Բեռլինյան պակտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռլինում Ճապոնիայի դեսպանատունը՝ առանցքի տերությունների դրոշներով եռակի պակտի ստորագրման օրերին
Ճապոնական պաստառ նվիրված եռակի պակտի ստորագրմանը

1940 թվականի Բեռլինյան պակտ, հայտնի է նաև որպես 1940 թվականի երեք տերությունների պակտ կամ եռակի պակտ (գերմ.՝ Dreimächtepakt, իտալ.՝ Patto Tripartito, ճապ.՝ 日独伊三国同盟), միջազգային պայմանագիր (պակտ), որը կնքվել է 1940 թվականի սեպտեմբերի 27-ին առանցքի գլխավոր տերությունների՝ Հակակոմինտերական պակտի մասնակից երկրների՝ Գերմանիայի (Իոահիմ ֆոն Ռիբենտրոպ), Իտալիայի (Գալեացցո Չիանոյի) և Ճապոնիայի (Սաբուրո Կուրուսու) միջև՝ 10 տարի ժամկետով։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռլինյան պակտը նախատեսում էր Առանցքի երկրների միջև ազդեցության գոտիների սահմանազատում նոր համաշխարհային կարգի և ռազմական փոխօգնության հաստատման ժամանակ։ Գերմանիան և Իտալիան առաջատար դեր են խաղացել Եվրոպայում, իսկ Ճապոնական կայսրությունը՝ Ասիայում[1]։ Այսպիսով, Ճապոնիան Ասիայում ֆրանսիական տիրապետությունների բռնակցման պաշտոնական իրավունք է ստացել, ինչից էլ օգտվելով առանց հապաղելու ներխուժել է Ֆրանսիական Հնդկաչին։

Պակտը հաշվի է առել նաև պայմանավորվող կողմերի՝ Խորհրդային Միության հետ սեփական հարաբերություններ ունենալու իրավունքը, որի հետ Գերմանիան արդեն ունեցել է լուրջ տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցություն և չհարձակվելու մասին պայմանագիր, իսկ Ճապոնիան ավելի ուշ կնքել և պահպանել է չեզոքության մասին պակտը։

1940 թվականի սեպտեմբերի վերջին Հիտլերը ուղերձ էր հղել Ստալինին՝ նրան տեղեկացնելով Բեռլինյան պակտի առաջիկա ստորագրման մասին, իսկ ավելի ուշ առաջարկել էր նրան մասնակցել Իրանում և Հնդկաստանում «անգլիական ժառանգության» բաժանմանը։ Հոկտեմբերի 13-ին Ստալինը նամակ է ստացել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ռիբենտրոպից, որը պարունակում էր ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Մոլոտովին Բեռլին այցելելու հրավեր։ Այդ նամակում Ռիբենտրոպը նաև հատուկ ընդգծել է, որ «...Գերմանիան վճռական է պատերազմ վարելու Անգլիայի և նրա կայսրության դեմ այնքան ժամանակ, քանի դեռ Բրիտանիան վերջնականապես չի կոտրվել»։

