Սնուցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
see caption
Amblypodia anita (կապտամանուշակագույն թիթեռ), որը սննդանյութեր է հավաքում գուանոյից

Սնուցում, կենսաքիմիական և ֆիզիոլոգիական գործընթաց, որի միջոցով օրգանիզմն օգտագործում է սնունդը ապրելու համար։ Այն օրգանիզմներին ապահովում է սննդանյութերով, որոնք կարող են մետաբոլիզացվել էներգիա և քիմիական կառուցվածքներ ստեղծելու համար։ Սնուցման գիտությունը սնուցման ուսումնասիրությունն է, այն ընդգծում է նաև մարդու սնուցումը։

Օրգանիզմի տեսակով է պայմանավորված, թե ինչ սննդանյութեր են նրան անհրաժեշտ և ինչպես պետք է նա ստանա դրանք։ Օրգանիզմները սննդանյութեր են ստանում անօրգանական և օրգանական նյութերի սպառման, լույսի կլանման կամ դրանց համակցությունների միջոցով։ Ոմանք կարող են սննդանյութեր արտադրել՝ օգտագործելով անօրգանական նյութերը, մինչդեռ ոմանք պետք է օգտագործեն օրգանական նյութեր՝ իրենց համար սննդանյութեր ստանալու համար։ Կյանքի բոլոր ձևերը պահանջում են ածխածին, էներգիա և ջուր, ինչպես նաև այլ մոլեկուլներ։ Կենդանիները պահանջում են բարդ սննդանյութեր, ինչպիսիք են ածխաջրերը, լիպիդները և սպիտակուցները՝ դրանք ստանալով այլ օրգանիզմների սպառման միջոցով։ Մարդիկ զարգացրել են գյուղատնտեսությունն ու խոհարարությունը, որպեսզի սնունդ չհայթհայթեն և զարգացնեն սնուցումը։ Բույսերը սննդանյութեր են ձեռք բերում հողի և մթնոլորտի միջոցով։ Սնկերը կլանում են իրենց շուրջը գտնվող սննդանյութերը՝ քայքայելով և ներծծելով դրանք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի և սննդանյութերի գիտական վերլուծությունը սկսվել է 18-րդ դարի վերջին՝ քիմիական հեղափոխության ժամանակ։ Քիմիկոսները 18-րդ և 19-րդ դարերում փորձեր են կատարել տարբեր տարրերի և սննդի աղբյուրների հետ՝ սնուցման տեսություններ մշակելու համար[1]։ Ժամանակակից սնուցման գիտությունը սկսվել է 1910-ական թվականներին, երբ սկսեցին բացահայտել առանձին միկրոէլեմենտներ։ Քիմիապես հայտնաբերված առաջին վիտամինը թիամինն էր 1926 թվականին, իսկ վիտամին C-ն առաջին անգամ հայտնաբերվեց 1932 թվականին։ Սնուցման մեջ վիտամինների դերը ուսումնասիրվեց հաջորդ տասնամյակներում[2]։ Մարդկանց համար առաջին առաջարկվող սննդային նպաստները մշակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում՝ սննդի անբավարարության հետևանքով առաջացած հիվանդությունների վախի պատճառով[3]։ Մարդու առողջության համար սննդանյութերի կարևորության պատճառով ուսումնասիրությունները մեծապես շեշտադրել են մարդու սննդի և գյուղատնտեսության վրա, մինչդեռ էկոլոգիան համարվել է երկրոդային խնդիր։

Սննդանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական համակարգերում պարարտացումը բարելավում է սննդանյութերի վերամշակման բնական ծառայությունները։ Բակտերիաները, սնկերը, միջատները, հողային որդերը, թրթուրները և այլ արարածներ մեծ դեր են կատարում հողի պարարտացման գործընթացում։ Հողի մեջ առկա հանքանյութերն ու սննդանյութերը վերամշակվում են մշակաբույսերի արտադրության համար։

Սննդանյութերը օրգանիզմին ապահովում են էներգիայով և ֆիզիկական բաղադրիչներով՝ թույլ տալով նրան գոյատևել, աճել և վերարտադրվել։ Նրանք կարող են լինել պարզ տարրեր կամ բարդ մակրոմոլեկուլներ։ Մոտ 30 տարր կա օրգանական նյութերում, որոնցից ամենակարևորը ազոտը, ածխածինը և ֆոսֆորն են։ Մակրոէլեմենտները օրգանիզմի համար պահանջվող առաջնային նյութերն են։ Օրգանական միկրոէլեմենտները դասակարգվում են որպես վիտամիններ, իսկ անօրգանական միկրոէլեմենտները՝ հանքանյութեր[4]։

