Ֆավնուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմեական կայսրության շրջանի Ֆավնուսի կիսանդրի, հայտնաբերված 1820 թ., Վիեն, Ֆրանսիա

Ֆավնուս, Ֆավնոս կամ Ֆաունուս (լատ.՝ Faunus - թովիչ), դաշտերի, անտառների, արոտավայրերի, կենդանիների աստվածը հին հռոմեական դիցաբանության մեջ, հոտերի և հովիվների հովանավորը, Պիկուսի և Պոմոնայի (կամ Կոնենտայի) որդին, Լատինոսի հայրը (Մարցիա նիմփայից)։

Ֆավնուսը համարվել է երեխաներ գողացող, հիվանդություններ առաքող և խրախճալից ոգի։ Ֆավնուսին նվիրված ամենամեծ տոնը՝ Լուպերկալիան (լատ.՝ lupus - գայլ բառից), նշվել է Պալատինյան բլրի վրա ամեն տարի փետրվարի 15-ին՝ որպես հոտերը գայլերից պաշտպանողի (Ֆավնուս Լուպերկ)։ Այդ տոնին Ֆավնուսի պատվին զոհաբերվել են շուն և այծ, կատարում էին հեղումներ կաթով և գինով։ Իսկ դեկտեմբերին Ֆավնուսի պատվին կատարում էին ֆավնալիա տոնը։ Ֆավնուսին համապատասխանող կանացի աստվածությունն անվանվել է Ֆաունա, Ֆատուա, Մայա։ Ֆավնուսը համարվել է նաև Լատինի (լատինացիների նախահոր) հայրը։

Պանի նման Ֆավնուսը անտառում վախեցնում է ճանապարհորդներին և թափացնում բնակարանները՝ մարդկանց քունը խանգարելու։ Նա հոգ է տանում դաշտերի բեղմնավորման և պտղաբերության համար։ Ֆավնուսն ունի կանխագուշակելու ձիրք։ Նրա պատգամախոսարանները գտնվում էին անտառում։ Ապագան իմանալ ցանկացողները Ֆավնուսի սրբավայրերում քնելիս ստանում էին գուշակություններ՝ զոհաբերված ոչխարի միսը շաղ տալով նրա մորթու վրա (ինկուբացիա)։ Այստեղից է հավանաբար առաջացել Ֆավնուսի Ինկուբուս մականունը[1]։

Ֆավնուսը նույնացվել է հունական Պանին, Սիլվանոսին, նաև ենթադրում էին, թե կային մեծ թվով ֆավնուսներ։ Պատկերվել է այծի ոտքերով ու ականջներով պատանու տեսքով։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 261-262:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png