Գեորգի Կիստյակովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Կիստյակովսկի
Ծնվել էնոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1900[1]
Tarasivka, Kievsky Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 7, 1982(1982-12-07)[2] (82 տարեկան)
Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, քիմիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան և Հարվարդի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերHU Berlin
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Գիտական ղեկավարՄաքս Բոդենշտեյն
Եղել է գիտական ղեկավարՀերբերտ Ս․ Գուտովսկի և Բրյուս Հ․ Մահան
Պարգևներ
Երեխա(ներ)Վերա Կիստյակովսկի
ՀայրԲոգդան Կիստյակովսկի
ՄայրMaria Berenstamm?
Ստորագրություն
Изображение автографа
 George Kistiakowsky Վիքիպահեստում

Գեորգի Կիստյակովսկի (ուկրաիներեն՝ Георгій Богданович Кістяківський, անգլ.՝ George Kistiakowsky, նոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1900[1], Tarasivka, Kievsky Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 7, 1982(1982-12-07)[2], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ազգությամբ ուկրաինացի ամերիկացի քիմիկոս, դանդաղ պայթուցիկ բորատոլ նյութի ստեղծող։ Մանհեթենյան նախագծի մասնակից է, առաջին ատոմային ռումբի ստեղծողներից մեկը։ Եղել է ԱՄՆ-ի նախագահ Դուայթ Էյզենհաուերի գիտական խորհրդականը։

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է եղել (1939), Լոնդոնի թագավորական ընկերության օտարերկրյա անդամ[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կիևի համալսարանի իրավաբանության պրոֆեսոր Բոգդան Կիստյակովսկու և Մարիա Կիստյակովսկու (ծնունդով՝ Բերենշտամ) ընտանիքում, նշանավոր իրավաբան Ալեեքսանդր Կիստյակովսու թոռն է։ Կրտսեր եղբայրը՝ Ալեքսանդր Կիստյակովսկին (1904-1983), խորհրդային ու ուկրաինացի կենսաբան է, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Սովորել է Մոսկվայի գիմնազիայում, սակայն ուսումնառության վերջին տարին անցկացրել է Կիևում, որտեղ տեղափոխվել էր 1917 թվականին։ 1918 թվականին մտել է Սպիտակ բանակի կազմի մեջ և մասնակցել 1920 թվականի աշնան ռազմական գործողություններին։ Ղրիմից էվակուացվել է Թուրքիա, ապա տեղափոխվել Հարավսլավիա՝ պապիկի մոտ։

1921 թվականին ընդունվել է Բեռլինի համալսարան, որտեղ 3.5 տարում ավարտել է ամբողջ կուրսը և 1925 թվականին Մաքս Բոդենշտայնի ղեկավարությամբ պաշտպանել դոկտորական ատենախոսություն՝ նվիրված լույսի օգնությամբ առաջացող քլորի օքսիդի տարրալուծման խնդրին։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Բոդենշտայնի մոտ և նրա խորհրդով էլ 1926 թվականին որպես Ֆիզիկական քիմիայի միջազգային կոմիտեի թոշակառու մեկնել Փրինսթոնի համալսարան՝ պրոֆեսոր Թեյլորի մոտ։ Այստեղ նա սկսել է ուսումնասիրել ադսորբման ու կատալիզի խնդիրները, սակայն Թեյլորի խորհրդով գիրք է գրել ֆոտոքիմիայի մասին՝ «Ֆոտոքիմիական գործընթացներ» վերնագրով։ Գիրքը լույս է տեսել 1928 թվականին Ամերիկայի քիմիական ընկերության մենագրությունների մատենաշարով։ Հրապարակումը երիտասարդ գիտնականին ճանաչում է բերել ֆոտոքիմիայի բնագավառում։ 1930 թվականից դասավանդել է Հարվարդի համալսարանում, որի հետ կապը չի կտրել մինչև իր կյանքի վերջը։