Սննդանյութերը կլանվում են բջիջների կեղմից և օգտագործվում են կենսաքիմիական ռեակցիաներում։ Դրանցից են՝ Էներգիայի ստացման ռեակցիաները, որոնը ընթացքում առաջանում են մետաբոլիտներ և էներգիա, կենսասինթետիկ ռեակցիաներ, որոնը ընթացքում մետաբոլիտները փոխակերպում են օրգանիզմի համար շինանյութ հանդիսացող մոլեկուլների, պոլիմերացումներ, որոնք միավորում են այդ մոլեկուլները մակրոմոլեկուլային պոլիմերների և հավաքման ռեակցիաներ, որոնք օգտագործում են այդ պոլիմերները բջջային կառուցվածքներ կառուցելու համար[5]։

Սննդային խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ածխածնի և էներգիայի ստացման օրգանիզմները կարելի է դասակարգման ենթարկել։ Հետերոտրոֆները օրգանիզմներ են, որոնք սննդանյութեր են ստանում՝ սպառելով այլ օրգանիզմների ածխածինը, մինչդեռ ավտոտրոֆները օրգանիզմներ են, որոնք արտադրում են իրենց սեփական սննդանյութերը անօրգանական նյութերի ածխածնից, ինչպիսին է ածխաթթու գազը։ Միքսոտրոֆները օրգանիզմներ են, որոնք ունեն և՛ հետերոտրոֆների, և՛ ավտոտրոֆների հատկանիշները։ Ֆոտոտրոֆները էներգիա են ստանում լույսից, մինչդեռ քիմոտրոֆները էներգիա են ստանում այլ նյութերից։ Օրգանոտրոֆները սպառում են այլ օրգանիզմներ էլեկտրոններ ստանալու համար, մինչդեռ լիտոտրոֆները էլեկտրոններ են ստանում անօրգանական նյութերից, ինչպիսիք են ջուրը, ջրածնի սուլֆիդը, երկաթը (II), ծծումբը կամ ամոնիումը։ Պրոտոտրոֆները կարող են էական սննդանյութեր ստեղծել այլ միացություններից, մինչդեռ ավքսոտրոֆները պետք է սպառեն նախկինում գոյություն ունեցող սննդանյութերը[6][7]։

Սննդակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդակարգը օրգանիզմի ստացած մթերքների հանրագումարն է։ Առողջ սննդակարգը բարելավում է օրգանիզմի ֆիզիկական և մտավոր առողջությունը։ Սա պահանջում է վիտամինների, հանքանյութերի, սպիտակուցներից ամինաթթուների և ճարպ պարունակող սննդից ճարպաթթուների ընդունում և կլանում։ Ածխաջրերը, սպիտակուցները և ճարպերը մեծ դեր են խաղում օրգանիզմի կյանքի որակի, առողջության և երկարակեցության ապահովման գործում։ Որոշ մշակույթներ և կրոններ կարող են սահմանափակումներ ունենալ իրենց սննդակարգի համար[8][9][10]։

Սննդային ցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդային ցիկլը կենսաքիմիական ցիկլ է, որը ներառում է անօրգանական նյութերի շարժումը հողի, օրգանիզմների, օդի կամ ջրի համակցության միջոցով, որտեղ դրանք փոխանակվում են օրգանական նյութերով։ Էներգիայի հոսքը միակողմանի և ոչ ցիկլային ուղի է, մինչդեռ հանքային սննդանյութերի հոսքը ցիկլային է։ Հանքային ցիկլերը ներառում են ածխածնի ցիկլը, ծծմբի ցիկլը, ազոտի ցիկլը, ֆոսֆորի ցիկլը և թթվածնի ցիկլը[11]։

Սննդային ցիկլերը թույլ են տալիս այս էսենցիալ տարրերին կլանվելուց կամ սպառելուց հետո վերադառնալ շրջակա միջավայր։ Առանց սննդային ցիկլի մթնոլորտում թթվածնի մակարդակը, կլիման և էկոհամակարգի ֆունկցիան էական փոփոխությունների կարող են ենթարկվել[12]։

