Դավիթ Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Ռաֆիկի Գևորգյան
Դավիթ Գևորգյան.jpg
Օգոստոսի 12, 1960 - սեպտեմբերի 9, 1992
ԾննդավայրFlag of the Armenian Soviet Socialist Republic.svg Ջաջուռ, Շիրակի մարզ
Մահվան վայրԼՂՀ Չլդրան, Մարտակերտի շրջան, Արցախ
ԿոչումՀՀ ԶՈՒ շարքային
Զորամաս«Արամ Մանուկյան» ջոկատ Արծիվ-մահապարտներ հատուկ նշանակության գումարտակ
ՊաշտոնՀրանոթաձիգ, սակրավոր և ռազմաէլեկտրիկ
Մարտեր/
պատերազմներ
ՀՀ Նոյեմբերյանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն, Կիչան, Սրխավենդ, Վաղուհաս Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր, Չլդրան բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական կռիվներ
ՊարգևներԱրիության մեդալ, Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալ և Հայաստանի երկրապահ

Դավիթ Ռաֆիկի Գևորգյան, (Օգոստոսի 12, 1960, Ջաջուռ, Շիրակի մարզ - սեպտեմբերի 9, 1992, Չլդրան, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, 1997 թվականի նոյեմբերի 25-ից «Երկրապահ կամավորականների միություն» ՀՀԿ-ի պատվավոր անդամ (հետմահու)։ Ազատամարտիկ Թաթոս Գևորգյանի կրտսեր եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Գևորգյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 12-ին Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում: 1967 թվականին սովորել է Ջաջուռի Մինաս Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա 1968 թվականին Դավիթի ընտանիքը տեղափոխվում է Երևան, որտեղ էլ նա հաճախում է Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց, իսկ 8-րդ դասարանն ավարտելուց հետո 1975-1980 թվականներին սովորել է թիվ 50 պրոֆտեխնիկական ուսումնարանում, ձեռք բերելով ավտոէլեկտրիկի մասնագիտություն։ 1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ ներքին զորքերում։ 1982-1984 թվականներին աշխատել է Երևանի Բուսաբանական այգում։ 1984-1986 թվականներին աշխատել է Երևանի Երկրաբանական պայթեցման կենտրոնում։ 1986-1991 թվականներին աշխատել է Երևանի Փորձարարական պրակտոլոգիայի հիվանդանոցում։

Մարտական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականից ակտիվորեն մասնակցել է արցախյան շարժմանը: 1991 թվականից կամավորագրվել է ազգային ազատագրական պայքարին։ Անդամագրվել է եղբոր՝ Թաթոս Գևորգյանի ղեկավարած «Արամ Մանուկյան» ջոկատին։ Մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական մարտերին, դրսևորելով որպես հրանոթաձիգ, սակրավոր և ռազմաէլեկտրիկ։

1992 թվականին կամավորագրվել է Վազգեն Սարգսյանի կողմից կազմակերպված «Մահապարտների ջոկատ»-ին, որը հետագայում անվանվեց «Արծիվ-մահապարտներ» գումարտակ: «Արծիվ-մահապարտներ» գումարտակի 6-րդ դասակի կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն, Կիչան, Սրխավենդ, Վաղուհաս, Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր, Չլդրան բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Եղել է Արծիվ-մահապարտներ հատուկ նշանակության գումարտակի 6-րդ դասակի հրանոթաձիգ։

Չլդրան գյուղի բարձրունքներն ամրապնդելու ժամանակ, իր վիրավոր ընկերոջը՝ Արմեն Ժամհարյանին մարտադաշտից դուրս բերելիս, 1992 թվականի սեպտեմբերի 9-ին, Դավիթը հրանոթային արկի պայթյունից զոհվում է: Զոհվում է նաև նրանց հրամանատար Տիգրանը, որը շտապել էր իր երկու զինվորներին օգնության:

