Jump to content

Բոգդան Ֆիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգդան Ֆիլով
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Սոֆիայի համալսարան, Ֆրայբուրգի համալսարան, Լայպցիգի համալսարան և JMU
Մասնագիտություն՝ մարդաբան, արվեստագետ, հնագետ, պատմաբան, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Ծննդյան օր ապրիլի 10, 1883(1883-04-10)[1]
Ծննդավայր Ստարա Զագորա, Eastern Rumelia[2]
Վախճանի օր փետրվարի 2, 1945(1945-02-02) (61 տարեկան)
Վախճանի վայր Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն[3]
Թաղված Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն  Բուլղարիա
Հայր Dimitar Filov?
Ամուսին Evdokia Peteva-Filova?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
«Սուրբ Ալեքսանդր» շքանշան

Բոգդան Դիմիտրով Ֆիլով (բուլղար․՝ Богдан Димитров Филов, ապրիլի 10, 1883(1883-04-10)[1], Ստարա Զագորա, Eastern Rumelia[2] - փետրվարի 2, 1945(1945-02-02), Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն[3]), բուլղար հնագետ, արվեստի տեսաբան, քաղաքական գործիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Բուլղարիայի վարչապետը։ Նրա ղեկավարության օրոք Բուլղարիան դարձել է Առանցքի պետություններին միացած յոթերորդ երկիրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոգդան Ֆիլովը ծնվել է բուլղարական Ստառա Զագոռա քաղաքում։ Ուսանել է կայսերական Գերմանիայի Լայպցիգ, Ֆրայբուրգ, Վյուրցբուրգ քաղաքների բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում ստանալու համար պատրաստած դիսերտացիոն աշխատանքը մեծ հաջողությամբ պաշտպանել է Ֆրայբուրգի համալսարանում, որից հետո նրա այդ աշխատությունը, ի նշան բարձր արժանավորության, հրատարակվել է առանձին գրքով՝ որպես Լայպցիգում լույս ընծայվող հեղինակավոր Klio ամսագրի հավելված։

1906 թվականի մայիսի մեկից Ֆիլովն աշխատել է Սոֆիայի ազգային հնագիտական թանգարանում։ 1907-1909 թվականներին հնագիտություն և դրամագիտություն է ուսումնասիրել Բոննում, Փարիզում, Հռոմում։ Նա համարվել է անտիկ, այսինքն՝ նախադասական շրջանի հնագիտության լավագույն մասնագետը Բուլղարիայում։

1918 թվականին Ֆիլովը հայտնաբերել է երկաթե դարի դամբարանադաշտ Տրեբենիշտան, որտեղ մեծ քանակությամբ ոսկե և երկաթե արտեֆակտեր են գտնվել։ 1910-1920 թվականներին աշխատել է որպես ազգային հնագիտական թանգարանի տնօրեն։ 1912 թվականին ղեկավարել է բուլղարական Յամբոլ քաղաքի մոտ հայտնաբրված հնագույն Կաբիլե քաղաքի պեղումներն ու առաջին ուսումնասիրությունները։ 1920 թվականին նրան շնորհվել է Սոֆիայի համալսարանի հնագիտության և արվեստի պատմության պրոֆեսորի կոչում։ Կարճ ժամանակ անց համալսարանում հիմնվել է հնագիտության ամբիոն, և Ֆիլովը նշանակվել է այդ ամբիոնի վարիչ։ Սոֆիայի հնագիտական ընկերությունը նրա ակտիվ մասնակցությամբ տարիների ընթացքում վերակազմավորվել է հնագիտության ինստիտուտի՝ անտիկ հնագիտության բաժանմունքով։

1937 թվականին Ֆիլովն ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի նախագահ։

Քաղաքական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին Բոգդան Ֆիլովը նշանակվել է ժողովրդական լուսավորության նախարար։ Այդ նույն տարում, Բ. Յոցովի հետ համագործակցելով, սկսել է հրատարակել «Родина» («Հայրենիք») ամսագիրը, որը ծառայեցվում էր ազգայնամոլության, ֆաշիզմի գաղափարների տարածման նպատակին։