Սննդանյութերի որոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնբոն ձկնորսական փայտով որսում է տերմիտներ։

Սննդանյութերի որոնումը շրջակա միջավայրում սննդանյութեր փնտրելու գործընթաց է։ Որոշ օրգանիզմներ, ինչպիսիք են կենդանիները և բակտերիաները, կարող են տեղաշարժվել սննդանյութեր գտնելու համար, մինչդեռ մյուսները, ինչպիսիք են բույսերը և սնկերը սննդանյութեր գնտնում են առանց տեղաշարժվելու[13]։ Օրգանիզմները կարող են հայտնաբերել սննդանյութերը համի կամ սննդանյութերի տարբերակման այլ ձևերի միջոցով՝ թույլ տալով նրանց կարգավորել սննդանյութերի ընդունումը[14]։ Օպտիմալ կեր փնտրելու տեսությունը բացատրում է կեր փնտրելու վարքագիծը որպես ծախս-օգուտ վերլուծություն, որի դեպքում կենդանին պետք է առավելագույնի հասցնի սննդանյութերի շահույթը՝ նվազագույնի հասցնելով կեր փնտրելու ծախսած ժամանակն ու էներգիան։ Այն ստեղծվել է կենդանիների կեր փնտրելու սովորությունները վերլուծելու համար, սակայն այն կարող է կիրառվել նաև այլ օրգանիզմների համար։ Որոշ օրգանիզմներ մասնագիտացված են սննդի մեկ աղբյուր գտնելու համար, մինչդեռ մյուսները կարող են օգտագործել սննդի տարբեր աղբյուրներ[15][16]։

Սննդանյութերի պակասը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանիզմի համար սննդանյութերի անբավարարությունը, որը հայտնի է որպես թերսնուցում, առաջանում է, երբ օրգանիզմը չի ունենում իր համար անհրաժեշտ սննդանյութեր։ Դա կարող է առաջանալ սննդանյութերի հանկարծակի կորստի կամ սննդանյութերը կլանելու անկարողության պատճառով։ Թերսնումը ոչ միայն անհրաժեշտ սննդանյութերի պակասի հետևանք է, այլ նաև կարող է լինել հիմքում ընկած այլ հիվանդությունների հետևանք։ Երբ օրգանիզմը հայտնվում է այդ իրավիճակում, որպես հարմարվողական մեխանիզմ, նվազեցնում է էներգիայի սպառումը և երկարաձգում է նրանց օգտագործումը։ Սեփական կուտակած էներգիան սպառելուց հետո սկսում է նվազել մարմնի զանգվածը՝ լրացուցիչ էներգիա ստանալու նպատակով[17]։

Հավասարակշռված սնունդը ներառում է բոլոր փոխարինելի և անփոխարինելի սննդանյութերի պատշաճ քանակությունը։ Այնուամենայնիվ, այն կարող է տարբեր լինել՝ կախված տարիքից, քաշից, սեռից, ֆիզիկական ակտիվության մակարդակից և այլն։ Կարևոր է, որ մեկ անփախարինելի սննդանյութի պակասը կարող է վնասակար լինել, սակայն վնասակար է նաև շատակերությունւը, որը կարող է թունավորման պատճառ դառնալ[17]։

Տարբեր օրգանիզմների սնուցման գործընթացը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

see caption
Ֆրանսիական Արիեժ գետի մոտ ալկիոնը ուտում է շերեփուկ

Կենդանիները հետերոտրոֆներ են, որոնք սպառում են այլ օրգանիզմներ՝ սննդանյութեր ստանալու համար։ Բուսակերները կենդանիներ են, որոնք ուտում են բույսերը, մսակերները կենդանիներ են, որոնք ուտում են այլ կենդանիներ, իսկ ամենակերները կենդանիներ են, որոնք ուտում են ինչպես բույսերը, այնպես էլ այլ կենդանիներ[18]: Բուսակերների համար կարևոր են բակտերիալ խմորման ռեակցիաները, որպեսզի կարողանան չմարսվող բուսական ցելյուլոզայից մարսվող սննդանյութեր ստեղծել։ Կենդանիներն ընդհանուր առմամբ էներգիայի ավելի մեծ պահանջ ունեն, քան բույսերը։ Կենդանիների կյանքի համար անհրաժեշտ մակրոէլեմենտներն են ածխաջրերը, ամինաթթուները և ճարպաթթուները[19][4][20]։

