Բարբիզոնի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ԲԱՐԲԻԶՈՆԻ ԴՊՐՈՑ, 19-րդ դարի 30-60-ական թվականներին ֆրանսիացի ռեալիստ բնանկարիչների խումբ, որ ստեղծագործել է Բարբիզոն (Barbizon) գյուղում (որից էլ խումբը ստացել է «բարբիզոնցիներ» անունը), Ֆոնտենեբլո անտառի մոտակայքում (Փարիզից հարավարևելք)։ Ստեղծվել է դեմոկրատական շարժման վերելքի, ազգային ռեալիստական արվեստի ձևավորման պայմաններում, երբ ճգնաժամ էին ապրում ակադեմիական ու ռոմանտիկական դպրոցները։ Ակադեմիստների իդեալականացված ու պայմանական «պատմական բնանկարին» և ռոմանտիկ երևակայության պաշտամունքին հակառակ Բարբիզոնի դպրոցի առօրյա կյանքի տեսանկյունից է հավաստել Ֆրանսիայի իրական բնության գեղագիտական արժանիքը։ Բարբիզոնցիները հենվել են 17-րդ դարի հոլանդական գեղանկարչության և 19-րդ դարի սկզբի անգլիացի բնանկարիչների (Ջ․ Կոնստեբլ, Ռ․ Բnնինգտոն) ժառանգության վրա, սակայն առաջին հերթին զարգացրել են 18-րդ դարի և 19 դարի 1-ին քառորդի ֆրանսիական ռեալիստական բնանկարչության միտումները (Ժ․ Միշել և ռոմանտիկ դպրոցի վարպետներ Թ․ Ժերիկո, Է․ Դելակրուա)։ Բնանկարը ազատելով կանոնիկ սխեմաներից, ուսումնասիրելով Ֆրանսիայի տարբեր վայրերը (Բարբիզոնից բացի աշխատել են Իլ-դե-Ֆրանսում, Նորմանդիայում, Բուրգունդիայում և այլն), ձգտելով բնանկարչական մոտիվների անհատականացման, բնության, լույսի և օդի բազմազան վիճակների պատկերման (տես Պլենէր)՝ բարբիզոնցիները մեծ նշանակություն են տվել բնանկարի գեղարվեստական ընդհանրացմանը, ոգեշնչվածությանը, հուզական և տեսողական ամբողջականությանը, բնության և հասարակ մարդկանց առօրյա կապին։ Բարբիզոնի դպրոցը հետևողականորեն մշակել է տոնային գեղանկարչության մեթոդիկան (զուսպ, հաճախ, համարյա միագույն, նուրբ վալյորներով և լուսագունային հարուստ նրբերանգներով մակերեսներ)։ Նրանց բնանկարների կոմպոզիցիան բնական է, սակայն մանրակրկիտորեն կառուցիկ ու հավասարակշիռ։ Բարբիզոնցիների ավագ սերունդը (Թ․ Ռուսո, Ժ․ Դյուպրե, Ն․ Վ․ Դիազ) բնապատկերներին հաղորդել է հերոսական շեշտեր, ընդգծել կերպարի պլաստիկությունը, նյութականությունը, լուսավորության զգայական դերը՝ պահպանելով ռոմանտիկ դպրոցի հետ որոշակի կապ։ Կրտսեր սերնդի խոշորագույն ներկայացուցիչ Շ․ Ֆ․Դոբինյին առավել ուշադրություն է դարձրել տպավորության անմիջականությանը, լուսաօդային միջավայրի ստույգ արտաբերմանը։ Բարբիզոնի դպրոցին մոտ են եղել 19-րդ դարի բազմաթիվ ֆրանսիացի նկարիչներ, այդ թվում՝ Կ․ Կորոն, Ժ․ Ֆ․ Միլլեն և ուրիշներ։ Մեծ է Բարբիզոնի դպրոցի ազդեցությունը ռեալիստական բնանկարի հետագա զարգացման վրա ինչպես Ֆրանսիայում (Գ․ Կուրբե, Է․ Բուդեն), այնպես էլ այլ երկրներում։ ՀՊՊ–ում են գտնվում Ն․ Վ․ Դիազի «Անտառում», «Բնանկար», «Փառեր» և Թ․ Ռուսոյի «Բնանկար» աշխատանքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png