Բիսմարկի դաշինքների համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիսմարկի դաշինքների համակարգը

Բիսմարկի դաշինքների համակարգը (գերմ.՝ Bündnispolitik Otto von Bismarcks), կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի արտաքին քաղաքականության անվանումը, որին նա հավատարիմ է մնացել 1871 թվականից` Ֆրանսիայի հետ պատերազմից հետո, որը միավորման երեք պատերազմներից վերջինն էր Գերմանական կայսրության ստեղծման ժամանակ։

Գերմանական պետության հաջող ստեղծումը զգալիորեն փոխեց Բիսմարկի արտաքին քաղաքականության պայմանները։Պրուսիայի թագավորության ռազմական ընդլայնման հիման վրա ստեղծված Գերմանական կայսրությունը դարձավ Եվրոպայի նոր մեծ տերությունը։Բիսմարկը հասկացավ, որ Եվրոպան դիմակայելու է գերմանական հետագա էքսպանսիային, և այդ պատճառով կայսրությունը հայտարարեց «հագեցած», այսինքն՝ արդեն ձևավորված։ Նա դա հաստատեց 1871 թվականի մարտին Ռայխստագում ունեցած իր ելույթում[1]։ Միջազգային դաշինքների համակարգը պետք է փրկեր Գերմանիան պատերազմից։

Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1871 թվականին Ֆրանսիայի հետ պատերազմի ավարտին Բիսմարկը ձգտում էր ապահովել Գերմանիայի անվտանգությունը և մեկուսացնել Ֆրանսիան։ Այս ուղղությամբ առաջին քայլը եղել է «Երեք կայսրերի միությունը», որը կնքվել է Ավստրո-Հունգարիայի, Ռուսաստանի և Գերմանական կայսրության միջև 1873 թվականին։ Առաջին հերթին այս համաձայնագիրը պետք է ապահովեր երեք տերությունների միջև խաղաղություն. Գերմանիայի համար կարևոր էր, որ Ռուսաստանը զերծ մնար Ֆրանսիայի հետ դաշինքից։ Բիսմարկի համար դա որոշիչ էր, քանի որ թույլ տվեց խուսափել երկու ճակատով պատերազմից։

Բիսմարքը որոշեց միջազգային հարաբերություններում ուշադրությունը շեղել դիվանագիտության վրա, նա ձևակերպեց նպատակը՝ հասնել «ընդհանուր քաղաքական իրավիճակի, երբ բոլոր պետությունները, բացի Ֆրանսիայից, իրենց փոխադարձ հարաբերությունների շնորհիվ հնարավորինս զերծ մնան մեր դեմ կոալիցիաներից»[2]։

Բեռլինի կոնգրես[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռլինի կոնգրես, նկար Անտոն ֆոն Վերների, մեջտեղում՝ Օտտո ֆոն Բիսմարկ։

1878 թվականի փետրվարին Բիսմարկը հայտարարեց իր պատրաստակամության մասին՝ հանդես գալ որպես «ազնիվ միջնորդ» ռուս-թուրքական պատերազմի պատերազմող կողմերի միջև Բալկանյան ճգնաժամով հրահրված խաղաղ բանակցություններում։

Այս բանակցությունները, այսպես կոչված Բեռլինի կոնգրեսը, տեղի ունեցավ Գերմանիայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջարկով, քանի որ Գերմանական կայսրությունը բնավ շահագրգռված չէր Բալկաններով[3], ինչպես հայտարարեց Բիսմարկը 1876 թվականի դեկտեմբերին։ Հետևաբար բոլոր ներգրավված կողմերի համար Գերմանիան չեզոք միջնորդի տեսք ուներ։

Ուժերի հարաբերակցության քաղաքականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսմարկը ցանկանում էր Բեռլինի Կոնգրեսում ուժերի հավասարակշռության քաղաքականության հիմքը դնել։ Սկզբում բարդ էր Ռուսաստանին մտցնել այս քաղաքական համակարգ, քանի որ չնայած հաջող ռազմական արշավներին Բուլղարիան ստիպված էր զիջել ելքը դեպի Եգեյան ծով։

Կայսր Ալեքսանդր II-ը դրա համար մեղադրեց Բիսմարկին և համարեց, որ Բիսմարկը չեզոք չէր բանակցություններում. կայսրն իր դժգոհությունն արտահայտեց այսպես կոչված ապտակ նամակում (գերմ.՝ Ohrfeigenbrief):

