Արտաշես Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտաշես Գևորգյան
հայ․՝ Արտաշես Գալուստի Գևորգյան
Nemesis ardashes kevorkian.jpg
Ծնվել է 1894 թվական
Ծննդավայր Օսմանյան կայսրություն, Էրզրումի վիլայեթ, Խոտորջուր գավառակ, Միջինթաղ գյուղ
Մահացել է 1937 թվականի օգոստոսի 15
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն վրիժառու
Քաղաքական կուսակցություն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Արտաշես Գալուստի Գևորգյան (1894, Էրզրում, Խոտորջուրի Միջինթաղ գյուղ - օգոստոս, 1937, Երևան), հայ վրիժառու, գնդակահարել է Թուրքիայի ռազմածովային նախարար Ջեմալ փաշային:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ժողովրդական վրիժառու Արտաշես Գևորգյանը ծնվել է 1894 թվականին Էրզրումի վիլայեթի Խոտորջուրի գավառակի Միջինթաղ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում: Եղել է ընդունակ և սրամիտ աշակերտ: Արտաշեսը դեռևս մանուկ հասակից աչքի է ընկնում նաև իր խիզախությամբ և ճշմարտասիրությամբ: 1907 թ. խոտորջուրցի շատ պատանիների և երիտասարդների նման մեկնում է Ռուսական կայսրություն` արտագնա աշխատանքի, որտեղ որպես բանվոր աշխատում է Դոնեցկի ավազանի Գոլուբովկա հանքահորի փռում: Վերադառնալով հայրենիք` 1910-1912 թթ. աշակերտում է դերձակի մոտ: 1912 թ. դարձյալ մեկնում է Լուգանսկ, որտեղ նրա վրա խոր ազդեցություն է թողնում սոցիալ-դեմոկրատական գաղափարներով համակված Պոպով ազգանունով մի ռուս երիտասարդ: 1914 թվականին, երբ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը և ռուսական զորքերի կազմում հայ կամավորականների հավաքագրումը` Արտաշեսը չի անդամագրվում հայ կամավորական շարժմանը` գտնելով, որ ցարի զենքը արյունոտ է: Այնուհանդերձ, 1916 թվականին նա իր եղբոր` Թորգոմ Գևորգյանի (Ազվին) հետ, ով եղել է Զորավար Անդրանիկի (Օզանյան) համհարզը, մտնում է Անդրանիկի զորագունդը և ակտիվ մասնակցում 1916-1919 թվականներին Անդրանիկի մղած բոլոր մարտերին, որի ժամանակ քաջությամբ աչքի է ընկնում հատկապես Խոյ քաղաքից նահանջելիս` Սայտավարի կամրջի պաշտպանության ժամանակ` արժանանալով Զորավար Անդրանիկի դրվատանքին։ 1919 թվականին Արտաշեսը եղբոր հետ Անդրանիկին ուղեկցել է մինչև Բաթում` արտասահման անցնելու համար: 1922 թվականին Դոնբասում բնակվող մի խումբ խոտորջուրցիներ որոշում են Խորհրդային Հայաստանում հիմնադրել Նոր Խոտորջուր անունով մի գյուղ: Այդ նպատակով Արտաշեսը Դոնբասից ուղևորվում է Հայաստան` տեղ ընտրելու և կառավարության հանձնարարությունը ստանալու համար:

Ջեմալ փաշայի սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թ. հուլիսին, երբ Արտաշեսն իր ծնողների հետ հասնում է Թիֆլիս, այստեղ է գալիս նաև հայատյաց և ջարդարար Ջեմալ փաշան: 1922 թվականի հուլիսի 21-ին ժամը 22:00-ի սահմաններում Արտաշեսը իր ընկերներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Ստեփան Ծաղիկյանի հետ Թիֆլիսում սպանում է 1914-1916 թթ. հայոց ցեղասպանության գլխավոր հանցագործներից մեկին՝ Օսմանյան կայսրության ռազմածովային նախարար Ջեմալ փաշային: Ջեմալի սպանությունից հետո, վախենալով ձերբակալությունից, Խորհրդային Հայաստան մեկնելու փոխարեն վերադառնում է Դոնբաս: Ջեմալ փաշայի սպանությունը երկու տարով հետաձգում է խոտորջուրցիների` Խորհրդային Հայաստանում նոր գյուղ հիմնելու ծրագիրը:

Խոտորջուրի կոմունան[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին Արտաշեսը հաստատվել է Երևանում: 1925 թվականին, ստանալով Խորհրդային Հայաստանի կառավարության համաձայնությունը, Ներքին Ախտայի մոտ գտնվող կիսավեր Գորուխ-Գյունեի գյուղում 720 հեկտար տարածության վրա կազմակերպել է գյուղատնտեսական կոլեկտիվ` Խոտորջուրի կոմունան, և դարձել նրա առաջին նախագահը։ Արտաշեսի ղեկավարությամբ Խոտորջուրի կոմունան համեմատաբար մեծ նվաճումների է հասնում: Նա ոչ միայն գրասենյակային նախագահ էր, այլև կոմունայի շարքային անդամ, իր բազում ընդունակությունների շնորհիվ` կոմունայի հողագործը, հացագործը, պայտառը, դարբինը, դերձակը, ճարտարապետը: Արտաշեսին պետք է վերագրել այն, որ շատ կարճ ժամանակահատվածում մոտակա Թաքյառլու, Ռնդամալ, Թայչարուխ, Քարվանսարա, Նովո Միխայլովկա, Ախտա գյուղերի հայ, ռուս և ադրբեջանցի գյուղացիները չափազանց մեծ համակրանքով ու սիրով էին լցված դեպի կոմունան և նրա նախագահը: Շատ անգամ է Խոտորջուրի կոմունան Արտաշեսի գլխավորությամբ օգնության հասել հարևան գյուղացիներին, օգնել կամ լուծել բազմաթիվ կնճռոտ հարցեր: Սակայն, վրա են հասնում ստալինյան բռնաճնշումները: 1936 թվականին Արտաշեսը ևս ձերբակալվում է և 1937 թվականի օգոստոսի 14-ի, լույս 15-ի գիշերը ժամը 02:00-ին գնդակահարվում է Ջեմալ փաշային սպանելու մեղադրանքով։ 1956 թվականին Արտաշեսը հետմահու արդարացվել է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միքայել Այվազյան, Ովքեր են սպանել Ջեմալ փաշային, Երևան, 2015, 116 էջ, 2-րդ լրացված հրտ., Երևան, 2016, 136 էջ:
  • Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005, էջ 276:
  • Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 100:
  • Ազվին, Ջեմալ փաշայի սպանությունը, Մոսկվա - Երևան, 1991, 92 էջ: