/us/album/lullaby-broadway-karaoke-version/id568614779
- ↑ https://itunes.apple.com/us/album/sentimental-journey-karaoke/id568610459
- ↑ https://itunes.apple.com/us/album/tea-for-two-karaoke-version/id568610159
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.ohiohistory.org/research/archives-library/state-archives/ohio-womens-hall-of-fame/
- ↑ https://exploringlahistory.com/2016/03/31/the-los-angeles-times-women-of-the-year-award/
- ↑ Շատ տեղեկագրքերւոմ, այդ թվում, «Das große Personenlexikon des Films» և ռուսական մեծ հանրագիտարանում, ցույց են տալիս, որպես ծննդյան տարեթիվ 1924 թվական։ 1930 թվականի ապրիլի 1-ի Ցինցինատիի մարդահամարի հաշվետվության մեջ (Federal Census 1930, Enumeration District 55, Roll 1808, p. 10A) նրա տարիքը նշվում է 7 տարեկան։ Այս փաստաթղթի հիման վրա այժմ համարվում է, որ Դեյը ծնվել է 1922 թվականին։
- ↑ Doris Day awards and nominations, Dorisday.com
- ↑ 87-летняя Дорис Дэй стала рекордсменкой британского музыкального чарта Արխիվացված 2016-08-09 Wayback Machine (Контрабанда, 12 сентября 2011 года)
- ↑ «Top Ten Money Making Stars». Quigley Publishing Company. QP Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Doris Day». Biography in Context. Gale. 2013. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Hotchner, A.E. Doris Day: Her Own Story. — New York: William Morrow and Company, Inc., 1976. — ISBN 978-0-688-02968-5
- ↑ «Doris Day, Hollywood's Favorite Girl Next Door, Dies at 97». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Lee, Benjamin (2019 թ․ մայիսի 13). «Doris Day, celebrated actor and singer, dies at 97». The Guardian. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Legendary actress and singer Doris Day dead at 97». AP NEWS. The Associated Press. 2019 թ․ մայիսի 13. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիս Դեյ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- Մայիսի 13 մահեր
- 2019 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի երգիչներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի փոփ երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի հաղորդավարներ
- Կին ինքնակենսագիրներ
- Թոքաբորբից մահացածներ
- Ամերիկացի երկարակյացներ