Նոյեմբերի 12-13-ը Բեռլինում կայացել են Ռիբենտրոպի և Մոլոտովի բանակցությունները, որոնց ընթացքում խորհրդային ղեկավարությանը կրկին առաջարկել են միանալ եռապակտին և զբաղվել «Անգլիայի ժառանգության բաժանմամբ»՝ այսպիսով համոզելով ԽՍՀՄ-ին, որ Անգլիայի դեմ պատերազմն առաջնահերթ խնդիր է Գերմանիայի համար առաջիկա տարիներին[2]։ Այդ առաջարկությունների իմաստը կայանում էր նրանում, որպեսզի ԽՍՀՄ-ին դրդեր իր արտաքին քաղաքականության ծանրության կենտրոնը Եվրոպայից տեղափոխել Հարավային Ասիա և Միջին Արևելք, որտեղ նա կբախվեր Մեծ Բրիտանիայի շահերի հետ[3]։ Մոլոտովը պատասխանել է, որ «Խորհրդային Միությունը կարող է մասնակցել չորս տերությունների լայն համաձայնագրին, բայց միայն որպես գործընկեր, այլ ոչ թե որպես օբյեկտ (մինչդեռ միայն որպես ԽՍՀՄ նման օբյեկտ հիշատակվում է եռակի պակտում)»[4]։ Բանակցությունների ավարտից հետո մամուլում պաշտոնական հաղորդագրություն է հրապարակվել այն մասին, որ «... կարծիքների փոխանակումն ընթացել է փոխվստահության մթնոլորտում և փոխադարձ ըմբռնում է հաստատել ԽՍՀՄ-ին և Գերմանիային հետաքրքրող բոլոր կարևորագույն հարցերի շուրջ»[2]։ Իրականում կողմերի դիրքորոշումները ակնհայտորեն չէին համընկնում։ Խորհրդային պատվիրակությունը, չցանկանալով ներքաշվել Անգլիայի հետ հակամարտության մեջ, իր խնդիրը սահմանափակում էր Եվրոպական անվտանգության և ԽՍՀՄ-ին անմիջականորեն առնչվող խնդիրների վերաբերյալ գերմանական մտադրությունների պարզաբանմամբ և պնդում էր, որ Գերմանիան նախկինում ստորագրված համաձայնագրերը կկատարի։ Բացի այդ, խորհրդային պատվիրակությունը պնդել է Թուրքիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Հունաստանում և Լեհաստանում տիրող իրավիճակի քննարկումը[3]։

Բանակցությունների ընթացքում Մոլոտովը կոնկրետ պատասխան չի տվել ստացված առաջարկներին։ ԽՍՀՄ-ի պատասխանը փոխանցվել է նոյեմբերի 25-ին Մոսկվայում Գերմանիայի դեսպան Կոմս Շուլենբուրգին։ Ձևականորեն պատրաստակամություն է հայտնվել «ընդունել քաղաքական համագործակցության և տնտեսական փոխօգնության մասին չորս տերությունների պակտի նախագիծը», սակայն առաջ են քաշվել մի շարք պայմաններ, որոնք, ըստ էության, բացառել են ԽՍՀՄ-ի միացումը եռյակ պակտին, քանի որ այդ պայմանները շոշափել են Գերմանիայի և Ճապոնիայի շահերը։ Այսպես, Խորհրդային միությունը պահանջում էր աջակցություն ցուցաբերել փոխադարձ օգնության մասին խորհրդա-բուլղարական պայմանագրի կնքմանը, Սևծովյան նեղուցներում ԽՍՀՄ-ի համար բարենպաստ ռեժիմի ստեղծմանը, իսկ դրա համար երկար վարձակալության պայմաններում Բոսֆորի և Դարդանելի շրջանում խորհրդային ռազմական և ռազմածովային բազայի ստեղծման երաշխիքներ տրամադրելուն։ ԽՍՀՄ-ը նաև պահանջել է անմիջապես դուրս բերել գերմանական զորքերը Ֆինլանդիայից և ազդեցություն ունենալ Ճապոնիայի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի Հյուսիսային Սախալինի կոնցեսիաներից[5][6]։

Պակտը այս բառերի լիարժեք իմաստով միութենական պայմանագիր չէր։ Իր գլոբալ ռազմավարության շրջանակներում Ճապոնիան ձգտում էր առաջատար դիրք գրավել Խաղաղ օվկիանոսում՝ Հարավ-Արևելյան Ասիայում։ Այնուամենայնիվ, այն ապահովել է գործողությունների լիակատար ազատություն և ԱՄՆ-ի, և ԽՍՀՄ-ի դեմ պատերազմ սանձազերծելու հնարավորություն։

Այլ մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռլինյան պակտին միացել են նաև Գերմանիայից կախյալ Հունգարիայի (1940 թվականի նոյեմբերի 20[7]), Ռումինիայի (1940 թվականի նոյեմբերի 23[7]), Սլովակիայի (1940 թվականի նոյեմբերի 24[7]) և Բուլղարիայի (1941 թվականի մարտի 1[8]) կառավարությունները։

