Ազգային արժանապատվության ասպետներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Ազգային արժանապատվության ասպետներին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետՏիգրան Բարսեղյան
Ստեղծում2021
Բացումապրիլի 25, 2023
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ԲնակավայրԵրևան և Կենտրոն վարչական շրջան
Մասն էՕղակաձև զբոսայգի
Մակագրություն1919-1922․ Ազգային արժանապատվության ասպետներին և Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին (Սողոմոն Թեհլիրյան)

«Ազգային արժանապատվության ասպետներին», աղբյուր-հուշակոթող Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում[1]։ Նվիրված է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակին։ Բացվել է 2023 թվականի ապրիլի 25-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել են Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգները։ 2020 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում կայացած քննարկում-խորհրդակցության ընթացքում ներկայացվել է մայրաքաղաքում արժանապատիվ ասպետների հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարան ուղղված դիմումը։ Հարցի առնչությամբ եղել են նաև ՀՀ ԱԳՆ-ի ու Երևանի ավագանու խմբակցությունների դրական եզրակացությունները[1]։

Տեղադրելու որոշումը կայացվել է Երևանի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 14-ի նիստում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր-հուշակոթողի ուղղահայաց քարերի վրա գրված են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից և 1918 թվականի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսներ Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Արա Սարգսյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Միսաք Թորլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Արշակ Եզդանյանի, Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գևորգյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի անունները։ Ներքևի հորիզոնական քարին գրված է․ «1919-1922․ Ազգային արժանապատվության ասպետներին»[2]։ Կոթողի հետնամասում փորագրված են Սողոմոն Թեհլիրյանի խոսքերը․ «Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին»[3]։

Քանդակի հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է[4]։

Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշակոթողի բացման արարողությունը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 25-ին։ Մասնակցել և ելույթ են ունեցել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, հերոսների ժառանգները[3]։

Թուրքիայի արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատասխան Երևանում «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողի բացման` Թուրքիան Հայաստանի համար 2023 թվականի ապրիլի 29-ին դեպի երրորդ երկրներ թռիչքների համար փակել է իր օդային սահմանը[5]։

Aquote1.png Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները կան Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Եթե դրանք չդադարեցվեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք[5]։
- Մևլյութ Չավուշօղլու,
Թուրքիայի արտաքին գործերի նախարար
Aquote2.png


Հայաստանի վարչապետի արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանի բացումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ Ազգային Ժողովում[6], ապա նաև «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում քննադատել է այդ որոշումը՝ այն համարելով ազգային շահերից չբխող և սխալ քայլ[7][8]։

Aquote1.png Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ։
- Նիկոլ Փաշինյան, Հայաստանի վարչապետ, մայիսի 5, 2023 թվական
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Երեւանի օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում կտեղադրվի Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2023-04-26 
  2. «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող» 
  3. 3,0 3,1 (hy-AM) Երևանում Ավինյանին սուլում են, ազգային արժանապատվության ասպետներին՝ հավերժացնում, https://www.youtube.com/watch?v=Kdd0Ffby51Q, վերցված է 2023-04-26 
  4. «Տիգրան Ավինյանի ելույթն ուղեկցվեց սուլոցներով ու «դավաճան» վանկարկումներով» 
  5. 5,0 5,1 Արմենիա Sputnik (20230503T1159+0400)։ «Չավուշօղլուն ասել է` ինչու է Թուրքիան փակել իր օդային տարածքը Հայաստանի համար»։ Sputnik Արմենիա (հայերեն)։ Վերցված է 2023-05-05 
  6. Արմենիա Sputnik (20230503T1804+0400)։ ««Միայն թե մեզ չասեն, որ մենք դավաճան ենք». Փաշինյանը` «Նեմեսիս» արձանի մասին»։ Sputnik Արմենիա (ամհարերեն)։ Վերցված է 2023-05-06 
  7. ««Ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում». Փաշինյանը՝ «Նեմեսիսի» արձանը տեղադրելու մասին»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2023-05-06 
  8. Technologies Peyotto։ «Սխալ որոշում է կայացվել. Փաշինյանը` «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման մասին»։ 1in.am (hy-AM)։ Վերցված է 2023-05-06