1926 թվականին Կիստյակովսկին ամուսնացել է Հիլդեգարդե Մյոբիուսի հետ (ամուսնալուծվել են 1942 թվականին)։ Առաջին ամուսնությունից ծնված դուստրը՝ Վերա Կիստյակովսկայան, փորձարարական քիմիայի և աստղաֆիզիկայի մասնագետ է եղել, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի առաջին կին դասախոսը[10]։ 1933 թվականին Կիստյակովսկին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։

1945 թվականին Կիստյակովսկին ամուսնացել է երկրորդ անգամ Իրմե Շուլերի հետ, որից բաժանվել է 1960 թվականին և 1962 թվականին ամուսնացել Էլեն Մահոնիի հետ[11]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականից դարձել է Հարվարդի համալսարանի դոցենտ։ Կիստյակովսկու հետաքրքրություններն այդ ժամանակշրջանում եղել են ջերմադինամիկան, սպեկտրասկոպիան, քիմիական կինետիկան[12]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բացառապես զբաղվել է ռազմական հարցերով։ 1940 թվականի հուլիսին դարձել է Ազգային հետազոտական կոմիտեի պայթուցիկ նյութերի մշակման բաժնի խորհրդականը։ 1942 թվականին գլխավորել է նույն կոմիտեի 8-րդ բաժանմունքը, որտեղ զբաղվել է պայթուցիկ նյութերի ստեղծմամբ ու փորձարկմամբ, հրթիռային վառելիքի մշակմամբ։ 1941 թվականից Կիստյակովսկին Գիտությունների ազգային ակադեմիայի ատոմային էներգետիկայի կոմիտեի անդամ է եղել՝ ոչ անմիջական մասնակցություն ունենալով այն աշխատանքներին, որոնք նախորդել են Մանհեթենյան ծրագրին։ Այս ժամանակ Կիստյակովսկին և նրա աշխատակիցներն ուսումնասիրում էին հեքսոգենը և մեծ մասշտաբներով նրա արտադրության եղանակը։ 1943 թվականին սկսվել է Composition B պայթուցիկ նյութի զանգվածային արտադրությունը, որը բաղկացած էր հեքսոգենից, տրոտիլից ու տորպեքսից։ Նա ստեղծել է նաև ուտելու պայթուցիկ չինացի պարտիզանների համար։ Սովորական ալյուրի տեսք ունեցող պայթուցիկը պարտիզանները կարող էին հանգիստ անցկացնել ճապոնական հսկիչ կետերով[13]։

1943 թվականին Կիստյակովսկին աշխատել է Լոս Ալամոսի լաբորատորիայում։ Նա կիրառել է ռենտգենյան ու լուսանկարչական եղանակներ կումուլյատիվ լիցքերի ուսումնասիրության համար։ 1944 թվականին գլխավորել է ատոմային ռումբի համար ավանդական պայթուցիկների կիրառման բաժանմունքը։ Կիստյակովսկու ղեկավարությամբ մշակվել են պայթուցիկ բարդ լինզաներ, դանդաղ պայթող բորատալը։ 1945 թվականի հուլիսի 16-ին Կիստյակովսկին հետևել է Թրինիթիի (անգլ.՝ Trinity) փորձարկումներին, իսկ մի քանի շաբաթ անց Fat Man տիպի ռումբը նետվել է Ճապոնիայի Նագասակի քաղաքի վրա։