1941 թվականի մարտի 25-ին Բեռլինյան պակտին միացավ Հարավսլավական կառավարությունը՝ Դրագիշ Ցվետկովիչի հետ կնքելով Վիեննայի արձանագրությունը[9], սակայն մարտի 27-ին այն տապալվեց պետական հեղաշրջման արդյունքում։ Դուշան Սիմովիչի նոր կառավարությունը հրաժարվել է միանալ եռակի պակտին և ԽՍՀՄ-ի հետ բարեկամության պայմանագիր կնքել՝ բացահայտորեն զբաղեցնելով հակահերմանյան դիրքորոշումը։ Դրան հաջորդել է Գերմանիայի հարձակումը Հարավսլավիայի վրա, որն ավարտվել է նրա բռնազավթմամբ։

Ավելի ուշ պակտին է միացել Թաիլանդը[10], Խորվաթիայի կառավարությունները, Մանջոու-Գոն[10] և Չինաստանի Վան Ցզինվեյի կառավարությունը։

Ֆինլանդիան 1941 թվականի հունիսի 25-ին պատերազմ է սկսել ԽՍՀՄ-ի դեմ։ 1941 թվականի նոյեմբերին Ֆինլանդիան ստորագրել է Հակակոմինտերական պակտը, սակայն, չնայած Գերմանիայի բազմաթիվ խնդրանքներին, ֆիննական կառավարությունը հրաժարվել է միանալ եռակի պակտին, քանի որ իրեն համարում էր հակամարտության ինքնուրույն կողմ, այդ դիրքորոշումը ֆինն պատմաբանների կողմից պահպանվում է նաև այսօր։ Անկախ պատմաբանները Ֆինլանդիան սովորաբար դասում են Առանցքի երկրների շարքին[11][12][13]։

Երկրորդ համաշխարհային պատերազմում Առանցքի երկրների ջախջախումը հանգեցրել է եռակի պակտի վերացման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bogusław Wołoszański. Tajna wojna Stalina, wyd. 1999, str. 263—300.
  2. 2,0 2,1 Лота В. И. Операция прикрытия «Барбароссы» Արխիվացված 2020-09-29 Wayback Machine // Сайт Министерства обороны РФ.
  3. 3,0 3,1 Великая Отечественная война 1941—1945. Т. 1. Արխիվացված 2016-06-05 Wayback Machine — М.: Наука 1999. — ISBN 5-02-008655-X; 5-02-010136-2
  4. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 28-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն) № 172. Беседа председателя Совнаркома, наркома иностранных дел СССР В. М. Молотова с рейхсканцлером Германии А. Гитлером в Берлине 12 ноября 1940 г.
  5. Мельтюхов М. И. Упущенный шанс Сталина. Советский Союз и борьба за Европу: 1939—1941. — М.: Вече, 2000. — С. 456. — ISBN 5-7838-0590-4.
  6. Нарастание напряжённости в советско-германских отношениях в 1940 г. // Великая Отечественная война 1941—1945. Т. 1. Արխիվացված 2016-06-05 Wayback Machine — М., 1999.
  7. 7,0 7,1 7,2 Royal Institute of International Affairs, Chronology and Index of the Second World War, 1938-45, Greenwood, 1947, p. 40. ISBN 0-88736-568-X
  8. Chronology and Index of the Second World War, 1938-45, p. 48.
  9. Chronology and Index of the Second World War, 1938-45, p. 51.
  10. 10,0 10,1 Ian Nish Japanese foreign policy in the interwar period. — Greenwood Publishing Group, 2002. — С. 166. — ISBN 0-275-94791-2, 9780275947910
  11. R. L. DiNardo. Germany and the Axis powers from coalition to collapse, 2005. С. 95.
  12. Geir Lundestad. The American non-policy towards eastern Europe, 1943—1947. Universitetsforlaget, 1978. С. 287, 454.
  13. Yôrām Dinšṭein. War, aggression and self-defence. Cambridge University Press, 2005. С. 35.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 403