Արա Մարկոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Մարկոսյան
Ծնվել էօգոստոսի 19, 1949(1949-08-19) (74 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Արա Նորայրի Մարկոսյան (օգոստոսի 19, 1949(1949-08-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Մարկոսյանը ծնվել է 1949 թվականի օգոստոսի 19-ին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիյաի օպեր-սիմֆոնիկ դիրիժորության բաժինը (Մ. Մալունցյանի, Դ. Խանջյանի դասարաններ)։ 1975 թվականին սկսել է աշխատանքը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբում։ Հանդես է եկել նաև Մոսկվայի, Դոնի Ռոստովի, Սարատովի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Տաշքենդի, Կազանի և այլ քաղաքների ֆիլհարմոնիաների սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ 1982 թվականին դարձել է Երևանի պետական կոնսերվատորիային կից օպերային ստուդիայի, ապա՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1995-1996 թվականնեին՝ Բուրյաթիայի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր (Վ. Բելլինիի «Նորմա», Գ. Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք», Ջ. Վերդիի «Աիդա», «Տրուբադուր», «Ռիգոլետտո», Պ. Ի. Չայկովսկու «Իոլանտա», Ս. Վ. Ռախմանինովի «Ալեկո», Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի» և այլն)։

1999 թվականին Մոսկվայի Կամերային երաժշտության թատրոնում (Բ. Ա. Պոկրովսկու հետ ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար) որպես բեմադրող-դիրիժոր իրականացրել է Վ. Ա. Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», Օ. Նիկոլաիի «Վինձորի զվարճասեր կանայք» և այլ օպերաների բեմադրություններ, ղեկավարել է Մ. Պ. Մուսորգսկու «Սորոչինյան տոնավաճառ» և Գ. Հենդելի «Հուլիոս Կեսար» օպերաների առաջին ներկայացումները և այլն։

Հյուրախաղերով շրջագայել է Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Լեհաստանում, Իսպանիայում և այլուր։

1991 թվականին Ֆրանսիայի կինեմատոգրաֆի պատվերով հատվածաբար ձայնագրել է Կոմիտասի «Պատարագը»։ 2010 թվականին սկսել է համագործակցել Ճապոնիայի միջազգային «Օչի» բալետի կենտրոնի հետ (Նագոյա), որտեղ իրականացրել է Պ. Ի. Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» և «Կարապի լիճ» բալետների բեմադրությունները։ Մոսկվայի «Ամառային բալետային թատերաշրջաններ» փառատոնում (2014) ղեկավարել է Պ. Ի. Չայկովսկու «Շչելկունչիկ», Ս. Ս. Պրոկոֆևի «Մոխրոտը» և Ա. Ադանի «Ժիզել» բալետները։ Մոսկվայում ստեղծել է «Նավակատիք» կամերային նվագախումբը (2014). երկացանկում՝ նաև հայ դասական, ժամանակակից կոմպոզիտորների գործերից։

Կազմել է «Արևիկ Ավդալբեկյան. Հուշագրական նոթեր, հոդվածներ» (2012) և այլ ժողովածուներ։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոմիտաս քառյակ։ Չորս դիմանկար, Ե., 2007:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։