Գուրգեն Էդիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Էդիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Էդիլյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1885(1885-12-25)[1][2]
Իջևան[1][2]
Մահացել էհունվարի 18, 1942(1942-01-18)[1][2] (56 տարեկան)
Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդասախոս, հոգեբան և հասարակական գործիչ
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան[1]
Ալմա մատերՆերսիսյան դպրոց (1896)[1] և Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1903)[1]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[1][2] (1909)
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Գուրգեն Մեսրոպի Էդիլյան (դեկտեմբերի 25, 1885(1885-12-25)[1][2], Իջևան[1][2] - հունվարի 18, 1942(1942-01-18)[1][2], Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ անվանի հոգեբան, մանկավարժ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիլյանը սովորել է Քարավանսարայի ծխական, իսկ 1896–1898 թվականներին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում։ Ապա 1898–1903 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանական բաժնում։ 1904 թվականին մեկնել է արտասահման, սովորել Ենայի (Գերմանիա), Լայպցիգի (Գերմանիա) և Բեռնի (Շվեյցարիա) համալսարաններում։ Այնտեղ մուտք է գործեղ տեղի գիտական միջավայր՝ ծանոթանալով Վիլհելմ Վունդտի, Հերման Էբինգաուզի, Շռնստ Մյոյմանի հետ[3]։ 1909 թվականին փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել՝ պաշտպանելով «Ցիլլերի ֆորմալ աստիճանների քննադատություն» թեմայով աշխատությունը, որը 1912 թվականին հայերեն տպագրվել է Էջմիածնում։ Ուսումն ավարտելուց հետո Էդիլյանը վերադառնում է Հայաստան։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին Էդիլյանը վերադառնում է հայրենիք և շուրջ 30 տարի զբաղվում մանկավարժական գործունեությամբ։ Նա մանկավարժական աշխատանք է կատարել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1909–1914 թվականներին Գևորգյան ճեմարանի դասարանական բաժնում դասավանդում է տարբեր առարկաներ (հոգեբանություն, մանկավարժության տեսություն և պատմություն, փիլիսոփայություն, հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, գերմաներեն), իսկ լսարանական բաժնում փիլիսոփայություն, մանկավարժություն, հոգեբանություն. ղեկավարում մանկավարժական գործնական պարապմունքները։

1914–1919 թվականներին աշխատել է Ներսիսյան դպրոցում։ 1916 թվականից՝ պատերազմական ծանր տարիներին, եղել է Կովկասի գաղթականական որբանոցների տեսուչ, կազմակերպել անապաստան երեխաների կրթության և դաստիարակության գործը։ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ստանձնել է հանրապետության տարրական դպրոցների տեսուչի պարտականությունները։ Հանդիսացել է Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից, համալսարանի մանկավարժության ու հոգեբանության առաջին դասախոսը։

Երկրորդ հանրապեպության առաջին տարիներին ղեկավարել է Գյումրիի ամերիկյան որբանոցները։

1921 թվականին էդիլյանը հրավիրվում է համալսարան և նշանակվում մանկավարժական ֆակուլտետի դեկան։ Հաջորդ տարի ֆակուլտետը փակելու մասին որոշում է կայացվում։ 1922–1925 թվականներին աշխատում է Ամերկոմի դպրոցների վերատեսչի պաշտոնում։ 1928–1933 թվականներին կրկին աշխատում է պետական համալսարանում, դասավանդում հոգեբանություն, մայրենի լեզվի մեթոդիկա։ 1934 թվականին հրավիրվում է նոր կազմակերպված Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ՝ որպես հոգեբանության և մանկավարժության դասախոս։ Նույն թվականին ստանում է պրոֆեսորի կոչում։

1934–1937 թվականներին զուգահեռ աշխատել է նաև Մոսկվայի պետական Մորիս Տորեզի անվան մանկավարժական ինստիտուտի էքսպերիմենտալ ֆոնետիկայի և հոգեբանության լաբորատորիայում[3]։

Ուսումնասիրել է ուսուցման տեսությունը, ընդհանուր և մանկավարժական հոգեբանությունը, զբաղվել հայոց լեզվի դասավանդման, մեթոդաբանության, դպրոցական դասագրքերի և ձեռնարկների ստեղծման, դատական հոգեբանության, գեղարվեստական երկի հոգեբանական վերլուծության, հայկական տառատեսակների և նրանց դյուրընթեռնելիության հարցերով։ Հեղինակ է հոգեբանությանը, մանկավարժությանը, մայրենի լեզվի դասավանդման մեթոդիկային, հայ գրականության պատմությանը վերաբերող մի շարք աշխատությունների[4]։