Երկկողմ և եռակողմ դաշինք[խմբագրել | խմբագրել կոդը]

1879 թվականին Բիսմարկը Ավստրո-Հունգարիայի հետ կնքեց «Ավստրո-գերմանական պայմանագիրը», որը առաջինն էր ապագա դաշինքի պայմանագրերի շարքից։ Պայմանագիրը նախատեսում էր, որ դաշնակիցներից որևէ մեկի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում մյուսը պետք է լիարժեք ռազմական օգնություն ցուցաբերի։ Ավստրո-Հունգարիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լարված էին Բալկաններում երկարատև ճգնաժամի և կայսրության ռուսամետ սլավոնական ժողովուրդների համասլավոնականության պատճառով։

Լիբիայում գաղութատիրական շահերի պատճառով հակամարտություն առաջացավ Իտալիայի և Ֆրանսիայի միջև, որը հետաքրքրված էր նաև Հյուսիսային Աֆրիկայում։ Այս հակամարտությունը Իտալիան ավելի մոտեցրեց Ավստրո-Գերմանական միությանը։ 1882 թվականին Իտալիան պաշտպանական դաշինք կնքեց (այսպես կոչված Եռյակ դաշինք) Գերմանական կայսրության և Ավստրո-Հունգարիայի հետ Ֆրանսիայի դեմ։

Երեք կայսրերի միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի միջև դաշինքի կնքումից անմիջապես հետո Բիսմարկը փորձեց ավելի սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։ Կայսր Ալեքսանդր II-ը հասկանում էր, որ Ավստրո-գերմանական պայմանագիրը զգալիորեն սահմանափակում էր իր գործողությունների ազատությունը և պահանջում էր երկու պետությունների հետ փոխըմբռնման որոնում և պաշտպանում էր նրանց հետ չեզոքության գաղտնի պայմանագիրը։ Երեք կայսրերի միությունը կնքվել է 1881 թ. ըստ նրա՝ դաշնակիցներից մեկի՝ օտար երկրի հետ պատերազմի դեպքում, մյուս երկուսը պետք է չեզոք մնան։ Այսպիսով, Գերմանիան և Ավստրիան չեն կարող աջակցել Անգլիային Ռուսաստանի դեմ պատերազմում, ինչպես նաև Ավստրիան և Ռուսաստանը Գերմանիայի և Ֆրանսիայի միջև պատերազմի դեպքում իրավունք ունեին չխառնվել։ Սա միաժամանակ կտրեց Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև դաշինքի հնարավորությունը ընդդեմ Գերմանիայի և/կամ Ավստրո-Հունգարիայի։

Համաձայնագիրը նախատեսում էր նաև փոխադարձ խորհրդակցություններ Բալկաններում ապագա փոփոխությունների վերաբերյալ։ Այն բանից հետո, երբ Ավստրիան անցավ Սերբիայի կողմը 1885 թվականի Բուլղարական ճգնաժամում առանց Ռուսաստանի հետ համաձայնության, երեք կայսրերի միությունը փլուզվեց։

Միջերկրական Անտանտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականին Բիսմարկն օգնեց ստեղծել Միջերկրական Անտանտ՝ դաշինք Անգլիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ավստրո-Հունգարիայի միջև։ Միությունը նպատակ ուներ պահպանել ստատուս քվոն Միջերկրական ծովում։ Պահպանվում էր Անգլիայի՝ Եգիպտոս և Իտալիայի՝ Լիբիա ընդարձակման հնարավորությունը։

Գերմանիան նպաստեց նման միության ստեղծմանը, որպեսզի Անգլիան ներգրավվի Եռյակ դաշինք։ Անհրաժեշտ էր նաև պաշտպանել Օսմանյան կայսրությունը ռուսական ոտնձգություններից։

Վերաապահովագրության պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշինքների համակարգի վերջում Բիսմարկը կնքեց գաղտնի վերաապահովագրության պայմանագիր։ 1887 թվականին կնքված պայմանգիրը Ռուսաստանի և Գերմանիայի միջև, 1885-1886 թվականների Բուլղարական ճգնաժամի հետևանքով երեք կայսրերի գաղտնի դաշինքի ստեղծումից հետո, նախատեսում էր չեզոքություն Ավստրո-Հունգարիայի կողմից Ռուսաստանի կամ Ֆրանսիայի կողմից Գերմանիայի չհրահրված հարձակման դեպքում և ճանաչում էր Ռուսաստանի շահերը Թուրքիայի և Բուլղարիայի ծովային նեղուցներում։ Այսպիսով, այս պայմանագիրը Միջերկրական Անտանտի հակապոդն էր։