Երկու տարի անց՝ 1940 թվականի փետրվարի 15-ին, Գեորգի Կյոսեյվանովի հրաժարականից հետո, Բոգդան Ֆիլովը նշանակվել է Բուլղարիայի թագավորության վարչապետ։ Նա համագործակցում էր Բորիս Երրորդ թագավորի հետ։ Նրա վարչապետության վաղ շրջանում՝ 1940 թվականի սեպտեմբերի 7-ին կնքվեց Կրայովայի դաշնագիրը, որով Ռումինիան Բուլղարիային վերադարձրեց գերազանցապես բուլղարներով բնակեցված Հարավային Դոբրուջա երկրամասը։ Հաջորդ տարվա մարտի 1-ին Ֆիլովը՝ որպես բուլղարական կառավարության ղեկավար, Վիեննայում ստորագրեց Բեռլինյան պակտին, իսկ այդ նույն տարվա նոյեմբերի 25-ին՝ Հակակոմինտերնյան պակտին Բուլղարիայի միանալու մասին պայմանագրերը։ Վիեննայում պայմանագիրը ստորագրելուց երկու օր անց՝ մարտի 3-ին՝ Բուլղարիայի անկախության օրը, գերմանական զորքերը Բուլղարիայի տարածքով անարգել ներխուժեցին Սերբիա և Հունաստան։ Հարկ է նշել, որ Բորիս Երրորդ թագավորի և Բոգդան Ֆիլովի ղեկավարման շրջանում Բուլղարիան, Առանցքի անդամ համարվելով հանդերձ, որքան հնարավոր էր՝ հեռու է մնացել ռազմական գործողություններից։

1943 թվականի օգոստոսին, երբ Բորիս Երրորդը մահացավ, Ֆիլովը դարձավ մանկահասակ Սիմեոն Երկրորդ թագավորի խնամակալական խորհրդի անդամ։

Հակասեմիտական օրենքները և նացիստամետ քաղաքականությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի նոյեմբերին Բոգդան Ֆիլովի ղեկավարած կառավարությունը ներկայացրեց ազգապահպանության մասին օրենքի նախագիծ, որը մեկ ամիս անց ընդունվեց խորհրդարանի կողմից; Դա համահունչ էր Երրորդ Ռայխի Նյուրնբերգյան օրենքին, որով հրեաները զրկվում էին քաղաքացիական իրավունքներից։

Ֆիլովի նախաձեռնությամբ հիմնվեց հրեական գործերի կոմիսարիատ՝ որպես հրեաների հետ առնչվող հարցերով զբաղվող գործադիր մարմին։ Կառավարության կողմից 1943 թվականի մարտին ընդունված որոշման համաձայն՝ այն հրեաները, ովքեր բուլղարահպատակ չէին և բնակվում էին Բուլղարիային նոր-նոր միացած տարածքներում, քշվեցին գերմանական համակենտրոնացման ճամբարներ։ Բուլղարացիների կողմից գրավված Հյուսիսային Հունաստանից և Վարդար Բանովիայից ընդհանուր առմամբ 11.343 հրեա աքսորվեց Գերմանիա և այնուհետև ուղարկվեց Տրեբլինկայի մահվան ճամբար, որտեղ նրանք բոլորը տանջամահ արվեցին։ Սակայն պետք է նշել նաև, որ նացիստների հետ դաշնակցող կառավարական մարմինները Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու և խորհրդարանի խոսնակ Դիմիտր Պեշևի ճնշումների ներքո ձեռնպահ մնացին բուլղարահպատակ շուրջ հիսուն հազար հրեաներին, այսպես կոչված՝ «հին հողերից» արտաքսելուց և այդպիսով փրկություն պարգևեցին նրանց։

1944 թվականին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա, երկրում հաստատվեց կոմունիստական ուղղվածություն ունեցող կառավարություն, որը ԽՍՀՄ-ի հետ զինադադար կնքեց և ձերբակալեց թագաժառանգի խնամակալական խորհրդի անդամներին։ Ֆիլովը և ևս իննսուներկու հասարակական- քաղաքական գործիչներ այսպես կոչված՝ ժողովրդական տրիբունալի արձակած վճռով դատապարտվեցին մահվան։ 1945 թվականի փետրվարի 1-ին նրանց բոլորին գնդակահարեցին Սոֆիայի գերեզմանատանը և միասին թաղեցին ռումբի պայթյունից առաջացած մի փոսի մեջ։ Մահախոսականներից մեկում նախկին պրոֆեսորը բնութագրվեց իբրև մի անձնավորություն, ով պատմություն դասավանդելու փոխարեն սխալմամբ գերադասել էր պատմություն կերտել։ Ֆիլովի ունեցվածքը բռնագրավվեց, նրա կինը դատապարտվեց աքսորի։

1996 թվականի հունիսի 26-ին Բուլղարիայի Գերագույն դատարանը արդարացման վճիռ կայացրեց Բոգդան Ֆիլովի նկատմամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգդան Ֆիլով» հոդվածին։