Բոլոր մակրոէլեմենտները, բացի ջրից,անհրաժեշտ են մարմնին էներգիա ստանալու համար, սակայն դա նրանց միակ ֆիզիոլոգիական գործառույթը չէ։ Սննդի մեջ մակրոէլեմենտներով տրամադրվող էներգիան չափվում է կիլոկալորիաներով, որտեղ 1 կալորիան էներգիայի քանակն է, որն անհրաժեշտ է 1 լիտր ջուրը 1 աստիճան Ցելսիուսով բարձրացնելու համար[21]։

Ածխաջրերը մոլեկուլներ են, որոնք կուտակում են զգալի քանակությամբ էներգիա։ Այս էներգիան ստանալու համար կենդանիները մարսում և նյութափոխանակության են ենթարկում ածխաջրերը։ Ածխաջրերը սովորաբար սինթեզվում են բույսերի կողմից նյութափոխանակության ընթացքում, և կենդանիները ածխաջրերի մեծ մասը ստանում են բուսական սննդից։ Ածխաջրերի խմբեր են մոնոսախարիդները, օլիգոսախարիդները և պոլիսախարիդները։ Գլյուկոզան ածխաջրերի ամենապարզ ձևն է[22][23]։

Լիպիդները կենդանիներին ապահովում են ճարպերով։ Նրանք չեն լուծվում ջրում և ճեղքումից առաջանում է մեծ քանակությամբ էներգիա։ Ճարպերը կենդանիները ձեռք են բերում բուսական և կենդանական սննդամթերքից։ Սննդային լիպիդների մեծ մասը տրիգլիցերիդներ են՝ կազմված գլիցերինից և ճարպաթթուներից։ Ֆոսֆոլիպիդները և ստերոլները կենդանիները սննդանյութերի միջոցով ընդունում են են ավելի փոքր քանակությամբ։ Երբ սննդաբաժնում ավելանում է ճարպաթթուների քանակությունը, օրգանիզմը նվազեցնում է ճարպաթթուների արտադրությունը և հակառակն է լինում քիչ ընդունման ապարագայում[24]։

Սննդաբաժնում պարունակվող սպիտակուցները, անցնելով օրգանիզմ, ճեղքվում են՝ առաջացնելով ամինաթթուներ։ Սպիտակուցները օգտագործվում են բջջային կառուցվածքների, հեղուկների և ֆերմենտների (կենսաբանական կատալիզատորներ) ձևավորման համար։ Ֆերմենտները կարևոր են նյութափոխանակության գործընթացների, ինչպես նաև ԴՆԹ-ի վերարտադրման, վերականգնման և տրանսկրիպցիայի համար[25][26]։

Կենդանիների վարքագիծը կարող է պայմանավորված լինել սննդի ընդունմամբ։ Միգրացիոն և սեզոնային բազմաթիվ գործընթացներ տեղի են ունենում սննդի առկայությամբ պայմանավորված։ Կենդանիների մոտ ձևավորվում են դրական կամ բացասական ասոցեացիաներ, որնց միջոցով նրանք բնազդաբար խուսափում են այն սննդատեսակներից, որոնք թունավոր են և կարող են վնաս հասցնել իրենց իսկ օրգանիզմին։ Որոշ կենդանիներ, օրինակ՝ առնետները, չեն փնտրում սննդի նոր տեսակներ, եթե նրանք չեն ունենում սննդանյութերի պակաս[27][28]։

Մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ կենդանիների պես մինչև Հոլոցենի սկզբի նեոլիթյան հեղափոխությունը նույնպես զբաղված էին սնունդ հայթայթելով, այնուհետև դա աստիճանաբար դադարեց երբ նրանք սկսեցին զբաղվել գյուղատնտեսությամբ՝ սննդամթերք ստանալու նպատակով։ 18-րդ դարում տեղի ունեցած քիմիական հեղափոխությունը թույլ տվեց մարդկանց ուսումնասիրել սննդամթերքի մշակման և պատրաստման ավելի առաջադեմ մեթոդներ։ 20-րդ դարի ընթացքում տնտեսագիտության և տեխնոլոգիայի խոշոր ձեռքբերումները թույլ տվեցին սկսել սննդամթերքի զանգվածային արտադրությունը և բավարարել մարդկանց սննդային կարիքները[29]։ Մարդու վարքագիծը սերտորեն կապված է մարդու սնուցման հետ, այդ իսկ պատճառով այն դարձնել է սոցիալական գիտության առարկա։ Օպտիմալ սննդակարգը կարող է տարբեր լինել՝ կախված յուրաքանչյուր մարդու ժողովրդագրությունից և առողջական խնդիրներից[30]։

