Շահան Նաթալի
Շահան Նաթալի արմտ. հայ.՝ Շահան Նաթալի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 14, 1884 |
Ծննդավայր | Հյուսենիկ, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | ապրիլի 18, 1983[1] (98 տարեկան) |
Մահվան վայր | Ուոթերթաուն, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Գերեզման | Մաունթ Օբերն գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Եփրատ քոլեջ, Պերպերյան վարժարան և Բոստոնի համալսարան (1912) |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և ակտիվիստ |
Աշխատավայր | Ազատամարտ, Հայրենիք և ՀԲԸՄ |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
![]() |
Շահան Նաթալի (Հակոբ Տեր-Հակոբյան, կեղծանունը՝ Նեմեսիս, հուլիսի 14, 1884, Հյուսենիկ, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 18, 1983[1], Ուոթերթաուն, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող և փիլիսոփա։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահան Նաթալին ծնվել է Խարբերդի վիլայեթի Հյուսեյնիկ գյուղում (Արևմտյան Հայաստանում, այժմ Էլյազըղ քաղաքի մաս է) 1884 թվականին։ Ընտանիքում հինգ երեխաներից միակ որդին է եղել։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցում։ 1894-1896 թվականների Համիդյան ջարդերի ժամանակ հայրը, քեռին և մի քանի այլ ազգականներ սպանվում են։ 11-ամյա Հակոբը երեք օր ապաստանում է հարևան հույների մոտ և փրկվում։ Ջարդերից հետո ուրիշ որբերի հետ տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ Ս. Հովհաննես որբանոց։ 1897-1900 թվականներին, Նյու Յորքում բնակվող հարուստ հայ վաճառականի հովանավորությամբ, ուսումը շարունակել է Կ․ Պոլսի Պերպերյան վարժարանում։ Աշակերտել է Ռեթեոս Պերպերյանին, որի որդու պատվին ընդունել է «Շահան» անունը։
1901 թվականին վերադառնում է Խարբերդ, դասավանդում եկեղեցուն կից դպրոցում։ 1904 թվականին ընդունվում է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը։ Նույն տարի մեկնում է ԱՄՆ, որտեղ երեք տարի աշխատում է կոշիկի գործարանում։ 1908 թվականին Սահմանադրության ընդունումից հետո վերստին վերադառնում է հայրենի գյուղ։ Սակայն 1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցած երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածներից հետո տեղափոխվում է ԱՄՆ։ 1909-1912 թվականներին սովորում է Բոստոնի համալսարանում։ Այդ տարիներին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ և թատերգություններ, խմբագրել «Շանթ» և «Փյունիկ» գրական հանդեսները, որոշ ժամանակ՝ «Հայրենիք» օրաթերթը։
Շահան Նաթալին Գրիգոր Մերջանովի հետ հանդիսացավ 1915 թվականի հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին վերացնելու «Նեմեսիս» գործողության կազմակերպողն ու ոգեշնչողը։ Շահան Նաթալին մտածում էր ահաբեկչական և զինված պայքարի միջոցով ստիպել Թուրքիային ընդունել հայ փախստականների Արևմտյան Հայաստան վերադառնալու իրավունքը։ Դեմ էր նաև այդ ժամանակ ՀՅԴ բյուրոյում գերիշխող տեսակետին, թե պետք է դաշնակցել Թուրքիայի հետ ընդդեմ Խորհրդային Միությանը։ Այդ հարցերում ՀՅԴ ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով 1927 թվականին դուրս եկավ ՀՅԴ բյուրոյից, իսկ 1928-ին՝ կուսակցությունից։
Որոշ ժամանակ ապրել է Եվրոպայում, Փարիզում հիմնել «Արևմտահայ ազատագրական ուխտ» կազմակերպությունը, խմբագրել «Ազատամարտ» անկախ շաբաթաթերթը։ Ապա վերադարձել է Բոստոն, որտեղ ապրել է մինչև մահը։ 1958 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։ 1970-ական թվականներին ողջունել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծումը։
Շահան Նաթալին գրել է մի շարք պատմագիտական երկեր՝ «Թյուրքիզմը Անգորայեն Բաքու և թրքական օրիենտասիոն» (Աթենք, 1928), «Ալեքսանդրապոլի դաշնագրեն 1930-ի կովկասյան ապստամբությունները» (հ. 1-2, 1934-35), «Թուրքերը և մենք» (Աթենք, 1928), «Վերստին հավելված», «Ալեքսանդրապոլի դաշնագրի «ինչպե՞ս»-ն ու «ինչո՞ւ»-ն» (Բոստոն, 1955), «Երեք դաշնագրեր (Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի), բաղդատական զուգակշիռ» (Բեյրութ, 1957) և այլն, որոնցում փորձել է հայ ժողովրդի նորագույն պատմության տվյալների հիման վրա հիմնավորել իր քաղաքական հայացքները, համաձայն որոնց հնարավոր չէ թուրքերի հետ համաձայնության գալ կամ նրանց հետ դաշնակցելով ընդդիմանալ խորհրդային վարչակազմին։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

- «Օրէնքի եւ ընկերութեան զոհերէն» (կարճ պատմվածքներ), Բոստոն, 1909. 63 էջ
- «Ամպեր» Բոստոն, 1909.