Բիսմարկի հրաժարականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականին Բիսմարկի հրաժարականից անմիջապես հետո նրա ստեղծած դաշինքների համակարգը փլուզվեց։ Ի տարբերություն պահպանողական կանցլերի, երիտասարդ կայսր Վիլհելմ II-ը վարում էր ագրեսիվ «չկապված ձեռքեր» քաղաքականություն՝ Գերմանիային համաշխարհային ասպարեզ դուրս բերելու համար։

1891 թվականին կնքվեց Ֆրանս-ռուսական դաշինքը, որն այդպիսով մարմնավորեց Բիսմարկի մտավախությունները երկու ճակատներում պատերազմի սպառնալիքի վերաբերյալ։

Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները ավելի վատթարացան Վիլհելմի ռազմածովային քաղաքականության պատճառով, որը հանգեցրեց Անգլիայի մերձեցմանը իր նախկին թշնամու՝ Ֆրանսիայի հետ և 1904 թվականի ապրիլի 8-ին անգլո-ֆրանսիական դաշինքի ստորագրմանը։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանը միացավ այս դաշինքին (Անտանտին), Բիսմարկի ձեռք բերած Ֆրանսիայի մեկուսացման փոխարեն Գերմանիան ինքը մեկուսացավ։ Սխալմամբ ակնկալելով Բրիտանական կայսրության և ԱՄՆ-ի չեզոքությունը՝ Գերմանիան Ավստրո-Հունգարիայի հետ միասին մտավ Առաջին համաշխարհային պատերազմ։

Գերմանական կայսրության վերջին նշանակալից դաշնակիցը՝ Իտալիան, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անցավ մյուս կողմ և, համաձայն 1915 թվականի Լոնդոնի համաձայնագրի` պետք է ստանար Ավստրո-Հունգարիայի տարածքի մի մասը պատերազմի ավարտին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. zitiert nach Karl Buchheim: Das deutsche Kaiserreich 1871—1918. Kösel, München 1969, S.87; vgl. Marcus Thomsen: «Ein feuriger Herr des Anfangs…». Kaiser Friedrich II. in der Auffassung der Nachwelt. Thorbecke, Ostfildern 2005, ISBN 3-7995-5942-6, S.152.
  2. цитовано за Otto Pflanze: Bismarck. Band 2: Der Reichskanzler. Beck, München 2008, ISBN 978-3-406-54823-9, S.159.
  3. Gregor Schöllgen, Imperialismus und Gleichgewicht. Deutschland, England und die orientalische Frage 1871—1914, Oldenbourg, München 2000, S. 16

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Konrad Canis: Bismarcks Außenpolitik 1870—1890. Aufstieg und Gefährdung. Paderborn-Wien-München-Zürich, 2004, (Wissenschaftliche Reihe der Otto-von-Bismarck-Stiftung, hrsg. von Lothar Gall, Band 6)
  • Sebastian Fischer-Fabian: Herrliche Zeiten Die Deutschen und ihr Kaiserreich. tosa-Verlag, Wien, 2006 (populärwissenschaftlich)
  • Klaus Hildebrand: Das vergangene Reich, Deutsche Außenpolitik von Bismarck zu Hitler 1871—1945. Stuttgart 1995. (Standardwerk zur deutschen Außenpolitik)
  • Andreas Hillgruber: Bismarcks Außenpolitik. Freiburg, 1993, (Rombach Wissenschaft — Historiae, Band 3)
  • Sigrid Wegner-Korfes: Otto von Bismarck und Russland. Des Reichskanzlers Russlandpolitik und sein realpolitisches Erbe in der Interpretation bürgerlicher Politiker (1918—1945). Berlin 1990. (Deutung der Bismarckschen Außenpolitik im Sinne der marxistischen Geschichtswissenschaft)
  • Friedrich Scherer: Adler und Halbmond. Bismarck und der Orient 1878—1890. Paderborn-Wien-München-Zürich, 2001, (Wissenschaftliche Reihe der Otto-von-Bismarck-Stiftung, hrsg. von Lothar Gall, Band 2).