Jump to content

Դոգմատիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դոգմատիզմ (հուն. dogma - ուսմունք, կարծիք բառից), մի սկզբունք, որը բնութագրում է բարոյական ուսմունքի հանդեպ մարդու վերաբերմունքը, որին կողմնակից է հենց ինքը։ Դոգմատիզմի որպես երևույթի առանձնահատկությունն այն է, որ մարդու վերաբերմունքն ընդդեմ այլ ուսմունքների և երևույթների՝ հիմնվում է անհերքելի, միանշանակ, քննարկման չենթակա դրույթների վրա։ Դոգմատիզմ տերմինն օգտագործվում է փիլիսոփայության, Աստվածաբանության և քաղաքականության մեջ։

Ընդհանուր նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրում է կուրորեն հավատալ ու հետևել որևէ բարոյականության դրույթներին կամ պահանջներին, առանց նրանց բանական հիմնավորման և հասարակական նշանակության ըմբռնման, այդ պահանջների անվերապահ պահպանում, առանց վերլուծելու այն հստակ իրադրությունը, որտեղ նրանք իրականացվում են, և սոցիալական հետևանքները, որոնք այդտեղից բխում են։ Դոգմատիզմի մասնավոր դրսևորումներն են, օրինակ բարոյական ֆորմալիզմը, մոլեռանդությունը և ծայրահեղական ահաբեկչությունը։

Դոգմատիզմը հենվում է հավիտենական և ընդհանուր բարոյական սկզբունքների գոյության մասին եղած պատկերացումների վրա՝ Աբսոլյուտիզմ, որոնք կապված չեն հասարակության պատմության հետ, պիտանի են ցանկացած սոցիալական իրադրության համար։ Այն առավելապես բնորոշ է կրոնական բարոյականությանը, որտեղ պայմանավորված ու սահմանված են բարոյական սկզբունքների ամբողջություններ և անհերքելի են։

Դոգմատիզմը հաճախ արտահայտվում է համընգրկող բարոյական կոդեքս ստեղծելու փորձերում, որը կկանխատեսեր բարոյական գործունեության բոլոր բազմազան դեպքերը։ Սովորաբար հավակնելով սկզբունքայինության՝ դոգմատիզմը իրականում աղավաղում է բարոյականության արմատական սկզբունքների իմաստը, քանի որ մեխանիկորեն տեղափոխում է որոշակի իրադրությանը համապատասխանող պահանջները այլ պայմանների վրա, որտեղ այդ պահանջները կորցնում են իրենց ուժը կամ նույնիսկ վերածվում իրենց հակադրության[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բարոյագիտական բառարան - Երևան, Հայաստան 1985
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 429