Ֆորտունա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆորտունայի անիվը

Ֆորտունա (լատ.՝ Fortuna), երջանկության, դիպվածի և հաջողության հռոմեական աստվածուհի։ Սկզբնապես եղել է երկրագործական աստվածություն, բերքի և պտղաբերության հովանավոր, կանանց աստվածուհի (Պուդիցիցիային և Վեներային մոտիկ)։ Ֆորտունայի պաշտամունքը աստիճանաբար մասնատվել է մի քանի պաշտամունքների։ Հռոմում Ֆորտունայի պատվին կառուցված է եղել մեծ թվով տաճարներ։ Ֆորտունայի մի շարք պաշտամունքային մականունները, ըստ էության, եղելեն առանձին աստվածուհիների մականուններ։ Ֆորտունա Պրիմիգենիա (Առաջնածին)` աստվածուհի, որին առաջինը նվիրաբերում էին նորածին երեխային: Ֆորտունա Պուբլիկա (կամ հռոմեական ժողովրդի Ֆորտունա)` հռոմեական պետության հովանավոր աստվածուհի (կայսերական Հռոմում ավելացել է Ֆորտունա Ցեզարիս կամ Ֆորտունա Ավգուստա` գահակալող կայսրի հովանավոր): Ֆորտունա Պրիվատա` ընտանիքի հովանավոր աստվածուհի։ Ֆորտունա Պատրիցիա` պատրիկների դասի հովանավոր, Ֆորտունա Պլեբեյա` պլեբեյների դասի հովանավոր։ Ֆորտունա Էքվեստրիա` հեծյալների հովանավոր: Ֆորտունա Վիրգինալիս (կույսերի)` աղջիկների հովանավոր։ Ֆորտունա Մուլիեբրիս` ամուսնացած կանանց հովանավոր: Ֆորտունա Վիրիլիս` տղամարդկանց հովանավոր։ Այս վերջին Ֆորտունային պատանները ձոնում էին իրենց մորուքը ` առաջին անգամ սափրվելուց հետո, որի համար էլ աստվածուհին կոչվում էր նաև Ֆորտունա Բարբատա (Մորուքավոր): Ֆորտունա Վիկտրիսը հաղթանակի աստվածուհի էր (միաձուլվում էր Վիկտորիայի հետ): Ֆորտունա Դուքսը (Առաջնորդ) զորավարների հովանավորն էր: Պաշտամունքի տարբերակումը հանգեցրել էր Բարի Ֆորտունայի (Ֆորտունա Բոնա) և Չար Ֆորտունայի (Ֆորտունա Մալա), Մշտականության Ֆորտունայի (Ֆորտունա Մանենս), տվյալ օրվա Ֆորտունայի (դրա տաճարը Հռոմում հիմնվելէ մ.թ.ա. 2-րդ դարի վերջում), առանձին մարդու Ֆորտունայի երևան գալուն: Ուշ կայսրության շրջանում Ֆորտունայի հետ նույնացվում էր Իսիսը: Երևան էր եկել Ֆորտունա Պանթեայի (համայն աստվածների) պաշտամունքը: Ֆորտունան պատկերվում էր առատության եղջյուրը ձեռքին կնոջ կերպարանքով, որը շաղ է տալիս մետաղադրամ, երբեմն գնդի կամ անիվի վրա (բախտի փոփոխության խորհրդանիշ), աչքերը կապած: Ֆորտունայի պատկերներտ հանդիպում են մետաղադրամների, կնիքների, հմայիլներ, արվեստի բազմաթիվ հուշարձանների վրա: Ժամանակակից լեզվում Ֆորտունա նշանակում է` երջանկություն, հաջողություն։