Աշխատանք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի փետրվարին Կիստյակովսկին վերադարձել է Հարվարդի համալսարան, 1947-1950 թվականների գլխավորել է քիմիայի ամբիոնը, վերսկսել հետազոտական աշխատանքը և դասախոսել ուսանողներին։ 1950-ական թվականներին ակտիվորեն մասնակցել է կառավարական գիտական հաստատությունների աշխատանքներին։ 1953-1958 թվականներին պաշտպանության նախարարության՝ բալիստիկ հրթիռների ուղղությամբ խորհրդատվական կոմիտեի անդամ է եղել, 1959 թվականից՝ ՆԱՍԱ-ի խորհրդատվական կոմիտեի անդամ։ 1958 թվականին Կիստյակովսկին որպես ամերիկյան պատվիրակության անդամ մասնակցել է ատոմային փորձարկումների վերահսկողության հարցերով Ժնևի խորհրդակցությանը։ 1959 թվականի հուլիսին նշանակվել է ԱՄՆ նախագահի խորհրդական գիտության ու տեխնիկայի հարցերով։ Այս պաշտոնում մնալով մինչև 1961 թվականը՝ նա նախագահ Դուայթ Էյզենհաուերի հետ հարցերի լայն շրջանակ է քննարկել՝ հետազոտությունների կոորդինացումից մինչև գիտական կադրերի պատրաստումը։ Հենց նա է եղել սեյսմիկ ուժգնությունից ուժեղ ատոմային փորձարկումների արգելքի նախաձեռնողը։ Դրույթը ներկայացվել է 1960 թվականին, և ԽՍՀՄ-ը ընդունել է այն[14]։

1962-1965 թվականներին գլխավորել է Ազգային ակադեմիայի՝ գիտության, տեխնիկայի ու պետական քաղաքականության կոմիտեն[15]։ 1968 թվականի հունվարին, ի նշան Վիետնամի պատերազմի դեմ բողոքի, հրաժարական է ներկայացրել՝ թողնելով իր բոլոր պաշտոնները պետական հաստատություններում։ 1971 թվականից, երբ դադարեցրել է հետազոտական ակտիվ գործունեությունը, մտել է քաղաքական կյանք, ելույթ ունեցել սպառազինությունների մրցավազքի դադարեցման օգտին։ Պագուոշի շարժման ակտիվ մասնակից է եղել, մասնակցել է նաև Աշխարհի բժիշկները հանուն միջուկային պատերազմի կանխման միջազգային կազմակերպության աշխատանքներին։ Որպես մասնագետ մեծ ներդում է ունեցել ԽՍՀՄ և ԱՄՆ բարձր մակարդակի բանակցություններում սպառազինության վերահսկման հարցերով[16]։ Կյանքի վերջին տարիներին եղել է Council for Livable World («Մարդու համար արժանավայել պայմանների ստեղծման խորհուրդ») կազմակերպության նախագահը, որը 1962 թվականին հիմնադրել էր ամերիկացի ֆիզիկոս Լեո Սիլարդը։

1982 թվականին քաղցկեղից մահացել է Քեմբրիջում։ Նրա աճյունը դիակիզման է ենթարկվել, իսկ մոխիրը ցանել են Քեյթ Կոդի իր տան շրջակայքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 parish register
  2. 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. https://www.acs.org/content/acs/en/funding-and-awards/awards/national/bytopic/priestley-medal.html
  5. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 205.
  6. https://www.acs.org/funding/awards/peter-debye-award-in-physical-chemistry/past-recipients.html
  7. https://www.acs.org/funding/awards/charles-lathrop-parsons-award/past-recipients.html
  8. https://www.newyorkacs.org/nicholsmedalists.html
  9. Kistiakowsky; George Bogdan (1900 - 1982)(չաշխատող հղում)(անգլ.)
  10. «List: Manuscript collections: Institute Records: Institute Archives & Special Collections: MIT». libraries.mit.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  11. «George Kistiakowski». IMDb. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  12. George Bogdan Kistiakowsky, 18 November 1900 - 7 December 1982 // Biographical Memoirs of Fellows of the Royal Society. — 1985-11. — Т. 31. — С. 376—408. — ISSN 1748-8494 0080-4606, 1748-8494. — doi:10.1098/rsbm.1985.0013
  13. Military History Matters (2012 թ․ հունիսի 12). «Back to the Drawing Board – Aunt Jemima» (անգլերեն). Military History Matters. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  14. «The Making of the Limited Test Ban Treaty, 1958-1963». nsarchive2.gwu.edu. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  15. «Origins of the Committee on Science, Engineering, and Public Policy». web.archive.org. 2007 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  16. Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Կիստյակովսկի» հոդվածին։