Դասարանի անվանակոչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվան Երևանի թիվ 48 դպրոցի ռազմագիտության դասասենյակը ՀՀ Պաշտպանության, Կրթության և գիտության նախարարությունների համատեղ որոշմամբ անվանակոչվեց Արծվի-մահապարտ Դավիթ Գևորգյանի անունով[1]: 2010 թվականի մայիսի 7-ին, դասարանի անվանակոչությանը ներկա էին նախկին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Աժ պատգամավորներ, Դավիթի հարազատները, ընկերները և բարձրաստիճան սպաներ:

Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն է հայտնում Դավիթի մորը, ասելով հետևյալը՝

«Մեր ձեռք բերած հաղթանակները մեզ այնպիսի ուժ ու ոգու կորով են տալիս, որ համզված եմ՝ մեր հետագա հաղթանակներն ապահովված են: Այսօր մեր բանակը շարունակում է պաշտպանել և պահպանել այն, ինչ Դավիթի և նրա նման քաջերի շնորհիվ ձեռք ենք բերել: Դավիթները մեզ շատ պետք են, Դավիթներ կլինեն նրանք, ովքեր կպահպանեն մեր ձեռքբերումները»:[2]

Ջաջուռի գյուղական խորհրդի որոշմամբ Դավիթ Գևորգյանի անունով են կոչվել գյուղի գլխավոր փողոցն ու մանկապարտեզը[3][4]:

Թաղված է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի հրամանագրով, 1992 թվականին նրա ռազմակոչով «Արծիվ» հատուկ գումարտակում կամավորագրվելու համար պարգևատրվել է «Արծիվ Մահապարտներ» կրծքանշանով:
  • 1998 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանգրով հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Արիության մեդալով:
  • 2011 թվականի մայիսի 9-ին, Արցախյան ազատամարտում ցուցաբերած արիության, Հայաստանի սահմանների պաշտպանության համար պարգևատրվել է «Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների բարեգործական իրավաբաշտպան» ՀԿ-ի պատվոգրով:
  • 2012 թվականին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Արիության համար մեդալով։
  • 2012 թվականի մայիսի 7-ին ՀՀ «Երկրապահ կամավորականների միություն» ՀՀԿ-ի կողմից պարգևատրվել է «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:
  • «Ազատամարտիկ» ՌԲՀԿ-ի կողմից հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Ազատամարտիկ» մեդալով:
  • 2012 թվականի հունվարի 28-ին «Երկրապահ կամավորականների միություն» ՀՀԿ-ի կողմից Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է պատվոգրով:
  • Պարգևատրվել է «Հաղթանակ» մեդալով:
  • «Երկրապահ կամավորականների միություն» ՀՀԿ-ի վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանագրով պարգևատրվել է միության պատվոգրով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ զինվոր», «Արծիվ Մահապարտը» հոդված, թիվ 49, դեկտեմբերի 12-18, 2013 թ., էջ 8
  2. «Հայ զինվոր», թիվ 18, մայիսի 12-19, 2010 թ., էջ 5
  3. «Արցախի Արծիվները», «Հերոսը Ջաջուռից» հոդված, Ա. Շիրոյան
  4. «Հայ զինվոր», «Արծիվ Մահապարտը» հոդված, թիվ 49, դեկտեմբերի 12-18, 2013 թ., էջ 8

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արծվանիստ Զեյթուն, Լևոն Սողոմոնյան, 2007թ., էջ 508
  • «Հայ զինվոր», «Ջաջուռցի արծիվը» հոդված, թիվ 18, մայիսի 12-19, 2010 թ., էջ 5
  • «Հայ զինվոր», «Արծիվ Մահապարտը» հոդված, թիվ 49, դեկտեմբերի 12-18, 2013 թ., էջ 8
  • «Արցախի Արծիվները», «Հերոսը Ջաջուռից» հոդված, Ա. Շիրոյան