Մարդիկ համարվում են ամենակերներ և կարող են ընդունել սննդանյութերի տարբեր տեսակներ։ Գյուղատնտեսության մեջ հացահատիկային կուլտուրաների մշակումը և հացի արտադրությունը մարդու սնուցման հիմնական բաղադրիչն է։ Նախկինում մարդիկ որսում էին կենդանիներին մսի համար, իսկ ժամանակակից մարդիկ ընտելացնում են կենդանիներին՝ նրանց միսն ու ձվերը սպառելու համար։ Անասնաբուծության զարգացումը նաև թույլ է տվել մարդկանց օգտագործել կենդանիների կաթը և այն վերածել սննդամթերքի տարբեր տեսակների, ինչպիսին է օրինակ պանիրը։ Մարդկանց կողմից օգտագործվող մթերքները են ընկուզեղենը, սերմերը, մրգերը և բանջարեղենը։ Կենդանական, ինչպես նաև բուսական յուղերի հասանելիությունը մարդու համար ճարպերի և յուղերի ընդունման զգալի աճ է առաջացրել։ Մարդիկ մշակել են սննդի մշակման առաջադեմ մեթոդներ, որոնք կանխում են պաթոգեն միկրոօրգանիզմներով աղտոտումը և հեշտացնում սննդի արտադրությունը։ Այդ մեթոդներից են՝ չորացումը, սառեցումը, տաքացումը, փաթեթավորումը և ճառագայթումը։ Շատ մշակույթներում ընդունված է ուտելուց առաջ սննդին ավելացնել խոտաբույսեր և համեմունքներ՝ համը լավացնելու համար, թեև դրանց մեծ մասը էականորեն չի ազդում սննդի որակի վրա։ Օգտագործվում են նաև այլ հավելումներ՝ սննդամթերքի անվտանգությունը, որակը, համը և սննդային պարունակությունը բարելավելու համար[31]։

Մարդիկ ածխաջրերի մեծ մասը որպես օսլա ստանում են հացահատիկներից։ Լիպիդները կարելի է գտնել կենդանական ճարպի, կարագի և բուսական յուղի։ Դրանք օգտագործվում են սննդամթերքի համը բարձրացնելու համար։ Սպիտակուցը կարելի է գտնել գրեթե բոլոր մթերքներում, քանի որ այն մտնում է բջիջների կազմի մեջ, թեև սննդի մշակման որոշ մեթոդներով կարելի է նվազեցնել սննդի մեջ սպիտակուցի պարունակությունը։ Մարդիկ կարող են էներգիա ստանալ նաև էթանոլից, որը և՛ սնունդ է, և՛ դեղամիջոց, սակայն այն պարունակում է համեմատաբար քիչ անփոխարինելի սննդանյութեր և հավելյալ օգտագործումը վնասակար է առողջության համար[22][32][33][34]։

Մարդկանց վատ սնուցումը կարող է առաջացնել բազմաթիվ հիվանդություններ, ինչպիսիք են կուրությունը, անեմիան, կարմրախտը, վաղաժամ ծննդաբերությունը, մեռելածնությունը և կրետինիզմը, իսկ սննդանյութերի հավելյալ քանակները, կարող են դառնալ գիրության և նյութափոխանակության խանգարման պատճառ։ Սնուցման խանգարման հետևանքով կարող են առաջանալ սրտանոթային հիվանդություններ, շաքարախտ և օստեոպորոզ[35][36][37][38][39][40][41]։

Ընտանի կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանի կենդանիների կերակրման գործընթացը կառավարվում է մարդկանց կողմից։ Անասուններին տրամադրվում են անասնակերեր։ Ընտանի կենդանիների մասնագիտացված կերերը արտադրվում են 1860 թվականից։ Հետագա հետազոտությունների ընթացքում լուծվել են տնային կենդանիների սննդային կարիքների հարցերը։ Շների և կատուների սնունդը մեծապես ուսումնասիրված են և ներառում են այս կենդանիների համար անհրաժեշտ բոլոր սննդանյութերը։ Կատուները զգայուն են որոշ սննդանյութերի նկատմամբ, ինչպիսին է օրինակ տաուրինը, և պահանջում են մսից ստացված լրացուցիչ սննդանյութեր[42]։

Բույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոտոսինթեզի սխեման բույսերում

Բույսերի մեծ մասը սննդանյութեր է ստանում հողից կամ մթնոլորտից կլանված անօրգանական նյութերի միջոցով։ Ածխածինը, ջրածինը, թթվածինը, ազոտը և ծծումբը կարևոր սննդանյութեր են, որոնք մտնում են օրգանական նյութերի կազմի մեջ և մասնակցում են ֆերմենտային գործընթացներին։ Սրանք հողի մեջ առկա են որպես իոններ են, ինչպիսիք են բիկարբոնատը, նիտրատը, ամոնիումը և սուլֆատը կամ որպես գազեր, ինչպիսիք են ածխաթթու գազը, ջուրը, թթվածնի գազը և ծծմբի երկօքսիդը։ Ֆոսֆորը, բորը և սիլիցիումը օգտագործվում են էսթերացման համար։ Դրանք ստացվում են հողի միջոցով՝ համապատասխանաբար ֆոսֆատների, բորաթթուների և սիլիցիումի տեսքով։ Բույսերի կողմից օգտագործվող այլ տարրեր են՝ կալիումը, նատրիումը, կալցիումը, մագնեզիումը, մանգանը, քլորը, երկաթը, պղինձը, ցինկը և մոլիբդենը[43]։

Բույսերը արմատների միջոցով կլանում են տարրերը հողից, իսկ տերևներով՝ օդից։ Հողի մեջ սննդանյութերի կլանումը կատարվում է կատիոնների փոխանակման միջոցով, որտեղ արմատային համակարգի միջոցով ջրածնի իոնները (H+) մղում են դեպի հող պրոտոնային պոմպերով։ Տերևներում կան գոյացություններ՝ ստոմատներ, որոնք պատասխանատու են ածխաթթու գազի ընդունման և թթվածին արտանետելու համար[44]։ Չնայած ազոտը առատ է մթնոլորտում, սակայն շատ քիչ բույսեր կարող են դա ուղղակիորեն օգտագործել։ Հետևաբար, բույսերի մեծամասնությունը պահանջում է ազոտային միացություններ այն հողում, որտեղ նրանք աճում են։ Դա անհրաժեշտ է այն պատճառով, որ մթնոլորտի կազմում գտնվող ազոտը բարկերիաների գործունեության հետևանքով վաերածվում է կենսաբանորեն օգտագործելի ձևի[45]։ Կանաչ բույսերը քլորոպլաստներով կլանում են էներգիան արևի լույսից և ֆոտոսինթեզի միջոցով այն վերածում օգտագործելի էներգիայի[46]։

Սնկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնկերը քեմոհետերոտրոֆներ են, որոնք սպառում են օրգանական նյութերը էներգիա ստանալու համար։ Սնկերի մեծ մասը նյութը կլանում են արմատների միջոցով։ Բորբոսասունկը արտաբջջային ֆերմենտներ է արտազատում՝ շրջակա նյութը քայքայելու համար, այնուհետև ներծծում է սննդանյութերը բջջապատի միջով։ Սնկերը կարող են լինել մակաբույծ, սապրոֆիտ կամ սիմբիոտիկ։ Մակաբույծ սնկերը սնվում են կենդանի օրգանիզմի հաշվին, ինչպիսիք են կենդանիները, բույսերը կամ այլ սնկերը։ Սապրոֆիտ սնկերը սնվում են մահացած և քայքայվող օրգանիզմներով։ Սիմբիոտիկ սնկերը աճում են այլ օրգանիզմների շուրջ և նրանց հետ փոխանակում սննդանյութերը[47]։

Պրոտոզոաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոտոզոաները ներառում են էուկարիոտները։ Ջրիմուռները ֆոտոսինթետիկ պրոտոզոաներ են, որոնք կարող են լույսը կլանելով էներգիա արտադրել։ Պրոտոզոաների մի քանի տեսակներ սնկերի նման օգտագործում են միցելիում։ Նախակենդանիները հետերոտրոֆ պրոտոզոաներ են, և տարբեր նախակենդանիներ սննդանյութեր են փնտրում տարբեր ձևերով[48]։

Պրոկարիոտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջջային նյութափոխանակության պարզեցված տեսակետ

Պրոկարիոտները, ներառյալ բակտերիաները, մեծապես տարբերվում են սննդանյութերի յուրացման հարցում։ Պրոկարիոտները կարող են իրենց բջջաթաղանթով կլանել միայն լուծվող միացություններ, սակայն կարող են նաև քայքայել շրջապատում գտնվող միացությունները։ Որոշ լիտոտրոֆ պրոկարիոտներ էքստրեմոֆիլներ են, որոնք կարող են գոյատևել սննդանյութերից զուրկ միջավայրում՝ քայքայելով անօրգանական նյութերը[49]։ Ֆոտոտրոֆ պրոկարիոտները, ինչպիսիք են ցիանոբակտերիաները և քլորոֆլեքսիան, կարող են ներգրավվել ֆոտոսինթեզի մեջ՝ արևի լույսից էներգիա ստանալու համար։ Ֆոտոտրոֆ պրոկարիոտները սովորաբար ածխածին են ստանում ածխաթթու գազի յուրացումից՝ Կալվինի ցիկլի միջոցով[50]։ Գիշատիչ պրոկարիոտները քիմոտաքսիսի կամ պատահական բախման միջոցով փնտրում են այլ օրգանիզմներ, ապա միաձուլվում են այդ օրգանիզմի հետ, քայքայում են այն և կլանում ազատված սննդանյութերը։ Պրոկարիոտների գիշատիչ մարտավարությունը ներառում է օրգանիզմի արտաքին մակերեսին կցվելը և դրա արտաքուստ քայքայումը, օրգանիզմի ցիտոպլազմա կամ պերիպլազմիկ տարածություն մտնելը։ Գիշատիչ պրոկարիոտների խմբերը կարող են արտադրել հիդրոլիտիկ ֆերմենտներ[51]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Carpenter, Kenneth J. (2003 թ․ մարտի 1). «A Short History of Nutritional Science: Part 1 (1785–1885)». The Journal of Nutrition (անգլերեն). 133 (3): 638–645. doi:10.1093/jn/133.3.638. ISSN 0022-3166. PMID 12612130. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  2. Stafford, Ned (2010 թ․ դեկտեմբեր). «History: The changing notion of food». Nature (անգլերեն). 468 (7327): S16–S17. doi:10.1038/468S16a. ISSN 1476-4687. PMID 21179078. S2CID 205061112.
  3. Mozaffarian, Dariush; Rosenberg, Irwin; Uauy, Ricardo (2018 թ․ հունիսի 13). «History of modern nutrition science—implications for current research, dietary guidelines, and food policy». BMJ (անգլերեն). 361: k2392. doi:10.1136/bmj.k2392. ISSN 0959-8138. PMC 5998735. PMID 29899124. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  4. 4,0 4,1 Wu, 2017, էջեր 2–4
  5. Andrews, 2017, էջեր 70–72
  6. Andrews, 2017, էջեր 72–79
  7. Andrews, 2017, էջ 93
  8. «Diet». National Geographic. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.
  9. «Benefits of Healthy Eating». Centers for Disease Control and Prevention (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մայիսի 16. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  10. «Religion and dietary choices». Independent Nurse (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  11. Allaby, Michael (2015). «Nutrient cycle». A Dictionary of Ecology (5th ed.). Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-179315-8. (subscription required)
  12. «Intro to biogeochemical cycles (article)». Khan Academy (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
  13. Andrews, 2017, էջեր 83–85
  14. Simpson, Raubenheimer, էջ 36
  15. Andrews, 2017, էջ 16
  16. Andrews, 2017, էջ 98
  17. 17,0 17,1 Mora, Rafael J.F. (1999 թ․ հունիսի 1). «Malnutrition: Organic and Functional Consequences». World Journal of Surgery (անգլերեն). 23 (6): 530–535. doi:10.1007/PL00012343. ISSN 1432-2323. PMID 10227920. S2CID 21037746. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 7-ին.
  18. Wu, 2017, էջ 1
  19. National Geographic Society (2011 թ․ հունվարի 21). «Herbivore». National Geographic Society (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  20. «Nutrition: What Plants and Animals Need to Survive | Organismal Biology». organismalbio.biosci.gatech.edu. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
  21. «4.2: Nutrients». Biology LibreTexts (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