- «Սէրի եւ ատելութեան երգեր» Բոստոն, 1915. 165 էջ
- «Քաւութեան երգեր» Բոստոն, Հայրենիք 1915. 31 էջ (չափածո)
- «Վրէժի աւետարան», Նյու Յորք, 1918. 39 էջ
- «Ասլան Բէկ» Բոստոն, Հայրենիք 1918 62 էջ (ողբերգություն երեք արարով)
- «Քեզի» Բոստոն, 1920 116 էջ. Սկսել է գրել 1904 թվականին (չափածո)
Ազգային-քաղաքական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Թուրքիզմը Անգորայէն Բագու եւ Թրքական Օրիէնթասիոն» Աթենք Նոր օր, 1928 172 էջ
- «Թուրքերը եւ Մենք» Աթենք Նոր օր, 1928. 70 էջ։ Երկրորդ հրատարակություն՝ Բոստոն 1931 93 էջ։ Երրորդ հրատարակություն՝ Երևան, 1992, ներբեռնել [1] Archived 2016-10-29 at the Wayback Machine.
- «Ալեքսանդրապօլի Դաշնագրէն 1930-ի Կովկասեան Ապստամբութիւնները» 2 հատոր Մարսել, Արաբյան Հրատարակչություն, 1934-1935
- «Երեւանի Համաձայնագիրը» Բոստոն, 1941. 112 էջ
- «Գիրք Մատուցման եւ Հատուցման» Բեյրութ Օնիպար Հրատարակչություն, 1949 134 էջ
- «Այսպէս Սպաննեցինք »
- Յաւելուած, Պատկերազարդումներ
- «Վերստին Յաւելուած -- Ալեքսանդրապօլի Դաշնագրի «Ինչպէ՞սն ու ինչո՞ւն»» Բոստոն, Պայքար, 1955 144 էջ
- Natalie Shahan (2002) [1928]։ The Turks and Us (English)։ Արցախ: Փյունիկ հրատարակչություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շահան Նաթալի ընտանիքի հիմնադրամ Archived 2009-04-14 at the Wayback Machine.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
- Հուլիսի 14 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Ապրիլի 18 մահեր
- 1983 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Բերբերյան դպրոցի շրջանավարտներ
- Բոստոնի համալսարանի շրջանավարտներ
- ՀՅԴ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նեմեսիս գործողության մասնակիցներ
- Քաղաքական կեղծանուններ
- Հայ վրիժառուներ
- Հայ փիլիսոփաներ
- Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի (1918-1920) 1-ին գումարման պատգամավորներ
- Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի (1918-1920) 2-րդ գումարման պատգամավորներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Ամերիկահայեր
- Հայ գրողներ
- ԱՄՆ-ում օսմանյան ներգաղթյալներ
- Համիդյան ջարդերից փրկվածներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայալեզու գրողներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ դրամատուրգներ