Առաջին մանկավարժ հոգեբանն էր, ով Հայաստանում դրեց հոգեբանական գիտական մտքի էքսպերիմենտալ (փորձառական) ուսումնասիրությունների հիմքերը, կազմակերպեց հոգեբանության կաբինետ ու գիտական լաբորատորիա և զբաղվեց հոգեկանի ուսումնասիրմամբ ու մեկնաբանմամբ[3]։

Բռնաճնշում և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին դառնում է բռնաճնշումների զոհ և աքսորվում։

Իր նախկին ուսանող Ռուբեն Զարյանը հիշում է, որ վերջին դասախոսությունից հետո Էդիլյանը ասել է․ «Երբ կհանդիպենք՝ չգիտեմ։ Կհանդիպենք արդյոք՝ չգիտեմ։ Եթե չհանդիպենք՝ ոչինչ… Առողջ եղե՛ք»[5]։

1942 թ. հունվարի 18–ին մահանում է աքսորավայրում՝ մերձբայկալյան Տայշետ բնակավայրի մոտ։ Ըստ 1985 թվականին կենսագրական հրապարակման մեջ նշվում է, որ Էդիլյանը մահացել է Օմսկ քաղաքում։ Մահվան պատճառների մասին ոչինչ չի նշվում։

Հիշողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Զարյանը նշում է, որ Էդիլյանը թողնում էր գերմանացի պրոֆեսորի տպավորություն՝ խիստ դեմքի արտահայտություն, խոստ պահվածք։ Խոսքը կազմում էր հստակ ու դիպուկ։ Նա ժամանակ գալիս էր դասախոսություններին՝ միշտ կոկիկ հագնված։ Դասերը հաճախ ընդհատում էր՝ պատմելով ամեն ինչի մասին՝ կյանքի, գրականության, մշակույթի ու ապագայի[5]։

Անվանի ռուս հոգեբան Վլադիմիր Արտյոմովը գրում է, որ ի դեմս Գուրգեն Էդիլյանի Մոսկվայի համալսարանի գիտահետազոտական լաբորատորիան համալրվել է հոգեբանական, ֆիզիոլոգիական և փիլիսոփական էրուդիցիայով լի մի գիտնականով։ Էդիլյանը հոգեբանական փորձերի վարպետ էր, ով իր ողջ էներգիան նվիրել է խորհրդային հոգեբանության զարգացմանը[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դասավանդման ձևեր, Վաղարշապատ, 1913 թ.։
  • Դասավանդման խնդիրներ, Էջմիածին, 1914 թ։
  • Գաղթականական որբանոցներ, Թիֆլիս, 1917 թ.։
  • Աշխատանքի դպրոց, Էջմիածին, 1922 թ.։
  • Հայոց լեզվի մեթոդիկա, Թ., 1923 թ.։
  • Դպրոցական շենք, Երևան, 1927 թ.։
  • Ձեռագրի ուսուցման մեթոդիկա, Երևան, 1927 թ.։
  • Ուղղագրության ուսուցման մեթոդիկա, Երևան, 1927 թ.։
  • Լեզվի մեթոդիկա, Երևան, 1930 թ.։
  • Ձեռնարկ հոգեբանության, Երևան, 1930 թ.։
  • Читаемость шрифта, 1933
  • Проблема читаемости двугх видов армянского шрифта и строк длинной 31/2; 5; 6 квадрат, 1933
  • Проблема читаемости строк, 1933
  • Проблемы оформления книг, 1933
  • Հիշողություն, Երևան, 1934 թ.։
  • Читаемость печатных строк, 1934
  • Խաչատուր Աբովյանի կյանքն ու գործունեությունը, 1936 թ., (ձեռագիր)։
  • Հոգեբանության ուրվագծեր, Երևան, 1958 թ։
  • Անտիպ էջեր, Երևան, 1988 թ.։
  • Դատական հոգեբանություն, Երևան, 2000 թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Айрапетян, Давид (2010). Зарождение экспериментальной психологии в Армении: Гурген Эдилян. Մոսկվա: Учреждение Российской академии наук Институт Психологии РАН. էջեր 19–23. ISBN 978-5-9270-0196-5. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  4. Հոգեբանություն (դեմքեր, փաստեր)։ Ուսումնամեթոդական ձեռնարկ / Կազմ. Ս.Վ.Հովհաննիսյան, Է.Վ.Ասրիյան, խմբ. Հ.Մ.Ավանեսյան- Եր.: ԵՊՀ հրատ., 2010 թ. - 204 էջ։ Էջ 173։
  5. 5,0 5,1 «Если не встретимся – ничего… будьте здоровы: Гурген Эдилян (видео)». A1Plus (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Էդիլյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Էդիլյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 6