  22. 22,0 22,1 Mann, Truswell, էջեր 21–26
  23. Wu, 2017, էջեր 193–194
  24. Wu, 2017, էջ 271
  25. Mann, Truswell, էջեր 70–73
  26. Bairoch A (2000 թ․ հունվար). «The ENZYME database in 2000» (PDF). Nucleic Acids Research. 28 (1): 304–05. doi:10.1093/nar/28.1.304. PMC 102465. PMID 10592255. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 1-ին.
  27. Simpson, Raubenheimer, էջեր 3–4
  28. Simpson, Raubenheimer, էջեր 39–41
  29. Trüeb, Ralph M. (2020). «Brief History of Human Nutrition». Nutrition for Healthy Hair. Springer. էջեր 3–15. doi:10.1007/978-3-030-59920-1_2. ISBN 978-3-030-59920-1. S2CID 229617949.
  30. Mann, Truswell, էջ 1
  31. Mann, Truswell, էջեր 409–437
  32. Mann, Truswell, էջեր 49–55
  33. Mann, Truswell, էջ 86
  34. Mann, Truswell, էջեր 109–120
  35. Whitney, Ellie; Rolfes, Sharon Rady (2013). Understanding Nutrition (13 ed.). Wadsworth, Cengage Learning. էջեր 667, 670. ISBN 978-1-133-58752-1.
  36. «Defining Adult Overweight and Obesity». Centers for Disease Control and Prevention. 2021 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
  37. «Metabolic syndrome – PubMed Health». Ncbi.nlm.nih.gov. National Center for Biotechnology Information. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  38. «Omega-3 fatty acids». Umm.edu. 2011 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  39. What I need to know about eating and diabetes (PDF). U.S. Department of Health and Human Services, National Institutes of Health, National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases, National Diabetes Information Clearinghouse. 2007. OCLC 656826809. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
  40. «Diabetes Diet and Food Tips: Eating to Prevent and Control Diabetes». Helpguide.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  41. «Dietary Supplement Fact Sheet: Vitamin D». Office of Dietary Supplements, US National Institutes of Health. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  42. Taylor, Mark B. (2011). «Pet Nutrition». In Davis, Radford G. (ed.). Caring for Family Pets: Choosing and Keeping Our Companion Animals Healthy. ABC-CLIO. էջեր 177–194. ISBN 978-0-313-38527-8.
  43. Mengel, Kirkby, էջեր 1–3
  44. Mengel, Kirkby, էջեր 111–135
  45. Lindemann, W.C.; Glover, C.R. (2003). «Nitrogen Fixation by Legumes». New Mexico State University. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին.
  46. Mengel, Kirkby, էջեր 136–137
  47. Charya, M. A. Singara (2015). «Fungi: An Overview». In Bahadur, Bir; Rajam, Manchikatla Venkat; Sahijram, Leela; Krishnamurthy, K. V. (eds.). Plant Biology and Biotechnology. Springer. էջեր 197–215. doi:10.1007/978-81-322-2286-6_7. ISBN 978-81-322-2286-6.
  48. Jones, Harriet (1997). «A classification of mixotrophic protists based on their behaviour». Freshwater Biology (անգլերեն). 37 (1): 35–43. doi:10.1046/j.1365-2427.1997.00138.x. ISSN 0046-5070. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.
  49. Southam, G.; Westall, F. (2007). «Geology, Life and Habitability». In Schubert, Gerald (ed.). Treatise on Geophysics (PDF). Vol. 10: Planets and Moons. Elsevier. էջեր 421–437. doi:10.1016/B978-044452748-6.00164-4. ISBN 9780444527486.
  50. Overmann, Jörg; Garcia-Pichel, Ferran (2006). «The Phototrophic Way of Life». In Dworkin, Martin (ed.). The Prokaryotes. Vol. 2: Ecophysiology and Biochemistry (3rd ed.). Springer. էջեր 203–257. doi:10.1007/0-387-30742-7_3. ISBN 978-0-387-25492-0.
  51. Martin, Mark O. (2002). «Predatory prokaryotes: an emerging research opportunity». Journal of Molecular Microbiology and Biotechnology. 4 (5): 467–477. ISSN 1464-1801. PMID 12432957. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սնուցում» հոդվածին։